2000–2009 թթ․
Ցրված Իսրայելի հավաքումը
Հոկտեմբեր 2006


14:51

Ցրված Իսրայելի հավաքումը

Մենք օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմերում։

«Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր հավատքի, ձեր նվիրվածության և ձեր սիրո համար։ Մենք վիթխարի պատասխանատվություն ունենք լինելու այնպիսին, ինչպիսին Տերն է ուզում մեզ տեսնել, և անելու այն, ինչ Նա է ցանկանում, որ մենք անենք: Մենք մասն ենք կազմում մի շարժման, որը ցրված Իսրայելի հավաքումն է։ Ես այսօր խոսում եմ այդ վարդապետության մասին, քանի որ այն եզակի նշանակություն ունի Աստծո հավերժական ծրագրում։

Աբրահամի ուխտը

Հին ժամանակներում Տերն օրհնեց Հայր Աբրահամին և խոստացավ, որ նրա սերունդը կդարձնի ընտրյալ ժողովուրդ։ Այս ուխտին վերաբերող հղումներ կարելի է գտնել բոլոր սուրբ գրություններում: Այդ խոստումների թվում էին՝ Աստծո Որդին կսերի Աբրահամի տոհմից, որոշ երկրներ կտրվեն ժառանգություն, երկրի ազգերն ու ցեղերը կօրհնվեն նրա սերնդի միջոցով և այլն: Թեպետ այդ ուխտի որոշ մասերն արդեն կատարվել են, Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ Աբրահամի ուխտը կկատարվի միայն այս վերջին օրերին: Այն նաև կարևորում է, որ մենք Տիրոջ ուխտյալ ժողովրդի շարքում ենք: Մեր պարտականությունն է՝ անձամբ մասնակցել այս խոստումների կատարմանը: Ի՜նչ հրաշալի ժամանակ է ապրելու համար։

Իսրայելը ցրվեց

Լինելով Աբրահամի հետնորդներ, հին Իսրայելի ցեղերը կարող էին ստանալ քահանայության իշխանություն և ավետարանի օրհնություններ, բայց, ի վերջո, մարդիկ ապստամբեցին: Նրանք սպանեցին մարգարեներին և պատժվեցին Տիրոջ կողմից: Տասը ցեղերը գերեվարվեցին Ասորեստանի կողմից: Այդտեղից սկսած՝ մարդիկ կորցրին նրանց գրանցումները։ (Ակնհայտ է, որ տասը ցեղերը կորած չեն Տիրոջ համար։) Մնացած երկու ցեղերը կարճ ժամանակ գոյատևեցին, ապա ապստամբության պատճառով գերեվարվեցին Բաբելոնի կողմից։ Երբ նրանք վերադարձան, նրանք հովանավորված էին Տիրոջ կողմից, բայց կրկին Նրան չէին պատվում: Նրանք մերժեցին և անարգեցին Նրան: Սիրող, բայց վշտահար Հայրը խոստացավ. «Եւ ձեզ ազգերի մէջ կցրուեմ», և Նա ցրեց բոլոր ազգերի մեջ։

Իսրայելը պետք է հավաքվի

Ցրված Իսրայելի հավաքման Աստծո խոստումը հավասարապես հստակ էր։ Օրինակ՝ Եսայիան կանխատեսում էր, որ վերջին օրերին Տերը «արագընթաց սուրհանդակներ» կուղարկի այս ժողովրդին, ով այնքան «երկայնահասակ և կոկված» էր։

Սուրբ գրությունների բոլոր հատվածներում տեղ գտած հավաքման այս խոստումը կկատարվի նույնքան հաստատ, որքան Իսրայելի ցրման մարգարեությունները:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ժամանակների գագաթնակետին և ուրացությունը

Իր խաչելությունից առաջ Տեր Հիսուս Քրիստոսը հիմնադրեց Իր Եկեղեցին: Այնտեղ կային առաքյալներ, մարգարեներ, յոթանասունականներ, ուսուցիչներ և այլն։ Եվ Վարդապետն իր աշակերտներին ուղարկեց, որ աշխարհին քարոզեն Իր ավետարանը:

Որոշ ժամանակ անց Տիրոջ կողմից հաստատված Եկեղեցին հոգևոր անկում ապրեց: Նրա ուսմունքները փոխվեցին. Նրա արարողությունները փոխվեցին: Տիրեց մեծ ուրացություն, ինչպես կանխագուշակել էր Պողոսը, ով գիտեր, որ Տերն այլևս չի գա «եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Այս մեծ ուրացությունը կրկնեց այն օրինաչափությունը, որով ավարտվել էին նախորդ տնտեսությունները: Առաջին տնտեսությունն Ադամի օրոք էր: Ապա հետևեցին Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի և այլոց տնտեսությունները: Յուրաքանչյուր մարգարե Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթի և վարդապետությունն ուսուցանելու աստվածային հանձնառություն ուներ կատարելու։ Յուրաքանչյուր դարաշրջանում այս ուսմունքները կոչված էին օգնելու ժողովրդին: Բայց նրանց անհնազանդությունը հանգեցրեց ուրացության: Այսպիսով, նախորդ բոլոր տնտեսությունները կարճ էին և նրանց ընդգրկած տարածքը փոքր էր: Դրանք կարճ էին, քանի որ յուրաքանչյուրն ավարտվում էր ուրացությամբ: Դրանց ընդգրկած տարածքը փոքր էր, քանի որ սահմանափակված էր երկիր մոլորակի համեմատաբար փոքր հատվածով:

Բոլոր բաների վերականգնումը

Այսպիսով, անհրաժեշտ էր ամբողջական վերականգնում: Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը կանչեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին լինելու այս տնտեսության մարգարեն: Նրա միջոցով պետք է վերականգնվեին նախորդ տնտեսությունների բոլոր աստվածային զորությունները։ Ժամանակների լրության այս տնտեսությունը չի սահմանափակվի ոչ ժամանակով, ոչ էլ տեղանքով: Դա չէր վերջանա ուրացությամբ, և այն կլցներ աշխարհը:

Իսրայելի հավաքումը․ բոլոր բաների վերականգնման բաղկացուցիչ մասը

Ինչպես մարգարեացել են Պետրոս և Պողոս առաքյալները, բոլոր բաները պետք է վերականգնվեն այս տնտեսությունում։ Հետևաբար, այդ վերականգնման շրջանակներում պետք է տեղի ունենա ցրված Իսրայելի երկար սպասված հավաքումը։ Դա Տիրոջ Երկրորդ Գալուստի անհրաժեշտ սկիզբն է:

Հավաքման այս վարդապետությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կարևոր ուսմունքներից մեկն է: Տերը հայտարարել է. «Ես տալիս եմ ձեզ մի նշան, … երբ ես իմ ժողովրդին կժողովեմ իրենց երկարատև ցրումից, ո՛վ Իսրայելի տուն, և կհաստատեմ կրկին նրանց մեջ իմ Սիոնը»։ Մորմոնի Գրքի ի հայտ գալը մի նշան է ամբողջ աշխարհին, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելը և կատարել ուխտերը, որոնք Նա կապել է Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ: Մենք ոչ միայն ուսուցանում ենք այս վարդապետությունը, այլև մասնակցում ենք դրան: Մենք անում ենք դա, երբ օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմերում:

Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր ունի այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա:

Մեզ համար Աբրահամի հարգարժան անունը կարևոր է: Այն հիշատակվում է Վերականգնման սուրբ գրությունների ավելի շատ հատվածներում, քան Աստվածաշնչի բոլոր հատվածներում: Աբրահամը կապված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամների հետ: Մեր օրերում Տերը վերահաստատել է Աբրահամի ուխտը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Տաճարում մենք ստանում ենք մեր վերջնական օրհնությունները՝ որպես Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդ:

Ժամանակների լրության տնտեսությունը

Ժամանակների լրության տնտեսությունը կանխատեսել էր Աստված՝ որպես հավաքվելու ժամանակ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Պետրոսը գիտեր, որ ուրացության ժամանակաշրջանից հետո գալու է վերականգնում: Նա, ով Տիրոջ հետ էր Կերպարանափոխման սարի վրա, հայտարարեց.

«Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. …

Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»։

Նոր ժամանակներում Տերն ուղարկեց Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին և «[Իր] արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը՝ վերջին ժամանակների համար. և ժամանակների լրության համար, որի ընթացքում [Նա] ի մի կհավաքի բոլոր բաները, ինչ-որ երկնքում է և ինչ-որ երկրի վրա է»։

1830 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեղեկացավ Եղիաս անունով երկնային սուրհանդակի մասին, որն ուներ «բոլոր բաների վերականգնումն» իրականացնելու բանալիները:

Վեց տարի անց Կիրթլենդի տաճարը նվիրագործվեց: Այն բանից հետո, երբ Տերն ընդունեց այդ սուրբ տունը, երկնային սուրհանդակները բերեցին քահանայության բանալիները: Մովսեսը հայտնվեց «և հանձնեց մեզ աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու և հյուսիսային երկրից տասը ցեղերին առաջնորդելու բանալիները:

Դրանից հետո Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ասելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները»։

Ապա եկավ Եղիա մարգարեն և հայտարարեց․ «Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,– վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,–հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը՝ դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով»։

Այդ իրադարձությունները տեղի ունեցան 1836 թվականի ապրիլի 3-ին, և դրանով իրականացավ Մաղաքիայի մարգարեությունը։ Այս տնտեսության սրբազան բանալիները վերականգնվեցին։

Վարագույրի մյուս կողմում գտնվող հոգիների հավաքումը

Բարեբախտաբար, «եկեք Քրիստոսի մոտ» հրավերը կարող է տարածվել նաև նրանց վրա, ովքեր մահացել են առանց ավետարանի գիտելիքի։ Նրանց նախապատրաստության մի մասի համար պահանջվում են ուրիշների երկրային ջանքերը: Մենք հավաքում ենք տոհմաբանական աղյուսակներ, ստեղծում ընտանեկան խմբերի թերթիկներ և փոխարինաբար կատարում տաճարային աշխատանք՝ հավաքելու մարդկանց Տիրոջ մոտ և դեպի իրենց ընտանիքները:

Մասնակցել հավաքմանը. պարտավորություն ըստ ուխտի

Այստեղ՝ երկրի վրա, միսիոներական աշխատանքը շատ կարևոր է Իսրայելի հավաքման համար։ Ավետարանը սկզբում պետք է քարոզվեր «Իսրայելի տան կորած ոչխարներին»: Հետևաբար, Տիրոջ ծառաները առաջ գնացին և հռչակեցին Վերականգնումը: Շատ ազգերի մեջ մեր միսիոներները փնտրել են ցրված Իսրայելի մասնիկներին, նրանք «բռնել են» նրանց «վէմերի ծակերից» և որսացել են, ինչպես հնադարյան ժամանակներում:

Քրիստոսի մոտ գալը ֆիզիկական տեղակայման խնդիր չէ, դա անձնական պարտավորվածության խնդիր է: Մարդիկ «կբերվեն Տիրոջ իմացությանը» առանց հեռանալու իրենց հայրենի երկրից: Եկեղեցու վաղ շրջանում ճշմարիտ դարձի գալը հաճախ նշանակում էր նաև արտագաղթ։ Բայց հիմա հավաքումը տեղի է ունենում յուրաքանչյուր ազգի մեջ: Տերը հայտարարել է Սիոնի հաստատումը յուրաքանչյուր արքայության մեջ, որտեղ Նա ծնունդ և ազգություն է շնորհել Իր Սրբերին: Սուրբ գրությունները կանխագուշակում են, որ մարդիկ «կժողովվեն տուն՝ դեպի իրենց ժառանգության հողերը և կհաստատվեն բոլոր իրենց խոստումի երկրներում»: «Յուրաքանչյուր ազգ իր ժողովրդի հավաքատեղին է»։ Բրազիլիայի Սրբերի հավաքման վայրը Բրազիլիան է, Նիգերիայի Սրբերի հավաքման վայրը Նիգերիան է, Կորեայի Սրբերի հավաքման վայրը Կորեան է և այլն։ Սիոնը «սրտով մաքուրներն են»: Սիոնն այնտեղ է, որտեղ ապրում են արդար Սրբերը: Հրապարակումները, շփումները և ժողովներն այժմ այնպիսին են, որ գրեթե բոլոր անդամները կարող են օգտվել ավետարանի վարդապետություններից, բանալիներից, արարողություններից և օրհնություններից՝ անկախ իրենց գտնվելու վայրից:

Հոգևոր ապահովությունը միշտ կախված կլինի նրանից, թե ինչպես է մարդն ապրում, ոչ թե` որտեղ է ապրում: Յուրաքանչյուր երկրում ապրող սրբերը հավասարապես կարող են ստանալ Տիրոջ օրհնությունները:

Ամենազոր Աստծու այս աշխատանքը ճշմարիտ է: Նա ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է, որը վերականգնվել է իր աստվածային ճակատագիրն իրականացնելու նպատակով, այդ թվում՝ Իսրայելի խոստացված հավաքումը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Աստծո մարգարեն է այսօր: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Ծննդոց 12․1–2, Վ&Ու 132․29–32, Աբրահամ 2․6–11։

  2. Տես Ծննդոց 26․1–4, 24, 28, 35․9–13, 48․3–4, Հովհաննես 8․33, 39, Գործք առաքելոց 3․25, 1 Նեփի 17․40, 2 Նեփի 29․14, Հակոբ 5, Եթեր 13․7–8, Վ&Ու 52․2։

  3. Օրինակ՝ տես 1 Նեփի 15․12–18։

  4. Տես 1 Նեփի 14․14, 15․14, 2 Նեփի 30․2, Մոսիա 24․13, 3 Նեփի 29․3, Մորմոն 8․15, Վ&Ու 133․26–34։

  5. Ղևիի ցեղը քահանաներ էր տալիս ժողովրդին և չպետք է համարվեր որպես ցեղ կամ ցեղային ժառանգություն ստանար: Հովսեփի երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին, տրվեց հողային ժառանգություն: Նրանք իրենց հայր Հովսեփի փոխարեն, համարվում էին ցեղերի թվում։ Այսպիսով պահպանվեց տասներկու ցեղերի թիվը:

  6. Ղևտացոց 26․33, տես նաև Երեմիա 9․16։

  7. Տես Ծննդոց 22․16–18, 3 Նեփի 20–22, Աբրահամ 2․10–11։

  8. Եսայիա 18․2, 7։

  9. Տես Ղևտացոց 26․44, Երկրորդ Օրինաց 4․27–31, 28, 29, 30․2–5, Նեեմիա 1․9, Եսայիա 11․11–12, Երեմիա 31․7–8, 10–12, Եզեկիել 37․21–22, Ամովս 9․14–15, Մատթեոս 24․31, Հակոբ 6․2, տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Ելքը կրկնվեց», Լիահոնա, ապրիլ. 2002, 30–39, Ensign, հուլիս 1999, 6–13։

  10. Տես Ղուկաս 10․1, 17, Եփեսացիս 4․11, Հավատո Հանգանակ 1․6։

  11. Տես Մատթեոս 28․19–20, Մարկոս 16․15։

  12. Բ Թեսաղոնիկեցիս 2․3։ «Ապստամբությունը» հունարեն apostasia բառից թարգմանաբար նշանակում է «ուրացություն»։

  13. Տես Վ&Ու 128․18, 132․45։

  14. Տես Եսայիա 27․6։

  15. Տես 1 Նեփի 15․18, տես նաև Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ, 2-րդ պարբերություն։

  16. Տես Վ&Ու 133․17։

  17. 3 Նեփի 21․1:

  18. Տես Ծննդոց 12․2–3, 26․3–4, 35․11–12, բաժնի վերնագրերը 3 Նեփի 21-ի համար, 29։

  19. Իսրայելի տան ցրման և հավաքման հետ կապված վարդապետությունները Մորմոնի Գրքում ուսուցանվող ամենավաղ դասերից են. «Իսրայելի տան ցրվելուց հետո նրանք նորից կհավաքվեն. … ձիթենու բնական ճյուղերը, կամ Իսրայելի տան մնացորդը, կպատվաստվի կամ կգա ճշմարիտ Մեսիայի՝ իրենց Տիրոջ և իրենց Քավչի իմացությանը» (1 Նեփի 10․14

  20. See Bruce R. McConkie, A New Witness for the Articles of Faith (1985), 554.

  21. Աբրահամը հիշատակվում է սուրբ գրությունների 506 հատվածներում. 216-ը՝ Աստվածաշնչում, իսկ 290-ը՝ Վերականգնման սուրբ գրություններում:

  22. Ուխտը կարելի է նաև ստանալ որդեգրմամբ (տես Մատթեոս 3․9, Ղուկաս 3․8, Գաղատացիս 3․26–29, 4․5–7, Աբրահամ 2․9–10

  23. Տես Վ&Ու 124․58, 132․31–32։

  24. Տես Վ&Ու 84․33–40, 132․19, Աբրահամ 2․11։

  25. Գործք Առաքելոց 3․19, 21։

  26. Վ&Ու 27․13։ Պողոս Առաքյալը նույնպես մարգարեացել է մեր օրերի մասին․ «Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, [Տերը] ամեն բան կբովանդակի Քրիստոսումը, ինչ-որ երկնքումն է՝ եւ ինչ-որ երկրումը, նորանում» (Եփեսացիս 1․10

  27. Վ&Ու 27․6։

  28. Պատշաճ էր, որ Մովսեսը, ով նախ առաջնորդել էր Աստծո ժողովրդին դեպի իրենց ժառանգության հողը, լիներ այն անձը, ով պետք է վերականգնված Եկեղեցուն հանձներ Իսրայելի հավաքման բանալիները։ Մովսեսը Կերպարանափոխության սարի վրա եկել էր Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի մոտ և այնտեղ նրանց օրոք քահանայության նույն բանալիներն էր շնորհել: 1840 թվականի ապրիլի Եկեղեցու համաժողովին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանձնարարեց Օրսոն Հայդին գնալ Երուսաղեմ և այնտեղ երկիրը նվիրագործել հրեաների և ցրված Իսրայելի վերադարձի համար։ 1841 թվականի հոկտեմբերի 24-ին՝ կիրակի օրը, Երեց Հայդը ծնկի իջավ Ձիթենյաց սարի վրա և այդ երկիրը նվիրագործեց հրեաների և Իսրայելի հավաքման համար՝ միացնելով այն նրանց հնադարյան ժառանգությանը։

  29. Վ&Ու 110․11-12։

  30. Վ&Ու 110․14-15։

  31. Հատկանշական է այն փաստը, որ Մովսեսը, Եղիասը և Եղիան եկան Զատիկի կիրակի օրը՝ Զատիկի սկզբում:

  32. Տես Մաղաքիա 4․5–6։

  33. Տես Վ&Ու 110․16։

  34. Հակոբ 1․7, Օմնի 1․26, Մորոնի 10․30, 32, Վ&Ու 20․59։

  35. Տես Վ&Ու 137․6-8։

  36. Տես Ա Կորնթացիս 15․29, Ա Պետրոս 4․6։

  37. Մատթեոս 10․6, 15․24։

  38. Տես Երեմիա 16․16։

  39. 3 Նեփի 20.13։

  40. Տես Վ&Ու 6․6, 11․6, 12․6, 14․6։

  41. 2 Նեփի 9․2:

  42. Bruce R. McConkie, in Conference Report, Mexico City Mexico Area Conference 1972, 45.

  43. Վ&Ու 97․21։