Գրադարան
Ընտանիք


«Ընտանիք», Թեմաներ և հարցեր (2023)

ծնկի իջած աղոթող ընտանիքը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Ընտանիք

Աստծո արարումը մեր մեծագույն երջանկության համար

Նախքան ծնվելը մենք ապրում էինք մեր Երկնային Ծնողների հետ։ Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում՝ մեր հավերժական ճակատագրի և երջանկության համար։ Ընտանիքն այն վայրն է, որտեղ կարող ենք գտնել մեր այս կյանքի և հավերժության մեծագույն ուրախությունների մի մասը: Ընտանիքներում լինելը կօգնի մեզ սովորել կյանքի որոշ ամենակարևոր դասերը, օրինակ՝ Աստծուն և ուրիշներին ծառայելը։

Մենք օրհնվում ենք, երբ մեր ժամանակը նվիրում ենք մեր ընտանիքների հետ ամուր փոխհարաբերություններ հաստատելուն։ Մեր ունեցվածքը և աշխատանքի կոչումները մեզ հետ չեն գա հաջորդ կյանք, բայց եթե մեր լավագույնն անենք, որ հետևենք Աստծուն և պահենք Նրա հետ կապած մեր ուխտերը, մենք կունենանք մեր ընտանիքների հետ հավերժ լինելու ներուժը: Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է. «Խառնաշփոթի և անորոշության աշխարհում ավելի կարևոր է, քան երբևէ, մեր ընտանիքները դարձնել մեր կյանքի կենտրոնը և մեր առաջնահերթությունների գագաթնակետը»: Թեև ոչ մի ընտանիք կատարյալ չէ, մենք կարող ենք սովորել և կատարելագործվել, մինչ անում ենք ամեն ինչ, որպեսզի սիրենք մեր ընտանիքները և միասին աճենք՝ ավելի նմանվելու Աստծուն:

Ի՞նչ է ընտանիքը

Այստեղ՝ երկրի վրա, կան բազմատեսակ ընտանիքներ Ընտանիքը կարող է ներառել ծնողներ և նրանց երեխան կամ երեխաները: Սակայն ընտանիք կարող է լինել նաև ամուսնացած զույգը, միայնակ ծնողը, որն ունի երեխաներ, կամ քույր ու եղբայրներից բաղկացած ընտանիքը։ Հարազատների մեջ մտնում են տատիկ-պապիկները, թոռները, հորաքույրերը, մորաքույրերը, հորեղբայրները, մորեղբայրները, զարմիկները, զարմուհիները և այլոք։ Երբեմն գուցե մեր մտերիմ ընկերներին ընտանիքի պես համարենք, թեև հարազատներ չենք։ Ավելի լայն իմաստով՝ մենք բոլորս Աստծո ընտանիքն ենք։

Թեմայի ակնարկ․ Ընտանիք

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հավիտենական ուխտ, Հավերժական կյանք, Ամուսնություն, Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, Տաճարային օժտում և տաճարային կնքում

Բաժին 1

Ընտանիքը կենսական նշանակություն ունի Աստծո երջանկության ծրագրում

տանը հավաքված ընտանիք

Ընտանիքն առանցքային է Աստծո ծրագրում՝ մեր հավերժական ճակատագրի համար։ Մենք ապրում էինք մեր Երկնային Ծնողների հետ նախքան երկիր գալը, և մեր ընտանիքներն այստեղ հետևում են Աստծո տված ձևանմուշին։

Պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք գալիս երկիր ընտանիքներում, այն է, որ ծնողները կարողանան ուսուցանել իրենց երեխաներին ավետարանը և օգնեն նրանց ունենալ երջանիկ և իմաստալից կյանք: Սա օգնում է իրականացնել մեր Երկնային Հոր ծրագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս սովորել, աճել և ավելի նմանվել Նրան։

