«Մովսես 1․12–26․ «Դեն գնա, սատանա» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 1․12–26․ «Դեն գնա, սատանա» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 1, Աբրահամ 3․ Դաս 5
Մովսես 1.12-26
«Դեն գնա, սատանա»
Մենք բոլորս զգացել ենք սատանայի գայթակղությունները: Սակայն, երբ մենք, ինչպես Մովսեսը, հիշում ենք, թե ով ենք մենք իրականում, կարող ենք Աստծուց զորություն ստանալ՝ հաղթահարելու սատանային և նրա գայթակղությունները մեր կյանքում: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին Աստծուց զորություն ստանալ՝ հաղթահարելու իրենց անձնական գայթակղությունները:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել գայթակղություններից մեկի մասին, որին իրենք անձամբ բախվում են, և դասի գալ պատրաստված՝ սովորելու, թե ինչպես հաղթահարել այն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դիմակայել գայթակղությանը
Որպեսզի պատրաստեք ուսանողներին սովորելու հաղթահարել գայթակղությունները, կարող եք կիսվել հետևյալ խոսքերով և հարցերով:
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Մենք խոսում ենք համարձակ, քանի որ սատանան իրական է և սպասում է, որ ձեզ կործանի, և դուք բախվում եք նրա ազդեցությանն ավելի ու ավելի վաղ տարիքում: («Բոլորս զինվորագրված ենք», Լիահոնա, նոյեմբեր 2011, 45)
-
Ի՞նչ եք մտածում նախագահ Հոլլանդի այս մեջբերման մասին:
-
Ինչպիսի՞ գայթակղությունների են բախվում Վերջին Օրերի Սրբերի դեռահասները:
Օգտակար կլինի գրատախտակին գրել այն գայթակղությունները, որոնք նշում են ուսանողները: Դուք պետք է խնդրեք ուսանողներին մտորել դրանց շուրջ ավելի ուշ՝ դասի ընթացքում:
Կարող եք առաջարկել ուսանողներին գրել հետևյալ հարցերի իրենց պատասխաններն ուսումնասիրության օրագրում:
Խորհեք մի գայթակղության մասին, որին դուք բախվել եք կամ կարող եք բախվել: Դիտարկեք հետևյալը.
-
Ի՞նչն է ձեզ համար դժվարություն ստեղծում՝ այդ գայթակղությանը դիմակայելիս:
-
Ի՞նչ եք անում, որպեսզի օգնություն և զորություն գտնեք՝ գայթակղությանը դիմակայելու համար:
-
Ձեր կարծիքով, որքանո՞վ արդյունավետ եք հաղթահարում ձեր գայթակղությունը:
Այսօր Մովսես 1.1–26 հատվածներն ուսումնասիրելիս առաջնորդություն փնտրեք Սուրբ Հոգուց՝ բացահայտելու ճշմարտություններ, որոնք կարող են զորացնել ձեզ, երբ դուք գայթակղության բախվեք:
Մովսեսը գայթակղվում է սատանայի կողմից
Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում նախորդ դասից, կամ նրանք կարող են համառոտ վերանայել Մովսես 1.1–10 հատվածները և խորհել իրենց սովորածի շուրջ: Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք նրանց, որ Մովսեսը «տեսավ Աստծուն դեմ առ դեմ, և նա խոսեց նրա հետ» (Մովսես 1.2) և որ Աստված երեք անգամ ուսուցանեց Մովսեսին, որ նա Իր որդին է (տես հատվածներ 4, 6 և 7):
Չնայած Մովսեսը հզոր մարգարե էր, նա նույնպես բախվեց մեծ գայթակղության: Աստծո հետ Մովսեսի ունեցած փորձառությունից կարճ ժամանակ անց նա չափազանց դժվար փորձառություն ունեցավ, երբ «Սատանան եկավ գայթակղելու նրան» (Մովսես 1․12)։ Այն բանի շնորհիվ, ինչ Մովսեսը գիտեր և ինչ արեց, նա կարողացավ հաղթել: Կարդացեք Մովսես 1.12–22 հատվածները՝ փնտրելով, թե ինչն օգնեց Մովսեսին հաղթահարել սատանայի գայթակղությունները: Կարող եք նշել ձեր գտածը։
Կարող եք դիտել «I Am a Son of God» տեսանյութի 2:50–6:30 հատվածը կամ ամբողջ տեսանյութը, եթե նախորդ դասի ժամանակ ուսանողներին ցույց չեք տվել առաջին մասը։ Տեսանյութից հետո կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հատվածները՝ փնտրելով, թե ինչն օգնեց Մովսեսին հաղթահարել Սատանայի գայթակղությունները: Այնուհետև ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցը զույգերով կամ փոքր խմբերով.
-
Ի՞նչ ենք սովորում Մովսեսի փորձառությունից, որը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր գայթակղությունները:
Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ սկզբունքը․ Մենք կարող ենք ստանալ Աստծո օգնությունը, որպեսզի հաղթահարենք գայթակղությունները՝ … Առաջարկեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և ավարտել սկզբունքն իրենց խոսքերով: Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն, կարող եք ուղղորդել նրանց՝ տալով հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կոչեց սատանան Մովսեսին հատված 12-ում, և ինչպե՞ս արձագանքեց Մովսեսը հատված 13-ում:
-
Ի՞նչ հիշեց Մովսեսն Աստծո հետ ունեցած իր հոգևոր փորձառությունից, որն օգնեց, երբ նա բախվեց գայթակղության:
Ուսանողները կարող են ավարտել սկզբունքը մի քանի եղանակով, ներառյալ հետևյալները.
… հիշելով, որ մենք Աստծո զավակներն ենք
… հիշելով անցյալի հոգևոր փորձառությունները
… դիմելով Աստծուն՝ զորություն ստանալու համար
Մի քանի սկզբունք նշելուց հետո կարող եք օգտագործել հետևյալ մեջբերումը և հարցերը, որպեսզի օգնեք խորացնել ուսանողների հասկացողությունն իրենց հայտնաբերած ճշմարտությունների վերաբերյալ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալով այն զորության մասին, որ մենք ստանում ենք, երբ հիշում ենք, որ Աստծո զավակներն ենք․
Իմ սիրելի ընկերներ, դուք բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն եք: Դուք այս ճշմարտությունը երգել եք՝ «Աստծո զավակն եմ» երգի բառերը սովորելուց հետո։ Բայց արդյո՞ք այդ հավերժական ճշմարտությունը դրոշմված է ձեր սրտում: Արդյո՞ք այս ճշմարտությունն օգնել է ձեզ գայթակղության բախվելիս։ («Ընտրություններ հավերժության համար» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022])
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ձեր սրտում դրոշմված լինի այն ճշմարտությունը, որ դուք Աստծո զավակն եք:
-
Հիշելն այն մասին, որ մենք Աստծո զավակներն ենք, ինչպե՞ս կարող է զորացնել մեզ, երբ մենք բախվում ենք գայթակղության:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Աստծո օգնությունը՝ գայթակղությունը հաղթահարելու համար։
Առաջարկեք ուսանողներին կիսվել օրինակներով, երբ Աստված զորացրել է որևէ մեկին՝ գայթակղությունը հաղթահարելու համար։ Դա կարող է լինել օրինակ սուրբ գրություններից, իրենց մտերիմ մարդկանց կյանքից կամ իրենց կյանքից: Քանի որ գայթակղություններն անձնական են, հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն որևէ կոնկրետ գայթակղությամբ:
Անձնական գայթակղությունների հաղթահարում
Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են ապրել այսօր քննարկված սկզբունքներով, առաջարկեք նրանց ընտրել մեկ կամ երկու գայթակղություն, որոնք գրվել էին գրատախտակին դասի սկզբում: Առաջարկեք ուսանողներին դասարանով կամ փոքր խմբերով մտածել գործնական եղանակներ, թե տվյալ գայթակղությանը բախվող մարդը ինչպես կարող է կիրառել այս սկզբունքները՝ այդ գայթակղությունը հաղթահարելու համար:
Առաջարկեք ուսանողներին գրել իրենց գաղափարները գրատախտակին, կամ կարող եք ցուցադրել հետևյալ գաղափարներից մի քանիսը:
Մովսես 1.12–26 հատվածներում մեր սովորածը կիրառելու եղանակներ.
-
Գրեք ձեր օրագրում մի դեպք, երբ դուք զգացել եք Տիրոջ սերը և իմացել եք, որ Աստծո զավակն եք: Կարող եք դա կրկնել գայթակղության ժամանակ:
-
Մտապահեք և վերարտադրեք ոգեշնչող սուրբ գրությունները, օրհներգերը կամ հաղորդության աղոթքները, որպեսզի կարողանաք դրանք կրկնել գայթակղության պահին: (Այս ռազմավարությունը Փրկիչն օգտագործել է Մատթեոս 4.1–11 հատվածներում։)
-
Ամեն օր աղոթեք Տիրոջ զորությանն ու ուժը ստանալու համար՝ գայթակղությունը հաղթահարելու համար: Ամեն երեկո դիմեք Երկնային Հորը, որպեսզի շնորհակալություն հայտնեք Նրան, ընդունեք թուլությունները, ներողություն խնդրեք և խոստանաք շարունակել փորձել (տես 3 Նեփի 18.15, 18):
-
Հիշեք անցյալում ձեր ունեցած հոգևոր փորձառությունները և գրեք դրանք օրագրում: Օգտագործեք դրանք, երբ գայթակղություն է առաջանում:
-
Ծնողների, վստահելի մեծահասակների կամ ընկերների հետ քննարկեք, թե ինչպես են այս սկզբունքներն օգնել նրանց և ինչպես նրանք խորհուրդ կտան կիրառել դրանք:
Առաջարկեք ուսանողներին կազմել ծրագիր, որը կօգնի նրանց հաղթահարել այն գայթակղությունները, որոնց բախվում են: Կարող եք դա անել՝ տալով հետևյալ ցուցումները.
Հիշեք այն գայթակղությունը, որի մասին խորհում էիք դասի սկզբում կամ մեկ այլ գայթակղություն, որի դեմ պայքարում եք:
Կիսվեք ձեր վկայությամբ Տիրոջ զորության և ուժի մասին, որը դուք զգացել եք ձեր կյանքում, և Նրա ցանկության մասին՝ օգնելու ձեր ուսանողներին հաղթահարել իրենց գայթակղությունները: Արտահայտեք ձեր վստահությունը նրանց հանդեպ և նրանց ունակության հանդեպ՝ Աստծո օգնությամբ հաղթահարելու իրենց գայթակղությունները։
Ուղղորդում խնդրելով Երկնային Հորից՝ ավարտեք հետևյալ նախադասությունը ձեր ուսումնասիրության օրագրում կամ ձեր մտքում․ «Որպեսզի պատրաստվեմ հաղթահարել այս գայթակղությունը, ես պետք է »: