Գրադարան
Օժտման և կնքման արարողություններ


«Օժտման և կնքման արարողություններ», Թեմաներ և հարցեր (2023)

Կինը քայլում է տաճարի դիմաց

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Օժտման և կնքման արարողություններ

Ինչպես է Աստված Իր զավակներին տուն ուղղորդում

Պատկերացրեք, որ երկար ճանապարհորդություն եք գնում։ Ճանապարհը նեղ է և երբեմն դժվար է գտնել, բայց ճանապարհի որոշակի ուղեցույցների շնորհիվ դուք գիտեք, որ ճիշտ ուղղությամբ եք գնում: Յուրաքանչյուրին հասնելուն պես դուք ավելի եք մոտենում ձեր նպատակին։ Ի վերջո, ճանապարհորդության վերջում հետ եք նայում և տեսնում, թե ինչպես են այդ ուղեցույցներն օգնել ձեզ հասնել ձեր նպատակակետին։

Ավետարանում օժտման և կնքման արարողությունները նման են նեղ ճանապարհի ուղեցույցների: Դրանք երկուսն էլ կարևոր են, քանի որ օգնում են ձեզ կյանքի ընթացքում՝ ձեզ ավելի մոտեցնելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Յուրաքանչյուրը ձեզ տուն է ուղղորդում՝ Նրանց մոտ՝ օգնելով ձեզ հաղթահարել դժվարությունները, որոնք տանում եք երկրի վրա և նախապատրաստելով ձեզ հավերժական օրհնությունների, որոնք սպասվում են ձեզ գալիք կյանքում։

Որո՞նք են օժտման և կնքման արարողությունները։

Օժտման և կնքման արարողությունները ուխտի ճանապարհի կարևոր մասերն են, որոնք մեզ հետ են տանում դեպի Աստված: Մենք մասնակցում ենք օժտման և կնքման արարողություններին տաճարում: Այս արարողությունների ընթացքում մենք ուխտեր ենք կապում, կամ խոստումներ ենք տալիս Աստծուն։ Եթե հավատարիմ մնանք այս արարողությունների հետ կապված մեր ուխտերին, մենք կարող ենք հավերժական կյանք ստանալ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով:

Թեմայի ակնարկներ․ Օժտում, Կնքում

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ուխտեր և արարողություններ, Տաճարներ, Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Բաժին 1

Օժտման արարողության ընթացքում մենք սուրբ ուխտեր ենք կապում Աստծո հետ

նկար տաճարի ներսից

Արարողություններից մեկը, որը ստանում ենք Տիրոջ տանը, օժտումն է: Օժտումը պարգև է Աստծուց։ Այս սուրբ արարողության կամ ծեսի ժամանակ մենք սովորում ենք Աստծո փրկության ծրագրի և այդ ծրագրում մեր Փրկչի կենտրոնական դերի մասին: Մենք նաև ուխտեր ենք կապում Աստծո հետ: Երկնային Հայրն օրհնում է մեզ այդ ուխտերը կապելու և պահելու համար՝ ավելի հասանելի դարձնելով Իր զորությունը։ Ուխտերը, որոնք կապում ենք որպես օժտման մաս, աճելու և փոխվելու հնարավորություն են տալիս մեզ: Դրանց միջոցով մենք կարող ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին և զգալ խաղաղություն, վստահություն և ուրախություն։

Մեր սեփական օժտումը ստանալուց հետո մենք կարող ենք մասնակցել օժտման արարողությանը մահացածների համար: Հոգիների աշխարհում այդ մահացած մարդիկ կարող են ընտրել ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես նաև նրանց համար կատարվող արարողությունները և ստանալ փրկություն և վեհացում:

Մտորելու հարցեր

  • Օժտման ընթացքում մենք ուխտում ենք ապրել հինգ տարբեր օրենքներով: Կարդացեք այս օրենքների մասին 27.2 բաժնում Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեռնարկում (Ավետարանի գրադարան): Ինչպե՞ս եք արդեն ապրում այս օրենքներով: Ի՞նչ կարող եք անել՝ այդ օրենքներով լիարժեք ապրելու համար: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն այդ օրենքներով ապրելու օրինակը հանդիսանում: Խորհեք, թե ինչպես կարող է այս օրենքներից յուրաքանչյուրով ապրելն օգնել ձեզ ավելի նմանվել Նրան։

  • Մենք բախտավոր ենք, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհում տաճարներ են կառուցվում։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Հասկանալի է, որ յուրաքանչյուր նոր տաճարի հայտարարումը մեծ ուրախության աղբյուր և պատճառ է՝ Տիրոջը շնորհակալություն հայտնելու համար: Սակայն մենք հիմնականում պետք է կենտրոնանանք ուխտերի և արարողությունների վրա, որոնք կարող են փոխել մեր սրտերը և խորացնել մեր նվիրումը Փրկչին, ոչ թե պարզապես շենքի տեղակայման և գեղեցկության վրա»: Ձեր կարծիքով՝ օժտման ուխտերն ու արարողությունները ինչպե՞ս կարող են փոխել ձեր սիրտը: Ինչպե՞ս կարող են դրանք խորացնել ձեր նվիրվածությունը Փրկչի հանդեպ։ Խորհեք, թե ինչպես կարող է օժտման ուխտերի և արարողությունների վրա այս ձևով կենտրոնանալն օգնել ձեզ պատրաստվել վեհացման:

Միասին սովորելու միջոցառումներ

  • «Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա» ելույթում երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը համեմատեց թենիսում «չպարտադրված սխալներից» խուսափելու հետ: Կարդացեք այս համեմատության մասին նրա ուղերձում և քննարկեք, թե ինչ «չպարտադրված սխալներից» ենք խուսափում՝ պահելով օժտման ընթացքում կապած հինգ ուխտերը (տես Ընդհանուր Ձեռնարկ, 27.2): Կարող եք նաև դիտել թենիսի խաղի մի տեսանյութ կամ նույնիսկ թենիս խաղալ, որպեսզի տեսնեք, թե ինչ տեսք ունեն չպարտադրված սխալները։ Այնուհետև քննարկեք ուխտերը պահելու այլ օրհնություններ, որոնցով կիսվում է երեց Քրիստոֆերսոնն իր ուղերձում: Ինչպե՞ս են այս օրհնություններն ամրացնում ուխտի արահետով քայլելու և օժտման պարգևը ստանալու կամ տաճարում ձեր արդեն իսկ կնքած ուխտերը պահելու ձեր ցանկությունը:

  • Օժտման մի մասը ներառում է սրբազան հագուստ կրելը, երբ մենք կապում ենք ուխտեր և կատարում արարողություններ: Քննարկեք այլ իրադարձությունների օրինակներ, երբ հատուկ հագուստ ենք կրում, և թե ինչու է այդ հագուստը կարևոր այդ փորձառության համար։ Այնուհետև կարող եք դիտել «Sacred Temple Clothing» տեսանյութը (4.12), որտեղ բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում տաճարային հագուստը, և ինչու են օժտված անդամներն ամեն օր իրենց հագուստի տակ կրում տաճարային հանդերձներ: Խոսեք այն մասին, թե ինչպես է սրբազան հագուստն օգնում արտահայտել նվիրվածության զգացումները Աստծո հանդեպ և օգնում մեզ ավելի մոտենալ Նրան։ Դուք կարող եք նաև վերհիշել քույր Ջ. Անեթ Դեննիսի «Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով» ելույթը, որպեսզի ավելի շատ բան իմանաք տաճարային հանդերձի մասին: Կամ կարող եք միասին ուսումնասիրել «Temples» ChurchofJesusChrist.org էջը, որպեսզի ավելի օգտակար նյութեր գտնեք տաճարների մասին, ներառյալ այն նյութերը, որտեղ ցույց են տրվում Տիրոջ տունը ներսից: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս նյութերը, որպեսզի օգնեք նրանց, ովքեր կարող են հարցեր ունենալ տաճարի և տաճարային հագուստի վերաբերյալ։

Իմացեք ավելին

Բաժին 2

Կնքման արարողությունը հավիտյան կապում է մեզ Աստծո ընտանիքի և մեր երկրային ընտանիքների հետ

բազմասերունդ ընտանիքը տաճարում

Իր զավակների համար Աստծո որոշ մեծագույն օրհնությունները մատչելի են կնքման արարողության միջոցով: Այս արարողության ընթացքում տղամարդը և կինը մտնում են ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ, երբ նրանք սուրբ ուխտեր են կապում միմյանց և Տիրոջ հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1-4)։ Եթե զույգը հավատարիմ է իրենց ուխտերին, նրանք կարող են հավիտյան կապված լինել Աստծո ընտանիքի և իրենց երկրային ընտանիքի հետ։ Նրանց նաև խոստացվում են հրաշալի օրհնություններ գալիք կյանքում։

Կնքումները կարող են կատարվել մահացածների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան ստանալ հավերժական օրհնություններ և հավիտյան միավորվել իրենց ընտանիքի և Աստծո ընտանիքի հետ: Ինչպես մյուս բոլոր քահանայության արարողությունները, կնքման արարողությունը հասանելի է դարձել Հիսուս Քրիստոսի քավության միջոցով և կարող է մեզ խաղաղություն և նպատակ պարգևել այս կյանքում:

Մտորելու հարցեր

  • Երբ Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալին տվեց «երկնքի արքայության բանալիները», Նա տվեց նրան կնքման զորություն, զորություն՝ տալու օրհնություններ երկրի վրա, որոնք կշարունակվեն երկնքում (տես Մատթեոս 16.19)։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110.13-16, 132.7, 45-46, որպեսզի իմանանք, թե ինչպես այս բանալիները վերականգնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին վերջին օրերում: Այս բանալիներն այժմ կրում է մեր ներկայիս մարգարեն, և դրանք միավորում են ընտանիքները հավերժության համար: Այնուամենայնիվ, կնքման զորությունը «ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ» (Doctrine and Covenants 128.9)։ Ինչո՞ւ կարող է դա այդպես թվալ։ Ինչպե՞ս է ձեզ հույս ներշնչում այն գիտելիքը, որ երկրի վրա կնքված ընտանեկան հարաբերությունները կնքվում են նաև երկնքում։

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տաճարում կնքված ամուսնության ուխտը ուղղակիորեն կապված է Աբրահամի այդ ուխտի հետ: Տաճարում ամուսնական զույգին ծանոթացնում են Աբրահամի, Իսահակի և Հակոբի հավատարիմ սերունդներին վերապահված բոլոր օրհնություններին»: Կարդացեք այս օրհնություններից մի քանիսի մասին Վարդապետություն և Ուխտեր 76.50-60, 132․19 հատվածներում։ Ինչպե՞ս կարող եք լինել «արդար և ճշմարիտ» (Վարդապետություն և Ուխտեր 76.53) Աստծո հետ կապած ձեր ուխտերին, որպեսզի դուք և ձեր սիրելիները կարողանաք ստանալ Նրա մեծագույն խոստումները: Գրի առեք ձեր ստացած յուրաքանչյուր տպավորություն, որից հետո գործեք դրանց համաձայն:

  • Կնքման արարողությունը կատարվում է տաճարում գտնվող սուրբ զոհասեղանի առջև: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է ներկայացնել զոհասեղանը: Այս սուրբ գրությունները կարող են առաջնորդել ձեր մտքերը Ծնունդ 8.20, 26.23-25, 1 Նեփի 2.7, Մովսես 5.5-9։ Ի՞նչ է հուշում ձեզ խորանի խորհրդանիշը կնքման արարողության և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Ավանդաբար կնիքներն օգտագործվել են իրավական փաստաթղթերի, վկայականների կամ կարևոր նամակների համար, որպեսզի ցույց տան, որ դրանք օրինական են: Կարող եք նայել տարբեր տեսակի կնիքների մի քանի նկարներ կամ կարող եք պատրաստել ձերը։ Այնուհետև միասին վերանայեք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Կնքման զորությունը» ելույթը: Ի՞նչ տարբերություններ կան երկրային կնիքի և Աստծո կնքման զորության միջև։ Ի՞նչ օրհնություններ են մեզ հասանելի Նրա կնքման զորության միջոցով: Եթե դուք Տիրոջ տանը կատարել եք կնքման արարողություն ձեր կամ նախնիի համար, կարող եք կիսվել ձեր փորձառությամբ: Ինչպե՞ս եք իմացել, որ Տերը ճանաչում է ձեր կնքման արարողությունը որպես «օրինական» կամ վավերական:

  • Երբեմն բարդ կամ անառողջ ընտանեկան իրավիճակները նվազեցնում են ընտանիքների հետ հավերժ լինելու ցանկությունը: Կամ գուցե ընտանիքի անդամներից մեկը չի հարգել իր ամուսնության ուխտերը, ուստի կասկածում ենք, որ մեր ընտանիքը հավերժ միասին կլինի։ Այսպիսի դեպքերի վերաբերյալ երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքներում տարել են ամուսնալուծության ցավը կամ զգացել են շահագործված վստահության տառապանքը, խնդրում եմ հիշել, որ կրկին դա սկսվում է ձեզանից։ Հնարավոր է, ձեր սերունդների մի օղակ կոտրվել է, բայց մյուս արդար օղակները և շղթայի մնացորդները հավերժորեն կարևոր են։ Դուք կարող եք ամրություն հաղորդել ձեր շղթային և գուցե օգնեք վերականգնել կոտրված օղակները։ Այդ աշխատանքը կիրականացվի մեկ առ մեկ»։ Միասին կարդացեք երեց Բեդնարի խոսքերը, ապա ստեղծեք թղթե շղթա: Այնուհետև յուրաքանչյուրդ կարող եք օղակներից մեկի վրա գրել մի բան, որը կանեք, որպեսզի ամուր կապ լինեք ձեր ընտանիքում՝ Փրկչի կնքման զորության միջոցով:

Իմացեք ավելին