«Գնահատեք ձեր գիտելիքները 1. Մովսես 1–Ծնունդ 11», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 1. Մովսես 1–Ծնունդ 11», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 6–11․ Մովսես 8․ Դաս 21
Գնահատեք ձեր գիտելիքները 1
Մովսես 1–Ծնունդ 11
Մեր հոգևոր գիտելիքների մասին խորհրդածելը և գնահատելը կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որը ունեցել են Մովսես 1 գլխից մինչև Ծնունդ 11 գլուխն ուսումնասիրելիս։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարվա Հին Կտակարանի և Թանկագին Մարգարիտի ուսումնասիրությունից սկսած: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դասարանով Մովսես 1 գլխից մինչև Ծնունդ 11 գլուխն ուսումնասիրելու արդյունքում գուցե ուշադրությունը կենտրոնացվել է ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների հիման վրա, որոնց վրա նրանք կենտրոնացել են:
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը.
-
Խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոս և դառնալ Նրա աշակերտը:
-
Ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները:
-
Բացատրել Անկման հետևանքները և Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Քավիչ: (Նշում. Այս վարժությունը հիմնված է Դաս 11. «Մովսես 4.5–32, 5.1–15, Մաս 1» և Դաս 12. «Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 2» ուսմունքների վրա:)
-
Մեծացնել իրենց ցանկությունը՝ իրականացնելու իրենց աստվածային ինքնությունն ու նպատակը: (Նշում. Այս վարժությունը հիմնված է հետևյալ դասերի վրա․ Դաս 3. «Աբրահամ 3», Դաս 4. «Մովսես 1.1–11», Դաս 5. «Մովսես 1.12–26» և Դաս 8. «Ծնունդ 1.26–27»:)
Խորացնել դարձը դեպի Հիսուս Քրիստոս և դառնալ Նրա աշակերտը
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ հոգևոր աճը ժամանակ է պահանջում, ցուցադրեք Ենովքի ժողովրդի հետևյալ նկարը։
Ուսանողներին առաջարկեք կարդալ Մովսես 7.18–21 հատվածները, որպեսզի հիշեցնեք նրանց հոգևոր առաջընթացի մասին, որը Ենովքի ժողովուրդը գրանցեց՝ Տիրոջ կողմից երկինք վերցվելուց առաջ:
-
Ի՞նչը տպավորեց ձեզ Ենովքի ժողովրդի այս նկարագրության մեջ։
Հատված 21-ում ասվում է, որ «որոշ ժամանակ անց [նրանք] վերցվեցին երկինք»։ Կարդացեք Մովսես 7.68 հատվածը, որպեսզի տեսնեք, թե որքան երկար էր այդ «որոշ ժամանակ անցը»:
-
Սա ի՞նչ կարող է ուսուցանել մեզ հոգևոր աճի մասին՝ որպես Փրկչի աշակերտներ:
Խրախուսեք ուսանողներին նշել իրենց առաջընթացը՝ որպես Քրիստոսի աշակերտներ, նույնիսկ եթե դա սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջում: Ժամանակի ընթացքում դանդաղ, սակայն հաստատուն առաջընթացը կհանգեցնի այնպիսի հարաբերությունների, ինչպիսիք հաստատվել էին Ենովքի ժողովրդի և Փրկչի միջև։
Ուսանողներին առաջարկեք անդրադառնալ վերջին երկու ամիսների ընթացքում իրենց հոգևոր աճին և ձեռք բերած գիտելիքներին: Նրանք կարող են տեսնել նույնիսկ աննշան թվացող առաջընթացն իրենց ձեռք բերած գիտելիքների մեջ, ցանկություններում և գործողություններում, որոնք օգնել են իրենց դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրյալ աշակերտներ: Ուսանողներին առաջարկեք թերթել իրենց ուսումնասիրության օրագրերը կամ սուրբ գրություններում արված նշումները: Եթե կարծում եք, որ դա կօգնի ուսանողներին տեսնել իրենց առաջընթացը, ցուցադրեք կամ տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևոր է ձեզ համար:
-
Ինչպե՞ս կարող եք ավելի մոտենալ Նրանց։
-
Ի՞նչ եք կիրառել ձեր սուրբ գրություններն ուսումնասիրելիս, որպեսզի դառնաք Քրիստոսի ավելի նվիրյալ աշակերտ:
Խորհելու համար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի կամավորի առաջարկեք կիսվել իրենց ձեռք բերած առաջընթացով:
Ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները
Հիշեցրեք ուսանողներին, որ այս կիսամյակում սեմինարիայի կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է կարդալ Մովսես 1–5, Աբրահամ 1–3 և Ծնունդ 37, 39, 41 հատվածները։ Այս բաժինները մանրամասնորեն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց վարդապետական և իմաստային խորությունը։
Բացի այդ, ուսանողներին խրախուսեք սահմանել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակը: Այդ նպատակի սահմանումը պարտադիր չէ կրեդիտ ստանալու համար, սակայն դա կօգնի նրանց ամեն օր զորություն գտնել Աստծո խոսքում: Եթե նրանք դեռ նպատակ չեն սահմանել, խրախուսեք նրանց դա անել այսօր: Նրանք կարող են ցանկացած ժամանակ ճշգրտել այդ նպատակը:
Որպեսզի օգնեք ուսանողներին իրականացնել ընթերցանության և անձնական ուսումնասիրության համար իրենց սահմանած անհրաժեշտ նպատակները, յուրաքանչյուր ուսանողի տվեք մի թերթիկ: Նրանք այդ թուղթը պետք է հանձնեն դասի վերջում: Օգտագործեք իրենց թղթերում գրված տեղեկությունը, որպեսզի յուրաքանչյուր ուսանողի պատշաճ կերպով խրախուսեք իր սահմանած նպատակների համար: Որպես օրինակ դուք կարող եք ցուցադրել նրանց հետևյալը՝ իրենց թղթերում ներառելու համար։
-
Ձեր անունը։
-
Անհրաժեշտ բաժինները, որոնք դուք ուսումնասիրել եք:
Եթե կցանկանաք ուսուցչի հետ կիսվել անձնական ուսումնասիրության համար ձեր սահմանած նպատակով, ներառեք նաև.
-
Որն է ձեր նպատակը և ինչպես եք դրան հասնում:
-
Ձեր սահմանած նպատակն ինչպես է օգնել ձեզ ուսումնասիրել ավետարանը և ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին:
Մի քանի կամավորների խնդրեք դասարանի հետ կիսվել վերջին երկու հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով կամ ուսանողներին առաջարկեք կիսվել փոքր խմբերում: Դա անելիս՝ համոզվեք, որ ուսանողները գիտեն, որ կարող են չկիսվել սուրբ գրությունների ուսումնասիրության համար իրենց սահմանած նպատակներով, եթե չեն ցանկանում: Ուսանողները երբեք չպետք է իրենց պարտադրված զգան՝ կիսվելու համար:
Բացատրեք Անկման հետևանքները և Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Քավիչ
Անկման հետևանքները և Հիսուս Քրիստոսի դերի ընկալումը՝ որպես Անկումից մեր Քավիչ, կարևոր է Երկնային Հոր ծրագիրը հասկանալու համար: Այնուամենայնիվ, կարող է դժվար լինել հասկանալ և բացատրել ուրիշներին այս հիմնարար ճշմարտությունները:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք վերանայել իրենց ստեղծած բրոշյուրները հետևյալ դասերում՝ Դաս 11. «Մովսես 4.5–32, 5.1–15, Մաս 1 և Դաս 12. «Մովսես 4.5–32; 5․1–15, Մաս 2»։ (Եթե ուսանողները բրոշյուրներ չեն պատրաստել, կարող եք պատկերավոր ցուցադրել որևէ պտուղ և Հիսուս Քրիստոսի նկարը, որպեսզի ուսանողներին հիշեցնեք սուրբ գրությունների այս պատմությունները: Այնուհետև ուսանողները կարող են համառոտ կրկնել Մովսես 4.6–13, 22–25, 5․8–12 հատվածները՝ ստորև ներկայացված քննարկմանը պատրաստվելու համար։)
Բացատրեք հետևյալը ձեր բառերով.
-
Ադամի ու Եվայի ընտրությունը, որն Անկման պատճառ դարձավ
-
Ադամի ու Եվայի Անկման հետևանքները և ինչպես են դրանք ազդում մեզ վրա անգամ այսօր
-
Ինչու էր Անկումն անհրաժեշտ Երկնային Հոր ծրագրում մեզ համար
-
Ինչ արեց Փրկիչը, որպեսզի փրկագնի մեզ Անկման որոշակի հետևանքներից
Ուսանողներին առաջարկեք զուգընկերներ ընտրել։ Որևէ ուսանողի հանձնարարեք իր դասընկերոջը բացատրել 1-ին և 2-րդ կետերը: Այնուհետև մյուս ուսանողին առաջարկեք բացատրել 3-րդ և 4-րդ կետերը:
Երբ նրանք ավարտվեն, կարող եք առաջարկել նրանց ևս մեկ անգամ կատարել վարժությունը, այս անգամ փոխելով՝ թե ով որ կետը պետք է բացատրի:
Մեծացնենք մեր ցանկությունը՝ իրականացնելու մեր աստվածային ինքնությունն ու նպատակը
Հին Կտակարանի՝ վերջին շրջանի իրենց ուսումնասիրության ընթացքում ուսանողները կարող են ուսման մի քանի փորձառություն ունեցած լինել, որոնք կենտրոնացած են եղել որպես Աստծո զավակներ իրենց աստվածային ինքնության և նպատակի վրա: Ուսանողներին հնարավորություն տվեք խորհել այն մասին, թե իրենց սովորած ճշմարտություններն ինչպես են ազդել իրենց աստվածային ներուժն իրականացնելու ցանկության վրա:
Նկարեք մարդու հասարակ պատկեր, որը կխորհրդանշի ձեզ: Այդ նկարի ներսում կամ դրա կողքին գրեք ճշմարտություններ ձեր աստվածային ինքնության մասին, որոնք վերջերս եք սովորել Հին Կտակարանում: Հնարավորության դեպքում, այդ խոսքերը դարձրեք անձնական՝ օգտագործելով «ինձ» կամ «ես» բառերը: Ահա մի քանի սուրբ գրություն, որոնց կարող եք անդրադառնալ.
Ծնունդ 1.26–27
Ստորև բերված են որոշ ճշմարտություններ, որոնք ուսանողները կարող են գրել. Դրանք հարմարեցված են 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ դասերից:
Աստված ընտրեց ինձ ազնիվներից և մեծ հոգիներից, որպեսզի ծնվեմ այսօր (Աբրահամ 3.22–23):
Նա ինձ համար՝ որպես Աստծո զավակի, հատուկ աշխատանք ունի, որը ես պետք է անեմ (Մովսես 1.6):
Քանի որ ես Աստծո դուստրը կամ որդին եմ, կարող եմ Նրա մեջ զորություն գտնել՝ դիմակայելու գայթակղությանը (Մովսես 1.13, 16):
Քանի որ ես ստեղծված եմ Աստծո պատկերով, կարող եմ նմանվել Նրան (Ծնունդ 1.26–27):
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են օգնել իրենց, ընտրեք հետևյալ վարժություններից մեկը, որպեսզի ուսանողները կատարեն դա ամբողջ դասարանով կամ փոքր խմբերով: Կամ ուսանողներին առաջարկեք ընտրել, թե որ վարժությունն են իրենք ցանկանում կատարել:
Տարբերակ Ա. Նկարագրեք մի քանի հանգամանք, որտեղ այդ ճշմարտությունների իմացությունը կարող է օգնել ձեզ: Նշեք, թե ցանկացած իրավիճակում այդ ճշմարտություններն ինչպես կարող են օգնել մարդուն:
Տարբերակ Բ. Ավարտեք հետևյալ արտահայտությունները.
Այս ճշմարտությունների իմացությունը կարող է օգնել ինձ, երբ
-
Ես մտածում եմ իմ մասին, որովհետև …
-
Ես բախվում եմ գայթակղության, որովհետև …
-
Ես շփվում եմ ուրիշների հետ, որովհետև …
-
Ես որոշումներ եմ կայացնում, որովհետև …
Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում գրել ցանկացած միտք կամ փորձառություն այն մասին, թե այս ճշմարտություններն ինչպես են ազդել իրենց աստվածային ներուժն իրականացնելու ցանկության վրա: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին գրել, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են ազդել իրենց վրա, երբ ապագայում հայտնվեն այդ իրավիճակում:
Երբ ուսանողներն ավարտեն, բոլոր ուսանողներին, որոնք ցանականում են, առաջարկեք կիսվել որևէ բանով իրենց գրածից: