2025
Հիշելով՝ ինչու եմ ապրում ավետարանով
Հունվար 2025


«Հիշելով՝ ինչու եմ ապրում ավետարանով», Լիահոնա, հունվար 2025։

Չափահաս երիտասարդներ

Հիշելով՝ ինչու եմ ապրում ավետարանով

Ինքս ինձ իմ «ինչու»-ի մասին հիշեցնելը մղում է ինձ ավելի մոտենալ Փրկչին և հետևել իմ հոգևոր նպատակներին:

չափահաս երիտասարդ կինն աղոթում է

Իմ կյանքը երբեմն քաոսային է թվում, բայց ես սիրում եմ այն ​​հարմարավետությունը, որը զգում եմ, երբ մտնում եմ հավաքատուն: Դա պատճառներից մեկն է, թե ես ինչու եմ սիրում եկեղեցի գնալ:

Եվ երբ հիշում եմ այն, ինչ ես սիրում եմ ավետարանի մասին, ինչպես՝ Սուրբ Հոգուն զգալը, օրինակ, ես ավելի ոգեշնչված եմ զգում հետևելու իմ հոգևոր սովորություններին, ինչպես օրինակ՝ տաճար գնալը, սուրբ գրությունները կարդալը և Երկնային Հորը աղոթելը:

Քանի որ կյանքը կարող է շատ զբաղված լինել, հեշտ է մոռանալ այս պարզ բաները, որոնք մենք սիրում ենք: Բայց կանոնավոր կերպով ինքս ինձ հիշեցնելը պատճառների մասին, թե ինչու եմ ես ապրում և սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանը, օգնում է ինձ թարմացնել իմ հոգևոր նպատակները, որոնք ինձ ավելի կմոտեցնեն Նրան և Երկնային Հորը:

Նոր հոգևոր նպատակների սահմանում

Ամեն տարվա սկզբին ես սիրում եմ վերագնահատել իմ հոգևոր նպատակները՝ գրելով Ամանորի որոշումները: Եթե ​​դուք նաև մի քիչ ինքնավերլուծություն եք կատարում և մտածում եք, թե ինչպես եք ցանկանում բարելավել ձեր հարաբերությունները Քրիստոսի հետ այս նոր տարում, ինքներդ ձեզ տվեք այս հարցը.

«Ինչո՞ւ եմ ես սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանը»:

Քույր Էն Մ. Դիբը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության նախկին երկրորդ խորհրդականը, բացատրել է, որ «ավետարանի հանդեպ մեր սերն աճում է, երբ մենք զգում ենք մեր Երկնային Հոր սերը և Փրկչի կողմից խոստացված խաղաղությունը, երբ ցույց ենք տալիս Նրան, որ պատրաստ ենք հնազանդվել և հետևել Նրան»:

Իմանալը, թե ինչու եք սիրում ավետարանը, կօգնի ձեզ զգալ և ճանաչել այն սերը, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն ձեր հանդեպ: Այս մտածելակերպը նաև կօգնի ձեզ ավելի քիչ ծանրաբեռնված զգալ, երբ ձգտում եք ձեր հոգևոր նպատակները դնել և հասնել դրանց:

Հիսուս Քրիստոսի ավետարանն ապրելու և սիրելու իմ «ինչու»-ն ներառում է գիտելիքը, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել և այն խաղաղությունը, որը ես զգում եմ Երկնային Հորն ուղղված խոցելի աղոթքից հետո:

Ինչ էլ որ լինի ձեր «ինչու»-ն, հավատարիմ մնացեք դրան, դա ձեզ կտա այն հոգևոր թափը, որն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալու համար:

Ապրելով ձեր «Ինչու-ն»

Հենց որ ճանաչեցի ինչու էի ես ապրում ավետարանով, փոխվեց իմ հոգևոր նպատակները դնելու ճանապարհը: Ես դադարեցի մտածել այն մասին, թե ինչ էի թերանում անել և ավելի կենտրոնացած դարձա այն ամենի վրա, ինչ ես կարող էի անել: Ես հիշեցի, որ ապրում եմ ավետարանով, քանի որ սիրում եմ իմ Փրկիչին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Մենք պետք է ընդունենք, որ Աստծո պատվիրանները պարզապես լավ գաղափարների երկար ցուցակ չեն: … Դրանք աստվածային խորհուրդներ են՝ հիմնված հավերժական ճշմարտությունների վրա, որոնք տրված են՝ բերելու «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» [Վարդապետություն և Ուխտեր 59.23]»:

Իմ հոգևոր նպատակներին հետևելը ինձ հիշեցնում է, թե ով եմ ես՝ երկնային ծնողների աստվածային զավակը: Այդ սկզբունքն ինձ քաջություն է տալիս դիմակայելու իմ անհանգստություններին և թուլություններին Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Եթեր 12.27).

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տերը մեր հավերժական առաջընթացի այս ժամանակահատվածում չի ակնկալում կատարելություն: Սակայն նա ակնկալում է, որ մենք գնալով ավելի մաքուր լինենք»: Այսպիսով, ես ամեն օր գործադրում եմ իմ լավագույն ջանքերը՝ մնալու Հիսուս Քրիստոսի հետ և հիշել, թե ինչու եմ ընտրում հետևել Նրան: