2025
Սա է քո պարգևը
Հունվար 2025


«Սա է քո պարգևը», Լիահոնա, հունվար 2025:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Սա է քո պարգևը

«Երկնային Հայր,- աղոթեցի ես,- ի՞նչ պարգև կարող եմ զարգացնել՝ օրհնելու Քո զավակներին»:

Սոլթ Լեյքի Թաբերնաքլում կանգնած ժպտացող կին

Դեռևս երիտասարդ աղջիկ Յանինան հասկացավ, որ երգելը պարգև է, որը կարող է օգտագործել ուրիշներին օրհնելու համար։ Հետագայում նա ընտրվեց որպես միջազգային անդամներից մեկը, որը երգելու էր Թաբերնաքլ երգչախմբի հետ գերագույն համաժողովի ժամանակ (լուսանկարն արված է Սոլթ Լեյքի Թաբերնաքլում):

Երբ նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) այցելեց Էկվադոր 1999 թվականին, ես լսեցի, որ նա ասում էր. «Ինչ էլ որոշես անել, գործադրիր քո լավագույն ջանքերը»:

Մանուկ հասակում ես սովորեցի, որ Աստված մեզ պարգևներ է տալիս, որոնք մեզ հնարավորություն են տալիս օրհնելու ուրիշներին (տես Մորոնի 10.8–18): Ես աղոթեցի. «Երկնային Հայր, ի՞նչ պարգև կարող եմ զարգացնել, որը կօրհնի Քո զավակներին»:

16 տարեկանում տեղի կոնսերվատորիայի տնօրենի խորհրդով սկսեցի երգել սովորել։ «Դու գեղեցիկ ձայն ունես»,- ասաց նա ինձ:

Երբ իմ առաջին վոկալ կատարումից հետո հանդիսատեսը ծափահարեց, գլխումս հստակ հնչեց արտահայտությունը. «Սա է քո պարգևը»: Ես լաց եղա, որովհետև տեսա իմ աղոթքի պատասխանը: Իմ երկրում, սակայն, երաժշտի համար գուցե դժվար լինի ապրուստ վաստակելը: Բայց ես գիտեի, որ Տերը ճանապարհ է պատրաստում։: Այսպիսով, ես շարունակեցի սովորել երգեցողություն՝ ձգտելով հասնել իմ լավագույն ներուժին:

Երբ ես 19 տարեկան էի, ինձ կրթաթոշակ տվեցին արտասահմանում սովորելու համար: Սակայն այս և նմանատիպ հնարավորությունները չիրագործվեցին։ Հետ նայելով տեսնում եմ, որ Տերը ցանկանում էր, որ ես մնամ Էկվադորում:

Մարդիկ ինձ ասում էին, որ ես երաժշտության մեջ ապագա չունեմ, քանի որ չունեմ արտասահմանյան հեղինակավոր կրթություն, չունեմ հարստություն, ճանաչում: Բայց ես գիտեի, որ Աստված ծրագիր ուներ ինձ համար, ուստի ես իմ տաղանդը ներդրեցի եկեղեցու ծառայության մեջ, որտեղ ստեղծեցի երգչախմբեր, ղեկավարեցի երաժշտությունը և փորձեցի ոգեշնչել ուրիշներին զարգացնել իրենց պարգևներն ու տաղանդները:

Ավելի ուշ, երբ ինձ առաջարկեցին աշխատել հեռուստատեսությունում, ինձ անհանգստացրին զվարճանքի արդյունաբերության հետ կապված գայթակղությունները։ Բայց իմ աղոթքների պատասխանն էր. «Վերցրու գործը և ցույց տուր, որ կարող ես արվեստագետ լինել՝ չխախտելով քո չափանիշները»:

Ես աշխատել եմ որպես հեռուստատեսության արտադրության դիզայների օգնական, Գուայաքիլ սիմֆոնիկ երգչախմբի տնօրենի օգնական և Գուայաս նահանգի Էկվադորի մշակույթի տան խորհրդի անդամ:

Ես վկայում եմ, որ հնարավոր է իրականացնել մեր երազանքները՝ չզոհաբերելով մեր սկզբունքները: Այսօր իմ անունը ճանաչված է իմ երկրում և իմ մասնագիտության մեջ՝ ավետարանով ապրելու և Երկնային Հոր կողմից ինձ տրված պարգևները զարգացնելու իմ հանձնառության շնորհիվ:

Երբ մենք հնազանդվում ենք մեր Հոր կամքին, անհնարինը հնարավոր է դառնում (տես Մատթեոս 19.26): Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզ և ցանկանում է օգնել մեզ զարգացնելու մեր պարգևները և օրհնելու ուրիշներին: