«Իսրայելի հավաքումը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Իսրայելի հավաքումը
Երկրի վրայի մեծագույն նպատակն այսօր
Երբևէ փչե՞լ եք խատուտիկի վրա և հետևել, թե ինչպես են դրա սերմերը ցրվում։ Ի՞նչ է հարկավոր այդ բոլոր սերմերը հետ հավաքելու համար։ Դա անհնարին է թվում: Ամեն բան հնարավոր է Աստծո համար։
Հին Կտակարանը պատմում է մեկ այլ տեսակի ցրման մասին՝ երբ Աստծո ուխտի ժողովուրդը «մրրիկով [քշվեց] … բոլոր ազգերի մեջ» (Զաքարիա 7.14): Բայց Իր մարգարեների միջոցով Տերը խոստացավ, որ մի օր նրանք կրկին կհավաքվեն (տես Բ Օրենք 4.27-31)։
Մենք այն անվանում ենք «Իսրայելի հավաքում», և այն սկսվեց այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի եկեղեցին վերականգնվեց վերջին օրերում, և Նրա ավետարանը սկսեց տարածվել ողջ աշխարհում: Այս հավաքման ջանքերը շարունակում են մեծ թափ հավաքել, քանի որ ավետարանի վերականգնումն առաջ է ընթացել։
Ի՞նչ է Իսրայելի հավաքումը։
Իսրայելի հավաքման մասին խոսելիս Իսրայելը վերաբերում է Աբրահամի, Իսահակի և Հակոբի բառացի ժառանգներին։ Այն վերաբերում է նաև նրանց, ովքեր մկրտության ուխտի միջոցով որդեգրվել են իրենց ընտանիք։ Հնում Աստված Իսրայելի զավակներին ցրեց նրանց ամբարշտության ու ըմբոստության պատճառով։ Իսրայելը հավաքվում է, երբ Աստծո զավակներն ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, ստանում փրկության և վեհացման արարողությունները, ուխտեր կապում Աստծո հետ և ձգտում պահել այդ ուխտերը:
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հավիտենական ուխտ, Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը, Հայրապետական օրհնություններ, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Բաժին 1
Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներն Իսրայելի տան մասն են
Տերը հաստատեց Իր հավիտենական ուխտն Ադամի հետ: Նա նորոգեց այն Աբրահամի ու Սառայի հետ, նրանց որդու՝ Իսահակի և նրանց թոռ Հակոբի հետ, որի անունը փոխվեց Իսրայել։ Իսրայելի սերունդները հայտնի են որպես «Իսրայելի տուն»։ Սակայն մեր օրերում այս եզրույթը շատ ավելի լայն կիրառում ունի։
Ով հավատում է Հիսուս Քրիստոսին և մտնում Նրա ուխտի արահետ՝ միանալով Նրա վերականգնված եկեղեցուն, անկախ իր տոհմից, հավաքվում է Իսրայելի տան հետ և դառնում Տիրոջ ուխտյալ ժողովրդի մի մասը (տես Ելք 6.7, 1 Նեփի 14.14, 3 Նեփի 21.6, Աբրահամ 2.10): Քրիստոսի այս հետևորդներն ուխտի զավակներ են (տես 3 Նեփի 20.25-27)։ Իրենց ուխտերը պահելով՝ նրանք ստանում են նույն օրհնությունները, որոնք խոստացվել են Աբրահամին, Իսահակին և Հակոբին (տես Վարդապետություն և Ուխտեր 38.17-20, 132.30-31, Աբրահամ 2.9-11):
Մտորելու հարցեր
-
Որպեսզի ավելին իմանաք այն մասին, թե ինչպես են եկեղեցու անդամները հանդիսանում Իսրայելի տան մի մասը, կարող եք ուսումնասիրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Թող Աստված տնօրինի» ելույթը: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «Իսրայելի» մասը: Դուք կարող եք նաև կարդալ կամ լսել օրհներգերի բառերը, որոնք խոսում են Իսրայելի մասին, ինչպես օրինակ՝ «Redeemer of Israel», «Israel, Israel, God Is Calling» և «Hope of Israel», փոխարինելով «Իսրայել» բառը «ուխտ պահողներ» խոսքերով՝ տեսնելու, թե ինչ հասկացողություն եք ձեռք բերում։
-
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է Աստծո ուխտի ժողովրդի մասը լինելու ընտրության կարևորության մասին՝ հետևելով Նրա օրենքներին. «Մենք ունենք երկուսն էլ` Աստծո կանչը և մեր անձնական պատասխանը այդ կանչին, և շատերը կարող են կանչվել, բայց քչերն ընտրվել: Ընտրված լինելը կամ ընտրյալ դառնալը մեզ շնորհված մի բացառիկ կարգավիճակ չէ։ Կարճ ասած՝ ես և դուք, ի վերջո, կարող ենք ընտրել ընտրված լինելը՝ մեր ազատ կամքի արդար գործադրման միջոցով»։ Ի՞նչ օրհնություններ կարող ենք ձեռք բերել, երբ «ընտրում ենք ընտրված լինել» որպես Իսրայելի տան մաս։ Ուրիշ ի՞նչ կարող եք անել՝ ընտրված լինելու համար։
Միասին սովորելու միջոցառումներ
-
Դուք կարող եք միասին կարդալ նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթից մի մաս, որտեղ նա քննարկում է պիտակները: Այնուհետև նայեք սննդի կամ այլ տարաների վրա գտնվող պիտակներին և խոսեք այն մասին, թե ինչպես են այդ իրերի վրա դրված պիտակներն ազդում այն բանի վրա, թե ինչ ենք մենք մտածում դրանց մասին: Ըստ նախագահ Նելոսնի՝ ի՞նչ երեք պիտակների պետք է առաջնահերթություն տանք մյուս բոլոր պիտակներից առավել: Ինչպե՞ս կարող է «ուխտի զավակ» պիտակն օգնել մեզ հասկանալ այն օրհնությունները, որոնք կարող են առաջանալ Իսրայելի տան անդամ լինելուց։ Կարդացեք 3 Նեփի 20.25-27 հատվածները և քննարկեք, թե ինչ են մեզ ուսուցանում դրանք այն մասին, թե ինչ է Տերը ակնկալում մեզանից՝ որպես Իր ուխտի զավակներ:
-
Թեև դարեր շարունակ Աստծու հավիտենական ուխտը կապվել է որոշակի մարդկանց հետ, սակայն յուրաքանչյուր ոք կարող է այդ ուխտի մասը լինել։ Երեց Քվենթին Լ. Քուքն ուղուցանել է․ «Նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ անկախ ծագումից, դառնում են հավաքված Իսրայելի մի մասը»: Կարող եք վերանայել երեց Քուքի «Ապահով հավաքվել Տան հարկի տակ» ուղերձը, որպեսզի ավելին իմանաք հավաքված Իսրայելի մաս լինելու կարևորության մասին: Քննարկեք ձեր սովորածը:
Իմացեք ավելին
-
Ծնունդ 48-49, Գաղատացիներին 3.14, 27-29, Հակոբ 5, 3 Նեփի 20-23
-
Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ․ 2022, 4-11
Բաժին 2
Իսրայելի հավաքումն ամենակարևոր աշխատանքն է երկրի վրա այսօր
Հնագույն իսրայելացիները ցրվեցին, որովհետև մերժեցին Եհովային և հավատարիմ չեղան Նրա հետ իրենց ուխտերին (տես Ղևտական 26.33, Բ Օրենք 4.23-27): Այս ցրումը տեղի ունեցավ ժամանակի ընթացքում, երբ իսրայելացիները նվաճվեցին այլ ազգերի կողմից և գերության տարվեցին (տես Դ Թագավորների 17.6-23, 25.1-12, 1 Նեփի 22.3-5): Ինչն ավելի ողբերգական է, նրանցից շատերը կորցրին իրենց ինքնությունը՝ որպես Աստծո ուխտի ժողովուրդ (տես 2 Նեփի 6.8-11)։
Բայց Տերը չմոռացավ նրանց։ Նա խոստացավ, որ կհավաքի Իր ժողովրդին այն բանից հետո, երբ նրանք ցրվեին մի որոշ ժամանակով (տես 2 Նեփի 10.6-8, Վարդապետություն և Ուխտեր 33.6): Աստծո ժողովուրդը հավաքվում է, երբ նրանք գալիս են Հիսուս Քրիստոսի ավետարանի իմացությանը և գալիս են Նրա մոտ (տես 1 Նեփի 19.16)։
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել էր, որ Աստծո ժողովրդին հավաքելու հիմնական նպատակը եղել է օգնել նրանց ստանալ տաճարային արարողությունները և նախապատրաստել փրկության։ Ցրված Իսրայելի հավաքումը նույնքան կարևոր է այժմ, որքան Մարգարե Ջոզեֆի ժամանակ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անվանել է այն «Երկրի վրայի մեծագույն նպատակը և մեծագույն աշխատանքն այսօր»: Այսպես Աստծո զավակները կարող են ճանաչել և ի վերջո վերադառնալ Նրա մոտ։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Նելսոնը հաճախ է խոսել Իսրայելի հավաքման կարևորության մասին: Նա հայտարարել է․ «Տերը հավաքում է նրանց, ովքեր կնախընտրեն թույլ տալ, որ Աստված իրենց կյանքում ամենակարևոր ազդեցությունն ունենա։ Դարեր շարունակ մարգարեները կանխագուշակել են այս հավաքումը, և այժմ այն տեղի է ունենում: Որպես Տիրոջ Երկրորդ Գալուստի հիմնական նախադրյալ՝ դա աշխարհի ամենակարևոր աշխատանքն է: Մտածեք, թե ինչ կարող է նշանակել, որ սա «ամենակարևոր աշխատանքն» է երկրի վրա։ Ինչպե՞ս կարող են այս գիտելիքներն օգնել ձեզ որոշել, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը, տաղանդները, էներգիան և միջոցները:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Կարող եք ուսումնասիրել 3 Նեփի 10.5-6 և Վարդապետություն և Ուխտեր 29.1-8 հատվածները և քննարկել, թե ինչպես է Տերը հավաքում իր ժողովրդին վերջին օրերում։ Ինչպե՞ս է Իսրայելի հավաքումը նման հավի, որը հավաքում է իր ճտերին։ Սուրբ գրությունների այս հատվածների և այս հարցի շուրջ խորհելով՝ նայեք հավերի և ճտերի նկարին։ Կիսվեք միմյանց հետ նկարից ստացված կարևոր թվացող մանրամասներով: Ինչպե՞ս են այս մանրամասներն օգնում ձեզ հասկանալ, թե ինչ է Տերը ցանկանում ուսուցանել մեզ հավաքվելու մասին: Ինչպե՞ս ենք մենք պաշտպանվում ֆիզիկապես և հոգևորապես, երբ հավաքվում ենք մյուս սրբերի հետ:
-
Կարող եք դիտել «Jesus Christ Prophesies of the Gathering of Israel» տեսանյութը, որպեսզի ավելին իմանաք մեր օրերում տեղի ունեցած հավաքման մասին։ Ի՞նչ է Փրկիչն ուսուցանում այս պատմության մեջ այն մասին, թե ինչպես է կատարվելու Իսրայելի հավաքումը։ Խոսեք այն մասին, թե ինչ եք սովորում, և ինչպես է այն առնչվում մեզ այսօր:
Իմացեք ավելին
-
Եփեսացիներին 1․10, 1 Նեփի 22.7-12, Վարդապետություն և Ուխտեր 27.13, 133.26-32, Հավատո Հանգանակը 1.10
-
Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյ. 2006, 79-81
-
«Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022, 125-27
Բաժին 3
Վերջին Օրերի Սրբերը պատասխանատվություն ունեն օգնելու Տիրոջը հավաքել Իսրայելը
Իսրայելի հավաքումը և՛ հոգևոր է, և՛ ֆիզիկական (տես 1 Նեփի 22.3, Ավետարանի սկզբունքները [2011],248): Հիսուս Քրիստոսի եկեղեցու վերականգնումից կարճ ժամանակ անց Տերը պատվիրեց Սրբերին ֆիզիկապես հավաքվել Կիրթլենդում (Օհայո), Ինդիփենդենսում (Միսսուրի), Նավուում (Իլինոյս) և, ի վերջո, Սոլթ Լեյքի հովտում: Այսօր, մեկ վայրում հավաքվելու փոխարեն, եկեղեցու անդամները կառուցում են Տիրոջ եկեղեցին այն տարածքներում, որտեղ նրանք ապրում են, երբ հավաքվում են Փրկչի մոտ՝ Նրա վարդապետության ու Նրա ուխտերի մոտ (տես 2 Նեփի 10.2)։
Եկեղեցու անդամները պարտավոր են աջակցել հավաքմանը (տես Վարդապետություն և Ուխտեր 29.2, 7, 88․81, Աբրահամ 2.10-11): Ավետարանով կիսվելն այդ ջանքերի կարևոր մասն է կազմում։ Նույնը կարելի է ասել տաճարի և ընտանեկան պատմության մասին, քանի որ մենք ձգտում ենք օգնել հավաքել Իսրայելը` թե՛ ապրող մարդկանց, թե՛ մահացածների մեջ։
Մտորելու հարցեր
-
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը շեշտել է միսիոներական աշխատանքի կարևորությունը՝ Իսրայելի հավաքմանն օգնելու գործում: Նա ասել է․ «Այս վերջին օրերին մենք հավաքում ենք Աստծո զավակներին, որպեսզի նրանք կարողանան «մեծ օրհնություններ [ունենալ՝ թափված իրենց] գլխին» [3 Նեփի 10․18], և «հավերժության հարստությունների խոստումը» [Վարդապետություն և Ուխտեր 78․18]։ Իսրայելը հավաքելու համար մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք, քան ծառայում են այսօր։ … Ես՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, խնդրում եմ ձեզ ծառայել որպես Իսրայելի հավաքման միսիոներ և, գուցե, կրկին ծառայել»։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել Տիրոջը հավաքել Իր ժողովրդին՝ որպես միսիոներ պաշտոնական կոչումով կամ առանց դրա։ Գրի առեք ձեր ստացած տպավորությունները և գործեք ըստ դրանց:
Սովորեք միասին
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10-16 հատվածները և կիսվեք միմյանց հետ ձեր տպավորություններով այն մասին, թե ինչ է զգում Աստված Իր զավակների հանդեպ: Ինչո՞ւ է Իր զավակներին հավաքելու գործն այդքան կարևոր Նրա համար: Ի՞նչ ենք մենք գտնում այդ հատվածներում, որ ոգեշնչում է մեզ օգնել հավաքել Իսրայելը:
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել հավաքել Իսրայելը։ Դիտարկեք նախագահ Նելսոնի այս զորեղ բացատրությունը․ «Ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ Դա այդքան պարզ է»: Զվարճալի կլինի կազմել այն միջոցառումների ցուցակը, որոնք Իսրայելը հավաքելու մաս են կազմում։ Տեսեք, թե ով կարող է կազմել ամենաերկա՛ր ցուցակը։ Կարող եք նաև կիսվել միմյանց հետ որոշ բաներով, որոնք արել եք այս շաբաթ, կամ որ ծրագրում եք անել գալիք շաբաթվա ընթացքում, որպեսզի օգնեք Իսրայելի հավաքման մեծ գործին: (Օրինակները կարող են ներառել՝ Երեխաների միության կամ Կիրակնօրյա դպրոցի դասի ուսուցումը, ընտանեկան պատմության վրա աշխատելը, տաճար հաճախելը, սոցիալական ցանցերում սուրբ գրությամբ կիսվելը կամ կարիքավորին օգնելը)։ Ի՞նչ օրհնություններ եք տեսել, երբ օգնել եք Աստծուն՝ Իր ժողովրդին Իր մոտ հավաքելու գործում։
Իմացեք ավելին
-
Եսայի 11.11-12, Երեմիա 16.14-16
-
Եկեղեցու պատմության թեմաներ, «Իսրայելի հավաքումը», Ավետարանի գրադարան
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Լիահոնա, նոյ․ 2018, 68-70