Մտորելու հարցեր

  • Կարդացեք և խորհեք Մովսես 5.12 հատվածի շուրջ։ Մտածեք այն կարևոր ճշմարտությունների ու դասերի մասին, որ այս ծնողները սովորեցրել էին իրենց երեխաներին։ Քույր Թամարա Վ. Ռունիյան ուսուցանել է, որ «ընտանիքները Աստծո կողմից տրված փորձաքար են, որտեղ մենք սովորում ենք, ուստի սխալ քայլերն ու սխալ հաշվարկները ոչ միայն հնարավոր, այլև հավանական են: Եվ հետաքրքիր չէ՞ր լինի, եթե մեր կյանքի վերջում տեսնեինք, որ այդ հարաբերությունները, նույնիսկ այդ դժվարին պահերը, հենց այն բաներն էին, որոնք օգնեցին մեզ ավելի նմանվել մեր Փրկչին: … Ընտանեկան հարաբերությունները … կատարյալ միջոց [են] մեզ սովորեցնելու այն դասերը, որոնք եկել ենք այստեղ սովորելու»։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ընտանիքները կարևոր Աստծո ծրագրի համար։ Ինչպե՞ս են ձեր ընտանեկան փորձառություններն օգնել ձեզ աճել և ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կարող է ձեր ընտանեկան կյանքի մասին «լաբորատորիայի» պես մտածելը ազդել ձեր ընտանիքի անկատարության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա։

Սովորեք միասին

  • Նախագահ Գորդոն Բ. Հինքլին տվել է այս խորհուրդը. «Տերը կարգել է, որ մենք ամուսնանանք, որ միասին ապրենք սիրո, խաղաղության և ներդաշնակության մեջ, որ երեխաներ ունենանք և դաստիարակենք նրանց Իր սուրբ ուղիներով: … Ի վերջո, ահա թե ինչի մասին է ավետարանը: Ընտանիքն Ամենազորի ստեղծագործությունն է: Դա հիմնական ստեղծագործությունն է։ Ազգի ամրապնդման ճանապարհը ժողովրդի տներն ամրացնելն է»: Քննարկեք, թե ինչու Աստված ուղարկեց մեզ երկիր ընտանիքներով և ինչպես է դա օգնում իրականացնել Նրա ծրագիրը: Ինչպե՞ս է մեր տների ամրապնդումը նպաստում մեր համայնքների ամրապնդմանը։ Այս գաղափարը լուսաբանելու համար կարող եք խաղալ մի խաղ, որը պահանջում է համատեղ աշխատանք: Օրինակ, դուք կարող եք ստեղծել մարդկային հանգույց (կազմեք շրջան և թող բոլորը բռնեն երկու տարբեր մարդկանց ձեռքերը) և միասին աշխատեք, որպեսզի արձակվեք առանց ձեռքերը բաց թողնելու: Կամ կարող եք շարք կազմել՝ ելնելով ինչ-որ առանձնահատկությունից՝ առանց խոսելու (օրինակ՝ ծննդյան ամսվա, աչքի գույնի կամ հասակի)։ Այնուհետև խոսեք այն մասին, թե ինչպես է ընտանիքով միասին աշխատելն օգնում իրականացնել Երկնային Հոր նպատակներն Իր զավակների համար:

Իմացեք ավելին

Բաժին 2

Աստված ծնողներին կարևոր պարտականություններ է տվել

ընտանիքի անդամները կարդում են սուրբ գրությունները

Երկնային Հայրը ծնողներին պատասխանատվություն է տվել Իր սիրելի հոգևոր զավակների համար, մինչ նրանք այստեղ՝ երկրի վրա են: Նա պատվիրել է ծնողներին դաստիարակել իրենց երեխաներին «լույսի և ճշմարտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 93․40): Մարգարեները նաև ասել են. «Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները»: Երբ ընտանիքներն ի վիճակի չեն ապահովել անհրաժեշտ ամեն բան, եկեղեցին կարող է միջամտել և օգնել (տես Վարդապետություն և Ուխտեր 52.40, 83.1-6,, 136․8):

Երբ սիրող ծնողները միասին մեծացնում են իրենց երեխաներին, նրանք լավագույն հնարավորությունն ունեն հոգալու և դաստիարակելու այդ երեխաներին ֆիզիկապես, հոգևոր և էմոցիոնալ առումով։ Ծնողներն ու երեխաները օրհնվում են, երբ ծնողներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը տանը (տես Վարդապետություն և Ուխտեր 68.25-28)։ Երբեմն ծնողները չեն կարողանում միասին մեծացնել իրենց երեխաներին, նման դեպքերում Տերը կօրհնի նրանց, մինչ նրանք անեն այն ամենն, ինչ կարող են, որպեսզի պահեն իրենց ուխտերը և հետևեն Նրա կամքին:

Մտորելու հարցեր

  • Կարդացեք հետևյալ պատմություններն այն ծնողների մասին, ովքեր ուսուցանել են իրենց երեխաներին. Մոսիա 1.2-8, Հելաման 5.4-12. (Կարող եք նաև կարդալ Բ Օրենք 6.4-7, 11.19-21, Եսայի 54․13, 2 Նեփի 25.26 ծնողական դաստիարակության մասին լրացուցիչ մտքերի համար)։ Ի՞նչ ավետարանի սկզբունքներ են ուսուցանել այս ծնողները: Ինչո՞ւ են այդ սկզբունքները կարևոր, որ երեխաները սովորեն այսօր։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին կամ հարազատներին սովորել և ապրել այդ ճշմարտություններով։ Կարող եք նաև մտածել ձեզ ծանոթ օրինակելի ծնողների մասին։ Ի՞նչ եք սովորում նրանցից այն մասին, թե ինչպես են արդար ծնողները սովորեցնում Աստծո զավակներին։

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է հետևյալ խորհուրդը. «Մի փորձեք ղեկավարել ձեր երեխաներին: Փոխարենը, լսեք նրանց, օգնեք նրանց սովորել ավետարանը, ոգեշնչեք նրանց և առաջնորդեք դեպի հավերժական կյանք: Դուք Աստծո գործակալներն եք երեխաների մասին հոգ տանելու գործում, որոնց Նա վստահել է ձեզ: Թող Նրա աստվածային ազդեցությունը մնա ձեր սրտերում, երբ դուք ուսուցանում և համոզում եք»: Ինչպե՞ս կարող եք պատվել Աստծո վստահությունը ձեր հանդեպ՝ ջանասիրաբար ուսուցանելով ձեր երեխաներին ավետարանը։ Ինչպե՞ս կարող եք հարգել ձեր երեխաների կամքի ազատությունը, մինչ առաջնորդում եք նրանց դեպի հավերժական կյանք: Մտածեք, թե ինչպես կարող եք թույլ տալ, որ Նրա ազդեցությունն ամեն օր առաջնորդի ձեզ ձեր ջանքերում։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Միասին կարդացեք Մովսես 3.21-24 հատվածները: Այնուհետև կարդացեք երեց Նիլ Լ. Անդերսենի այս միտքը. «Ի սկզբանե, Աստված հիմնեց ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ Ադամի և Եվայի միջև: Նա նախատեսեց, որ ամուսնության նպատակները պետք է վեր լինեն անձնական բավարարվածությունից և չափահասների կայացումից, իսկ որ առավել կարևոր է, պետք է զարգանան, ստեղծելով կատարյալ միջավայր` երեխաներ ունենալու, մեծացնելու և դաստիարակելու համար: Ընտանիքները երկնքի գանձն են»: Կարող եք օգտագործել գանձերի արկղ կամ արկղի մի նկար, երբ խոսեք սուրբ գրությունների հատվածի և երեց Անդերսենի հայտարարության մասին: Այնուհետև դուք կարող եք գրել մի բան, որը կօգնի ստեղծել կատարյալ միջավայր, որպեսզի երեխաները սովորեն և աճեն ավետարանում:

  • Նայեք կից նկարին և խոսեք այն մասին, թե ինչու է տան հիմքն այդքան կարևոր: Երեց Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․ «Ավետարանի գլխավոր ուսուցիչները մեր երեխաների համար պետք է լինենք մենք՝ ծնողներս. ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ Կիրակնօրյա դպրոցը, ո՛չ Երիտասարդ կանանց, ո՛չ էլ Երիտասարդ տղամարդկանց կազմակերպությունը, այլ` ծնողները: Որպես ավետարանի գլխավոր ուսուցիչներ՝ մենք կարող ենք նրանց ուսուցանել Քավության զորությունն ու իրականությունը, իրենց ինքնությունն ու աստվածային ճակատագիրը, և այդպես, տալ նրանց այն վեմը, որի վրա նրանք կարող են կառուցել: Ինչ էլ որ ասվի ու արվի, Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցման համար կատարյալ հարթակը տունն է»: Կարող եք խոսել ավետարանի ուսուցման կազմակերպված հնարավորությունների կարևորության մասին, բայց նաև քննարկել, թե ինչպես է մեր երեխաներին ուսուցանելը հաճախ տեղի ունենում բնականորեն, մինչ մենք զբաղված ենք մեր ամենօրյա գործերով: Կիսվեք ձեր ունեցած ոչ պլանավորված ուսուցման փորձառություններով և այն ամենով, ինչ սովորել եք այս փորձառություններից: Ինչպե՞ս կարող են այս կանոնավոր, բնական զրույցները նպաստեն հավաստիանալուն, որ երեխաներն ու երիտասարդներն ունեն ավետարանի ամուր հիմք իրենց վկայությունները կառուցելու համար։ Գրի առեք ձեր գաղափարները և գործեք ստացած տպավորությունների համաձայն:

Իմացեք ավելին

Բաժին 3

Աստված ապահովել է միջոց՝ միավորելու ընտանիքները հավերժության համար

Տաճարից դուրս եկող ընտանիք

Հիսուս Քրիստոսի ավետարանի մեծագույն օրհնություններից մեկն այն է, որ եթե մենք հավատարիմ մնանք մեր կապած ուխտերին, մեր ընտանեկան հարաբերությունները կարող են շարունակվել այս կյանքից հետո, նույնիսկ հավերժության համար: Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Վերականգնված ավետարանը հավաստիացնում է, որ Հարությունը կարող է ներառել մեր ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ, երեխաների և ծնողների կողքին լինելու հնարավորությունը: Սա զորեղ քաջալերանք է մեզ համար, որպեսզի կատարենք մահկանացու կյանքի մեր ընտանեկան պարտականությունները։ Այն մեզ օգնում է սիրով ապրել այս կյանքում և ուրախ միավորման ու շփումների ակնկալիք ունենալ հաջորդ կյանքի համար»:

Եթե պահենք Տիրոջ պատվիրանները և մեր ընտանիքները կնքվեն Նրա սուրբ տաճարում, Նա խոստանում է, որ մենք կարող ենք հավերժական կյանք ունենալ մեր ընտանիքների հետ: Մենք կարող ենք ստանալ այս վերջնական օրհնությունը, անգամ եթե ներկայումս ամուսնացած չենք կամ երեխաներ չունենք, կամ մեր ընտանիքի անդամները հնարավորություն չունեին ընդունելու ավետարանը իրենց կյանքի ընթացքում։ Աստծո օրհնություններից ոչ մեկը հետ չի պահվի նրանցից, ովքեր արժանի են դրանց։

Մտորելու հարցեր

  • Նախագահ Նելսոնը խոստացել է․ «Աստծո երջանկության մեծ ծրագրի ներքո՝ ընտանիքները կարող են կնքվել տաճարներում և պատրաստվել վերադառնալու և հավետ բնակվելու Նրա սուրբ ներկայությամբ: Դա է հավերժական կյանքը: Այն իրագործում է մարդկային հոգու ամենանվիրական ցանկությունը՝ ընտանիքի սիրելի անդամների հետ անվերջ ընկերակցություն վայելելու բնական փափագը»: Մտածեք այն ուրախության մասին, որը կարող եք ունենալ ձեր ընտանիքի հետ «անվերջ ընկերակցություն» ունենալով։ Որտե՞ղ եք գտնվում այս նպատակին հասնելու ճանապարհին։ Ո՞րն է ձեր ընտանիքի հաջորդ քայլն այդ ճանապարհին: Եթե դուք ունեք դժվար ընտանեկան իրավիճակ, երբ «անվերջ ընկերակցությունն» ինչ-որ մեկի հետ կարող է ոչ իդեալական թվալ այս պահին, ինչպե՞ս կարող եք հրավիրել Փրկչի զորությունը՝ բուժելու ձեր ընտանեկան հարաբերությունները:

Միասին սովորելու միջոցառում

  • Կարող եք միասին դիտել «Families Can Be Together Forever» (3․10) տեսանյութը: Խոսեք նախագահ Հենրի Բ․ Այրինգի խորհրդի մասին՝ ընտանիքի ներսում սեր ցուցաբերելու վերաբերյալ: Ի՞նչ են հիշեցնում տեսանյութում նախագահ Այրինգի վերջին խոսքերը: Այնուհետև կարդացեք նախագահ Նելսոնի հետևյալ ուսմունքը. «Այս կյանքն է փրկության և վեհացման համար պատրաստվելու ժամանակը: Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական գործ է, իսկ վեհացումը` ընտանեկան գործ»։ Կարող եք զվարճանալ՝ միասին ինչ-որ բան պատրաստելով, օրինակ՝ սիրելի հյուրասիրություն կամ սիրելի կերակուր։ Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ինչու է հոգևոր պատրաստությունը կարևոր վեհացում ստանալու և ընտանիքով հավիտյան միասին լինելու համար։

Իմացեք ավելին