Գրադարան
Հոգ տանել կարիքավորների մասին


«Հոգ տանել կարիքավորների մասին» Թեմաներ և հարցեր (2023)

երիտասարդ կինն օգնում է տարեց կնոջն անցնել փողոցը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հոգ տանել կարիքավորների մասին

Մենք կարող ենք լինել Աստծո ձեռքերը՝ օգնելու ուրիշներին

Երբևէ մտածե՞լ եք ձեզ շրջապատող մարդկանց բոլոր դժվարությունների ու տառապանքների մասին և մտածել. «ի՞նչ լավություն կարող եմ անել մենակ»: Գուցե դուք մենակ եք, բայց միևնույն է, կարող եք մեծ ներդրում ունենալ՝ անելով փոքր և հասարակ բաներ, որոնք կօգնեն կարիքավորներին։ Մեծ բարիք է իրագործվում ամեն օր, երբ բազում մարդիկ օգնում են որտեղ և ինչպես կարող են:

Դուք կարող եք հոգ տանել ձեզ շրջապատող կարիքավորների մասին՝ կիսվելով ձեր ժամանակով և տաղանդներով, և «բաժին հանե[լով] ձեր ստացվածքից աղքատներին, … ըստ նրա, ինչ [դուք ունեք], ինչպես օրինակ՝ կերակրելով քաղցածին, հագցնելով մերկին, այցելելով հիվանդին և ծառայելով ի սփոփանք նրանց և՛ հոգևորով, և՛ աշխարհիկով» (Մոսիա 4.26):

Ի՞նչ է նշանակում հոգ տանել կարիքավորների մասին

Հոգ տանել կարիքավորների մասին նշանակում է օգնել ուրիշներին նյութական, հոգևոր և էմոցիոնալ առումներով։ Այն ներառում է «[ծառայել և սպասավորել] անհատներին, ընտանիքներին և համայնքներին, [կիսվել] միջոցներով … կարիքավորների հետ [և] [օգնել] մյուսներին դառնալ ինքնապահով»: Ֆիզիկական կարիքների մասին հոգ տանելը կարող է նշանակել անհապաղ բավարարել դրանք, սակայն այն կարող է նշանակել նաև օգնել մարդկանց դառնալ ավելի ինքնապահով, որպեսզի նրանք կարողանան բավարարել իրենց սեփական կարիքներն ապագայում: Էմոցիոնալ և հոգևոր կարիքների մասին հոգ տանելը ներառում է լսել, կարեկցել և օգնել ուրիշներին հասկանալ, որ իրենք սիրված են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից։ Որպես Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներ՝ մենք ուխտ ենք կապում՝ ծառայել և հոգ տանել մեր շուրջը գտնվողների մասին։

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Գթություն, Ծոմապահություն

կանայք տուփեր են փաթեթավորում

Բաժին 1

Աստված պատվիրում է սիրել և ծառայել ուրիշներին

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է օրհնել նրանց: Հաճախ Աստված օրհնում է Իր զավակներին մեր ծառայության միջոցով։ Իրականում, Աստծո երկու մեծ պատվիրաններից մեկն այն է, որ սիրենք մեր մերձավորին այնպես, ինչպես մեզ (տես Մարկոս 12.28-34)։ Այս պատվիրանին հետևելու եղանակներից մեկն է` «ծառայել մեկմեկու … [և սատարել] նրանց, ովքեր [մեր] սատար կանգնելու կարիքն ունեն» (Մոսիա 4.15-16):

Տիրոջ տաճարներում մենք ուխտ ենք կապում զոհաբերել և նվիրաբերել Նրան այն ամենը, ինչ ունենք: Դա անելու միջոցներից մեկն է՝ առատաձեռնորեն տրամադրել մեր ժամանակը և ջանքերը՝ օգնելու մեզ շրջապատող մարդկանց։ Այդպես անելով՝ մենք կարող ենք ավելի խորը հարաբերություններ հաստատել մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ և ավելի նմանվել Նրանց:

Ծառայությունը միշտ չէ, որ հարմար է կամ հեշտ: Բայց մենք կարող ենք մխիթարություն և երջանկություն պարգևել ուրիշներին, երբ սիրում և ծառայում ենք նրանց։ Ուրիշներին ծառայելով՝ մենք կարող ենք իրական ուրախություն և նպատակի զգացում ձեռք բերել մի բան անելու շնորհիվ, որն իսկապես արժեքավոր է։

Մտորելու հարցեր

  • Եթե ցանկանում եք օգնել կարիքավորներին, բայց վստահ չեք, թե ինչպես, երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Իրենց պարտականության ուղու վրա» ուղերձը կօգնի ձեզ: Երեց Բեդնարն ուսուցանել է. «Խորաթափանց եղբայրներ և քույրեր … գտեք և նստեք այն մարդկանց կողքին, որոնք միայնակ են եկեղեցու ժողովներում և այլ վայրերում: Նրանք միշտ ձգտում են «մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն» [Մոսիա 18․9], առանց գնահատանքի կամ գովասանքի ակնկալիքների»: Կարող եք վերանայել նրա ուղերձը և փնտրել փոքր և հասարակ միջոցներ կարիքավորներին ծառայելու համար։ Գրի առեք ձեր գաղափարները և գործեք ստացած տպավորությունների համաձայն:

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթը տվել է հետևյալ խորհուրդը․ «Մարդը, որը լցված է Աստծո սիրով, չի մտածում միայն իր ընտանիքին օրհնել, այլ՝ ողջ աշխարհին, փափագելով օրհնել ողջ մարդկային ցեղը»: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստծո սիրով լցված մարդը ցանկանում օրհնել ողջ մարդկությունը: Ինչպե՞ս կարող եք կիսվել Աստծո սիրով ուրիշների հետ։ Ինչպե՞ս կարող են ձեր սիրո և բարության գործերը փոխել նաև ձեզ։

Սովորեք միասին

  • Միասին կարդացեք Ղուկաս 10․25-37 հատվածները: Կարող եք դիտել նաև «Parable of the Good Samaritan» (4․55) տեսանյութը: Եթե սովորում եք երեխաների հետ, նրանք կարող են հաճույք ստանալ առակը դերերով կատարելուց։ Հետո կարող եք խոսել այն մասին, թե ինչպես սամարացին հնազանդվեց իր մերձավորին սիրելու պատվիրանին։ Կարող եք նաև քննարկել քահանայի և ղևտացու գործողությունները։ Որո՞նք են պատճառները, որ երբեմն չենք ծառայում կարիքավորներին: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ խոչընդոտները: Կարող եք պատմել մի քանի դեպքեր, երբ ծառայել եք որևէ կարիքավորի, կամ երբ ինչ-որ մեկը ծառայել է ձեզ, և թե ինչպես եք զգացել։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպատակ դնել մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր ծառայել ինչ-որ մեկին, իսկ հետո կիսվել իր փորձառություններով։

  • Կարդացեք Մոսիա 2.17 հատվածը և խոսեք այն մասին, թե ինչպես եք ծառայում Աստծուն, երբ ծառայում եք ուրիշներին։ Այնուհետև կարող եք դիտել «Day of Service» (5․08) տեսանյութը: Ինչպե՞ս օրհնվեցին տեսանյութի մարդիկ, երբ ծառայեցին: Ինչպե՞ս օրհնվեց համայնքը: Մտածեք, թե ինչպես կարող եք խմբով մասնակցել ծառայության օրվան։ Կարող եք ուսումնասիրել JustServe.org կայքը գաղափարների համար:

Իմացեք ավելին

տղամարդն օգնում է կնոջը տանել գնումները

Բաժին 2

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ հոգ ենք տանում կարիքավորների մասին

Հիսուս Քրիստոսն ուրիշներին ծառայելու և օգնելու մեր մեծ օրինակն է, Նա իսկապես «շրջում էր՝ բարիք գործելով» (Գործք առաքելոց 10․38): Որպես Նրա Եկեղեցու անդամներ՝ մենք հրավիրված ենք հոգ տանել մեր շուրջը գտնվողների մասին (տես Մոսիա 18.8-10

Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ձգտում ենք տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում նրանց՝ որպես անսահման արժեք և աստվածային ներուժ ունեցողներ։ Մենք օգնում ենք նրանց նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքները հոգալու հարցում։ Փրկիչը կերակրեց քաղցածներին և մխիթարեց նրանց, ովքեր ցավ էին ապրում (տես, օրինակ, Մատթեոս 14.14-21, Ղուկաս 7.11-15): Մենք նույնպես կարող ենք այդպես անել: Օրինակ՝ դա կարող է նշանակել կարիքի մեջ գտնվող հարևանին սնունդ տանել, նստել և լսել հարազատ կորցրած ընկերոջը կամ օգնել հիվանդին հոգ տանելու հարցում։ Մենք սպասավորում ենք ուրիշներին՝ առանց ակնկալելու, որ դրա դիմաց ինչ-որ բան կստանանք։

Մտորելու հարցեր

  • 2010 թվականի ապրիլյան գերագույն համաժողովին նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Ընդօրինակելով [Հիսուս Քրիստոսի] կատարյալ օրինակը, մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը»: Ի՞նչ է նշանակում, որ ձեր ձեռքերը, աչքերը և սիրտը Փրկչի ձեռքերն են, աչքերը և սիրտը: Ինչպե՞ս է այսպիսի մտածելակերպը նպաստում ուրիշներին ծառայելուն։ Կարդացեք Ա Հովհաննես 3.17-19 հատվածները և խորհեք, թե ինչ է այն սովորեցնում կարիքավորների մասին հոգ տանելու վերաբերյալ։ Ինչպե՞ս են այս հատվածները ոգեշնչում ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ դուք ծառայում եք ձեզ շրջապատող մարդկանց։ Կարող եք մտածել մեկի մասին, ով օգնության կամ քաջալերանքի կարիք ունի և անանուն ծառայություն կատարեք այդ անհատի համար։ Կամ գուցե ծառայեք ինչ-որ մեկին՝ լսելով նրա անհանգստությունների մասին կամ լինելով իսկական ընկեր։ Այնուհետև կարող եք գրի առնել ձեր մտքերն այդ փորձառության մասին։

  • Կարող եք կարդալ կամ երգել օրհներգի բառերը կարիքավորներին օգնելու մասին, ինչպես օրինակ՝ «Lord, I Would Follow Thee» կամ «Because I Have Been Given Much»։ Մինչ մտածում եք երգի խոսքերի մասին, խորհեք, թե ինչպես եք դուք հետևում Փրկչին, երբ ծառայում եք ուրիշներին: Ի՞նչ օրհնություններ եք ստացել, որոնցով կարող եք կիսվել ձեր շուրջը գտնվողներին բարձրացնելու համար այնպես, ինչպես Նա արեց:

Միասին սովորելու միջոցառում

  • Երեց Գերիթ Վ. Գոնգն ուսուցանել է. «Մենք ավելի շատ ենք նմանվում Հիսուս Քրիստոսին, երբ «այս փոքր եղբայրների» հետ վարվում ենք այնպես, ինչպես կվարվեինք Նրա հետ [տես Մատթեոս 25․35–40], երբ սիրում ենք մեր մերձավորին այնպես, ինչպես ինքներս մեզ Մարկոս 12․31], երբ հետևում ենք «սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի» [Հովհաննես 13․34], և «ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի» [Մատթեոս 20․26] կոչերին»։

    «Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, ձգտում ենք ուրիշներին սպասավորել այնպես, ինչպես Նա կաներ, քանի որ մարդիկ սպասում են կյանքի փոփոխությանը»:

    Կարող եք խոսել Հիսուս Քրիստոսի ծառայելու որոշ եղանակների մասին (տես Մատթեոս 14.13-21, Մարկոս 2.1-12, Ղուկաս 17.11-19, Հովհաննես 9.1-7, 11.1-44): Այդ պատմություններից մի քանիսի նկարները կարող եք փնտրել նաև Ավետարանի արվեստի գրքում կամ Ավետարանի գրադարանում տեղադրված «Տեսանյութեր և պատկերներ» ժողովածուում: Կիսվեք միմյանց հետ, թե ինչն է ձեզ տպավորում նրանում, թե ինչպես էր Փրկիչը հոգ տանում կարիքավորների մասին։ Այնուհետև կարող եք ընտրել մի բան Փրկչի ծառայության եղանակներից, որին կցանկանայիք հետևել: Մտածեք, թե ինչպես կարող են ձեր արարքներն իսկապես օրհնել նրանց, ովքեր «սպասում են կյանքի փոփոխությանը»։

Իմացեք ավելին

եկեղեցում հավաքվածներ

Բաժին 3

Մենք հոգ ենք տանում ուրիշների մասին, երբ ծառայում ենք եկեղեցու կոչումներում

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին կարևոր պարտականություններ տվեց, որ իրականացնեն Իր Հոր գործը (տես, օրինակ, Ղուկաս 10.1-9)։ Տերը նաև հրավիրում է մեզ մասնակցել Աստծո փրկության և վեհացման գործին այսօր: Ծառայելու այս հնարավորությունները հայտնի են որպես կոչումներ։

