«Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Քրիստոսը կրկին կգա զորությամբ ու փառքով
Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ անհամբերությամբ սպասում էիք հեռու ապրող հարազատի կամ ընկերոջ այցելությանը։ Ի՞նչ էիք արել այդ այցելությանը նախապատրաստվելու համար։ Մտածեք այն ժամանակի և ջանքերի մասին, որ ներդրել եք պատրաստվելու համար, և այն երջանկության մասին, որ զգում էիք, երբ անհամբերությամբ սպասում էիք այդ մարդու գալուստին։
Շատերը մեծ ակնկալիքով սպասում են նաև մեր Փրկչի Երկրորդ Գալուստին։ Նրա վերադարձը կնշանակի երկրի վրա պատերազմի և կռիվների ավարտը և կնշանակի խաղաղության և արդարության 1000 տարվա սկիզբը։ Քանի որ մենք սպասում ենք Փրկչի վերադարձին, մենք կարող ենք ունենալ հույս և ուրախություն: Մենք գիտենք, որ երբ Նա գա, Հիսուս Քրիստոսը կուղղի բոլոր սխալները և «պիտի սրբի ամեն արտասուք» (Հայտնություն 21.4)։
Երկրորդ Գալուստի իրադարձություններն ուսումնասիրելիս կարող եք մտածել, թե ինչ եք անում և ինչ կարող եք անել այդ զարմանահրաշ իրադարձությանը նախապատրաստվելու համար։
Ի՞նչ է Երկրորդ Գալուստը
Երկրորդ Գալուստն այն ժամանակն է, երբ Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր՝ կառավարելու և թագավորելու: Հիսուսը և շատ մարգարեներ՝ թե հին, թե նոր, ուսուցանել են, որ Հիսուսը երկրորդ անգամ կգա երկիր (տես Եսայի 66.14–15, Մատթեոս 24.42-44, 50, Գործք առաքելոց 1.11): Երբ Նա վերադառնա որպես հարություն առած էակ մեծ զորությամբ ու փառքով, այն ընդմիշտ կփոխի աշխարհը։ Այդ ժամանակ Փրկիչը կհայտարարի Երկիրը որպես Իր թագավորություն և խաղաղություն կհաստատի ողջ աշխարհում։
Թեմայի ակնարկ․ Երկրորդ Գալուստ
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հիսուս Քրիստոս, Հարություն, Ապաշխարություն
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը կվերադառնա Երկիր զորությամբ ու փառքով
Երբ Հիսուսն առաջին անգամ եկավ երկիր, մարդկանց մեծամասնությունը չգիտեր, որ դա տեղի է ունեցել։ Նա ծնվել էր մի համեստ կնոջից, տնից հեռու և պառկել մսուրում: Իր Երկրորդ Գալուստի մասին Հիսուսն ասել է Իր աշակերտներին՝ «Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակների հետ» (Մատթեոս 16.27):
Մարգարեները նույնպես հաճախ են խոսել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անվանել է այն «այս վերջին տնտեսության գագաթնակետը»։ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ևս ասել է․ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար: Իսկապես՝ այն վերականգնվել է այդ նպատակով»։
Երբ Քրիստոսը վերադառնա, բոլոր մարդիկ կիմանան դա (տես Վարդապետություն և Ուխտեր 101.23): Եսային հայտարարել է. «Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն» (Եսայի 40.5): Այս հսկայական իրադարձությունը նշանավորելու է 1000-ամյա փառահեղ ժամանակաշրջանի սկիզբը, որը հայտնի է Հազարամյակ անվամբ, երբ Հիսուսն անձամբ թագավորելու է Երկրի վրա, իսկ սատանան զորություն չի ունենա (տես Հայտնություն 20.1-3, Վարդապետութուն և Ուխտեր 45.55), և բոլոր մարդիկ կապրեն խաղաղ և ուրախ:
Մտորելու հարցեր
-
Երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, ամբողջ ամբարշտությունը կվերանա երկրի երեսից։ Ինչո՞ւ այդ ժամանակը սարսափելի կլինի որոշ մարդկանց համար։ (Կարող եք կարդալ և խորհել Վարդապետություն և Ուխտեր 29․17)։ Ինչո՞ւ Փրկչի Երկրորդ Գալուստը չի լինի ահեղ ժամանակ արդարների համար: (Կարող եք կարդալ և խորհել 1 Նեփի 22.17, 22):
Սովորեք միասին
-
Երբ Հիսուսը կրկին գա որպես տերերի Տեր, շատ կարևոր իրադարձություններ տեղի կունենան։ Դուք կարող եք ուսումնասիրել հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսն ու կիսվել այն ամենով, ինչ սովորում եք գալիք իրադարձությունների մասին. Մատթեոս 25.31-46, Վարդապետություն և Ուխտեր 29.9-11, 63.53-54, 76.50-54, 63, 88.96-98, 101.24-25, 133․19, 25 և Հավատո Հանգանակը 1.10։ Ի՞նչ են այս իրադարձություններն ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Նայեք մանուկ Հիսուսի նկարին և համեմատեք այն Նրա Երկրորդ Գալուստի նկարի հետ: Կարող եք կարդալ կամ երգել «Հիսուս ի ծնե խոնարհ» օրհներգը, որպեսզի կարողանաք խոսել երկու նկարների միջև եղած տարբերությունների մասին։ Ինչպե՞ս են այս նկարները և այս օրհներգն օգնում մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին։
-
Դիտեք The Second Coming of Jesus Christ տեսանյութը (3․02) և խոսեք տեսանյութում նշված այն բաների մասին, որոնք կնկանագրեն Փրկչի վերադարձը: Ի՞նչ բառեր են օգտագործվում տեսանյութում Հիսուս Քրիստոսին նկարագրելու համար, երբ Նա կրկին գա: Այդ բառերն ի՞նչ են ուսուցանում մեզ Նրա մասին։ Կարող եք նաև երգել կամ միասին կարդալ Երկրորդ Գալուստի մասին երգի կամ օրհներգի բառերը, օրինակ՝ «Փրկիչն Իսրայելի» կամ When He Comes Again, և խոսել այն մասին, թե ինչ է այն սովորեցնում Փրկչի և Նրա վերադարձի մասին։
Իմացեք ավելին
-
Մաղաքիա 3․1, Ղուկաս 21.25-28, Գործք առաքելոց 1.9-11, Վարդապետություն և Ուխտեր 36.8
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Գայ քո արքայութիւնը», Լիահոնա, մայիս 2015, 119-22
Բաժին 2
Մենք պետք է նախապատրաստվենք Փրկչի վերադարձին
Հիսուսն ասել է․ «Այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24.36, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 49.7): Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակը շատերի համար անակնկալ կլինի (տես Բ Պետրոս 3.10, Վարդապետություն և Ուխտեր 106.4): Բայց Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները չեն զարմանա։ Տերն ասաց, որ Իր հետևորդները կլինեն «լույսի զավակները, և այդ օրը վրա չի հասնի ձեզ, ինչպես գողը» (Վարդապետություն և Ուխտեր 106.5):
Փրկիչն այս տնտեսության առաջին սրբերին ասաց. «Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է» (Վարդապետություն և Ուխտեր 1.12): Մարգարեները նույնպես բազմիցս խոսել են Փրկչի վերադարձին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը հորդորել է․ «Թեպետ մենք անզոր ենք փոխելու Երկրորդ Գալստի փաստը և չենք կարող իմանալ ճշգրիտ օրը, մենք կարող ենք արագացնել մեր անձնական նախապատրաստությունը և փորձել ազդել մեր շրջապատում գտնվողների նախապատրաստության վրա»։ Տերը տվել է նշաններ, որոնք ցույց կտան, որ Նա շուտով գալու է, և մենք կարող ենք փնտրել և ուսումնասիրել այդ նշանները (տես, օրինակ, Ջոզեֆ Սմիթ- Մատթեոս 1):
Մտորելու հարցեր
-
Փրկչի վերադարձին նախապատրաստվելու միջոցներից մեկն այն է, որ ձգտենք լինել այնպիսի վայրերում, որտեղ Նրա Հոգին կարող է լինել մեզ հետ: Տերն ուսուցանել է առաջին սրբերին․ «Ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է, ասում է Տերը» (Վարդապետություն և Ուխտեր 87․8): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սուրբ տեղերում լինելը լավ միջոց Փրկչի վերադարձին նախապատրաստվելու համար: Նախագահ Օուքսը բացատրել է. «Որո՞նք են այդ «սուրբ տեղերը»: Անշուշտ դրանք ընդգրկում են տաճարը և դրա հավատարմորեն պահված ուխտերը: Անշուշտ, դրանք ընդգրկում են տունը, որտեղ երեխաները պահվում են գանձի պես, իսկ ծնողները հարգված են: Անշուշտ սուրբ տեղերն ընդգրկում են մեր պարտականությունները` հանձնարարված քահանայության իշխանության կողմից, ներառյալ միսիաները և հավատարմությամբ իրականացվող ծառայությունները ճյուղերում, ծխերում և ցցերում»։ Մտածեք, թե ինչպես եք օրհնվում, երբ տրամադրում եք ձեր ժամանակը Քրիստոսակենտրոն գործունեությանը սուրբ վայրերում: Ինչպե՞ս են այս գործողությունները նախապատրաստում ձեզ Տիրոջ վերադարձին:
-
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1` փնտրելով իրադարձությունների մարգարեություններ, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին: Ինչպե՞ս կարող է այս դեպքերի մասին իմանալն օգնել ձեզ պատրաստվել դրանց։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին պատրաստ լինել Երկրորդ Գալուստին և այն դժվարին իրադարձություններին, որոնք կհանգեցնեն դրան։ Ինչպե՞ս կարող եք ձեր սիրտը նախապատրաստել Երկրորդ Գալուստից հետո կյանքին, որտեղ չի լինի ոչ հակառակություն, ոչ աղքատություն, և ոչ չարություն: Ի՞նչ հատկանիշներ եք դուք զգում, որ կարևոր կլիներ, որ դուք ունենայիք, երբ Փրկիչը վերադառնար: Ինչպե՞ս կզարգացնեք այդ հատկանիշները։ Գրի առեք և գործեք ստացած տպավորությունների հիման վրա:
-
Մտածեք Տիրոջ վերականգնված եկեղեցու անվան մասին: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Վերջին Օրերի Սուրբ: Ինչպե՞ս կարող եք ավելի շատ օգտագործել Եկեղեցու անունը ձեր առօրյա խոսքում, որպեսզի տեղեկացնեք ուրիշներին Փրկչի և Նրա վերադարձի հանդեպ ձեր հավատքի ու հույսի մասին:
Սովորեք միասին
-
Փրկիչը կիսվեց տասը կույսերի առակով, որպեսզի սովորեցնի Իր վերադարձին միշտ պատրաստ լինելու կարևորությունը (տես Մատթեոս 25.1-13, Վարդապետություն և Ուխտեր 45.56-57): Խոսելով այս առակում նկարագրված յուղի մասին՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Այս թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30), համբերությամբ և հաստատակամությամբ: Մենք չենք կարող ընտրել կարճ ճանապարհ և վերջին րոպեին հապճեպ պատրաստություն տեսնել»։ Կաթիլ առ կաթիլ յուղ լցրեք մի տարայի մեջ, մինչ խոսում եք այն բաների մասին, որոնք կարող ենք անել որպես անհատներ, մեր ընտանիքներում և մեր ծխերում՝ պատրաստվելու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
-
Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք ունենք եզակի և աստվածային դեր, որը կօգնի հավաքել «մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունել Նրան Նրա գալուստի օրը»: Վերանայեք նախագահ Նելսոնի «Եկեղեցու ապագան. պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին» հոդվածը։ Այնուհետև քննարկեք, թե ինչ է նշանակում պատրաստել աշխարհը՝ ընդունելու մեր Փրկչին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը հանձնարարել Վերջին Օրերի Սրբերին պատրաստել աշխարհն Իր գալուստին: Ինչպե՞ս ենք մենք անում այդ:
-
Որոշ մարդիկ կարող են անհանգստություն կամ վախ զգալ, երբ մտածում են այն իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան նախքան Փրկչի Երկրորդ Գալուստը: Դուք կարող եք միասին կարդալ հետևյալ հայտարարությունը. «Փրկչի գալուստին պատրաստվելու լավագույն եղանակն է՝ ընդունել ավետարանի ուսմունքները և դրանք դարձնել մեր կյանքի մասը։ Մենք ամեն օր պետք է ապրենք որքան հնարավոր է լավ, ինչպես Հիսուսն է ուսուցանել, երբ Նա երկրի վրա էր: Մենք կարող ենք առաջնորդության համար նայել մարգարեին և հետևել նրա խորհրդին: Մենք կարող ենք արժանի ապրել, որպեսզի Սուրբ Հոգու առաջնորդւոթյունն ունենանք: Այնուհետև ուրախ ու անվախ մենք անհամբեր կսպասենք Փրկչի գալուստին»: Այնուհետև խոսեք այն մասին, թե ինչպես կարող են այս առաջարկներից յուրաքանչյուրն օգնել մեզ ավելի լավ ապրել ավետարանով, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն և հանգստություն զգալ, երբ մտածում ենք Փրկչի վերադարձի հետ կապված իրադարձությունների մասին:
Իմացեք ավելին
-
Russell M. Nelson, “The Book of Mormon, the Gathering of Israel, and the Second Coming,” Ensign, July 2014, 26–31
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Լիահոնա, մայիս 2019, 81-84
-
Էմի Ա․ Ռայթ, «Մնացեք այդ օրը Քրիստոսում», Լիահոնա, նոյ․ 2023, 9-12