«Գթություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Գթություն
Ունենալ Քրիստոսի մաքուր սերը
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հիասթափվում ենք կամ վրդովվում, գուցե նույնիսկ հաճախ։ Գուցե համաձայնության չենք գալիս հարևանների կամ աշխատակիցների հետ: Երբեմն գուցե անհամբեր ենք մեր երեխաների կամ կողակցի հանդեպ։ Գուցե նկատենք, որ քննադատական ենք վերաբերվում և դատում ենք ուրիշներին։ Իհարկե, ոչ ոք կատարյալ չէ, և այդպես զգալը բնական է երբեմն: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող եք ավելի սիրալիր ու համբերատար լինել շրջապատի հանդեպ։
Պատասխանը պարզ է. ձեր սիրտը կարելի է փափկացնել գթության միջոցով, որն Աստծո պարգև է: Զարգացնելով գթություն՝ մենք նմանվում ենք Հիսուս Քրիստոսին։ Ձեզ անհրաժեշտ է ձգտել դրան ողջ կյանքի ընթացքում։ Բայց ձեր Երկնային Հայրը և ձեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կօգնեն ձեզ, երբ դուք հավատարմորեն ձգտեք ավելի նմանվել Նրանց։
Ի՞նչ է գթությունը:
Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է (տես Մորոնի 7․47)։ Այն սիրո բարձրագույն և ամենազորեղ ձևն է: Գթությունը մղում է մեզ ծառայել Աստծուն և ուրիշներին մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով (տես Վարդապետություն և Ուխտեր 59.5):
Թեմայի ակնարկ․ Գթություն
Ավետարանի ուսումնասիրությանն առնչվող ուղեցույցներ. Հիսուս Քրիստոս, Հավատք, Հույս, Հոգու պարգևներ, Ծառայություն
Բաժին 1
Գթությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մաքուր սերն է բոլոր մարդկանց հանդեպ
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ կատարելապես։ Մարգարե Մորմոնն ուսուցանել է, որ «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47): Իր կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը սեր և կարեկցանք դրսևորեց քաղցածների, մեղսավորների, չարչարվածների և հիվանդների հանդեպ: Նա ծառայեց աղքատներին և հարուստներին, ընկերներին և օտարականներին: Նա նույնիսկ ներեց Իրեն մեղադրողներին և նրանց, ովքեր խաչեցին Իրեն (տես Ղուկաս 23.34): Հիսուս Քրիստոսը կատարյալ սիրո կատարյալ օրինակ էր:
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսի կատարյալ սերն ազդեց Նրա գործողություններից յուրաքանչյուրի վրա։ Նկատի ունեցեք այս օրինակները. Մատթեոս 26.39, Ղուկաս 7․22, 1 Նեփի 19.9։ Այս հատվածներից յուրաքանչյուրն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Քրիստոսը սիրում է մեզ։ Կարող եք համեմատել Փրկչի սիրո այս օրինակները Ա Կորնթացիներին 13-ում Պողոսի կողմից տրված գթության նկարագրության հետ: Ինչպե՞ս է Փրկիչը նման սեր դրսևորել ձեր հանդեպ։
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Սերն Աստվածության գլխավոր հատկանիշներից մեկն է»: Կարող եք գրել ձեր օրագրում Ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, քանի որ … բառերը։ Շաբաթվա ընթացքում գրի առեք, թե ինչպես կավարտեք այս նախադասությունը: Դուք կարող եք կարդալ կամ լսել «God Is Love» կամ «My Heavenly Father Loves Me» երգերն ավելի շատ մտքերի համար։
Սովորեք միասին
-
Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով Աստծուն սիրելն է։ Սակայն ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»։ Քննարկեք, թե ինչպես կարող է Աստծո մեծ սիրո մասին իմանալը փոխել ձեր զգացմունքները, մտածելակերպը և գործերը։
-
«Charity: An Example of the Believers» (4:50) տեսանյութի դիտումը կարող է քննարկում ոգեշնչել այն մասին, թե ինչպես է քրիստոսանման սերը կյանքեր փոխում: Այս տեսանյութում երիտասարդ կանայք ինչպե՞ս քրիստոսանման սեր ցուցաբերեցին նոր չիրլիդերի հանդեպ: Ինչպե՞ս այս սերն ազդեց նրա վրա: Ինչպե՞ս դա անդրադարձավ մյուս երիտասարդ կանանց վրա։ Մտածեք ձեր շուրջը գտնվող մարդկանց մասին, ովքեր գուցե կարիք ունեն զգալու Փրկչի սերը: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք Քրիստոսի սիրով կիսվել նրանցից մեկի հետ։
Իմացեք ավելին
-
Ղուկաս 10.30-37, Ա Հովհաննես 3.16-18, 4.7-11, 18-19
-
Ալան Թ. Ֆիլիպս, «Աստված ճանաչում և սիրում է ձեզ», Լիահոնա, նոյ. 2023, 49–52
-
Մայքլ Տ. Ռինգվուդ, «Որովհետև Աստուած այնպես սիրեց մեզ», Լիահոնա, մայիս 2022, 88-90
-
Սյուզան Հ. Փորթեր, «Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Լիահոնա, նոյ․ 2021, 33-35
Բաժին 2
Գթությունը մեծագույն առաքինությունն է, որը Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են ձեռք բերել
Գթությունը այն չէ, ինչ մենք անում ենք կամ տալիս ենք։ Դա մեր սրտի վիճակն է և ապրելակերպը։ Դա այն է, թե ով ենք դառնում և ինչ ենք զգում, որը մեզ առաջնորդում է սիրառատ գործողությունների (տես Մորոնի 7.45–47)։
Առանց գթության մենք ոչինչ ենք, դրանով՝ ունենք ամեն ինչ (տես Եթեր 12․34, Մորոնի 7.44): Մնացած բոլոր բաներն անհետանում են, բայց գթությունը տևում է հավերժ և երբեք չի խափանվում (տես Մորոնի 7.46–47): Ուրեմն, ինչպե՞ս ստանալ այդ պարգևը: Մարգարե Մորմոնն ասել է. «Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, … որպեսզի երբ [Հիսուս Քրիստոսը] հայտնվի, մենք լինենք նրա նման» (Մորոնի 7.48):
Մենք սովորում ենք գթություն ցուցաբերել մեր հարաբերություններում՝ մեր ընտանիքներում, մեր եկեղեցու ժողովներում, մեր համայնքներում և բոլոր նրանց հանդեպ, ում հանդիպում ենք: Երբ ձգտում ենք ընդունել ուրիշներին, ինչպիսին նրանք կան և տեսնել նրանց՝ ինչպես մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են տեսնում, մենք կարող ենք սկսել սիրել մարդկանց այնպես, ինչպես Նրանք են սիրում:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Ա Կորնթացիներին 13.1-7՝ պատկերացնելով ձեզ այս հատվածներում: Ապա կարդացեք 8-րդ հատվածը։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ «գթությունը երբեք չի խափանվում»։ Մտածեք՝ արդյոք կան հատկանիշներ, թվարկված 4–7 հատվածներում, որոնց վրա դուք կարող եք աշխատել՝ գթության ավելի լավ օրինակ լինելու համար:
-
Թեև գթությունը Աստծո պարգևն է, ինչպես ցանկացած պարգև, մենք պետք է ստանանք այն: Ի՞նչ եք սովորում Մորոնի 7.48, 8․26 հատվածներից գթության պարգևը ստանալու մասին։
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է գթության մասին հետևյալ կարևոր ճշմարտությունները. «Գթությունը հակառակության հակաթույնն է։ Գթությունը այն հոգևոր պարգևն է, որն օգնում է մեզ հեռացնել բնական մարդուն, որը եսասեր է, պաշտպանողական, հպարտ ու նախանձ: Գթությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդի հիմնական հատկանիշն է։ Գթությունը խաղաղարարի բնութագիրն է»։ Երբ խորհում եք նախագահ Նելսոնի խոսքերի շուրջ, ի՞նչ է Հոգին ոգեշնչում ձեզ անել: Կարող եք նախագահ Նելսոնի հայտարարությունը դնել ինչ-որ տեղ, որտեղ դուք հաճախ այն կտեսնեք, որպես հիշեցում ուրիշների հանդեպ գթություն ցուցաբերելու մասին:
Սովորեք միասին
-
Ինչպե՞ս եք ճանաչում Հիսուս Քրիստոսի հետևորդին։ Փրկիչն անձամբ սովորեցրել է. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35)։ Խմբով մտածեք այն մարդկանց մասին, որոնցով հիանում եք, որոնք գթության իսկական օրինակներ են: Ինչպե՞ս են նրանք ցույց տվել Քրիստոսի մաքուր սերը։ Կարող եք հաղորդագրություն ուղարկել կամ որևէ նամակ գրել այդ մարդկանցից մեկին և կիսվել, թե ինչպես եք հիանում իրենցով։
-
Խոսեք որոշ կարևոր ընտրությունների մասին, որոնք անում եք ամեն օր: Ապա կարդացեք «Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը» Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում ([2022], 10-15)։ Քննարկեք, թե ինչպես կարող է գթության պարգևն ուղեցույց լինել այդ ընտրություններից յուրաքանչյուրը կատարելիս:
-
Խորհեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խորհրդի շուրջ․ «Ինչ խնդիրներ էլ որ ծառացած լինեն ձեր ընտանիքի առջև, ինչ էլ որ դուք անեք դրանք լուծելու համար, լուծման սկիզբը և վերջը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը»։ Աշխատեք միասին կազմել որոշ խնդիրների կամ դժվարությունների ցուցակ, որոնց բախվում են անհատները կամ ընտանիքներն այսօր, օրինակ՝ վեճ կամ նախանձ։ Այնուհետև կարող եք կարդալ Մորոնի 7.45 հատվածը և խոսել այն մասին, թե ինչպես կարող են այս հատվածում նկարագրված գթության հատկանիշներն օգնել լուծել ձեր ցուցակի խնդիրները: Այնուհետև կարող եք մի պարզ ծրագիր կազմել գթություն կիրառելու համար, որը կօգնի լուծել խնդիրներից մեկը: Ներգրավեք Աստծուն ձեր ծրագրում և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ուրիշներից:
Իմացեք ավելին
-
Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98–101
-
Ուլիսես Սոարես, «Խաղաղության Իշխանի հետևորդները», Լիահոնա, մայիս 2023, 85-87
-
Ջ․ Անեթ Դեննիս, «Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև», Լիահոնա, նոյեմբեր 2022, 80-82
-
Marvin J. Ashton, “The Tongue Can Be a Sharp Sword,” Ensign, May 1992, 18–20
-
«Գթություն՝ Քրիստոսի մաքուր սերը», Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 423-33