«Մովսես 1.1–11. «Ես աշխատանք ունեմ քեզ համար … որդիս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 1.1–11. «Ես աշխատանք ունեմ քեզ համար … որդիս», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 1, Աբրահամ 3, Դաս 4
Մովսես 1.1–11
«Ես աշխատանք ունեմ քեզ համար … որդիս»
Բարձր սարի վրա Մովսեսը «տեսավ Աստծուն դեմ առ դեմ, և խոսեց Նրա հետ» (Մովսես 1.2): Աստված ասաց Մովսեսին. «Դու իմ որդին ես» (Մովսես 1․4) և «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես 1.6): Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ, որ իրենք Աստծո զավակներն են, և Նա իրենց համար աշխատանք ունի:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել կամ գրել, թե իրենց կարծիքով ո՞րն է իրենց նպատակը կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մի բան, որ ուզում եմ՝ դու անես
Գրատախտակին գրեք. « (Ձեր անունը), մի բան կա, որ ուզում եմ՝ դու անես»: Հարցրեք ուսանողներին իրենց վերաբերմունքի մասին, երբ որևէ մեկն ասում է, որ ինչ-որ բան կա, որ ցանկանում են՝ նրանք անեն: Կարող եք տալ հետևյալ հարցերը:
-
Ձեր վերաբերմունքը կախվա՞ծ է նրանից, թե ով է դա ասում։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ի՞նչ վերաբերմունք կունենայիք, եթե Աստված դա ասեր ձեզ: Ինչո՞ւ։
Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։
-
Դուք հավատո՞ւմ եք, որ Աստված աշխատանք ունի ձեզ համար այս կյանքում։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ձեր կարծիքով, որքա՞ն լավ եք պատկերացնում, թե Աստված ինչ է ուզում, որ դուք անեք:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է իմանաք Աստծո և ձեր մասին, որպեսզի այդ աշխատանքը ոգեշնչնող լինի:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մովսես 1 գլուխն այս դասում, առաջարկեք նրանց օգնություն փնտրել Սուրբ Հոգու միջոցով՝ ավելին իմանալու իրենց, Աստծո և այն մասին, թե Նա ինչ է ցանկանում, որ իրենք անեն այս կյանքում:
Մովսեսի օրենքը
Առաջարկեք ուսանողներին գտնել Մովսեսի գիրքը Թանկագին Մարգարիտում: Բացատրեք, որ Աստված հայտնությամբ տվեց Մովսեսի Գիրքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, երբ նա աշխատում էր Ծննդոց 1-Ծննդոց 6.13 հատվածների ոգեշնչված թարգմանության վրա։ Այն պարունակում է այն խոսքերը, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին գրի առնել (Մովսես 1.40):
Ցուցադրեք Մովսեսի՝ նմանատիպ մի նկար։
-
Ի՞նչ գիտեք Մովսեսի և նրա կյանքի մասին:
Եթե կարիք կա, բացատրեք, որ նախքան Տերը Մովսեսի միջոցով հրաշքներ կգործեր՝ իր ժողովրդին ստրկությունից հանելու համար, ծնվեց Մովսեսը՝ որպես իսրայելացի (Աստծո ուխտի ժողովրդի անդամ), բայց որդեգրվեց Եգիպտոսի թագավորական ընտանիքի կողմից: Ի վերջո, նա իր կյանքը փրկելու համար ստիպված էր փախչել Եգիպտոսից նոր երկիր՝ թողնելով իր իմացած միակ ընտանիքը:
-
Եթե դուք լինեիք Մովսեսի իրավիճակում, ի՞նչ մտքեր կարող էիք ունենալ ձեր կյանքի նպատակի մասին։
Երբ Մովսեսը փախավ Եգիպտոսից, որոշ ժամանակ անց Փրկիչը «դեմ առ դեմ» հայտնվեց նրան (Մովսես 1․2)։ Հիսուս Քրիստոսը, մեկ լինելով Երկնային Հոր հետ, խոսեց Մովսեսի հետ այնպես, կարծես Նա Հայր Աստվածը լիներ: Հետևաբար, մենք կարող ենք կարդալ այս հատվածները՝ ավելի լավ հասկանալու և՛ Հորը, և՛ Որդուն: Մովսեսը շատ բան իմացավ Երկնային Հոր և Նրա հետ Իր փոխհարաբերությունների մասին, ինչը նրան մղեց կատարել մի կարևոր աշխատանք: Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել, թե ինչ իմացավ Մովսեսը, գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը: Այս վարժության ընթացքում ուսանողները կարող են արտագրել աղյուսակն իրենց ուսումնասիրության օրագրերում կամ դասարանով լրացնել այն գրատախտակին:
|
Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը |
Մովսես |
|---|---|
Կարդացեք Մովսես 1.1–11 հատվածները՝ պատկերացնելով, թե ինչպիսին կարող էր լինել այդ փորձառությունը: Աղյուսակում գրեք, թե ինչ են ուսուցանում հատվածները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Մովսեսի մասին:
Այդ հատվածներն ուսումնասիրելու մեկ այլ եղանակ է՝ ցուցադրել «I Am a Son of God» տեսանյութի 0:00–2:49 հատվածը։ Տեսանյութից հետո կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հատվածները՝ փնտրելով կարևոր խոսքեր կամ տեղեկություններ, որոնք չկան տեսանյութում:
Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ գտան սուրբ գրություններում՝ աղյուսակը լրացնելիս, և ինչու է դա կարևոր կամ նշանակալից իրենց համար: Անհրաժեշտության դեպքում տվեք հետևյալ հարցերը:
-
Ի՞նչն էր առավել կարևոր ձեզ համար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին տեղեկություններում: Ինչո՞ւ։
Երբ ուսանողները կիսվեն, գտեք եղանակներ՝ ընդգծելու Աստծո մեծությունը: Կարող եք խնդրել ուսանողներին նշել արտահայտություններ, որոնք ընդգծում են Նրա զորությունը:
-
Հատվածներ 4, 6–7-ում ի՞նչ ասաց Աստված Մովսեսին, որը վերաբերում է նաև ձեզ:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ ճշմարտություն․ Մենք Աստծո զավակներն ենք, և Նա մեզ համար աշխատանք ունի, որ պետք է կատարենք: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում կամ նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այն:
-
Աստծո մեծությունն իմանալը ինչո՞ւ է ավելի նշանակալից դարձնում Նրա զավակ լինելը:
-
Հասկացողությունը, որ մենք Աստծո զավակներ ենք, ինչպե՞ս կարող է օգնել մեզ հասկանալ մեր նպատակը կամ նպատակներն այս կյանքում:
Նշում. Օգտակար կլինի իմանալ, որ հաջորդ՝ Մովսես 1․12–26 դասում ուսանողները կուսումնասիրեն, թե որպես Աստծո որդի իր ինքնության ըմբռնումը ինչպես է զորություն տվել Մովսեսին՝ դիմակայելու սատանայի գայթակղությանը: Նաև հաջորդ շաբաթվա՝ Ծննդոց 1.26–27 հատվածների ուսումնասիրության դասը կօգնի ուսանողներին զգալ իրենց ինքնության և ներուժի կարևորությունը՝ որպես երկնային ծնողների որդիներ և դուստրեր:
Աստծո աշխատանքը մեզ համար
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե Աստված ինչ կարևոր աշխատանք ունի իր զավակներից յուրաքանչյուրի համար, կարող եք կատարել հետևյալ վարժությունը:
Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարեք մարդուկների գծապատկերներ։ Հետևյալ օրինակներից իմացեք, թե Աստված ինչ աշխատանք ունի մարդկանց համար և պիտակեք մարդուկների գծապատկերները։ Այնուհետև, յուրաքանչյուր մարդուկի կողքին կամ ներքևում գրեք հետևյալ հարցերի պատասխանները:
-
Մովսես։ Որոնեք «Մովսես» բառը Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում։
-
Գիրիշը (Նեպալում ծնված և մեծացած մի մարդ, որը գտավ ավետարանը և ի վերջո տեղափոխվեց Յուտա): Կարդացեք հետևյալը կամ դիտեք «Ես աշխատանք ունեմ քեզ համար» տեսանյութը (10:25, դիտել 0:18–1:12)։
10:25
Տարիներ անց, երբ Նեպալի փախստականների ճամբարից ավելի քան 1500 փախստականներ տեղափոխվեցին Յուտա, Գիրիշը հուշում ստացավ, որ պիտի օգնի նրանց: Քանի որ Գիրիշը սահուն խոսում էր մայրենի լեզով և հասկանում մշակույթը, նա ծառայում էր որպես թարգմանիչ, ուսուցիչ և դաստիարակ: … Նեպալերենով խոսողների մի ճյուղ կազմավորվեց, և Գիրիշն ավելի ուշ սկսեց ծառայել որպես այդ ճյուղի նախագահ: Նա նաև ակտիվորեն մասնակցեց նեպալերենով Մորմոնի Գրքի թարգմանության գործում: (Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար», Լիահոնա, նոյեմբեր 2017, 32)
-
Վհատված քույրը: Ընթերցեք հետևյալը։
Մի օր մի վհատված քույր դիմեց Տիրոջը. «Տեր, ո՞րն է իմ անձնական ծառայությունը»: Նա պատասխանեց. «Նկատիր ուրիշներին»: … Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ՝ նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով՝ շատերին օրհնելու համար: (Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար», Լիահոնա, նոյեմբեր 2017, 33)
Դուք կարող եք Գիրիշի կամ հուսալքված քրոջ պատմությունը փոխարինել մեկ այլ ժամանակակից օրինակով, որը դուք գիտեք։
Օգտակար կլինի հետևյալ հարցերը ցուցադրել գրատախտակին։
-
Ի՞նչ արեց մարդը՝ ուրիշներին օգնելու և նրանց Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար:
-
Սիրառատ Աստվածը ինչո՞ւ ցանկացավ, որ նրանք կատարեն այդ աշխատանքը:
-
Ինչպե՞ս նրանք յուրովի նախապատրաստվեցին օգնելու: Կամ ինչպե՞ս նրանք օգնեցին յուրովի կամ անհատական եղանակով:
Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, եղանակներ գտեք՝ հստակեցնելու, որ ոչ ամեն աշխատանք է մեծ կամ վիթխարի, որ Տերը ցանկանում է մենք կատարենք, բայց բոլոր այդ աշխատանքները միշտ կարևոր են Տիրոջ և Նրա զավակների համար, որոնց մենք ծառայում ենք: Հատուկ առաջադրանքները և պարտականությունները, որոնք Տերը կարող է տալ մեզ, կօգնեն մեզ մասնակից դառնալ փրկության և վեհացման Նրա աշխատանքին (տես Մովսես 1.39): Կարող են լինել նաև առաջադրանքներ, որոնց վրա Նա ցանկանում է կենտրոնանալ հիմա, բայց Նա կարող է խնդրել մեզ ապագայում կենտրոնանալ այլ բանի վրա:
Աշխատանք ձեզ համար
Նկարեք ևս մեկ մարդուկ և դրա տակ գրեք ձեր անունը:
Յոթանասունից երեց Ջոն Ս. Փինգրի Կրտսերն վկայել է․
Աստված ասաց Մովսեսին. «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (Մովսես 1.6): Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ՝ արդյո՞ք Երկնային Հայրն աշխատանք ունի ձեզ համար: Արդյոք կա՞ն կարևոր բաներ, որոնք Նա պատրաստել է, որ հատկապես դուք կատարեք: Ես վկայում եմ՝ պատասխանը «այո» է: («Ես աշխատանք ունեմ քեզ համար», Լիահոնա, նոյեմբեր 2017, 32)
Կարող եք առաջարկել ուսանողներին լուռ աղոթել և հայտնություն փնտրել Տիրոջից՝ իրենց անունով մարդուկի վերաբերյալ հետևյալ հարցերից մի քանիսին կամ բոլորին պատասխանլիս։ Օգտակար կլինի բացատրել, որ ուսանողները կարող են չստանալ այս հարցերի ամբողջական պատասխանները դասարանում: Առաջարկեք նրանց շարունակել խորհել դրանց շուրջ և աղոթել:
-
Ի՞նչ եմ ես արդեն անում, որը կարող է լինել ինձ համար ունեցած Աստծո աշխատանքի մի մասն այս կյանքում։
-
Ի՞նչ է Աստված արդեն հայտնել ինձ այն մասին, թե ինչ է ցանկանում, որ ես անեմ: (Դա կարող են լինել քահանայության օրհնությունները, կոչումները, հայրապետական օրհնությունները և հայտնության այլ պահեր:)
-
Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ ես անձամբ կատարեմ Իր աշխատանքն իմ ընտանիքում, իմ ծխում կամ ճյուղում։
-
Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես պատրաստվեմ՝ օգնելու ուրիշներին հիմա կամ ապագայում:
Առաջարկեք ուսանողներին կիսվել տպավորություններով, մտքերով կամ զգացմունքներով, որոնք նրանք ունեցան այսօրվա ուսումնասիրության ժամանակ, եթե դրանք խիստ անձնական չեն: Կարող եք կիսվել այս դասի սկզբունքների վերաբերյալ ձեր վկայությամբ և ձեր մտքերով։