«Մովսես 1.27–42. «Սա է իմ գործը և իմ փառքը» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 1.27–42. «Սա է իմ գործը և իմ փառքը» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 1, Աբրահամ 3. Դաս 6
Մովսես 1.27–42
«Սա է իմ գործը և իմ փառքը»
Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծել է անթիվ աշխարհներ: Երկնային Հոր ամենամեծ արարչագործությունները Նրա հոգևոր որդիներն ու դուստրերն են: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն զգալ Երկնային Հոր և Նրա գործի հանդեպ՝ անմահություն և հավերժական կյանք բերել Իր բոլոր զավակներին:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել Երկնային Հոր ստեղծագործությունների անսահմանության մասին և իրենցից յուրաքանչյուրի հանդեպ Երկնային Հոր ունեցած սիրո մասին: Դա անելու եղանակներից մեկն է՝ նայել գիշերային պարզ երկնքին և մտածել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում իրենց՝ Իր ստեղծած բազմաթիվ աստղերի, մոլորակների և գալակտիկաների մեջ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո ծնված որդիներն ու դուստրերը
Դասարան բերեք երկու փոքր տարաներ, որոնցից մեկում ավազ է, իսկ մյուսում՝ ջուր: Առաջարկեք մի ուսանողի կանգնել դասարանի առաջ և մատը նախ մտցնել ջրով տարայի մեջ, այնուհետև խոնավ մատը մտցնել ավազով տարայի մեջ: Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին ցույց տալ հետևյալ նկարը: Այնուհետև խնդրեք ուսանողներին հաշվել, թե ավազի քանի հատիկ կա մարդու ձեռքում:
Կարդացեք Մովսես 1․27–29 հատվածները՝ փնտրելով, թե Մովսեսն ինչը համեմատեց ծովափի ավազի հետ և ինչու:
-
Այս տեսլականում ի՞նչն է տպավորում ձեզ:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Աստծո արարչագործությունների անսահմանությունը, կարող եք ցուցադրել «Սա է իմ գործը և իմ փառքը» տեսանյութը (0:53–1:31), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել իրենց սեփական արժեքների, համոզմունքների, դերի և այլնի մասին Աստծո արարչագործությունների մեջ և նախապատրաստել իրենց միտքը՝ Սուրբ Հոգով ուսուցանվելու համար, առաջարկեք նրանց կատարել հետևյալ ինքնագնահատումը:
Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ Աստված ստեղծեց տիեզերքը։
-
Ինչո՞ւ Աստված ստեղծեց մեզ։
-
Ինչպե՞ս եմ ես վերաբերվում Աստծուն և ինչ է Նա անում ինձ համար:
Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում լրացումներ կատարել իրենց պատասխաններում։ Հիշեցրեք նրանց, որ ուսումնասիրության օրագրում իրենց մտքերը գրանցելը կօգնի հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց ուսման մեջ։
Երկնային Հոր գործը և փառքը
Կարդացեք Մովսես 1.30 հատվածը՝ փնտրելով և նշելով երկու հարց, որ ունեցավ Մովսեսը, երբ տեսավ երկիրը և Աստծո ծնված որդիներին ու դուստրերին:
Մովսես 1.39 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Կարդացեք Մովսես 1.31–33, 39 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչպես պատասխանեց Մովսեսին:
-
Ինչպիսի՞ ճշմարտություններ կարող ենք սովորել Աստծո պատասխաններից այս հատվածներում։
Այն ճշմարտությունների թվում, որոնք ուսանողները կգտնեն, օգնեք նրանց բացահայտել, որ Աստծո գործն ու փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:
Իմանալու համար, թե ինչ են հասկանում ուսանողներն անմահության և հավերժական կյանք ասելով, խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես կսահմանեն դրանք: Եթե օգտակար կլինի, ուսանողները կարող են ուսումնասիրել «Անմահություն» և «Հավերժական կյանք» թեմաները Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաներ և հարցեր բաժնում՝ ChurchofJesusChrist.org կայքում։ Որպես այլընտրանք, կարող եք կիսվել հետևյալ սահմանումով․
Անմահություն նշանակում է՝ հավերժ ապրել որպես հարություն առած էակ: «Հավերժական կյանքը կամ վեհացումը Աստծուն նմանվելն է և Նրա ներկայության մեջ՝ որպես ընտանիք հավերժ ապրելը» (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.1, Gospel Library)։
-
Մովսես 1.39 հատվածում պարունակվող ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը:
Առաջին Նախագահության նախկին անդամ, նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է Աստծո արարչագործությունների նպատակը։
