«Հոգու պարգևները», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հոգու պարգևները
Սուրբ Հոգու միջոցով ստացված հոգևոր օրհնություններ
Պատկերացրեք, որ հենց նոր մի մտածված նվեր եք ստացել։ Այդ մարդը մեծ հոգատարությամբ է ընտրել այն՝ ձեզ տալով մի բան, որը կօրհնի ոչ միայն ձեր, այլև ձեզ շրջապատող մարդկանց կյանքը: Երբ բացում եք նվերը և տեսնում, թե ինչ կա ներսում, հասկանում եք, որ այն ավելի թանկ է, քան երբևէ կարող էիք պատկերացնել:
Նմանապես, Երկնային Հայրը պատրաստ և հոժար է թանկարժեք պարգևներ տալ մեզ օրհնելու համար։ Այս պարգևները կոչվում են հոգևոր պարգևներ: Կան բազում հոգևոր պարգևներ, և յուրաքանչյուրը կարող է զորացնել և օգնել մեզ: Բայց մենք պետք է փնտրենք դրանք, ընդունենք և օգտագործենք Երկնային Հոր աշխատանքը կատարելու համար:
Ի՞նչ են Հոգու պարգևները։
Հոգու պարգևները հոգևոր օրհնություններ կամ ունակություններ են, որոնք տրվում են Սուրբ Հոգու միջոցով եկեղեցու հավատարիմ անդամներին: Դրանք տրվում են «եկեղեցու ամրացման» համար (Ա Կորնթացիներին 14.12) և «Աստծո զավակների օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 46.26): Սուրբ գրությունները խոսում են բազում հոգևոր պարգևների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ (տես Ա Կորնթացիներին 12.1-11, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 46.11-25)։ Երկնային Հայրը կտա մեզ այս պարգևները, երբ մենք ջանասիրաբար փնտրենք դրանք (տես Վարդապետություն և Ուխտեր 46.8-9)։
Թեմայի ակնարկ. Հոգևոր պարգևներ
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Սուրբ Հոգու պարգև, Հավատք առ Հիսուս Քրիստոս, Հույս, Գթություն
Բաժին 1
Երկնային Հայրը հոգևոր պարգևներ է տալիս հավատարիմներին
Աստված տալիս է մեզ հոգևոր պարգևներ, կամ՝ հոգևոր օրհնություններ, երբ մենք սիրում ենք Նրան և ձգտում ենք պահել Նրա պատվիրանները (տես Վարդապետություն և Ուխտեր 46.9)։ Այս պարգևների միջոցով մենք կարող ենք օրհնություններ ստանալ անձամբ մեր կյանքում և օրհնել ուրիշների կյանքը: Հոգևոր պարգևները լրացուցիչ զորություն են բերում այս աշխարհ, որտեղ չարությունը անընդհատ աճում է, և այս օրհնությունների միջոցով մենք կարող ենք գտնել հոգևոր ապահովություն և խաղաղություն:
Մտորելու հարցեր
-
Պողոս առաքյալն ուսուցանել է, որ ինչպես մարմնի յուրաքանչյուր հատված ծառայում է կարևոր նպատակի, այնպես էլ յուրաքանչյուր հոգևոր պարգև անհրաժեշտ է «Քրիստոսի մարմնին», կամ՝ Եկեղեցու մարմնին (Ա Կորնթացիներին 12.27)։ Կարող եք կարդալ Ա Կորնթացիներին 12.12-30 հատվածները, ապա խորհել, թե ինչպես կարող են մեր հոգևոր պարգևները միասին աշխատել բոլորի օրհնության համար: Արդյոք տեսե՞լ եք ուրիշների հոգևոր պարգևները միասին աշխատելիս, ինչպես մարմնի մասերն են միասին աշխատում: Ինչպե՞ս եք դուք օրհնվել ուրիշների հոգևոր պարգևների շնորհիվ: Կարող եք նաև խորհել ձեր հոգևոր պարգևների մասին և թե ինչպես կարող են դրանք նպաստել Աստծո արքայության կառուցմանը։ Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի հուշման վրա:
-
Երբ ընդունում ենք հաղորդությունը, մեզ խոստացվում է, որ մենք միշտ կարող ենք ունենալ Սուրբ Հոգին մեզ հետ, և Սուրբ Հոգու զորության շնորհիվ է, որ մենք ստանում ենք հոգևոր պարգևներ: Կարող եք կարդալ հաղորդության աղոթքները (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79) և խորհել, թե ուխտեր կապելու և պահելու շնորհիվ ինչպես կարող եք պատրաստ լինել ստանալու հոգևոր պարգևներ։
Միասին սովորելու միջոցառում
-
Ձեր վկայությունը երբևէ զորացվե՞լ է մեկ ուրիշի կողմից: Գուցե հիշեք որոշակի դեպք, երբ ինչ-որ մեկի հավատքը խորացրել է ձերը։ Կամ գուցե դուք զգում եք ընկերոջ կամ ընտանիքի անդամի վկայության օգուտներն ամեն օր: Վարդապետություն և Ուխտեր 46.13-14 հատվածներում մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի մասին ինչ-որ մեկի վկայությանը հավատալը հոգևոր պարգև է: Կարող եք դիտել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ տեսանյութը այն մասին, թե ինչպես նա ստացավ այդ պարգևը երիտասարդ տարիքում իր ընկերների օրինակների, սիրո և ծառայության միջոցով: Այնուհետև պատմեք նման դեպքեր, որոնք պատահել են ձեզ հետ այս հոգևոր պարգևի հետ կապված։ Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել շրջապատող մարդկանց հավատարիմ օրինակների շնորհիվ։
Իմացեք ավելին
-
Հռոմեացիներին 12․4-8, Մորոնի 10․24-25
-
Դալլին Հ․ Օուքս, «Spiritual Gifts», Ensign, Sept. 1986, 68-72
-
«Հոգու պարգևները» Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 115-23
Բաժին 2
Բացահայտեք, թե ինչ պարգևներ է Աստված տվել ձեզ
Աստված մեզանից յուրաքանչյուրին տվել է հոգևոր պարգևներ և խնդրում է, որ մենք «միշտ [հիշենք] և միշտ [մեր] մտքում [պահենք], թե ինչ են այն պարգևները» (Վարդապետություն և Ուխտեր 46.10): Ինչպե՞ս կարող ենք բացահայտել մեր հոգևոր պարգևները, որպեսզի հիշենք դրանք։ Կարող ենք սկսել՝ քննելով սուրբ գրությունները, որոնք պարունակում են հոգևոր պարգևների բազմաթիվ օրինակներ։ Դրանք ներառում են հավատքը, լեզուների պարգևը, հրաշքներ գործելը և Քրիստոսի վկայությունը (տես Ա Կորնթացիներին 12.8-10, Մորոնի 10.9-16, Վարդապետություն և Ուխտեր 46.13-25):
Մենք կարող ենք ճանաչել մեր հոգևոր պարգևներն, անդրադառնալով մեր հայրապետական օրհնությանը, հարցնելով նրանց, ովքեր լավ են ճանաչում մեզ, և անձամբ հայտնաբերելով, թե ինչն է մեզ մոտ լավ ստացվում, և ինչից ենք բավականություն ստանում: Իսկ ամենակարևորը՝ մենք կարող ենք հարցնել Աստծուն (տես Հակոբոս 1․5, Վարդապետություն և Ուխտեր 46․9, Վարդապետություն և Ուխտեր 112․10): Երբ բացահայտենք Երկնային Հոր տված պարգևները, մենք կարող ենք ավելի լավ ճանաչել Նրան և ինքներս մեզ:
Մտորելու հարցեր
-
Հոգևոր պարգևների բացահայտումը հավատք և համբերություն է պահանջում, սակայն Տերը կարող է առաջնորդել ձեզ այդ գործընթացում: Գուցե կարդաք Վարդապետություն և Ուխտեր 112.10 հատվածը և խորհեք, թե ինչպես կարող է Աստված օգնել ձեզ բացահայտել ձեր հոգևոր պարգևները: Այնուհետև խնդրեք Աստծուն ձեր աղոթքներում, որ օգնի ձեզ իմանալ ձեզ տրված հոգևոր պարգևների մասին։ Կարող եք նաև խնդրել ընտանիքի անդամներին, ընկերներին և առաջնորդներին, որ օգնեն ձեզ հասկանալ, թե ինչ հոգևոր պարգևներով եք օրհնվել։ Երբ բացահայտեք ձեր հոգևոր պարգևները, գրի առեք դրանք, որպեսզի կարողանաք հիշել և ավելին իմանալ դրանց մասին։
-
Երբ մենք բացահայտենք մեր հոգևոր պարգևները, Տերը մեր միջոցով կօրհնի մեզ շրջապատող մարդկանց: Իր «Ես աշխատանք ունեմ քեզ համար» ելույթում երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերը պատմել է մի կնոջ մասին, ում տրվել էր ուրիշներին նկատելու հոգևոր պարգևը: Նա ասել է․ «Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ՝ նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով՝ շատերին օրհնելու համար»: Երեց Փինգրիի ուղերձում վերանայեք «Բացահայտեք ու զարգացրեք հոգևոր պարգևներ» վերնագրով բաժինը: Ի՞նչ հոգևոր պարգևներ ունեք, որոնք կօգնեն ձեզ կատարել այն աշխատանքը, որն Աստված ունի ձեզ համար։ Կա՞ն հոգևոր պարգևներ, որոնք կարող են օգնել ձեզ սպասավորության մեջ։ Գրի առեք ձեր ստացած բոլոր տպավորությունները և գործեք դրանց համաձայն:
Միասին սովորելու միջոցառում
-
Որոշ հոգևոր պարգևներ գուցե այնքան էլ ակնհայտ չլինեն մեզ համար, որքան մյուսները։ Օրինակ ՝ որոշ անհատներ ունեն «չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը [և] հզոր վկայություն բերելու պարգևը»: Ի ՞նչ հոգևոր պարգևներ եք տեսնում ձեր խմբի մյուս անդամների մեջ։ Գրի առեք այն, ինչ գալիս է ձեր մտքին, ապա քննարկեք, թե ինչպես է այս պարգևներից յուրաքանչյուրն օրհնություն հանդիսանում բոլորի համար։ Կարող եք նաև նշել այն հոգևոր պարգևները, որոնք ձեր խմբի անդամները տեսնում են ձեր մեջ, և մտածել, թե ինչպես կարող եք դրանք զարգացնել։
Բաժին 3
Հոգևոր պարգևներ փնտրելը և օգտագործելն օգնում է մեզ ավելի նմանվել Քրիստոսին
Տերը հրավիրում է մեզ լրջորեն փնտրել լավագույն հոգևոր պարգևները, ինչպիսիք են հավատքը, հույսը և գթությունը (տես Մորոնի 10.30, Վարդապետություն և Ուխտեր 46.8, տես նաև Եթեր 12.28): Երբ ձգտում ենք կիրառել այս հոգևոր պարգևները, մենք ավելի ենք նմանվում Հիսուս Քրիստոսին։ Սա մեզ ավելի ընդունակ է դարձնում ծառայել այնպես, ինչպես Նա կծառայեր, որպեսզի «մեր ձեռքերը [կարողանան] դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը»:
Մտորելու հարցեր
-
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ուսուցանել է. «Ես խնդրում եմ` քննեք ձեր կյանքը: Տեսեք, թե որտեղ եք դուք և ինչ պետք է անեք, որպեսզի լինեք այնպիսին, ինչպիսին կուզենայիք լինել: Ոգեշնչող, ազնիվ ու արդար նպատակներ դրեք, որոնք բոցավառում են ձեր երևակայությունը և ձեր սրտում ոգևորության ալիք բարձրացնում: Իսկ հետո ձեր աչքը պահեք դրանց վրա: Մշտապես աշխատեք դրանց հասնելու ուղղությամբ»: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս խորհուրդը հոգևոր պարգևներ փնտրելու և զարգացնելու հարցում։ Ինչպե՞ս կարող են այս պարգևներն օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Գրի առեք մի հոգևոր պարգև, որը ցանկանում եք զարգացնել, ինչպես նաև գաղափար, թե ինչպես կարող եք սկսել աշխատել դրա վրա։ Մինչ ձգտում եք ձեռք բերել և գործադրել այդ պարգևը, հետևեք, թե ինչպես է այն օրհնում ձեզ ձեր առօրյա կյանքում և ինչպես է այն օրհնում ուրիշներին։ Դուք կարող եք նաև երախտագիտության աղոթք ասել, որպեսզի շնորհակալություն հայտնեք ձեզ տրված հոգևոր պարգևների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 46.32):
Միասին սովորելու միջոցառումներ
-
Հոգևոր պարգևների միջոցով Քրիստոսանման դառնալու համար անհրաժեշտ է գործել։ Երեց Խուան Պաբլո Վիլարն ասել է․ «Ավելի հավանական է, որ Նա մեզ հնարավորություններ կտա զարգացնելու այդ պարգևները, քան պարզապես կշնորհի դրանք՝ առանց մեր կողմից հոգևոր ու ֆիզիկական ջանքերի գործադրման: Եթե ներդաշնակ լինենք Նրա Հոգու հետ, մենք կսովորենք բացահայտել այդ հնարավորությունները, ապա՝ գործել համաձայն դրանց»: Դիտեք «Faith and the Goal» (4․40) տեսանյութը և խոսեք այն ջանքերի մասին, որոնք ներդրվում են ֆիզիկական տաղանդի զարգացման համար: Այնուհետև քննարկեք, թե ինչ աշխատանք է հարկավոր հոգևոր պարգևներ զարգացնելու համար։ Ի՞նչ հնարավորություններ կարող եք օգտագործել ձեր հոգևոր պարգևները կիրառելու համար։ Ինչպե՞ս կարող է հոգևոր պարգևների վրա աշխատելն օգնել, որ դրանք դառնան ձեր մի մասը։
-
Երբեմն լինում են պահեր, երբ մենք հիշում ենք, որ օգտագործենք մեր հոգևոր պարգևները, իսկ երբեմն՝ մոռանում ենք։ Դա սպասելի է. ոչ ոք կատարյալ չէ։ Ամենակարևորն այն է, որ մենք հրավիրում ենք Տիրոջն այս գործընթացի մեջ: Երգեք «More Holiness Give Me» օրհներգը: Ուշադրություն դարձրեք խոսքերին, թե ինչպես են դրանք օգնություն աղերսում՝ Փրկչին ավելի նմանվելու համար։ Ինչպե՞ս կարող եք փնտրել Աստծո առաջնորդությունը ձեր հոգևոր պարգևները օգտագործելու համար, որպեսզի ավելի նմանվեք Նրան։ Կարող եք նաև գրի առնել օրհներգում նշված հոգևոր պարգևները և դրանց մասին ավելին իմանալ Սուրբ գրքերի ուղեցույցում։ Քննարկեք, թե ինչ եք գտնում այս պարգևների և դրանք զարգացնելու գաղափարների մասին:
Իմացեք ավելին
-
Մատթեոս 25.14-30, Եբրայեցիներին 11.1-35, Վարդապետություն և Ուխտեր 93.12-13
-
Հենրի Բ․ Այրինգ, «Gifts of the Spirit for Hard Times», Ensign, June 2007, 18-24
-
Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգու հուշումները», Լիահոնա, նոյ. 2023, 42-45
-
Ջորջ Ք. Քենոն, «Փնտրեք հոգևոր պարգևներ», Լիահոնա, ապրիլ 2016, 80