«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի
Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցին այսօր երկրի վրա
Մտածեք մի առանձնահատուկ օրհնության մասին, որը ստացել եք կամ կարող եք ստանալ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ։ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այդ օրհնության: Այժմ մտածեք այլ եղանակների մասին, որոնցով դուք և ձեր սիրելիները օրհնվել եք կամ կարող եք օրհնվել՝ լինելով եկեղեցու անդամներ։
Որպես Քրիստոսի եկեղեցու անդամներ՝ մենք օրհնված ենք շատ առումներով: Բայց մենք կարող ենք նաև օրհնել ուրիշներին բազմաթիվ եղանակներով։ Մենք կարող ենք զորացնել և օգնել միմյանց: Մենք ուսուցանում ենք միմյանց ավետարանը և ձգտում լավ օրինակներ լինել միմյանց համար: Մենք կարող ենք սգալ միմյանց հետ: Մենք կարող ենք թեթևացնել միմյանց բեռները՝ ուս տալով լացողին, և լսող ականջ լինելով։
Սակայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելն ավելին է, քան այս օրհնություններն ունենալը։ Մենք հավատում ենք, որ սա Աստծո միակ ճշմարիտ եկեղեցին է երկրի վրա, որը վերականգնվել է, որպեսզի պատրաստի աշխարհը Փրկչի վերադարձին: Որպես եկեղեցու անդամներ՝ մենք կարող ենք մասնակցել բոլոր արարողություններին և ուխտերին, որոնք անհրաժեշտ են վերադառնալու և Աստծո հետ կրկին ապրելու համար։ Բոլորս կարող ենք օգնել միմյանց մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին:
Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնվել է Աստծո կողմից մեր օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հիսուս Քրիստոսի եկեղեցին «hավատացյալների կազմավորված մարմին [է], որոնք մկրտությամբ և հաստատմամբ իրենց վրա են վերցրել Հիսուս Քրիստոսի անունը»: Այն ունի Նրա իշխանությունը, ուսմունքները, օրենքները, արարողությունները և անունը, և այն ղեկավարվում է Նրա կողմից այն ներկայացուցիչների միջոցով, որոնց Նա նշանակել է։
Քրիստոսի եկեղեցու անունն այսօր, տրված Նրանից ստացած հայտնությամբ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի է (տես Վարդապետություն և Ուխտեր 115.4):
Թեմայի ակնարկ. Եկեղեցու վերականգնումը
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ավետարանի վերականգնումը, Իսրայելի հավաքումը, Ուխտեր և արարողություններ
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով
Հիսուս Քրիստոսի և առաջին Առաքյալների մահից հետո Հիսուս Քրիստոսի եկեղեցին դադարեց գոյություն ունենալ երկրի վրա (տես Թեմաներ և հարցեր, «Ուրացություն», Ավետարանի գրադարանում՝ լրացուցիչ տեղեկությունների համար)։
1830թ. ապրիլին Տերը վերականգնեց Իր ճշմարիտ եկեղեցին երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 1.17-30, 20.1-2): Նա կանչել է առաքյալներ և մարգարեներ՝ Աստծո փրկության և վեհացման գործը շարունակելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 27.12-13)։ Նրանք կրում են քահանայության բանալիներ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու և Աստծո ուխտերն ու արարողությունները կատարելու համար։
Մտորելու հարցեր
-
Կարող եք դիտել «Կենդանի առաքյալները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը, որպեսզի լսեք Փրկչի և Նրա առաքելության մասին զորեղ վկայություններ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից։ Ինչպե՞ս են առաքյալների, մարգարեների և եկեղեցու այլ ղեկավարների վկայություններն օգնում ձեզ իմանալ, որ սա Աստծո վերականգնված եկեղեցին է։ Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի եկեղեցին այսօր առաջնորդվում է առաքյալների և մարգարեների կողմից։ Ի՞նչ եք արել կամ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ինքներդ իմանաք, որ մեր եկեղեցու ղեկավարները կանչված են Աստծո կողմից և որ սա է Նրա վերականգնված եկեղեցին երկրի վրա այսօր:
Միասին սովորելու միջոցառում
-
Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է։ Երեք հատկանիշներ՝ (1) վարդապետության լրիվությունը, (2) քահանայության զորությունը, և (3) վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, բացատրում են, թե Աստված ինչու է հռչակել և ինչու մենք, որպես Նրա ծառաներ, պնդում ենք, որ սա միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է երկրի վրա»: Քննարկեք այս երեք հատկանիշները և թե ինչու են դրանք Աստծո ճշմարիտ եկեղեցու կարևոր մասը կազմում։ Կիսվեք փորձառություններով, որոնք օգնել են ձեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկչի ճշմարիտ և կենդանի եկեղեցին է։ Խոսեք այն մասին, թե ինչպես է այդ գիտելիքն օրհնել ձեր կյանքը։
Իմացեք ավելին
-
Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին, Ավետարանի գրադարան
-
«Քրիստոսի եկեղեցու բարձրացումը», գլուխ 8 Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 76–86
Բաժին 2
Եկեղեցին մեզ հնարավորություն է տալիս աջակցել Աստծո գործին
Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամները ձգտում են օգնել փրկության և վեհացման Աստծո գործում՝ ձգտելով ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հոգ տանել կարիքավորների մասին, հրավիրել բոլորին ընդունել ավետարանը և միավորել ընտանիքները հավերժության համար:
Եկեղեցին մեզ հնարավորություն է տալիս միասին երկրպագել և սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: Այն նաև օգնում է մեզ սպասավորել միմյանց, կիսվել Նրա խոսքով և հոգ տանել կարիքավորների մասին։
Մտորելու հարցեր
-
Կարդացեք և խորհեք Հովհաննես 15.16։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Աստված ընտրել է ձեզ, որպեսզի օգնեք իրականացնել Իր աշխատանքն Իր եկեղեցում: Ինչպե՞ս եք տպավորվել, երբ օգնել եք Նրան փրկության և վեհացման գործում։ Ինչպե՞ս եք օրհնվել, երբ հետևել եք այս տպավորություններին: Գրի առեք ձեր մտքերը ձեր օրագրում և մտածեք, թե արդյոք կա մի բան, որը պլանավորում էիք անել՝ կապված Աստծո աշխատանքի հետ, որը դեռ չեք արել: Այնուհետև նպատակ դրեք դա անելու համար:
Միասին սովորելու միջոցառում
-
Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերը հիշեցրել է մեզ, որ Աստծո աշխատանքը «[չի] պահվում մի քանի արտոնյալ մարդկանց համար, [այն] բոլորիս համար [է]՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, եկամտից, սոցիալական կարգավիճակից կամ եկեղեցում ունեցած կոչումից: Մեզանից յուրաքանչյուրը իմաստալից դեր ունի Աստծո աշխատանքն առաջ մղելու գործում (տես Մովսես 1.39)»: Նա շարունակել է․ «Մեզանից շատերը հարցնում են, արդյո՞ք Երկնային Հայրը կարող է օգտագործել մեզ կարևոր ներդրումներ կատարելու համար: Բայց հիշեք, նա միշտ օգտագործել է սովորական մարդկանց՝ կատարելու արտասովոր գործեր (տես Ա Կորնթացիներին 1․27-28, ՎևՈւ& 35․13, 124․1)։ Կարող եք խոսել մի քանի արտասովոր բաների մասին, որոնք տեսել եք եկեղեցու սովորական անդամներին անելիս՝ օգնելու Աստծո փրկության և վեհացման գործում։ Գուցե նպատակ դնեք այս շաբաթ միասին ինչ-որ բան անել՝ Աստծո գործն առաջ տանելու համար։ Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից կամ ինչ եք զգացել ծառայելիս։
Իմացեք ավելին
-
Մատթեոս 5.13-16, Եփեսացիներին 4.11-15, Մոսիա 18.27-29, Մորոնի 6.4-9
-
Դալլին Հ. Օուքս, «Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյ․ 2021, 24-26
-
«How the Church Is Organized» (տեսանյութ), Ավետարանի գրադարան
Բաժին 3
Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին գալ և պատկանել իր եկեղեցուն
Հիսուս Քրիստոսի եկեղեցում տեղ կա բոլորի համար: Եկեղեցին օրհնվում է, երբ մենք կիսվում ենք մեր տարբեր հայացքներով և փորձառություններով և սովորում միմյանցից։ Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26.33)։ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա գալու Իր մոտ և փրկվելու՝ միանալով Իր եկեղեցուն և ուխտեր կապելով և պահելով, որոնք տանում են դեպի հավերժական կյանք:
Մենք կարող ենք օգնել հավաքել Իր ժողովրդին Նրա մոտ: Երբ պարզ և սրտագին հրավերներ ենք տալիս, մենք կարող ենք օգնել ուրիշներին իրենց սրտերը դարձնել դեպի Քրիստոսը և ցանկություն ունենալ միանալու Նրա հոտին:
Մտորելու հարցեր
-
Երեց Գերիթ Վ . Գոնգը նկատել է․ «[Տերը] խնդրում է մեզ Իր [Եկեղեցին] դարձնել շնորհի և տարածքի մի վայր, որտեղ բոլորը կարող են հավաքվել և տեղ կլինի բոլորի համար: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, բոլորը հավասար են՝ առանց երկրորդ կարգի խմբերի: Բոլորը հրավիրվում են մասնակցել հաղորդության ժողովին, ինչպես նաև այլ կիրակնօրյա ժողովներին ու հասարակական միջոցառումներին: Մենք ակնածալից երկրպագում ենք մեր Փրկչին, լինելով խորամիտ և ուշադիր միմյանց հանդեպ: Մենք տեսնում ենք և ընդունում ենք յուրաքանչյուր մարդու: Մենք ժպտում ենք, նստում նրանց կողքին, ովքեր մենակ են նստած, իմանում ենք նրանց անունները, այդ թվում՝ նորադարձների, վերադարձած եղբայրների և քույրերի, երիտասարդ աղջիկների և երիտասարդ տղաների անունները, Երեխաների միության յուրաքանչյուր սիրելի երեխայի անունը: Մեզ պատկերացնելով նրանց փոխարեն՝ մենք սիրով ընդունում ենք ընկերների, այցելուների, նոր տեղափոխվածների, զբաղված անհատների, որոնք ներգրավված են չափազանց շատ ուղղություններում»: Որո՞նք են այն ուղիները, որոնցով դուք կարող եք օգնել ուրիշներին իմանալ, որ նրանք ողջունվում են մեր ժողովների ժամանակ և պատկանում են Հիսուս Քրիստոսի եկեղեցուն։ Ո՞ւմ կարող եք օգնության հասնել։ Նպատակ դրեք անել ինչ-որ բան, ցույց տալու ուրիշներին, որ դուք հոգ եք տանում նրանց մասին, և որ նրանք պատկանում են ձեր ծխին կամ ճյուղին։
Միասին սովորելու միջոցառումներ
-
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ բոլորը գան Նրա մոտ և Նրա եկեղեցի, և մենք կարող ենք օգնել՝ պարզ, անկեղծ հրավերներ ուղղելով մեզ շրջապատողներին։ Երեց Գարի Ի. Սթիվենսոնը կիսվել է. «Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղղել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել» հաղորդության արարողություն, ծխի միջոցառում, առցանց տեսահոլովակ, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Եկեք և տեսեք» առաջարկը կարող է հրավիրել կարդալ Մորմոնի Գիրքը կամ այցելել մի նոր տաճար բաց դռների օրը՝ նախքան նվիրագործումը: Երբեմն հրավերը մի բան է, որը մենք ուղղում ենք ներս՝ հրավեր ինքներս մեզ, որը մեզ տալիս է մեզ շրջապատող հնարավորությունների գիտակցում և գործելու տեսլական: Մեր թվայնացված դարում անդամները հաճախ կիսվում են ուղերձներով սոցիալական ցանցերի միջոցով: Կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր վեհացնող բաներ, որոնցով գուցե արժե կիսվել»։ Քննարկեք մի քանի հրավերներ, որոնք կարող եք անել այս շաբաթ, ապա միասին հավաքվեք և զեկուցեք ձեր փորձառությունները:
-
Խնդրեք խմբում գտնվող որևէ մեկին մարմնի պարզ նկար նկարել։ Խոսեք այն մասին, թե ինչպես են բոլոր մասերը (օրինակ՝ ձեռքերը, ոտքերը, աչքերը և ականջները) կարևոր։ Այնուհետև միասին կարդացեք Ա Կորնթացիներին 12.12-18 հատվածները և քննարկեք ձեր սովորածը: Ինչպե՞ս կարող ենք վերագրել այս հատվածները եկեղեցու անդամությանը: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է․ «Մենք կարիք ունենք և նորադարձների, և նրանց, ովքեր ռահվիրաների սերունդներից են գալիս: Մենք պետք է փնտրենք նրանց, ովքեր շեղվել են, և պետք է օգնենք նրանց վերադառնալ հոտ: Մենք կարիք ունենք յուրաքանչյուրի իմաստության և հոգևոր ամրության: Այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ որպես անհատ կենսական տարր է հանդիսանում Եկեղեցու կառուցվածքի մեջ»: Կարող եք գրել մի բան, որը կանեք այս շաբաթ, որպեսզի օգնեք ինչ-որ մեկին ձեր ծխում կամ ճյուղում իմանալ, թե որքան կարևոր է նա: Այնուհետև կարող եք զեկուցել, թե ինչ եք արել։
Իմացեք ավելին
-
Տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատկանելության վարդապետությունը», Լիահոնա, նոյ․ 2022, 53-56
-
Տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյ․ 2015, 108-11
-
Թեմաներ և հարցեր, «Բազմազանություն և միասնություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում», Ավետարանի գրադարան
-
«Unity in Diversity» (տեսադարան)