«Մարգարեներ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Մարգարեներ
Հիսուս Քրիստոսի աստվածային վկաներ
Հնում Աստված հասարակ, հավատարիմ մարդկանց կանչում էր որպես մարգարեներ և լիազորում նրանց ներկայացնել Իրեն։ Նա ոգեշնչում էր այդ ծառաներին, խոսում նրանց հետ և տալիս Իր զորությունը՝ կատարելու Իր աշխատանքը։ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի նշանակալից ուղերձներից մեկն այն է, որ մենք այսօր երկրի վրա ունենք ապրող մարգարեներ:
Քանի որ Տիրոջ մարգարեներին հանձնարարվել է ուսուցանել Աստծո զավակներին և ուղղորդել Նրա աշխատանքը, շատ կարևոր է, որ մենք ականջալուր լինենք նրանց խոսքերին։ Մարգարեների դերի մասին սովորելը կարող է մեծացնել ձեր վստահությունը նրանց՝ որպես Տիրոջ ծառաներ աստվածային կոչման հանդեպ և խորացնել նրանց խորհրդին և առաջնորդությանը ապավինելու ձեր ցանկությունը։ Ապրող մարգարեին հետևողներին Աստված խոստանում է ապահովություն, պաշտպանություն և նույնիսկ փրկություն ու հավիտենական կյանք:
Ովքե՞ր են մարգարեները
Մարգարեն այն անձն է, ով կանչվում է Աստծո կողմից Նրա անունից խոսելու համար (տես Երեմիա 1․4-5, Ամովս 3․7, Հովհաննես 15․16, Վարդապետություն և Ուխտեր 1․37-38)։ Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և իրական էությունը: Նրանք դատապարտում են մեղքը, նախազգուշացնում են դրա հետևանքների մասին և օգնում են խուսափել մոլորություններից (տես Եզեկիել 3․16–17, Եփեսացիներին 4․11–14)։ Երբեմն նրանք մարգարեանում են ապագա իրադարձությունների մասին: Մարգարեները կարողանում են կատարել այդ պարտականությունները, քանի որ նրանք ստանում են իշխանություն, բանալիներ և հայտնություն Աստծո կողմից։
Թեմայի ակնարկ․ Մարգարեներ
Ավետարանի ուսումնասիրությանն առնչվող ուղեցույցներ. Հայտնություն, Ջոզեֆ Սմիթ, Քահանայության բանալիներ, Հիսուս Քրիստոսի եկեղեցի
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը կանչում է մարգարեներ և առաքյալներ մեր օրերում
Ադամի օրերից ի վեր Աստված մարգարեներ է ուղարկել Իր զավակների մեջ։ Իր մահկանացու ծառայության ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսը կազմավորեց Իր եկեղեցին առաքյալների և մարգարեների հիմքի վրա (տես Եփեսացիներին 2.19-20)։ Աստված հետևեց այս նույն օրինակին վերջին օրերում, երբ կանչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, վերականգնեց Իր Եկեղեցին և հիմնեց Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը այսօր երկրի վրա Աստծո մարգարեն է բոլոր մարդկանց համար: Մենք հաստատում ենք եկեղեցու նախագահին որպես մարգարե, տեսանող և հայտնող, և երկրի վրա միակ մարդը, որն ունի Աստծո իշխանությունը կիրառելու քահանայության բոլոր բանալիները: Մենք նաև հաստատում ենք Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:
Առաքյալների և մարգարեների կարևորության մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»:
Մտորելու հարցեր
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից, որպեսզի քարոզի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը և օգնի Աստծո զավակներին ստանալ քահանայության արարողությունները, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար։ Նրան հաջորդողները՝ այդ թվում նաև եկեղեցու նախագահն այսօր, ստացել են նույն լիազորությունն ու պատասխանատվությունը՝ շարունակելու որպես Տիրոջ ներկայացուցիչներ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․91-92: Ի՞նչ է այս հատվածը ձեզ հուշում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Տիրոջ մարգարեի նշանակալի դերի մասին:
Սովորեք միասին
-
Օրհնված են եկեղեցու անդամները, որոնք ձգտում են հետևել Տիրոջ ընտրյալ ծառաներին։ Հրավիրեք ձեր խմբի անդամներին համեմատել Հելաման 13.24-28 և 3 Նեփի 12.1-2 հատվածներում ուսուցանված ճշմարտությունները։ Ինչո՞ւ են որոշ անհատներ հարգում անցյալում ապրած մարգարեներին, բայց մերժում ապրող մարգարեներին։ Ի՞նչ օրհնություններ եք դուք նկատել երկրի վրա կենդանի մարգարեների և առաքյալների շնորհիվ։
Իմացեք ավելին
-
Եզեկիել 2․7, Ղուկաս 1․70, 6.12-13, 1 Նեփի 22.2, 3 Նեփի 20.24, Վարդապետություն և Ուխտեր 107.23
-
Ռասսել Մ. Նելսոն, «Հաստատել մարգարեներին», Լիահոնա, նոյ․ 2014, 74-76
Բաժին 2
Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, երբ հետևում ենք նրա մարգարեներին
Տեր Հիսուս Քրիստոսն ընդգծել է, թե որքան կարևոր է ընդունել Իր ապրող մարգարեներին և առաքյալներին: Մենք դա անում ենք, երբ լսում և ականջ ենք դնում նրանց խորհրդին։ «Նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ. և նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը. և նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. հետևաբար, այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան» (Վարդապետություն և Ուխտեր 84.36-38):
Աստված պատվիրում է մեզ ընդունել Իր ծառաների խոսքերը, կարծես դրանք Իր խոսքերը լինեն։ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (Վարդապետություն և Ուխտեր 1.38)։ Քանի որ Աստված ուղարկում է Իր մարգարեներին ուսուցանելու և առաջնորդելու Իր զավակներին և պատրաստելու նրանց հավերժական կյանքին և վեհացմանը, մենք կպաշտպանվենք և կօրհնվենք, երբ ականջ դնենք Հիսուս Քրիստոսին և Նրա ընտրյալ ծառաներին (տես Վարդապետություն և Ուխտեր 124.45-46)։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է. «Հենց այս պատճառով է, որ մենք իրոք խորապես հոգ ենք տանում Աստծո բոլոր զավակների մասին, երբ մենք հռչակում ենք Նրա ճշմարտությունը։ Միշտ չէ, որ մենք կարող ենք ասել մարդկանց այն, ինչ նրանք կամենում են լսել: Մարգարեները հազվադեպ են ժողովրդականություն վայելում: Բայց մենք միշտ պետք է ուսուցանենք ճշմարտությունը: Ե՞րբ է Տիրոջ մարգարեին վստահելու ձեր պատրաստակամությունը օգնել ձեզ հասկանալ նրա ուղերձի ճշմարտացիությունը։
-
Սուրբ գրությունները նախազգուշացնում են կեղծ մարգարեների մասին, որոնք կելնեն վերջին օրերում և կփորձեն խաբել Աստծո զավակներին (տես Մատթեոս 24.24): Տերը բացատրել է, որ Նա միշտ կբարձրացնի Իր մարգարեներին Եկեղեցում ճանաչված հաստատված օրինակի միջոցով։ Կարդացեք Հովհաննես 10․1-2 և Վարդապետություն և Ուխտեր 43․7։ Ի՞նչ է նշանակում, որ Տիրոջ ծառան պիտի մտնի դռնով։ Իմացությունը, որ հայտնությունն Աստծուց միշտ գալիս է պաշտոնապես ճանաչված քահանայության միջոցով, ինչպե՞ս է օգնում ձեզ խուսափել խաբեությունից։
Սովորեք միասին
-
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը ձեր խմբի անդամների հետ. «Մարգարեներին հաստատելը անձնական անձնառություն է, որ մենք կգործադրենք մեր լավագույն ջանքերը, որպեսզի սատար կանգնենք մարգարեական առաջնահերթություններին: Մեր հաստատումը երդման նման վկայություն է, որ մենք ընդունում ենք իրենց կոչումը որպես մարգարե և այն համարում ենք օրինական և պարտավորեցնող մեզ համար»։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․22։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել Առաջին Նախագահութանը մեր «վստահությամբ, հավատքով և [աղոթքներով]»։
Իմացեք ավելին
-
Մատթեոս 10․40, 3 Նեփի 28.34, Վարդապետություն և Ուխտեր 1.14, 112․20, 30-32
-
«Գլուխ 11․ Հետևեք ապրող Մարգարեին», Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 147-54
Բաժին 3
Առաջին Նախագահության անդամների և Տասներկու Առաքյալների Քվորումի դերը
Առաջին Նախագահության անդամները և Տասներկու Առաքյալների Քվորումը կրում են քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գործերը կազմակերպելու և ղեկավարելու համար (տես Մատթեոս 16.16-19, Վարդապետություն և Ուխտեր 81.1-2): Տերը խոստանում է, որ Իր զորությունը ուղեկցելու է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միաբան ձայնով կայացրած որոշումներին։ Ընդհանուր ձեռնարկը հաստատում է․ «Այսօր մենք աջակցում ենք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Միասին նրանք կազմում են Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի խորհուրդը: Տիրոջ ղեկավարության ներքո և միաբան ձայնով այս խորհուրդն իրավասու է հայտարարել և մեկնաբանել վարդապետությունը և քաղաքականություն հաստատել եկեղեցու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 1.38, 107.27-31)»:
Խոսելով Առաջին Նախագահության մասին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Նախագահները կամ [Առաջին] Նախագահությունը Եկեղեցու վրա են. և Աստծո մտքի և կամքի հայտնությունները պետք է գան Նախագահության միջոցով: Սա երկնքի կարգն է և [Մելքիսեդեկյան] Քահանայության զորությունն ու արտոնությունը»։
Մինչ Աստված մարգարեների և առաքյալների միջոցով հայտնություն է տալիս Իր բոլոր զավակներին, անհատները կարող են անձնական հայտնություն ստանալ, որը կօգնի իրենց յուրահատուկ կարիքների, պարտականությունների և հարցերի դեպքում և կօգնի ամրացնել իրենց վկայությունները: Տիրոջ կողմից ստացված անձնական ոգեշնչումները միշտ կհամապատասխանեն հայտնություններին, որոնք Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով։
Մտորելու հարցեր
-
Պողոս առաքյալը բացատրել է, որ առաքյալներն ու մարգարեները եկեղեցու հիմքն են (տես Եփեսացիներին 2.19-20)։ Կարդացեք Եփեսացիներին 4.11–14: Ինչպե՞ս են Տիրոջ առաքյալներն ու մարգարեները մեզ պահում «քշվելուց ու տատանվելուց ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են» (հատված 14):
Սովորեք միասին
-
Կարդացեք երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը ձեր խմբի անդամների հետ.
«Ոմանք կասկածի տակ են դնում իրենց հավատքը, երբ գտնում են Եկեղեցու որևէ ղեկավարի կողմից ասվածը տասնամյակներ առաջ, որը համահունչ չէ մեր վարդապետությանը: Կարևոր մի սկզբունք կա, որը կարգավորում է Եկեղեցու վարդապետությունը: Վարդապետությունն ուսուցանվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի բոլոր 15 անդամների կողմից: Այն թաքնված չէ որևէ առանձին ելույթի անորոշ տողերում: Ճշմարիտ սկզբունքները ուսուցանվում են հաճախ և շատերի կողմից: Մեր վարդապետությունը դժվար չէ գտնել»։
Հրավիրեք խմբի անդամներին քննարկել, թե ինչպես կարող ենք ճանաչել ավետարանի ճշմարիտ սկզբունքները և եկեղեցու պաշտոնական վարդապետությունը։
Իմացեք ավելին
-
Ամովս 3․7, Վարդապետություն և Ուխտեր 124.125-26
-
Dallin H. Oaks, “The Sure Witness of Modern Prophets,” Liahona, Oct. 2023, 5–7
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Քրիստոսի վարդապետությունը», Լիահոնա, մայիս 2012, 86-89։
Բաժին 4
Մենք կարող ենք փնտրել մարգարեի կոչման և խոսքերի հոգևոր հաստատումը
