«Զոհաբերություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Զոհաբերություն
Ինչպես ենք ցույց տալիս, թե ինչն է մեզ համար ամենից կարևոր
Հիշեք մի դեպք, երբ հանուն ուրիշի ինչ-որ բանից հրաժարվել եք։ Գուցե դա հեշտ չէր անել, բայց այդ զոհաբերությունը կատարելով՝ դուք ցույց տվեցիք, որ պատրաստ եք այդ անհատի կարիքները վեր դասել ձեր կարիքներից։
Նմանապես, երբ մենք զոհաբերում ենք ինչ-որ բան Աստծո համար, մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Նրան և պատրաստ ենք Նրան առաջին տեղում դնել մեր կյանքում։ Մեր զոհաբերությունն ամենաշատն արտահայտվում է այն ժամանակ, երբ կատարում ենք Աստծո կամքը և ոչ թե մերը։ Մեր զոհաբերությունները կարող են արտացոլել մեր սերն ու երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ով, ցուցաբերելով սիրո ամենամեծ արարքը, զոհաբերեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ:
Ի՞նչ է զոհաբերությունը
Զոհաբերությունը մեկ բանից հրաժարվելու գործողությունն է՝ հանուն մեկ այլ բանի: Աստծո ժողովուրդը հնուց ի վեր զոհաբերություններ է արել Նրան։ Այսօր մենք զոհաբերում ենք՝ տալով մեր կամքն Աստծուն և ապաշխարելով մեր մեղքերից՝ կոտրված սրտով և փշրված հոգով: Մենք նաև զոհաբերում ենք մեր ժամանակն ու տաղանդները, որպեսզի աջակցենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին (տես Մատթեոս 6.33): Զոհաբերության միջոցով մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք Աստծուն առաջին տեղում դնել մեր կյանքում (տես Մատթեոս 19.29):
Թեմայի ակնարկ․ Զոհաբերություն
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հնազանդություն, Տասանորդ, Նվիրաբերում, Ծառայել եկեղեցու կոչումներում
Բաժին 1
Աստված զոհաբերության օրենքը տվեց որպես Քրիստոսի զոհաբերության հիշեցում
Աստծո զավակները հնում ապրել են զոհաբերության օրենքով՝ մատուցելով կենդանիների զոհաբերություններ, որպես հիշեցում, որ Աստծո Գառը կփրկագնի նրանց անկումից (տես Կողոսացիներին 1.13-18, Մովսես 5.6-7): Այն բանից հետո, երբ Հիսուս Քրիստոսը պատրաստակամորեն զոհաբերեց Իր կյանքը խաչի վրա, կենդանական զոհաբերություններն այլևս անհրաժեշտ չէին (տես Ղուկաս 23.46, 3 Նեփի 9.19, 4 Նեփի 1.12): Փրկչի զոհաբերությունը սիրո միակ մեծագույն արարքն էր և բերեց մարդկությանը փրկագնում ու փրկություն (տես Եսայի 53.7, 2 Նեփի 2.7):
Փրկչի զոհաբերության մասին ավելին իմանալու համար տես «Հիսուս Քրիստոսի Քավությունը» ուսումնասիրության ուղեցույցը:
Մտորելու հարցեր
-
Աբրահամի հավատքը փորձվեց, երբ Աստված պատվիրեց նրան զոհաբերել իր որդուն՝ Իսահակին։ Կարող եք կարդալ Ծնունդ 22, Եբրայեցիներին 11.17-19 և Հակոբ 4.5 հատվածներն այն զոհաբերության մասին, որ Աստված խնդրել էր Աբրահամից: Մինչ անեք դա, խորհեք այն զոհաբերության մասին, որ Աստված արել է՝ զոհաբերելով Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և այն զոհաբերության մասին, որ Փրկիչն արել է Իր կյանքից հրաժարվելով։ Ի՞նչ է Հոգին ուսուցանում ձեզ Հոր և Փրկչի զոհաբերությունների մասին, երբ կարդում եք այս հատվածները։
Սովորեք միասին
-
Երբ Հիսուս Քրիստոսն իրականացրեց Իր քավությունը, «Զոհաբերության արարողությունը փոխարինվեց հաղորդության արարողությամբ»: Կարող եք երգել հաղորդության օրհներգեր, օրինակ՝ Upon the Cross of Calvary կամ «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը»։ Կարող եք նաև կարդալ յուրաքանչյուր օրհներգի հետ կապված սուրբ գրությունները և քննարկել, թե ինչպես կարող եք պատրաստվել հաղորդությանն ամեն շաբաթ։ Հաղորդության մասին մտածելը՝ որպես Տիրոջն ինչ-որ բան զոհաբերելու հնարավորություն, ինչպե՞ս կարող է ավելի իմաստալից դարձնել ձեր երկրպագությունը։
Իմացեք ավելին
-
Ղևտական 1.2-3, 10, Ալմա 34.8-14, Հավատո Հանգանակը 1.3
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019, 44–46
-
Թրեյսի Յ․ Բրաունինգ, «Հիսուս Քրիստոսի օրհնություններն ավելի շատ նկատենք մեր կյանքում», Լիահոնա, նոյ․ 2022, 13-15
Բաժին 2
Աստված խնդրում է կոտրված սրտի և փշրված հոգու զոհաբերություն
Այսօր մենք շարունակում ենք ապրել զոհաբերության օրենքով՝ Աստծուն մատուցելով կոտրված սիրտ և փշրված հոգի (տես 3 Նեփի 9.19-20, Վարդապետություն և Ուխտեր 59.8): Ինչպե՞ս կարող ենք իրականացնել այսպիսի զոհաբերություն։ Հավատալով Քրիստոսին, խոնարհեցնելով ինքներս մեզ, իսկապես ապաշխարելով մեր մեղքերից և գալով դեպի Նա (տես 3 Նեփի 12.19, Մորոնի 6.1-3, Վարդապետություն և Ուխտեր 20.37): Այսպիսի զոհաբերություններ անելը ցույց է տալիս, որ մենք սիրում ենք Աստծուն և պատրաստ ենք անել այն, ինչ Նա խնդրում է։ Երբ մենք մեր ամբողջ հոգիները տանք Աստծուն և համբերենք մինչև վերջ, մենք կարող ենք փրկվել և ստանալ հավերժական կյանք (տես Օմնի 1.26):
Մտորելու հարցեր
-
Բնական է մտածել, թե արդյոք Տերը նկատում և ընդունում է այն զոհաբերությունները, որ դուք անում եք՝ Իրեն հետևելու համար: Խորհեք Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերի շուրջ Վարդապետության և Ուխտեր 132.49–50 հատվածներում: Ի՞նչ օրհնություններ խոստացվեցին Ջոզեֆին իր զոհաբերությունների շնորհիվ։ Ինչպե՞ս եք օրհնվել Աստծո համար կատարած ձեր զոհաբերությունների շնորհիվ: Կարող եք գրի առնել ձեր ստացած օրհնությունների ցուցակը և խորհել դրանց շուրջ շաբաթվա ընթացքում:
-
Աստծո հանդեպ մեր սերը ցույց տալու միջոցներից մեկն այն է, որ զոհաբերություններ անենք Նրա մոտ գալու համար։ Իր՝ «Մեր ողջ հոգիները» ելույթում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրեց, որ մեր զոհաբերությունները կարող են նույնքան պարզ լինել, որքան մեր անձնական ցանկություններից և հարմարավետություններից հրաժարվելը, որպեսզի լիարժեքորեն հետևենք Փրկչին։ Կարող եք կարդալ երեց Ուխդորֆի ելույթը և խորհել, թե ինչպես կարող եք ձեր ողջ հոգիները տալ Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կարող եք զոհաբերել Փրկչին ավելի լավ հետևելու համար այժմ, քան նախկինում։
Սովորեք միասին
-
Երեց Նիլ Լ. Անդերսենը A Broken Heart, Contrite Spirit, and Godly Sorrow տեսանյութում (3․58) բացատրել է, որ Տիրոջը կոտրված սիրտ և փշրված հոգի տալը նշանակում է «դառնալ ինչպես մի երեխա»: Կարող եք դիտել այս տեսանյութը և քննարկել այն հատկությունները, որ երեխաներն ունեն, որոնց պետք է ձգտենք՝ զոհաբերելով մեր կամքն Աստծուն։ Կարող եք նաև կիսվել փորձառություններով, որոնք ունեցել եք երեխաների հետ, որոնք օրինակ են այն բանի, թե ինչ կարող ենք սովորել նրանց հատկանիշներից:
Իմացեք ավելին
-
Սաղմոսներ 51.16-17, Հովհաննես 6.38, 2 Նեփի 2.6-7, 4․32
-
Նեյլ Ֆ. Մերիոթ, «Ենթարկենք մեր սրտերը Աստծուն», Լիահոնա, նոյ. 2015, 30–32
Բաժին 3
Ամենօրյա զոհաբերությունների միջոցով մենք կարող ենք դառնալ սուրբ, ինչպես Հիսուս Քրիստոսը
Աստծո համար զոհաբերելը կարող է օգնել մեզ ստանալ Նրա զորությունը, որի միջոցով մենք կարող ենք սուրբ դառնալ։ Զոհաբերելով Տիրոջ համար՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա և ուրիշների հանդեպ։ Գուցե մտածենք, որ զոհաբերությունը բարդ է կամ դժվար է անել, բայց, հիմնականում, դա վերաբերում է «որպես Քրիստոսի իրական հետևորդ ամենօրյա մեր ապրելակերպին»։ Երբ ամեն օր զոհաբերում ենք մեր ուխտերը պահելու և Հիսուս Քրիստոսին հետևելու համար, մենք օգնում ենք առաջ տանել Աստծո աշխատանքը։
Մտորելու հարցեր
-
Ամեն օր զոհաբերելու միջոցներից մեկն այն է, որ մեր ժամանակը տրամադրենք Տիրոջը: Դա կարող է ներառել նմանատիպ բաներ՝ մեր կոչումները կատարելը կամ միմյանց ծառայելը։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Ծառայության և զոհաբերության մեր կյանքը Տիրոջը և մեր մերձավորին ծառայելու մեր պարտավորվածության ամենաճիշտ արտահայտությունն են»: Ինչպե՞ս եք կանոնավորապես զոհաբերում ձեր ժամանակը Տիրոջը: Խորհեք, թե ինչպես է դա օգնել ձեզ մոտենալ Քրիստոսին և դառնալ ավելի սուրբ։
-
Երբեմն Քրիստոսի աշակերտների ամենօրյա զոհաբերությունները կարող են մեզ փոքր ու աննշան թվալ։ Բայց այս զոհաբերությունները կարևոր են Տիրոջ համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.33, որպեսզի սովորեք, թե ինչպես է Նա վերաբերվում մեր ջանքերին, անկախ նրանից, թե որքան փոքր կլինեն դրանք: Ինչպե՞ս է այս հատվածը ձեզ քաջություն տալիս, որպեսզի շարունակեք փոքր, ամենօրյա զոհաբերություններ կատարել Տիրոջ համար:
Սովորեք միասին
-
A Sacrifice of Time (2․53) տեսանյութում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մեր նախնիները չեն կարող կատարյալ դառնալ առանց մեզ, և մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց»: Կանոնավոր կերպով կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, մենք դառնում ենք ավելի սուրբ, ինչպես Հիսուս Քրիստոսը։ Միասին դիտեք A Sacrifice of Time տեսանյութը, ապա կիսվեք, թե որքան հաճախ է ձեզ օրհնել տաճարային և ընտանեկան պատմության գործը կատարելու համար ձեր ժամանակի զոհաբերությունը: Ի՞նչ եք սովորում ուրիշների փորձառություններից, որոնք ոգեշնչում են ձեզ շարունակել կամ սկսել զոհաբերել ձեր ժամանակն այսպես:
-
Կան բազմաթիվ ուղիներ, որոնցով դուք կարող եք զոհաբերել ինչ-որ բան Տիրոջ և ուրիշների համար՝ առանց նույնիսկ գիտակցելու դա։ Երբ դուք պահում եք ձեր ուխտերը, ծառայում եք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, վճարում եք ձեր տասանորդը կամ կիսվում ձեր տաղանդներով, դուք զոհաբերում եք Աստծո և Նրա զավակների համար: Ամեն օր Քրիստոսի աշակերտը լինելու հատուկ քայլերի ցուցակ կազմեք։ Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ինչպես է այս բաների մասին մտածելը որպես զոհաբերություններ ազդում ձեր աշակերտության վրա և օգնում ձեզ ավելի մոտենալ Նրան։
Իմացեք ավելին
-
Ա Մնացորդաց 16․29, Ղուկաս 18․22, Հռոմեացիներին 12․1, Վարդապետություն և Ուխտեր 138.12-13
-
Jeffrey R. Holland, “Called to Serve,” Liahona, Nov. 2002, 36–38