Երբ մենք նայում ենք տիեզերքի հսկայական ընդարձակ տարածությանը, կարող ենք ասել. «Ի՞նչ է մարդն արարչագործության փառքի համեմատ»: Աստված Ինքն է ասել, որ մենք ենք պատճառը, որ Նա ստեղծեց տիեզերքը: Նրա գործի և փառքի՝ այս փառահեղ տիեզերքի նպատակն է՝ փրկել և վեհացնել մարդկությանը: Այլ կերպ ասած, հավերժության հսկայական ընդարձակ տարածությունը, անսահման տարածության և ժամանակի փառքերն ու գաղտնիքները, բոլորը կառուցված են հասարակ մահկանացուների օգտի համար, ինչպիսին դուք և ես եմ: Մեր Երկնային Հայրը ստեղծեց տիեզերքը, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր ներուժին՝ որպես Նրա որդիներ և դուստրեր: («Դու կարևոր ես Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2011, 20)
-
Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր մասին։
-
Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ ինքներդ ձեր մասին։
Երկնային Հայրն օգնում է մեզ ստանալ անմահություն և հավերժական կյանք
Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել՝ հետևյալ վարժության համար: Յուրաքանչյուր խմբի տվեք մի թուղթ և առաջարկեք ուսանողներին իրենց թղթի վերևում գրել հետևյալ հարցերը: Այնուհետև ուսանողները կարող են հարցերի տակ գրել իրենց պատասխանները: Հնարավորության դեպքում, կարող եք առաջարկել ուսանողներին գտնել սուրբ գրություն, որը վկայում է իրենց մի քանի պատասխանի կամ բոլոր պատասխանների մասին:
-
Ի՞նչ են արել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ մեր անմահությունն իրականացնելու համար:
-
Ի՞նչ են Նրանք արել և շարունակում են անել՝ օգնելու մեզ ստանալ հավերժական կյանք:
Որպեսզի օգնեք ուսանողներին ինքնուրույն սովորել, բավարար ժամանակ տվեք նրանց՝ նախորդ հարցերին պատասխանելու համար: Այնուհետև խնդրեք նրանց լրացնել իրենց ցանկը՝ կարդալով Հովհաննես 3.16 հատվածը և նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը։
Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է լրացուցիչ եղանակներով, թե ինչպես է Երկնային Հայրն իրագործում մեր անմահությունը և հավերժական կյանքը:
[Երկնային Հայրը] տվել է մեզ ավետարանը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Նա տվել է մեզ փրկագնման ծրագիրը, որը փրկության ծրագիրն է՝ երջանկության ծրագիրը։ …
Նա տվել է մեզ Սուրբ Հոգու անգին պարգևը: …
Նա մեզ հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահի դիմել Իրեն՝ հավատքի աղոթքների և անկեղծ խնդրանքների միջոցով։
Նա տվել է մեզ մեր օրերի առաքյալներին և մարգարեներին, որոնք հայտնում են Աստծո խոսքը մեր օրերում։ …
Նա վերականգնել է Իր Եկեղեցին: …
Նա տվել է մեզ սուրբ գրությունները՝ Իր գրի առնված խոսքը։
Նա տվել է ժամանակակից տեխնոլոգիաների անհամար գործիքներ, որպեսզի օգնի մեզ աշակերտության մեր ճանապարհին։ …
Ինչո՞ւ է մեր Երկնային Հայրն այդքան շատ օգնություն տալիս մեզ։ Որովհետև Նա սիրում է մեզ: Եվ որովհետև, ինչպես Նա է ասել՝ «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ («Մեր Հայրը, մեր Ուսուցիչը», Ensign, հունիս 2016, 5)
Առաջարկեք ուսանողներին ընտրել մի քանի եղանակ, որոնք առավել կարևոր են իրենց համար, և պատասխանել հետևյալ հարցերին:
-
Դրանք ինչպե՞ս կարող են օգնել մեզ առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք։
-
Ինչպե՞ս են այս եղանակներից մի քանիսն օգնել ձեզ ավելի նմանվել Երկնային Հորը:
Առաջարկեք տարբեր ուսանողների կիսվել իրենց ընտրած եղանակով և վերը նշված հարցերի պատասխաններով: Փնտրեք եղանակներ՝ շնորհակալություն հայտնելու և նրանց պատասխանները հաստատելու համար: Եթե ուսանողներն ինքնաբերաբար չկենտրոնանան Փրկչի վրա, նրանց ուշադրությունը հրավիրեք Հովհաննես 3․16 և Մոսիա 4.2 հատվածների վրա և խնդրեք ուսանողներին կիսվել, թե Փրկիչն ինչպես է օգնում իրենց առաջընթաց ունենալ և ավելի նմանվել Երկնային Հորը:
Երախտագիտություն Երկնային Հոր հանդեպ
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ Երկնային Հոր և Նրա գործի հանդեպ, այն է՝ իրականացնել իրենց անմահությունն ու հավերժական կյանքը, առաջարկեք նրանց փնտրել Տիրոջ օգնությունը՝ իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանելով հետևյալ հարցերին: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են գրառում կատարել օրագրում՝ արտահայտելով իրենց երախտագիտությունը Երկնային Հորն այն ամենի համար, ինչ Նա անում է իրենց համար:
-
Ի՞նչ եք սովորել կամ զգացել այսօր, որը ցանկանում եք հիշել:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և ինչ են նրանք անում, որպեսզի օգնեն ձեզ վերադառնալ Իրենց մոտ:
Մտապահեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: