«Հիսուս Քրիստոս» Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հիսուս Քրիստոս
Աշխարհի Փրկիչն ու Քավիչը
Այս աշխարհում շատ մարդիկ են լսել Հիսուս Քրիստոսի մասին, սակայն չգիտեն, թե ինչ է Նա արել իրենց համար։ Վերականգնված ավետարանի ուղերձն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը շատ ավելին էր, քան պարզապես պատմական կերպար։ Նա Աստծո Միածին Որդին է, ով ամեն ինչ արել է, որպեսզի փրկությունն ու հավիտենական կյանքը հնարավոր լինի բոլորի համար։ Երբ իմանում եք Նրա դերի մասին՝ որպես ձեր Փրկիչ և Քավիչ, դուք հայտնաբերում եք, որ Նա կարող է բարձրացնել ձեր բեռը և հավիտյան փոխել ձեր կյանքը: Երբ դուք ընտրում եք հավատալ Հիսուս Քրիստոսին և վստահել Նրա անսահման զորությանը, դուք կարող եք առաջնորդություն և օգնություն ստանալ այս կյանքում ամեն հնարավոր մարտահրավերի ժամանակ։
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը:
Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր Առաջնեկն ու Միածին Որդին է։ Նախաերկրային աշխարհում Հիսուս Քրիստոսն ընտրվեց որպես Աստծո զավակների Փրկիչ (տես Աբրահամ 3.27): Երկնային Հայրը նրան ուղարկեց այս երկիր, որպեսզի տառապի և մահանա մեր մեղքերի համար (տես Հովհաննես 3.16-17)։ Աստծու զորությամբ Հիսուս Քրիստոսը հաղթահարեց մահը և հարություն առավ։ Նա ապրում է այսօր: Նա խոստացել է մի օր վերադառնալ երկիր (տես Վարդապետություն և Ուխտեր 133.10–11, 25)։
Թեմայի ակնարկ․ Հիսուս Քրիստոսը
Ավետարանի ուսումնասիրությանն առնչվող ուղեցույցներ. Աստվածագլուխ, Նախաերկրային կյանք, Արարում, Հիսուս Քրիստոսի ծնունդ, Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայություն, Հիսուս Քրիստոսի քավություն, Հարություն, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստ, Փրկություն
Բաժին 1
Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն ու Քավիչն է
Ոչինչ ավելի կարևոր չէ մեզ համար, քան Հիսուս Քրիստոսի մասին սովորելը՝ ով է Նա, ինչ է Նա արել մեզ համար և ինչ է Նա ցանկանում, որ մենք իմանանք և անենք։ Սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների և առաքյալների ուսմունքները օգնում են մեզ ճանաչել Նրա կենսական դերը՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ։
Սուրբ գրություններում մենք սովորում ենք, որ նախաերկրային աշխարհում Հիսուս Քրիստոսն ընտրվեց Փրկիչ Երկնային Հոր բոլոր զավակների համար (տես Ա Պետրոս 1.19-20, Աբրահամ 3.27): Դեռ ամենասկզբից Հիսուս Քրիստոսը եղել է Նրա զավակների փրկության և վեհացման Աստծո ծրագրի իրականացման առանցքային կերպարը։ Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքները և երկիրը (տես Մովսես 1․32-33): Հին Կտակարանի ժամանակներում Հիսուս Քրիստոսը հայտնի էր որպես մեծ Եհովա։ Նա առաջնորդում և ղեկավարում էր հին մարգարեներին ու հավատացյալներին։ Նրա սերն ու ողորմությունը զորացրեց նրանց փորձությունների ժամանակ։
Ավելի քան 2․000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր զարմանահրաշ ծնունդով։ Նա ապրեց և ծառայեց Իսրայելի երկրում ապրող մարդկանց։ Նա զորավոր հրաշքներ գործեց, օրինակ՝ բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին (տես Մատթեոս 11.4-5)։ Նա հաստատեց Իր եկեղեցին և ուսուցանեց ապաշխարության, մեղքերի ներման և հավերժական կյանքի վարդապետությունը բոլոր նրանց, ովքեր կհետևեին Իրեն։ Հիսուս Քրիստոսն ապրեց կատարյալ կյանքով՝ միշտ հնազանդվելով Իր Հորը (տես 2 Նեփի 31.7):
Քանի որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր Հոր զավակներին փրկելու համար, Նա պատրաստակամորեն Իր վրա վերցրեց նրանց մեղքերի համար նախատեսված պատիժը։ Դարեր առաջ Եսային մարգարեացել է. «Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ … Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց» (Եսայի 53.4-5): Հիսուսը կրեց հսկայական տառապանքներ, որի հետևանքով Նա արյունահոսեց ամեն մի ծակոտիից (տես Ղուկաս 22.44, Վարդապետություն և Ուխտեր 19.15-20): Նրան ձերբակալեցին, դատապարտեցին կեղծ մեղադրանքների համար և մահվան վճիռ տվեցին։ Նա դաժանորեն մեխվեց խաչի վրա, որտեղ Նա չարչարվեց և Իր կյանքը տվեց մեզ համար (տես Մատթեոս 27.50): Սակայն Նրա մահը վերջը չէր: Հիսուս Քրիստոսը բարձրացավ գերեզմանից և ծառայեց Իր հետևորդներին որպես հարություն առած էակ (տես Ղուկաս 24.36-40, 3 Նեփի 11.8-15):
Այսօր Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներն անհամբերությամբ սպասում են Նրա խոստացած վերադարձին երկիր: Ոչ ոք չգիտի, թե երբ է դա տեղի ունենալու (տես Վարդապետություն և Ուխտեր 49.7), սակայն սուրբ գրությունները խոսում են նշանների և իրադարձությունների մասին, որոնք նախորդելու են Նրա Երկրորդ Գալուստին։ Երկիրը կփոխվի, երբ Տերը վերադառնա, և Նա ամեն բան կբացահայտի արդարներին (տես Վարդապետություն և Ուխտեր 101.23-34):
