«Մովսես 4.5–32, 5․1–15․ Մաս 1. «Նրանց երկուսի աչքերը բացվեցին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 4.5–32, 5․1–15․ Մաս 1. «Նրանց երկուսի աչքերը բացվեցին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծննդոց 3–4, Մովսես 4–5, Դաս 11
Մովսես 4.5–32, 5․1–15, Մաս 1
«Նրանց երկուսի աչքերը բացվեցին»
Անկախ նրանից՝ մենք գիտակցում ենք դա, թե ոչ, Ադամի և Եվայի Անկումն ուղղակիորեն ազդում է բոլորիս վրա ամեն օր: Իրականում, առանց դրա մենք չէինք կարող ծնվել։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Անկման հետևանքները Երկնային Հոր ծրագրի համար և իրենց կյանքում:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտապահել վարդապետության սերտման 2 Նեփի 2.25 հատվածը և հարցնել իրենց ծնողին կամ Եկեղեցու ղեկավարին, թե հատվածն ինչ նշանակություն ունի նրա համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճի՞շտ է, թե՞ սխալ
Դասը սկսեք՝ օգնելով ուսանողներին մտածել, թե որոշ դժվար բաներ ինչպես կարող են օրհնություններ լինել Աստծո ծրագրում: Դա անելու համար օգտագործեք հետևյալ սանդղակը: Կարող եք ընտրել նկարներ, որոնք պատկերում են այն բառերը, որոնք ուսանողները պետք է գնահատեն:
-
Ըստ ձեզ, 1–10 սանդղակով (1 = վատ, 10 = լավ) մարդկանցից շատերն ինչպե՞ս կգնահատեն հետևյալ բաները:
Քրտնաջան աշխատանք
Փորձություններ
Վիշտ
Մահ
-
Դիտելով դրանք Երկնային Հոր ծրագրի հավերժության հեռանկարից, արդյո՞ք կգնահատեք դրանցից որևէ մեկն այլ կերպ: Եթե այո, ապա ինչո՞ւ։
Ցուցադրեք դասի սկզբում ցույց տրված Ադամի և Եվայի պատկերը: Կարող եք թողնել այն մինչև դասի վերջը:
Շատ դժվարություններ, որոնց մենք հանդիպում ենք կյանքում, մեր առաջին ծնողների՝ Ադամի և Եվայի կատարած ընտրության արդյունքն է:
-
Ըստ ձեզ, շատ մարդիկ ինչպե՞ս կգնահատեն Ադամի և Եվայի Անկումը 1–10 սանդղակով: Ինչո՞ւ։
Խորհեք, թե որքանով եք հասկանում Ադամի և Եվայի Անկումը և դրա նշանակությունը ձեր կյանքում: Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, Անկումը ճի՞շտ էր, թե՞ սխալ:
-
Հիսուս Քրիստոսի Քավության ձեր ընկալումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր պատասխանի վրա:
Այսօր Մովսես 4–5 գլուխներն ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Ադամի և Եվայի Անկումը: Սուրբ Հոգին կօգնի ձեզ տեսնել, որ Անկումը Երկնային Հոր ծրագրի մի մասն էր՝ օգնելու մեզ առաջադիմել և ավելի շատ նմանվել Նրան:
Անկման հետևանքները
Ուսանողներին առաջարկեք ամփոփել իրենց իմացածը Եդեմի պարտեզի և Ադամի ու Եվայի Անկման մասին: Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, առաջարկեք նրանց ուսումնասիրել 2 Նեփի 2.22–23, Մովսես 3.16–17, 4․6–12 հատվածները՝ փնտրելով մանրամասներ։ Կարող եք նաև ամփոփել՝ ցուցադրելով Հին Կտակարանի սուրբգրային պատմություննների «Adam and Eve» (1:53) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Այնուհետև օգնեք ուսանողներին սովորել Ադամի, Եվայի և նրանց սերունդների համար Անկման հետևանքների մասին: Որպեսզի օգնեք ուսանողներին համակարգել իրենց սովորածը, նրանց տրամադրեք թուղթ և ցուցադրեք հետևյալ հրահանգները: Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին առաջարկեք միասին աշխատել զույգերով: (Նշում․ Դաս 21․ «Գնահատեք ձեր գիտելիքները 1»․ ուսանողներին առաջարկվում է օգտվել այս վարժության ընթացքում իրենց ստեղծած բրոշյուրներից, որոնք կօգնեն նրանց բացատրել Անկման հետևանքները:)
Կարող եք սահմանափակել այն ժամանակը, որն ուսանողները ծախսում են իրենց բրոշյուրները ստեղծելու համար, որպեսզի նրանք ժամանակ ունենան դասի մնացած մասի համար:
Որպեսզի համակարգեք այն, ինչ սովորել եք Անկման մասին, ստեղծեք բրոշյուր՝ օգտագործելով հետևյալ հրահանգները: Պատկերացրեք, որ օգտագործելու եք այս բրոշյուրը՝ ուսուցանելու ուրիշներին Անկման և այն մասին, թե ինչու էր այն կարևոր Երկնային Հոր ծրագրում: Եղեք ստեղծագործ ձեր բրոշյուրն անհատականացնելիս։
-
Թերթիկը մեջտեղից ծալեք։ Ստեղծեք «Անկումը Երկնային Հոր ծրագրում» վերնագրով շապիկ։ Ավելացրեք Անկման մասին հիշեցնող նկար կամ նկարազարդում, օրինակ՝ պտղատու ծառ կամ միրգ:
-
Բրոշյուրի ներսի ձախ էջը վերնագրեք «Անկման հետևանքները»:
-
Ուսումնասիրեք Մովսես 4.13–16, 22–25, 28–29, 5․1–4 հատվածները։ Գրեք կամ նկարեք Անկման հետևանքները Աստծո զավակների համար: Ձեր բրոշյուրում ներառեք այն հատվածները, որոնցից սովորել եք յուրաքանչյուր հետևանքի մասին:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց բրոշյուրներով: Ուսանողներին առաջարկեք իրենց բրոշյուրներում ավելացնել բաց թողած նյութը։
Համոզվեք, որ ուսանողները գրել են, որ Ադամն ու Եվան և նրանց սերունդներն այժմ․
-
Իրենց անպատրաստ են զգում Աստծո ներկայության մեջ (Մովսես 4.13–16):
-
Կարող են երեխաներ ունենալ (Մովսես 4.22, 5.2–3):
-
Զգում են վիշտ, ցավ և դժվարություն (Մովսես 4.22–24):
-
Ապրելու համար քրտնաջան աշխատում են (Մովսես 4.25, 5.1–3):
-
Տարբերում են չարը բարուց (Մովսես 4.28):
-
Ֆիզիկապես մահանում են (Մովսես 4.25):
-
Կարող են հեռանալ Աստծո ներկայությունից (հոգևոր մահ) (Մովսես 5.4):
Բացատրեք, որ Աստծուց հեռանալը կոչվում է «հոգևոր մահ», մի բան, որը մենք բոլորս զգում ենք:
Խորհեք, թե Անկման որոշ հետևանքներ ինչպես կարող են օգնել մեզ առաջ շարժվել դեպի «անմահություն և հավերժական կյանք» (Մովսես 1.39):
-
Թույլ տալով Ադամի ու Եվայի Անկումը՝ Աստված ինչպե՞ս է ցույց է տալիս Իր իմաստությունն ու սերն Իր զավակների հանդեպ:
Խորհեք, թե Անկման ո՞ր հետևանքներն են եղել ամենադժվարը ձեր կյանքում:
Ուսանողներին բացատրեք, որ իրենք կավարտեն իրենց բրոշյուրները հաջորդ դասի ընթացքում, երբ ուսումնասիրեն Փրկչի դերն անկման բացասական հետևանքները հաղթահարելու գործընթացում:
Անկման հիմնական դերը
Մորմոնի Գրքի մարգարե Լեքին բացատրել է Անկման նշանակությունը:
Ուսումնասիրեք 2 Նեփի 2.22–25 հատվածները՝ փնտրելով Անկման լավ կողմերը:
-
Ի՞նչ սովորեցիք Անկման մասին։
Ուսանողները կարող են նշել մի քանի ճշմարտություն, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Անկումը կարևոր նշանակություն է ունեցել Երկնային Հոր ծրագրում՝ մեր առաջընթացի համար։
Կարող եք նաև օգնել ձեր ուսանողներին տեսնել, որ Երկնային Հայրը հնարավորություն է տվել Ադամին ու Եվային և նրանց սերունդներին ուրախություն ապրել՝ Անկման միջոցով: Ուսանողներին առաջարկեք իրենց բրոշյուրներում «Անկման հետևանքները» բաժնում գրել «ուրախություն» բառը։ Հարցրեք, արդյոք ձեր ուսանողներից որևէ մեկը կարող է հիշողությամբ պատմել 2 Նեփի 2.25 հատվածը։
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչու է Անկումը կարևոր մեր կյանքում.
Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիքը, որը կբախվեր հակառակության և զարգացում կապրեր, կդրսևորեր բարոյական ազատ կամք և կզգար հարության, փրկության և հավերժական կյանքի ուրախությունը: (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 207)
Վերանայեք ձեր բրոշյուրի «Անկման հետևանքները» էջը:
-
Ի՞նչ դրական ազդեցություն է ունեցել Անկումը ձեր հավերժական առաջընթացի վրա:
-
Անկման ո՞ր հետևանքներից է մեզ պետք փրկվել:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ, ի թիվս այլ բաների, մենք չենք կարող մեզ փրկել ֆիզիկական կամ հոգևոր մահից:
Կարդացեք 2 Նեփի 2.26 հատվածի առաջին նախադասությունը՝ փնտրելով բարի լուր Աստծո բոլոր զավակների համար:
-
Ի՞նչ գտաք:
Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ դասը կկենտրոնանա Անկման բացասական հետևանքներից մեզ փրկելու՝ Մեսիայի դերի վրա։
Ուսանողներին հիշեցրեք դասի սկզբում կատարած գնահատման վարժությունը։ Հարցրեք նրանց, թե ինչպես այժմ կգնահատեն Ադամի ու Եվայի Անկումը 1–10 սանդղակով: Այնուհետև ուսանողները կարող են բացատրել իրենց դասընկերներին, թե որն է Անկման լավ կողմը և ինչպես է այն ազդում իրենց կյանքի և Երկնային Հոր ծրագրում իրենց առաջընթացի վրա:
Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ Երկնային Հոր իմաստության և մեր հանդեպ Նրա սիրո մասին, որը Նա ցույց տվեց՝ ուղարկելով Իր Որդուն՝ մեզ Անկումից փրկագնելու համար:
(Հիշեցրեք ուսանողներին, որ պահեն իրենց բրոշյուրները, կամ հանձնեն ձեզ, որպեսզի կարողանան ավարտել դրանք հաջորդ դասին:)