«Հույս», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հույս
Վստահություն, որ հավերժական խոստումները կկատարվեն Հիսուս Քրիստոսի միջոցով
Կյանքը հաճախ բերում է անսպասելի, դժվարին հանգամանքներ, որոնց հետևանքով մենք կարող ենք հուսալքված, ճնշված և պարտված զգալ: Նման ժամանակներում Երկնային Հայրը մեզ խոցելի և միայնակ չի թողնում։ Նա առաջարկում է բազմաթիվ հոգևոր միջոցներ, այդ թվում հույսի պարգևը, որոնք օգնում են մեզ գտնել ուժ, քաջություն և ուրախ ապագայի ակնկալիք (տես Մորոնի 9.25)։
Նրանց, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի ավետարանով, հույսը բերում է հավաստիացում, որ Աստված տեղյակ է մեր մասին և կիրագործի Իր խոստացած օրհնությունները՝ համաձայն Իր կամքի և ժամանակի: Աստծո հույսի պարգևն օգնում է մեզ դիտել մահկանացու կյանքի փորձառությունները հավերժության հեռանկարից, հատկապես այն պահերին, երբ մեր հավատքը փորձվում է (տես Երեմիա 17.7)։ Հիսուս Քրիստոսը հույսի Աստված է, և Նա մեզ հնարավորություն է տալիս առատորեն հույս ստանալ (տես Հռոմեացիներին 15.13): Հույսը գալիս է մեր Փրկչի սիրո և Նրա զորության հանդեպ հավատքից՝ ազատելու և փրկելու նրանց, ովքեր գալիս են Իր մոտ։
Ի՞նչ է հույսը
Հույսն աստվածային պարգև է, որը գալիս է, երբ մարդը հավատք է գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Մորոնի 7.40-41): Այն բերում է վստահության զգացում, որ հավերժական խոստումները կիրականանան Նրա միջոցով: Նա է Աստծո բոլոր զավակների հույսի և զորության աղբյուրը (տես Հովել 3.16): Հույսը ներշնչում է վստահություն՝ առաջ շարժվելու մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ: Դա հարության, փրկության ու վեհացման խոստացված օրհնությունների ուրախ սպասումն է: Հույսն օգնում է մարդուն կենտրոնանալ ուրիշների կարիքների վրա և ծառայել նրանց գթությամբ:
Թեմայի ակնարկ․ Հույս
Ավետարանի ուսումնասիրությանն առնչվող ուղեցույցներ. Հավատք առ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոսի քավություն, Գթություն, Հոգու պարգևներ, Հարություն
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը հույս է տալիս, երբ ձգտում եք հետևել Նրան
Շատ դժվարություններ, որոնց մենք բախվում ենք այս կյանքում, Ադամի և Եվայի անկման հետևանքն են (տես Վարդապետություն և Ուխտեր 29.40): Հիվանդությունը, տառապանքը, մեղքը և մահը մահկանացու կյանքի մասն են կազմում։ Եթե Հիսուս Քրիստոսի միջոցով քավություն և հարություն չլիներ, մենք երբեք չէինք գտնի բժշկություն, ներողամտություն, ուրախություն կամ հավերժական կյանք (տես 2 Նեփի 9.7-9)։ Մենք հավիտյան թշվառ ու անհույս կլինեինք (տես Մոսիա 16.3-4):
Բայց Հիսուս Քրիստոսն իսկապես եկավ երկիր և տառապեց մեր կյանքում ամեն դժբախտության համար (տես Ալմա 7.11): Նա հաղթահարեց մեղքի պատիժը բոլոր նրանց համար, ովքեր հավատք են գործադրում Նրա հանդեպ և ապաշխարում են իրենց մեղքերից (տես Մովսես 5.9)։ Նա կոտրեց մահվան կապանքները և հարություն առավ՝ ճանապարհ բացելով, որ մենք կրկին ապրենք (տես 2 Նեփի 2.6-8)։ Նա հավերժական կյանքի հույս է խոստանում բոլոր նրանց, ովքեր կհետևեն Իրեն (տես Եթեր 12.32):
Մտորելու հարցեր
-
Աստծուն հավատալը հույս և վստահություն է ներշնչում հարության և հավերժական կյանքի իրականությանը: Տես Եթեր 12․4։ Ինչպե՞ս կարող է հույսը, որը գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի միջոցով, ծառայել որպես խարիսխ ձեր հոգու համար ձեր առօրյա կյանքում:
-
Մորմոնի Գրքում Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը զորեղ փոփոխություն ապրեց, երբ լսեց ավետարանի ուղերձը և դարձի եկավ։ Կարդացեք Ալմա 27.28։ Հույսի պարգևը և Հիսուս Քրիստոսի մասին նրանց հասկացողությունն ինչպե՞ս ազդեցին այս և հաջորդ կյանքի վերաբերյալ նրանց հեռանկարի վրա։ Ինչպե՞ս կարող եք այս սկզբունքը կիրառել ձեր կյանքում:
Սովորեք միասին
-
Ընտանիքի անդամի կամ ընկերոջ մահը վիշտ է բերում։ Քանի որ Հիսուս Քրիստոսը տառապել է ողջ մարդկության ցավերով և տառապանքներով, մենք կարող ենք աղոթել Երկնային Հորը Նրա անունով և փնտրել Նրա մխիթարական օգնությունը: Հույսի օրհնությունը խոստացվում է նրանց, ովքեր կհավատան մեր հարության և հավերժական կյանքի Աստծո ծրագրին: Որպեսզի ավելի լավ հասկանաք հույսի կարևորությունը կորստի ժամանակ, հրավիրեք խմբի անդամներին ընտրել և կարդալ հետևյալներից մեկը՝ Ա Պետրոս 1.3–5, Հակոբ 4.11, Ալմա 13.27-29, Եթեր 12:32։ Կարող եք նաև դիտել Finding Hope through the Resurrection of Christ տեսանյութը (4․41)։ Ինչպե՞ս է հույսի պարգևը մխիթարում նրանց, ովքեր կորցրել են իրենց ընկերներին և սիրելիներին։ Ինչպե՞ս կնկարագրեիք այն հույսը, որը գալիս է նրանից, որ Հիսուս Քրիստոսը հնարավորություն է տվել ձեզ և ձեր սիրելիներին հարություն առնել և ապրել հավիտյան։
Իմացեք ավելին
-
Առակներ 10․28, Երեմիայի ողբերը 3.25-26, Ա Կորնթացիներին 15․19, Մորոնի 9.25-26
-
The Power of Hope (տեսանյութ), Ավետարանի գրադարան
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ և Պատրիսիա Թ. Հոլլանդ, «Հույսով լցված ապագա» (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հուն. 8, 2023), Ավետարանի գրադարան
Բաժին 2
Ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ձեզ հույս կբերի
Սուրբ գրությունները հաճախ խոսում են հույսի մասին հավատքի և գթության հատկանիշների հետ միասին (տես Մորոնի 7.40-44): Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեծացնելու և ուրիշների հանդեպ գթությամբ վարվելու մեր ջանքերը ուղղակիորեն կապված են հույս ունենալու մեր կարողության հետ (տես Մորոնի 10.20-21)։ Խոսելով հավատքի, հույսի և գթության կարևորության մասին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է. «Այս երեք հատկանիշները մալուխի լարերի նման միահյուսված են, և միշտ չէ, որ հնարավոր է դրանք ճշգրտորեն տարբերակել: Միասին դրանք դառնում են դեպի սելեստիալ արքայություն տանող մեր պարանը»։
Հույսն այն օրհնություններից մեկն է, որը մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու միջոցով, երբ ապաշխարում ենք և մկրտվում (տես Մորոնի 8.25–26)։ Մեզ խոստացված է, որ երբ մենք «անխախտ հավատք» ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ, Երկնային Հայրը կօգնի մեզ ձեռք բերել «հույսի կատարյալ պայծառություն» (2 Նեփի 31.19–20): Մենք կարող ենք նաև ավելի մեծ հույս ստանալ, երբ քննում ենք սուրբ գրությունները (տես Հռոմեացիներին 15.4, Հակոբ 4.6):
Մտորելու հարցեր
-
Խոսելով չափահաս երիտասարդների հետ՝ քույր Պատրիսիա Հոլլանդն ասել է․ «Հավատքը ակտիվորեն վստահելն է Աստծուն և Հիսուս Քրիստոսին, հույսը վստահությունն է, որ Նա կօգնի մեզ, իսկ գթությունը Նրա սերն է և մեր միջոցով աշխատելու ունակությունը`ուրիշներին օրհնելու համար»։ Ինչպե՞ս է հավատքի և գթության մասին սովորելն օգնում մեզ ավելի լավ հասկանալ հույսը:
Սովորեք միասին
-
Խմբի անդամների հետ կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.
«Հակառակորդն օգտագործում է հուսահատությունը, որպեսզի կործանի մեր սրտերն ու մտքերը՝ շնչահեղձ անելով խավարի մեջ։ Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ և ուրախ բան, թողնելով միայն դատարկ մնացորդներ նրանից՝ ինչպիսին կյանքը պետք է լիներ։ …
«Իսկ հույսը նման է արևի շողի, որը բարձրանում և անցնում է մեր ներկա հանգամանքների հորիզոնից վեր։ Արշալույսի բացվելուն պես այն ցրում է խավարը։ Այն քաջալերում և ոգեշնչում է մեզ մեր հույսը դնել հավերժական Երկնային Հոր սիրառատ հոգածության վրա, ով ճանապարհ է պատրաստել նրանց համար, ովքեր հավերժական ճշմարտություն են փնտրում հարաբերականության, շփոթության և վախի աշխարհում»:
Հույսի հատկանիշը ձեռք բերելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ տեսնել այս աշխարհի խավարի միջով։
Իմացեք ավելին
-
Russell M. Nelson, “A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 60–64
-
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյ. 2008, 21-24
Այլ նյութեր հույսի մասին
-
Նյութեր երեխաների համար