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսն ընտրվեց Երկնային Հոր կողմից, որպեսզի կատարի Իր ծրագիրը մեր փրկության և վեհացման համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38.1–3 հատվածները և խորհեք Հիսուս Քրիստոսի ունեցած գիտելիքի և զորության մասին, նախքան Նա կծնվեր երկրի վրա։ Ինչպե՞ս կարող է Տիրոջ գիտության և զորության անսահման ծավալի մասին իմանալն այսօր մեծացնել ձեր հավատքն ու վստահությունն Իր հանդեպ։
-
Հիսուս Քրիստոսը հայտնի է տարբեր անուններով և տիտղոսներով։ Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կոչվում Փրկիչ (Գործք առաքելոց 4.10-12, Հելաման 14.15-16) և Քավիչ (Տիտոս 2.13-14, 2 Նեփի 2.6-7, 26): Ինչո՞ւ է կարևոր անձամբ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն ու Քավիչն է։
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամների հետ դիտեք «Excerpts from ‘The Living Christ: The Testimony of the Apostles’» տեսանյութը (2.45), լսելով, թե ինչպես է տեսանյութը հիշեցնում ձեզ, որ պետք է մեծացնեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարող եք նաև հրավիրել խմբի անդամներին վերանայել «Հիսուս Քրիստոս» Սուրբ գրքերի ուղեցույցի վերևում գտնված ամփոփված տեղեկությունները (Ավետարանի գրադարան)։ Ինչպե՞ս կարող է այս տեղեկությունը օգնել ձեզ մտածել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես ձեր Փրկիչ և Քավիչ:
Իմացեք ավելին
-
Հովհաննես 11.25-26, Մոսիա 3.5-13, Աբրահամ 2.7-8
-
«Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը», Ավետարանի գրադարան
-
«Հիսուս Քրիստոսը հայտնվում է հին Ամերիկայում» (տեսանյութ), youtube.com
Բաժին 2
Եկեք Հիսուս Քրիստոսի մոտ
Երկնային Հայրը հարուստ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր ընդունում են Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (տես Վարդապետություն և Ուխտեր 84.37-38)։ Հիսուս Քրիստոսը հայտարարել է․ «Եթե դուք գաք ինձ մոտ, դուք կունենաք հավերժական կյանք: Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ» (3 Նեփի 9.14): Մենք ցույց ենք տալիս Իր մոտ գալու Տիրոջ հրավերը ընդունելու մեր ցանկությունը, երբ հավատք ենք գործադրում Նրա հանդեպ, ապաշխարում ենք մեր մեղքերից, մկրտվում ենք, պահում Աստծո պատվիրանները և ստանում տաճարային սրբազան արարողություններ:
Երբ մենք խոնարհաբար հավատքով և ապաշխարությամբ դիմենք Հիսուս Քրիստոսին, կարող ենք ստանալ մեր մեղքերի թողությունը (տես Մոսիա 4.2-3)։ Հիսուս Քրիստոսի Քավությունը նաև հնարավորություն է տալիս մեզ «աստվածային զորություն ունենալ, զորություն, որը բավարար է մեր օրերի բեռները, խոչընդոտները և գայթակղությունները հաղթահարելու համար»։ Սերը, ողորմությունը և ներողամտությունը, որ ստանում ենք Հիսուս Քրիստոսից, կարող են հարատև փոփոխություններ բերել մեր կյանք և ուժ տալ մեզ՝ առաջ շարժվելու Աստծո կամքը կատարելու համար (տես Մոսիա 5.2, Հելաման 15.7-8):
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեր ցավերն ու հիվանդությունները, որպեսզի իմանար, թե ինչպես աջակցել և օգնել մեզ մեր սեփական տկարությունների մեջ: Կարդացեք Ալմա 7.11-13 և խորհեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարելապես հասկանում ձեր ցավերն ու մարտահրավերները և գիտի, թե ինչպես օրհնել և մխիթարել ձեզ, նույնիսկ, երբ ուրիշ ոչ ոք չի անում դա: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ փորձությունների և գայթակղությունների ժամանակ: Ինչպե՞ս կարող եք ապավինել Նրան, երբ սփոփանքի կարիք ունենաք։
Սովորեք միասին
-
Հիսուս Քրիստոսը անսահման աստվածային զորություն ունի ներելու, բարձրացնելու և զորացնելու մեզ: Դա իմանալը կօգնի մեզ ավելի շատ հույսով դիմակայելու դժվարությունները։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող ու զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան»։
Քննարկեք նախագահ Նելսոնի հայտարարությունը: Հրավիրեք խմբի անդամներին բացահայտել որոշ հարցեր կամ դժվարություններ, որոնց մենք այսօր բախվում ենք: Քննարկեք, թե ինչպես կարող ենք լուծումներ գտնել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Իմացեք ավելին
-
Մատթեոս 11.28-30, Եփեսացիներին 5.1-2, 2 Նեփի 31.16, 3 Նեփի 27.21, Մորոնի 10.32-33
-
Նիլ Լ. Անդերսեն, «Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2023, 91-94:
-
Շերոն Յուբենկ, «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 73-76