Գրադարան
Ամուսնություն


«Ամուսնություն», Թեմաներ և հարցեր (2023)

երիտասարդ զույգը քայլում է

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Ամուսնություն

Կնոջ և ամուսնու՝ հավերժության համար միավորվելու ներուժը

Շատերը մեծ ուրախությամբ ու ակնկալիքով են սպասում ամուսնությանը։ Ամուսնության մեջ կա մի յուրահատուկ գեղեցիկ և հուսալի բան։ Նրանք, ովքեր նշանադրված են ամուսնանալու համար, ոգևորված են նոր կյանք սկսելու այն մարդու հետ, որին սիրում են բոլորից առավել։

Ամուսնանալուց հետո մենք պետք է աշխատենք, որ այդ ամուսնությունը լինի առողջ և ամուր։ Ամուսնության օրվանից շատ աշխատանք, խոնարհություն, ներում և նվիրվածություն է պահանջվում երջանիկ, հարատև ամուսնություն հաստատելու համար։ Սակայն պարգևն արժանի է ջանքերին։ Տիրոջ տանը կատարված սրբազան արարողությունների և ուխտերի միջոցով ամուսնական հարաբերությունները կարող են հարատև լինել: Տաճարային ամուսնությունը կոչվում է նաև սելեստիալ ամուսնություն: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «սելեստիալ ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն»:

Ի՞նչ է ամուսնությունը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուսուցանում է, որ կնոջ և տղամարդու միջև ամուսնությունը կարգված է Աստծուց (տես Վարդապետություն և Ուխտեր 49.15, «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան): Տաճարում կնքված ամուսինները ուխտ են կնքում Աստծո և միմյանց հետ։ Եթե նրանք հավատարիմ մնան իրենց ուխտերին, նրանց ամուսնությունը կարող է հավերժ տևել։

Թեմայի ակնարկ․ Ամուսնություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հավիտենական ուխտ, Ընտանիք, Օժտման և կնքման արարողություններ

Բաժին 1

Ամուսնությունն առանցքային է Աստծո ծրագրում

զույգը միասին ծիծաղում է

Մենք Աստծո հավերժական ընտանիքի մի մասն ենք, և Երկիր գալուց առաջ մենք ապրում էինք երկնքում՝ մեր Երկնային Հոր և Երկնային Մոր հետ: Այնտեղ մեզ սովորեցնում էին մի ծրագրի մասին, որը մեզ հնարավորություն կտար սովորել ու աճել։ Մենք՝ որպես այդ ծրագրի մաս, երկիր եկանք ընտանիքներով․ այս ընտանիքները կարող են օգնել մեզ առաջադիմել և ավելի նմանվել Աստծուն։

Ամուսնությունը կենտրոնական դեր ունի Աստծո՝ Իր զավակների համար ստեղծած ծրագրում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ ամուսնությունը «երկնային հաստատություն է, որն առաջին անգամ հանդիսավորվել է Եդեմի պարտեզում հենց Աստծո կողմից՝ հավիտենական քահանայության իշխանությամբ»: Երբ մեր ընտանիքները հավերժության համար կնքվում են Տիրոջ տանը՝ քահանայության այդ նույն զորության միջոցով, մենք հետևում ենք հավերժական, աստվածատուր օրինակին, որը հաստատվել է նախաերկրային կյանքում:

Աստծո կողմից ամուսնությունը հաստատելու պատճառներից մեկն այն է, որ մենք կարողանանք ավելի լավ սովորել միմյանցից և հոգ տանել միմյանց մասին։ Ամուր ամուսնությունները հանգեցնում են ավելի ամուր ընտանիքների, որոնք օգնում են մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը: Ավելի ամուր ընտանիքները կարող են նաև ավելի ամուր համայնքների հիմք լինել երկրի վրա։ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքների վրա հիմնված ամուսնությունները կարող են օգնել մեզ աճել և զգալ մեր ամենամեծ ուրախությունները այս կյանքում: Դրանք նաև կարող են օգնել նախապատրաստել մեզ հավերժական կյանքին՝ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Մտորելու հարցեր

  • Երեց Ուլիսես Սոարեսն ասել է․ «Ամուսնական հարաբերություններում չկա գերազանցություն կամ թերարժեքություն, և ոչ մեկը մյուսի առջևից կամ հետևից չի քայլում: Նրանք քայլում են կողք կողքի, ինչպես հավասարը հավասարի հետ, ինչպես Աստծո աստվածային սերունդը: Նրանք մեկ են դառնում են մտքով, ցանկությամբ և նպատակով՝ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ … [Այդպիսի զույգերը] միասին [քայլում են] հարգանքով, երախտագիտությամբ և սիրով, մոռանալով իրենց մասին և ձգտելով միմյանց բարօրությանը՝ դեպի հավերժություն իրենց ճամփորդության ընթացքում»: Մտածեք ձեր սեփական «ճամփորդության մասին դեպի հավերժություն» որպես Աստծո ծրագրի մի մաս։ Ինչպե՞ս է կողակցի հետ «կողք կողքի քայլելը» օգնում ձեզ այդ ճամփորդության ժամանակ։ Եթե ամուսնացած եք, ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեր կողակցի հետ այս ճամփորդության ժամանակ ավելի մեծ հարգանք, երախտագիտություն և սեր դրսևորեք։ Կարող եք նաև պլանավորել մի հատուկ բան, որը կանեք ձեր կողակցի համար։ Գրի առեք ձեր տպավորությունները և գործեք ըստ դրանց:

  • Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է նրանց մասին, ում համար ամուսնությունը և դրա հետ կապված որոշ օրհնություններ ներկա իրականություն չեն.

    «Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից բազմաթիվ պատճառներով, ինչպիսին են, օրինակ՝ իրատեսական հեռանկարների բացակայությունը, նույն սեռի հանդեպ համակրանքը, ֆիզիկական կամ մտավոր խանգարումները կամ պարզապես ձախողվելու վախը, որն առնվազն մի պահ ստվերում է թողնում հավատքը։ Կամ միգուցե դուք ամուսնացել եք, սակայն այդ ամուսնությանը վերջ է դրվել, և դուք մենակ եք թողնվել հաղթահարելու այն, ինչը երկուսը միասին հազիվ են կարողանում գլուխ բերել։ Ձեզանից ոմանք, ովքեր ամուսնացած են, չեն կարողանում երեխաներ ունենալ՝ անկախ մեծ ցանկությունից ու աղերսալի աղոթքներից։

    «…Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար նախատեսված չէ, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար»։

    Ի՞նչ եք գտնում երեց Քրիստոֆերսոնի խոսքերում, որ կարող է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին, որը չի ստացել ամուսնության օրհնությունները կամ չի զգում այդ օրհնությունները հենց հիմա: Ինչպե՞ս է Աստված օրհնում «նրանց, ովքեր դառնում են դեպի Նա» իրենց «զրկանքների և կորստի» ժամանակ։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.36-42 հատվածները ձեր ամուսնու կամ ուրիշների հետ և քննարկեք, թե ինչպես է այս հատվածն առնչվում ամուսնությանը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին տվել է հետևյալ խորհուրդը. «Ես համոզված եմ, որ եթե մենք փնտրեինք առաքինությունները միմյանց մեջ և ոչ արատները, մեր ժողովրդի տներն ավելի շատ երջանկությամբ լցված կլինեին: Շատ ավելի քիչ ամուսնալուծություն կլիներ, առավել ևս անհավատարմություն, շատ ավելի քիչ բարկություն, զայրույթ, չարակամություն ու վեճ։ Կլիներ ավելի շատ ներում, ավելի շատ սեր, ավելի շատ խաղաղություն, ավելի շատ երջանկություն: Այնպես, ինչպես Տերը կկամենար»: Քննարկեք, թե հիշելով, որ ամուսնությունը երջանկության ծրագրի կենտրոնական մասն է, ինչպես կարող ենք օգնել մեզ հետևել նախագահ Հինքլիի խորհրդին։ Այնուհետև կարող եք կիսվել մտքերով, թե ինչպես ավելի շատ երջանկություն գտնել ամուսնության մեջ։