Հին Կտակարանում Տերն իր մարգարեների դերը նմանեցրել է «դետին», որը պատասխանատվություն ուներ զգուշացնելու մարդկանց մոտալուտ վտանգի մասին (տես Եզեկիել 33.1–7)։ Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը շեշտեց ապաշխարության անհրաժեշտությունը (տես Մատթեոս 4.17, 7.13-14, Ղուկաս 5.32): Մարգարեները պատասխանատվություն ունեն հայտարարելու նույն ուղերձը՝ զգուշացնելով Աստծո ժողովրդին մեղքի և ամբարշտության հետևանքների մասին և ուսուցանելով ապաշխարության անհրաժեշտությունը (տես Գործք առաքելոց 10.43, Վարդապետություն և Ուխտեր 1.4-5):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Դուք գուցե միշտ չհասկանաք ապրող մարգարեի ամեն հայտարարությունը: Բայց, երբ դուք գիտեք, որ մարգարեն մարգարե է, դուք կարող եք մոտենալ Տիրոջը խոնարհությամբ և հավատով և խնդրել ձեր սեփական վկայությունը նրա վերաբերյալ, ինչ Նրա մարգարեն հրապարակել է»։
Հիսուս Քրիստոսի եկեղեցու կազմավորման օրը Տերը պատվիրեց Իր ժողովրդին ընդունել Իր մարգարեի խոսքերը «ինչպես որ [Իր] իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (տես Վարդապետություն և Ուխտեր 21.4–5)։ Այս աստվածային հրահանգը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ հեշտ կլինի ընդունել մարգարեի խոսքերը կամ ուսմունքները։ Գուցե անմիջապես չզգանք հոգևոր հաստատում դրանց կարևորության մասին։ Ահա թե ինչու է Տերը հիշեցնում մեզ համբերություն և հավատք դրսևորել, մինչ մենք սպասում ենք ավելի հստակ հասկացողության: Տերը մեծ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր կվստահեն Իր մարգարեներին համբերությամբ և հավատքով (տես Վարդապետություն և Ուխտեր 21.6):
Մտորելու հարցեր
-
Հին Կտակարանում կարդում ենք Ասորիների թագավորի զորապետ Նեեմանի մասին: Նա տառապում էր մի հիվանդությամբ, որը հայտնի էր որպես բորոտություն։ Նա իմացավ, որ Իսրայելում մի մարգարե կար, որը բժշկելու զորություն ուներ, և Նեեմանը մեկնեց նրան հանդիպելու (տես Դ Թագավորների 5.1–9)։ Ուսումնասիրեք Դ Թագավորների 5․10-14: Ինչո՞ւ էին Նեեմանին հիասթափեցնում Տիրոջ մարգարեի տված հրահանգները։ Ի՞նչ տեղի ունեցավ, որի հետևանքով Նեեմանն ի վերջո ականջ դրեց մարգարեի խոսքերին և բուժվեց։ Ինչպե՞ս կարող եք կիրառել այս պատմությունը ձեր կյանքում:
Սովորեք միասին
-
Տիրոջ մարգարեների խորհրդին հետևելն ապահովություն է բերում։ Խմբի անդամների հետ կարդացեք նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը․
«Մարգարեական խորհուրդը չընդունելու ընտրությունը փոխում է հենց այն հողը, որի վրա մենք կանգնած ենք Այն դառնում է ավելի վտանգավոր։ Մարգարեական խորհրդին չհետևելը թուլացնում է հետագայում ոգեշնչված խորհուրդ ընդունելու զորությունը։ …
Ամեն անգամ, երբ ես կյանքում իմ ընտրությամբ հետաձգել եմ ոգեշնչված խորհրդին հետևելը կամ որոշել եմ, որ ես բացառություն եմ կազմում, հայտնաբերել եմ, որ ինքս ինձ դրել եմ վտանգավոր ուղու վրա։ Ամեն անգամ, երբ ես լսել եմ մարգարեների խորհուրդը, զգացել եմ հաստատումն աղոթքի մեջ և հետևել դրան, ես պարզել եմ, որ շարժվում եմ դեպի ապահովություն: Ընթացքում ես հասկացա, որ ճանապարհ է պատրաստվել ինձ համար, իսկ խորդուբորդ տեղերը հարթվել են։ Աստված առաջնորդեց ինձ ապահովություն մի ուղիով, որը պատրաստված էր սիրառատ հոգատարությամբ, երբեմն էլ շատ վաղուց էր պատրաստված»։
Հրավիրեք խմբի անդամներին կիսվել օրինակներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրանք ստացել ավելի մեծ ապահովություն և պաշտպանություն, քանի որ որոշել են հետևել մարգարեի խորհրդին։
Իմացեք ավելին
-
Եսայի 55.8-9, Մորմոն 9.7-9, Հավատո Հանգանակը 1.9
-
Մ. Ռասսել Բալլարդ, «Աստված ղեկի մոտ է», Լիահոնա, նոյ․ 2015, 24-27
Այլ աղբյուրներ մարգարեների մասին
-
Նյութեր երեխաների համար