«Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին
Աստծո ծրագրի կարևոր մասը
Պատկերացրեք մի գեղեցիկ ծառ, որի արմատները հասնում են երկրի խորքերը, իսկ ճյուղերը ձգվում են տարբեր կողմեր։ Այս արմատներն ու ճյուղերը միասին աշխատում են, որպեսզի օգնեն ծառին տարեցտարի աճել և ամուր մնալ։
Ինչպես ծառը, այնպես էլ մեր ընտանիքները միավորվում են արմատների և ճյուղերի միջոցով, կամ նախնիների ու սերունդների միջոցով։ Երկուսն էլ կարևոր են մեր ընտանիքների բարգավաճելու հարցում։ Մեր նախնիների մասին սովորելով՝ մենք կարող ենք ստանալ ուժ և աջակցություն: Եվ երբ մենք կատարենք մեր նախնիների տաճարային աշխատանքը, նրանք կստանան կարևոր փրկարար արարողություններ և ուխտեր: Միասին մենք օգնում ենք միմյանց աճել ու զարգանալ՝ ոչ միայն մեր սեփական ընտանիքներում, այլև որպես Աստծո հավերժական ընտանիքի անդամներ։
Ի՞նչ է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը «փրկության և վեհացման աշխատանքի կարևորագույն մասն է»։ Եկեղեցու անդամները արտոնություն և պատասխանատվություն ունեն մասնակցելու իրենց նախնիների անունները գտնելու և ապա տաճարներում նրանց համար փրկարար արարողություններ կատարելու գործին: Մահացածները կարող են ընդունել այդ արարողությունները հոգիների աշխարհում։ Տաճարային աշխատանքի միջոցով ընտանիքները միավորվում և կնքվում են հավերժության համար: Աստված հրավիրում է Իր բոլոր զավակներին ստանալ այդ օրհնությունները և վերադառնալ ապրելու Իր հետ։
Թեմայի ակնարկ․ Ընտանեկան պատմություն
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ընտանիք, Տաճարներ, Փոխարինող արարողություններ մահացածների համար, Ուխտեր և արարողություններ
Բաժին 1
Ընտանեկան պատմության գործը կապում է մեզ մեր նախնիների և մտերիմների հետ
Երբ սովորում, հավաքում և պահպանում ենք մեր նախնիների մասին տեղեկություններ, կարող ենք մեզ ավելի կապված զգալ նրանց հետ, ովքեր ապրել են մեզանից առաջ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր սրտերը դառնում են դեպի մեր նախնիները, ինչ-որ բան փոխվում է մեր մեջ։ Մենք մեզ մաս ենք զգում ինչ-որ մի ավելի կարևոր բանի»: Ընտանեկան պատմության աշխատանքը կարող է նաև ամրապնդել մեր ներկա ընտանեկան հարաբերությունները։ Մեր նախնիների մասին պատմություններով կիսվելը կօգնի մեզ ավելի մտերմանալ իրար հետ և ավելի լավ հասկանալ, թե ով ենք մենք և որտեղից ենք եկել։
Մտորելու հարցեր
-
«Արմատներ և ճյուղեր» գերագույն համաժողովի իր ելույթում երեց Քվենթին Լ. Քուքը խրախուսեց ընտանիքներին հավաքվել՝ իմանալու իրենց ընտանիքի անդամների կյանքի մասին: Այդ հավաքույթների ընթացքում կարելի է պատմել ընտանեկան պատմություններ, պատմվածքներ, ցույց տալ լուսանկարներ, ինչպես նաև ծնողների կամ տատիկ-պապիկների նվիրական իրեր։ Ընտանիքի անդամները, ովքեր ունեն տեխնոլոգիական հմտություններ, այդ թվում նաև երիտասարդները, կարող են տեղեկություններ և լուսանկարներ վերբեռնել Տոհմածառում։ Մտածեք ընտանիքի հետ այսպիսի հավաքույթ կազմակերպելու մասին։ Ի՞նչ հմտություններ ունի յուրաքանչյուր մարդ, որը կօգնի ձեզ իմանալ ձեր ընտանեկան պատմության մասին։ Խորհեք, թե ինչպես կարող է ընտանեկան պատմությամբ միասին զբաղվելը միավորել սերունդները և ամրապնդնել կապերը ձեր հարազատների հետ։ Այնուհետև սկսեք պարզ քայլեր ձեռնարկել, որպեսզի պլանավորեք ձեր ընտանեկան հավաքույթը։ Կարող եք նաև հրավիրել ձեր ընտանիքի անդամներին՝ օգնելու ձեզ այդ գործընթացում։
-
Սուրբ գրությունները լի են ընտանեկան պատմության օրինակներով։ Որպես օրինակ կարդացեք Եթեր 1 Մորմոնի Գրքից: Ինչպե՞ս է մարգարե Մորոնիի կողմից Եթերի գրվածքների կրճատումը նման ընտանեկան պատմությամբ զբաղվելուն: Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում այս գլխից, նրա գրվելու և պահպանվելու շնորհիվ (տես Եթեր 1.35-37, 40-43): Խորհեք, թե ինչպես եք օրհնվել սուրբ գրություններում գրված «ընտանեկան պատմություններով»։ Ինչպե՞ս կարող են ձեզ հաջորդող սերունդներն օգուտ քաղել ձեր և ձեր նախնիների պատմություններից։
Միասին սովորելու միջոցառումներ
-
Երբ մտածում եք ընտանեկան պատմության մասին, առաջին հերթին գուցե մտածում եք հետազոտությունների և պատմական գրանցումների մասին: Սակայն ընտանեկան պատմությունը ներառում է նաև ձեր ընտանիքի ապրող անդամների մասին իմանալը և նախնիների հետ կապեր հայտնաբերելը։ Միասին վերանայեք երեց Գերիթ Վ. Գոնգի «Յուրաքանչյուրս պատմություն ունի» ելույթը, ապա կատարեք մի նախագիծ, որը ներառում է ավելին իմանալ ձեր, ձեր ընտանիքի անդամների կամ ձեր նախնիների մասին: Կարող եք նկարել կամ ներկել արմատներով և ճյուղերով մի ծառ, որը ներառում է ձեր նախնիների անունները կամ կազմել մի գիրք, որը պարունակում է նրանց պատմություններից մի քանիսը: Այնուհետև քննարկեք, թե ինչպես է ընտանեկան պատմությունը ձեզ կապում ձեր ընտանիքի հետ, այդ թվում նաև նրանց հետ, ովքեր ձեզանից առաջ են ապրել։
-
Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է․ «Երբ մենք իմանում ենք մեր նախնիներին հանդիպած փորձությունների և դժվարությունների մասին, մեր սերն ու գնահատանքը նրանց հանդեպ մեծանում է»: Կարող եք սովորել ձեր նախնիներից մեկի և նրա կրած փորձությունների մասին, իսկ հետո կիսվել այդ պատմությամբ խմբի հետ: Դուք կարող եք նաև ցույց տալ նկար կամ բերել ձեր նախնիին ներկայացնող մի առարկա։ Քննարկեք, թե ինչպես են այս պատմությունները ձեզ վրա տպավորություն թողել և օգնել ձեզ գնահատել, թե որտեղից եք եկել:
Իմացեք ավելին
-
Ղուկաս 3.23-38, 1 Նեփի 5.14-17, 19.2-5
-
Դենիս Բ. Նոյչվանդեր, «Bridges and Eternal Keepsakes», Ensign, May 1999, 83-85
Բաժին 2
Մենք պարտավորություն ունենք մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, որպեսզի օգնենք Աստծո զավակներին ստանալ հավերժական կյանք
Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ստանան հավերժական կյանք, և տվել է փրկարար արարողություններ և ուխտեր, որոնք կօգնեն նրանց վերադառնալ Իր մոտ։ Այս արարողություններն ու ուխտերը հասանելի են տաճարում՝ Տիրոջ տանը:
Շատերը, ովքեր մահացել են, հնարավորություն չունեին սովորելու Հիսուս Քրիստոսի մասին կամ ստանալու Նրա ավետարանի փրկարար արարողությունները իրենց մահկանացու կյանքի ընթացքում։ Նրանք սպասում են հոգիների աշխարհում, որ երկրի վրա գտնվողները կատարեն իրենց տաճարային աշխատանքը։ Նրանք, ովքեր սպասում են այս աշխատանքին, կարող են ներառել մեր մահացած ընտանիքի անդամներին։ Այս նախնիների անունները բացահայտելով՝ մենք կարող ենք տաճարներում արարողություններ կատարել նրանց համար։ Հոգիների աշխարհում մահացածներն իրենց ընտրությամբ կարող են ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես նաև այս արարողությունները և ստանալ փրկություն և վեհացում և հավերժության համար միավորվել իրենց ընտանիքի հետ:
Մտորելու հարցեր
-
Մտածեք, թե մահացածների համար արարողություններ կատարելը ինչպես կօգնի ձեզ զգալ, որ ավելի սերտորեն եք կապված երկնքի հետ։ Այնուհետև կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգի «Հավերժ երջանիկ» ելույթը եկեղեցու անդամների մասին, ովքեր ունեցել են արտասովոր անմիջական հոգևոր փորձառություններ՝ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Խորհեք, թե տաճարային և ընտանեկան պատմության գործին ձեր մասնակցությունն ինչպես կարող է խաղաղություն, հույս կամ բժշկություն բերել ձեր կյանք և օգնել ձեզ ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի քավության մասին:
-
Նախագահ Հենրի Բ․ Այրինգն իր «Աստծո ընտանիքի հավաքումը» ելույթում վկայել է, որ Աստծո զավակների սրտերը դառնում են դեպի իրենց հայրերը (տես Մաղաքիա 4.5-6, 3 Նեփի 25.5-6, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.39): Նա ասել է․ «Ձեր նախնիներից շատերը չեն ստացել այդ [փրկարար] արարողությունները: Սակայն, Աստծո նախախնամությամբ, դուք ստացել եք: Եվ Աստված գիտեր, որ ձեր մոտ սեր կառաջանա ձեր նախնիների հանդեպ և դուք նրանց գտնելու անհրաժեշտ տեխնոլոգիաներ կունենաք: Նա գիտեր նաև, որ դուք կապրեք մի ժամանակաշրջանում, երբ տաճարները, որտեղ կարող են արարողություններ կատարվել, ավելի հասանելի կլինեն, քան երբևէ պատմության մեջ եղել են: Եվ Նա գիտեր, որ կարող է վստահել ձեզ իրականացնել այդ աշխատանքը՝ ի դեմս ձեր նախնիների»։
Ինչպե՞ս է Աստծո վստահությունը մեծացնում ձեր ցանկությունը՝ օգնելու ձեր նախնիներին տաճարային օրհնություններ ստանալ Նրանից։ Ինչպե՞ս է Նրա նախախնամությունն ամրապնդում ձեր վկայությունը, որ Նա ծրագիր ունի Իր հավերժական ընտանիքի համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք ավելի կանխամտածված աջակցել Աստծո գործին, իսկ հետո գործեք ձեր ստացած տպավորությունների համաձայն։
Միասին սովորելու միջոցառումներ
-
1840 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցած թաղման ժամանակ Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց, որ տղամարդիկ և կանայք կարող են մկրտվել մահացածների համար։ Այս լուրն այնքան հուզիչ էր սրբերի համար, որ նրանք «սկսեցին գրեթե անմիջապես մկրտվել մահացած հարազատների համար Նավուի մոտ գտնվող գետերում և վտակներում»: Կարող եք միասին կարդալ «Letters on Baptism for the Dead» գլուխը, որպեսզի ավելին իմանանք այն մասին, թե երբ է տրվել մահացածների համար մկրտության ուսմունքը։ Հետո քննարկեք, թե ինչու են ապրող և մահացած մարդիկ զգում միմյանց կարիքը։ Ի՞նչ է նշանակում, որ «առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ»: (Վարդապետություն և Ուխտեր 128․18)։ Ինչպե՞ս է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը նախապատրաստում ապրողներին և մահացածներին հավերժական կյանքին: Կարող եք դիտել նաև «What Are Baptisms for the Dead?» տեսանյութը և խոսել այն մասին, թե ինչպես կարող է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը բերել ձեզ նույն ուրախությունը, ինչ առաջին սրբերին:
-
Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին և կազմել ընտանեկան պատմություններ: … Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին»: Միասին վերանայեք այս ելույթը, իսկ հետո, որպես խումբ, սահմանեք մի նպատակ, որը կապված է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ: Օրինակ՝ դուք կարող եք որոշել տաճար բերել ընտանեկան անուն և այդ նախնու համար արարողություն կատարել։ Կամ կարող եք մասնակցել FamilySearch կայքի ինդեքսավորմանը, որպեսզի օգնեք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները: Ինչպե՞ս է այն գիտելիքը, որ մահացածների փրկագնումն Աստծո կողմից նշանակված պարտականություն է, խորացնում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելու ձեր ցանկությունը: Ինչպե՞ս եք զգացել, որ առաջնորդվել եք Հոգու կողմից ձեր ջանքերում: Քննարկեք ձեր փորձառությունները միմյանց հետ և կիսվեք, թե ինչ օրհնություններ եք ստացել՝ կատարելով այս կարևոր պատասխանատվությունը:
Իմացեք ավելին
-
Վարդապետություն և Ուխտեր 110.13-16, 128.15-19, 137.7-10, 138.29-35, 53-54
-
Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Բացեք երկինքները տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով», Լիահոնա, հոկ. 2017, 34-39:
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյ․ 2011, 24-27
-
«Տաճարային և ընտանեկան պատմություն» ժողովածու, Ավետարանի գրադարան
-
«Տաճարներ», ChurchofJesusChrist.org