Իմացեք ավելին

Բաժին 2

Տաճարային արարողությունների և ուխտերի շնորհիվ ամուսնությունը կարող է լինել հավերժական

տարեց զույգը տաճարի մոտ

1843 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը թելադրեց մի հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 132 բաժնում, որը ներառում էր հավերժական ամուսնության վարդապետությունը։ Այս վարդապետությունն ասում է, որ ամուսնությունը, եթե կնքվել է քահանայության իշխանությամբ և խոստումի Սուրբ Հոգով, վավերական է և՛ երկրի վրա, և՛ հավերժությունում։ Հավերժական ամուսնությունը կոչվում է նաև սելեստիալ ամուսնություն կամ «ամուսնության նոր և հավիտենական ուխտ» (Doctrine and Covenants 131.2): Դա հնարավոր է դարձել քահանայության արարողության միջոցով, որը կոչվում է տաճարային կնքում։ Այս սուրբ արարողությունը տեղի է ունենում Տիրոջ տանը:

Հավերժական ամուսնությունը ուխտի կապ է ստեղծում ամուսնու, կնոջ և Տիրոջ միջև: Հավերժական ամուսնության ուխտն անհրաժեշտ է վեհացման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1-4)։ Եթե մենք հավատարիմ մնանք այս ուխտին, մեր ամուսնական և ընտանեկան հարաբերությունները կարող են հարատև լինել:

Մտորելու հարցեր

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.19-20 հատվածները և խորհեք, թե ինչ են ուսուցանում այս հատվածներն ամուսնական ուխտի մասին։ Քույր Ջուլի Բ. Բեքն ուսուցանել է. «Տղամարդիկ և կանայք, ովքեր մտնում են ուխտով հաստատված տաճարային ամուսնության լիարժեք համագործակցության մեջ, հավասարապես կիսում են այդ ուխտի օրհնությունները, եթե մնում են հավատարիմ [տես Վարդապետություն և Ուխտեր 131.1-2]։ Տերն ասել է, որ նրանց ուխտը ուժի մեջ կլինի այս կյանքից հետո, և նրանց միասին խոստացվել է զորություն և վեհացում [տես Վարդապետություն և Ուխտեր 132.19-20]»։ Ինչպե՞ս կարող են ուխտի ամուսնության խոստացված օրհնություններն օգնել ամուսնական զույգին հավատարիմ մնալ միմյանց դժվարին ժամանակներում։

Քարե տուն Գերմանիայում
  • Աստված ցանկանում է, որ մենք ունենանք ոչ թե ցանկացած տեսակի ամուսնություն, այլ հավերժական, ուխտի ամուսնություն։ Երեց Բրյուս Ս․ Հաֆենն ուսուցանել է․ «Երբ դժվարություններ են առաջանում ուխտի ամուսնության մեջ, ամուսինը և կինը միասին աշխատում են՝ դրանք հաղթահարելու համար։ Նրանք ամուսնանում են տալու և աճելու համար՝ ուխտերով կապված լինելով միմյանց, համայնքի և Աստծո հետ»: Առաջին նախագահությունում ծառայելիս նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Փառահեղ ամուսնությունները կառուցվում են քարը քարին դնելով, օր-օրի՝ ողջ կյանքի ընթացքում»: Նայեք քարե տան նկարին և մտածեք այն «քարերի» մասին, որոնք ամուր ամուսնության կբերեն։ Կարող եք կարդալ նախագահ Ուխդորֆի համաժողովի «Գովք փրկարարներին» ուղերձը և խորհել այն խորհրդի շուրջ, որը նա տալիս է ամուսիններին և կանանց: Ի՞նչ «քարեր» կարող եք դնել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, որպեսզի ամրացնեք ձեր ամուսնությունը կամ պատրաստվեք ամուր ամուսնությանը։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Մեր ամուսնությունն ամրացնելու ջանքերը մեծ ազդեցություն են թողնում ապագայի վրա։ Մեր ամուսնությունը անդրադառնում է ոչ միայն մեր և մեր կողակցի վրա, այլև մեր երեխաների և նրանց երեխաների վրա՝ ողջ հավիտենության ընթացքում։ Երեց Մեթյու Լ․ Քարփենթերն իր «Պտուղ, որը մնում է» ուղերձում խոսել է մեր ամուսնական ուխտի «պտուղը» պահպանելու կարևորության մասին և համեմատել այն շշերի մեջ միրգը խնամքով պահեստավորելու հետ: Նա ուսուցանել է․ «Եթե մենք Աստծո հետ ուխտեր ենք կապում ու պահում, ապա մեր ուխտերի հետ կապված օրհնությունները կարող են տարածվել այս կյանքից հետո և կնքվել մեզ վրա կամ պահպանվել հավիտյան՝ դառնալով պտուղ, որը մնում է հավիտյան»։ Կարող եք կարդալ կամ լսել այս ուղերձը և միևնույն ժամանակ միասին վայելել պահածոյացված մրգեր։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարելի է սնուցել ամուսնությունը, որպեսզի ստեղծել «պտուղ, որը մնում է» այս կյանքից հետո և ողջ հավիտենության ընթացքում:

  • Ամուսնական զույգերի մեծ մասը ժամանակ առ ժամանակ դժվարություններ է ունենում, և երբեմն թվում է, թե հավերժական ամուսնությունը անհասանելի է։ Բայց նախագահ Հինքլին տվել է հետևյալ խորհուրդը․ «Ամուսնությունների լարվածության մեծամասնության համար բուժումը ամուսնալուծությունը չէ: Այն գտնվում է ապաշխարության և ներման մեջ, բարության և մտահոգության արտահայտությունների մեջ: Այն գտնվում է Ոսկե Կանոնի կիրառման մեջ»։ Եթե ձեր ամուսնության մեջ դժվարություններ են առաջանում, միասին խոսեք այն մասին, թե ձեր ուխտերը հիշելն ինչպես կարող է օգնել ձեզ փոփոխություններ անել, որոնք կցանկանայիք տեսնել։ Ընտրեք մի խնդիր, որն ունեցել եք ձեր ամուսնության մեջ, և միասին աշխատեք լուծել այն (Եկեղեցու Strengthening Marriage ուղեցույցը ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք կարող են օգնել): Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք վստահելի անհատից (օրինակ՝ եկեղեցու ղեկավարից, հոգեբանից կամ ամուսնական խորհրդատուից)։

Իմացեք ավելին

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Լիահոնա, նոյեմբեր 2008, 93:

  2. In History, 1834–1836, page 136, josephsmithpapers.org.

  3. Տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  4. Ուլիսես Սոարես «Տիրոջ հետ գործընկերության մեջ», Լիահոնա, նոյ․ 2022, 42-43։

  5. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52։

  6. Գորդոն Բ. Հինքլի, «Living Worthy of the Girl You Will Someday Marry», Ensign, մայիս 1998, 51:

  7. Ջուլի Բ. Բեք, «An Outpouring of Blessings», Liahona, մայիս 2006, 12։

  8. Բրյուս Ս․ Հաֆեն, «Covenant Marriage», Ensign, նոյ. 1996, 26։

  9. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Գովք փրկարարներին», Լիահոնա, նոյ. 2016, 78։

  10. Մեթյու Լ․ Քարփենթեր, «Պտուղ, որը մնում է», Լիահոնա, մայիս 2024, 62:

  11. Գորդոն Բ. Հինքլի, «The Women in Our Lives», Liahona, նոյ. 2004, 84։