Կոչումները պարտականություններ են, տրված Տիրոջից Իր զավակներին, որոնք նրանց հնարավորություն են տալիս ծառայել Իր եկեղեցում և ավելի մոտենալ Նրան և մյուս անդամներին։ Այս կոչումները տրվում են եկեղեցու ղեկավարների միջոցով, ովքեր ոգեշնչում են փնտրում Տիրոջից, նախքան ծառայության հրավերը տալը։ Եկեղեցու յուրաքանչյուր կոչում և հանձնարարություն կարևոր է Աստծո աշխատանքն իրականացնելու և Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու գործում:

Մտորելու հարցեր

  • Մտածեք այն կոչումների կամ պարտականությունների մասին, որոնք ունեցել եք եկեղեցում, մինչ կարդաք Հովհաննես 15.16 հատվածը: Այնուհետև կարդացեք նախագահ Հենրի Բ․ Այրինգի այս միտքը. «Տերը ճանաչում է ձեզ։ Նա գիտի, թե ում վստահի ծառայությունն Իր եկեղեցու յուրաքանչյուր պաշտոնում: Նա ընտրել է ձեզ»: Մտածեք այն «պտղի» մասին, որ տեսել եք ձեր կոչումների կամ նշանակումների ընթացքում։ Ինչո՞ւ է Տերն ընտրել ձեզ ձեր ներկայիս կոչման համար: Ի՞նչ կարող եք անել ձեր ծառայության մեջ, որպեսզի ձեր ծառայությունը մնայուն ազդեցություն ունենա ուրիշների վրա, և «ձեր պտուղը մնա»։

Միասին սովորելու միջոցառում

  • Կարող եք մի քանի քայլ անել, ուրվագծելով ոտնաթաթը, իսկ հետո գրել յուրաքանչյուր ոտնահետքի ներսում մեկ ուղի, որով մենք կարող ենք մոտենալ Քրիստոսին, երբ ծառայում ենք մեր եկեղեցու կոչումներում և հանձնարարություններում: Այնուհետև կարող եք միասին կարդալ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս միտքը. «Եթե Աստծուն ծառայելու և մարդկանց սպասավորելու մեր կոչումներին հավատքով ու հեզությամբ մոտենանք, ապա ծառայության յուրաքանչյուր գործողությունը մեզ մի քայլ առաջ կտանի աշակերտության ճանապարհին»: Այնուհետև կարող եք իրար հետ կիսվել ձեր գրածով։ Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ծառայեք ավելի շատ հավատքով և հեզությամբ ձեր կոչումներում: Գրի առեք ձեր տպավորությունները, այնուհետև գործեք դրանց համաձայն:

Իմացեք ավելին

Այլ աղբյուրներ կարիքավորների մասին հոգ տանելու վերաբերյալ

Հղումներ

  1. Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.2.2, Ավետարանի գրադարան։

  2. Դեյվիդ Ա. Բեդնար, «Իրենց պարտականության ուղու վրա», Լիահոնա, նոյ. 2023, 7։

  3. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 426:

  4. Մի միջոց, որով կարող ենք օգնել բավարարել նյութական կարիքները, ծոմի նվիրատվությունն է:

  5. Եկեղեցու բոլոր չափահաս անդամները և 14 տարեկանը լրացող երիտասարդները կարող են ծառայել որպես որևէ մեկի սպասավորող եղբայր կամ քույր: Այսպես յուրաքանչյուր անդամ օգնում է հոգ տանել և ընկերակցել, բայց նաև իր մասին են հոգ տանում և ընկերակցում։ Լրացուցիչ տեղեկությունների համար տես , Ընդհանուր ձեռնարկ, 21-րդ գլուխ:

  6. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք եք իմ ձեռքերը», Լիահոնա, մայիս 2010, 68

  7. «Lord, I Would Follow Thee», Hymns, հ. 220։

  8. «Because I Have Been Given Much», Hymns, հ. 219։

  9. Գերիթ Վ. Գոնգ, «Սպասավորություն», Լիահոնա, մայիս 2023, 18–19, 16։

  10. Տես Ընդհանուր ձեռնարկ, 30.0:

  11. Տես Ընդհանուր ձեռնարկ, 1.2:

  12. Հենրի Բ․ Այրինգ, «Rise to Your Call», Լիահոնա, նոյ. 2002, 76։

  13. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ձեզանից մեծը», Լիահոնա, մայիս 2017, 80։