«Շնորհակալություն հավաքվելու համար», Լիահոնա, հունվար 2025:
Շնորհակալություն հավաքվելու համար
Թող որ մենք միշտ երախտապարտ լինենք այն արտոնության և վստահության համար, որ Տերը տվել է մեզ, երբ հավաքվում ենք Փրկչի մոտ, հավաքվում ենք Սրբերի հետ և հավաքվում ենք Նրա ծառայության մեջ::
Խոնարհության մեջ, մեր Փրկիչը, Ջեյ Բրայան Ուարդի, պատճենումը արգելվում է
Երկար տարիներ ես մի գեղեցիկ գրպանի ժամացույց ունեի, որը ժամանակին պատկանել էր իմ պապիկին՝ Էնդրյու Կ. Նելսոնին, որին ես երբեք չեմ տեսել: Նա մահացավ, երբ հայրս ընդամենը 16 տարեկան էր։
Հայրս ժառանգեց Նելսոն պապիկի ժամացույցը։ Երբ ես մեծացա, նա ինձ տվեց ժամացույցը։ Ես այդ ժամացույցը համարում էի շոշափելի կապ իմ հավատարիմ նախնիներից մեկի հետ:
Նելսոն պապիկի ծնողները, ինչպես իմ բոլոր նախապապերը, միացել են իրենց հայրենի Եվրոպայում գտնվող եկեղեցուն: Ես հավերժ երախտապարտ կլինեմ այս ռահվիրա նախնիներին: Այժմ նրանց հավատքի և զոհաբերության շնորհիվ, երբ նրանք միավորվեցին Սրբերին, ես և իմ սերունդները վայելում ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները:
Նելսոն պապիկի ժամացույցը հիշեցրեց ինձ մեր հանդիսավոր պարտականության մասին, որպես Վերջին Օրերի Սրբեր՝ հավաքելու մեր Հոր զավակներին վարագույրի երկու կողմերում: Նրա ժամացույցը նաև հիշեցրեց ինձ, որ մեր նախնիները հետևում են մեզ և սպասում են, որ մենք նկատենք իրենց և հոգ տանենք, որ իրենց արարողությունները տաճարում կատարվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հավերժ հավաքվելու Հոր հոտում:
Հավաքվեք Փրկչի մոտ
Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի իմ եղբայրների հետ մենք հայտարարում ենք. «Այս Եկեղեցին հաստատվել է իր գլխավոր անկյունաքարի՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքում և Նրա անվերջ Քավության և բառացի Հարության մեջ: … Նա հրավիրում է բոլորիս գալ դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ընդունել Սուրբ Հոգին, փրկության խորհուրդները և գտնել հարատև ուրախություն»:
Մինչ Վերականգնումն ընթանում է շարունակական հայտնության միջոցով, «երկիրն այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ Աստված «ամեն բան Քրիստոսի մեջ [կ]բովանդակի»» (Եփեսացիներին 1.10)»:
«Ամեն բանը» ներառում է նաև Նրա հոտը: Փրկիչը կոչ է անում մեզ թողնել այս աշխարհի ամբարշտությունը և հավաքվել Իր մոտ: Նա ցանկանում է, որ Իր հոտը պայծառ փայլող լույս լինի՝ սահմանելով այն չափանիշը, որ մնացած աշխարհը արտացոլի, թե ինչպես են ապրում ճշմարիտ աշակերտները, ներառյալ, թե ինչպես են նրանք ապրում իսկական ուրախության մեջ՝ կենտրոնացնելով իրենց կյանքը Փրկչի վրա:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ, երբ գալիս ենք Նրան ընդառաջ (տես Մատթեոս 11.28)՝ հավատալով ապաշխարությանը, մկրտվելով Նրա Եկեղեցում և ստանալով Սուրբ Հոգու պարգևը:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ՝ զգալով հոգևոր բժշկությունը, որը գալիս է հաղորդությունից, վկայելով, որ մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել Նրա անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79):
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ՝ ամեն օր լցնելով մեր կյանքը Նրա խոսքերով և ճշմարտությամբ, ներառյալ Նրա մարգարեների, տեսանողների և հայտնողների ուսմունքները:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ՝ զարգացնելով Նրան լսելու մեր կարողությունը՝ արժանի ապրելով Սուրբ Հոգու շշուկներին:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ՝ ամրապնդելով մեր դարձը, մեծացնելով մեր հավատքը, խորացնելով մեր աշակերտությունը, ընդօրինակելով Նրան և ձգտելով ամեն օր մի փոքր ավելի լավը դառնալ:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ՝ սուրբ ուխտեր կապելով և սուրբ արարողությունների մասնակցելով տաճարում:
Մենք հավաքվում ենք Փրկչի մոտ, երբ համբերությամբ և քաջությամբ ենթարկվում ենք «բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա» (Մոսիա 3.19):
Վերջապես, մենք հավաքվում ենք Փրկչի մոտ, ուսուցանում և վկայում ենք Նրա մասին՝ հրավիրելով մեր ընտանիքներին, ընկերներին և հարևաններին հավաքվել մեզ հետ դեպի «աշխարհի լույսը, կյանքը և հույսը»:
Հավաքվեք Սրբերի հետ
Երբ մենք համախմբվում ենք և միավորվում ենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք ընկերանում ենք միմյանց հետ: Մենք աջակցում, սովորեցնում և դաստիարակում ենք միմյանց: Մենք ձգտում ենք, ինչպես Փրկիչն է ասում, «մեկ լինել» (Հովհաննես 17.21, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 38.27) և «սիրել միմյանց» (Հովհաննես 13.34):
Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանում է. «Եկեղեցի հաճախելը մեզ տալիս է հավատքի ուժ և ամրապնդում, որը գալիս է այլ հավատացյալների հետ ընկերակցությունից և նրանց հետ երկրպագելուց, ովքեր նույնպես ձգտում են մնալ ուխտի ուղու վրա և լինել Քրիստոսի ավելի լավ աշակերտներ»։
Եկեղեցում մենք գտնում ենք հոգևոր հանգստություն և վերականգնում: Մենք գտնում ենք արարողություններ և քահանայության իշխանություն՝ դրանց հասնելու համար: Մենք գտնում ենք վերականգնված ճշմարտություն, մաքուր վարդապետություն և անձնական հայտնություն: Այստեղ մենք գտնում ենք ողջունող ձեռքեր, մխիթարող սրտեր և քաջալերող ձայներ: Մենք հնարավորություններ ենք գտնում ապրելու երկու մեծ պատվիրաններով (տես Մարկոս 12.30–31):
Տերը նախազգուշացրել է մեզ, որ «թշնամին միավորվել է» (Վարդապետություն և Ուխտեր 38.12): Մեր ընտանիքները պաշտպանելու և Սատանայի աճող ազդեցությունը խափանելու համար մեր Սրբերի նման միասնական երկրպագությունը դառնում է ավելի կարևոր:
«Միասնությունը,- սովորեցնում է Մարգարե Ջոզեֆ Սմիթը,- ուժ է»:
Հավաքվեք Նրա ծառայության մեջ
Մարգարե Ջոզեֆը նաև ասում է. «Շուտով մոտենում է այն օրը, երբ կկատարվի այն ամենը, ինչ մարգարեացել են բոլոր սուրբ մարգարեները, նույնիսկ մինչև Իսրայելի տան հավաքումը»: Նրանցից մեկը, ով այս կերպ մարգարեացավ, Երեմիան էր Հին Կտակարանում.
.«Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. «Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից»,-
«այլ՝ «Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց» (Երեմիա 16.14–15):
Մարգարե Ջոզեֆն այնուհետև հայտարարել է. «Մենք այն սիրելի ժողովուրդն ենք, ում Աստված ընտրել է վերջին օրերի փառքը բերելու համար…, երբ Աստծո Սրբերը կհավաքվեն մեկական յուրաքանչյուր ազգից, ցեղից, ժողովրդից և լեզվից»։
Այս գործն իրականացնելու համար «Ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց» (Երեմիա 16.16):
Եղբայրներ և քույրեր, որպես ուխտի վերջին օրվա Իսրայել՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք Տիրոջ ձկնորսներն ենք և որսորդները: Մենք այստեղ ենք՝ հավաքելու Տիրոջ ընտրյալներին ամեն սարից, բլուրից ու գյուղից։ Մենք այստեղ ենք՝ հնարավորություն տալու Աստծո զավակներին դառնալ այն ամենի լիիրավ ժառանգորդները, ինչ Նա խոստացել է Իր հավատարիմ զավակներին: Դա ամենամեծ ծառայությունն է, որը մենք երբևէ կարող էինք մատուցել:
Մենք կատարում ենք այս աստվածային հրահանգը՝ հավաքելով Իսրայելին վարագույրի երկու կողմերում, կիսվելով Վերականգնման ավետիսով ուրիշների հետ, փնտրելով մեր հեռացած նախնիներին և կատարելով նրանց փոխանորդ արարողությունները տաճարում: Մենք նաև կատարում ենք այս հրահանգը, երբ կիսում ենք Փրկչի սերը մեր ծառայության միջոցով, օրինակով, վկայությամբ և հրավիրելով ուրիշներին միանալ մեզ:
«Տերը ղեկավարում է Իր ավետարանի և Իր Եկեղեցու վերականգնումը»,- ասել է նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը: «Նա գնում է մեր առջևից: Նա կատարելապես գիտի ապագան։ Նա հրավիրում է ձեզ գործի անցնել։ Նա ընկերանում է ձեզ գործի ընթացքում»։
Արտոնություն և վստահություն
Ի՞նչ պատահեց Նելսոն պապիկի գրպանի ժամացույցին: Մի քանի տարի առաջ ես այն փոխանցեցի որդուս։ Ինչ վերաբերում է ինձ, ապա այս ժամացույցն այժմ կապում է նրան իր նախնիների հետ և հիշեցնում իր սերունդների հանդեպ ունեցած պարտքի մասին։
Եվ դա այդպես է։ Յուրաքանչյուր ուխտավոր սերունդ շարունակում է Տիրոջ աշխատանքը՝ կատարելով իր բաժինը՝ պատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Թող որ մենք միշտ երախտապարտ լինենք այն արտոնության և վստահության համար, որ Տերը տվել է մեզ, երբ հավաքվում ենք Փրկչի մոտ, հավաքվում ենք Սրբերի հետ և հավաքվում ենք Նրա ծառայության մեջ::