«Սիրո և ուրախության ավետիք», Լիահոնա, հունվար, 2025:
Սիրո և ուրախության ավետիք
Վերականգնման օրհնությունները պետք է ուրախացնեն մեր սրտերը և երախտագիտությամբ լցնեն մեզ՝ Աստծո մեծ սիրո համար:
Հույսի և խաղաղության մեր ուղերձը բոլորին այն է, որ Հիսուս Քրիստոսն ապրում և վերականգնում է Իր ավետարանն ու Եկեղեցին այս վերջին օրերում:
«Որքա՜ն աննկարագրելիորեն փառահեղ են այս բաները մարդկության համար»,- հայտարարել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը: «Իրականում դրանք կարող են համարվել մեծ ուրախության ավետիք բոլոր մարդկանց համար. և ավետիք, որ պիտի լցնի երկիրը և ուրախացնի յուրաքանչյուրի սիրտը, երբ հնչի նրա ականջներում»:
Փրկչի երկրային ծառայությունից հետո, դարեր շարունակ Աստծո զավակները փնտրում էին Նրան և փափագում էին ավելի շատ լույս ու ճշմարտություն։ Այժմ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Վերականգնման շարունակվող ավետիքը առաջ է գնում` օրհնելու բոլոր մարդկանց և պատրաստելու աշխարհը այն օրվան, երբ Հիսուս Քրիստոսը կվերադառնա և «կկառավարի ինչպես Թագավորների Թագավոր և կտիրի որպես Տերերի Տեր»: Սա մեր Երկնային Հոր և մեր Փրկչի անսահման սիրո խորիմաստ դրսևորումն է: Ես ուրախ եմ, որ կարող եմ կյանքս անցկացնել՝ այս ճշմարտությունները հռչակելով ողջ աշխարհին:
Անհավանականը և նշանակալին
Մի նոր օր ծագեց մարդկային ընտանիքի համար ծառերի պուրակում, որտեղ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին և խոսեցին Ջոզեֆ Սմիթի հետ՝ ի պատասխան երիտասարդ Ջոզեֆի աղոթքին առ այն, թե որ եկեղեցուն նա պետք է միանար (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.14–20)։ Հիսուս Քրիստոսն ասաց Ջոզեֆին, որ չմիանա որևէ եկեղեցու։ Նա խոստացավ, որ Իր ավետարանի լրիվությունը կհայտնվի Ջոզեֆին ապագայում։
Շատերին թվում էր, որ Ջոզեֆը ամենից անհավանական թեկնածուն էր այդպիսի կարևոր գործի կանչվելու համար, և նրանք իրավացի էին։ Նա մի անուսում և անկարևոր տղա էր մի փոքրիկ ֆերմայից, որը գտնվում էր մի անհայտ քաղաքում։ Ինչպես ոմանք Փրկչին ասացին Իր օրերում. «Կարո՞ղ է Նազարեթից որևէ լավ բան դուրս գալ»: (Հովհաննես 1.46), շատերը մտածում էին, թե ինչ օգուտ կարող է բերել 14-ամյա մի անուսում տղա, որն ապրում էր Պալմիրայում (Նյու Յորք)։ Բայց Ջոզեֆի միջոցով, որքան էլ անհավանական թվար, Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը հիրավի նշանակալի գործ էին իրականացնելու։ Սա պետք է մեզ հույս ներշնչի, որ լինելով պարզ ու խոնարհ մարդիկ, մենք նույնպես կարող ենք իմաստալից կերպով նպաստել Տիրոջ գործին:
Ի վերջո Տերը կանչեց Ջոզեֆին «և երկնքից խոսեց նրա հետ և նրան պատվիրաններ տվեց» (Վարդապետություն և Ուխտեր 1.17): Ջոզեֆը ստացավ արժեքավոր հայտնություններ և կարևոր վարդապետություն, որոնք նոր լույս սփռեցին Երկնային Հոր սիրառատ ծրագրի և Հիսուս Քրիստոսի քավիչ սիրո և Նրա քավիչ զոհաբերության զորության վերաբերյալ մեր հասկացողության վրա: Ուշագրավ է, որ այս ավետիքները եկան այն ճշգրիտ պահին, երբ տրանսպորտի, հաղորդակցության և այլ ոլորտներում զգալի առաջընթացը թույլ կտար, որ Աստծո լույսը փայլեր՝ օրհնելու Նրա զավակներից շատերին:
Մորոնի հրեշտակը փոխանցում է թիթեղները Ջոզեֆ Սմիթին, Ք. Ք. Ա. Քրիստենսենի
Աստծո սիրո զորավոր վկան
Մորոնի հրեշտակի հայտնվելը Ջոզեֆ Սմիթին շատ կարևոր էր Վերականգնման համար և Աստծո սիրո զորեղ ապացույցն էր։ Մորոնին պատմեց Ջոզեֆին մի արձանագրության մասին, որը գրված էր մոտակայքում թաղված ոսկե թիթեղների վրա (տես Ջոզեֆ Սմիթ– Պատմություն 1.33–34): Ի վերջո, Ջոզեֆին տրվելու էր «զորություն ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 20.8)՝ այդ արձանագրությունը թարգմանելու համար, որը դառնալու էր Մորմոնի Գիրքը, որը կանգնած է Աստվածաշնչի կողքին ու ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:
Մորմոնի Գրքի ողջ ընթացքում մենք կարդում ենք մարդկանց մասին, ովքեր Քրիստոսից հարյուրավոր տարիներ առաջ գիտեին և գուշակել էին Նրա գալուստը և փափագում էին այն: Մենք նաև գտնում ենք հարություն առած Փրկչի անձնական հայտնության և ծառայության արտասովոր պատմությունը նեփիացիների մեջ, որի ընթացքում Նա հրավիրեց բոլորին գալ Իր մոտ և շոշափել Ւր կողի նշանը և բևեռները Իր ձեռքերի և ոտքերի վրա (տես 3 Նեփի 11.14–15)։ Նա բժշկեց հիվանդներին, կաղերին, կույրերին՝ «բոլոր նրանց, ովքեր չարչարված էին ինչ-որ ձևով», և ապա օրհնեց փոքր երեխաներին և աղոթեց նրանց համար (տես 3 Նեփի 17.7–9, 21)։ Մենք շատ բան ենք սովորում Փրկչի սիրո և կարեկցանքի մասին այս սուրբ պատմությունից:
Մորմոնի Գիրքը վկայում է, որ «Հիսուսը Քրիստոսն է»: Մորմոնի Գրքի հավաստիացումները բազմիցս հիշեցնում են մեզ, որ մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը սիրում են ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել:
Քահանայության և Եկեղեցու օրհնությունները
Վերականգնումը շարունակվեց Ջոզեֆ Սմիթին հայտնված այլ երկնային պատգամաբերների միջոցով։ «Հարություն առած Հովհաննես Մկրտիչը վերականգնեց ընկղմումով մկրտության իշխանությունը` մեղքերի թողության համար։ Առաջին տասներկու առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, վերականգնեցին առաքյալների կոչումները և քահանայության իշխանության բանալիները: Եկան նաև ուրիշներ, այդ թվում՝ Եղիան, ով վերականգնեց ընտանիքները հավիտյան միավորելու իշխանությունը հավերժական հարաբերություններում, որը գերազանցում է մահին»:
1830թ. ապրիլի 6-ին Հիսուս Քրիստոսը Ջոզեֆ Մարգարեի միջոցով հիմնեց մի եկեղեցի, որը ձևավորվել էր Նոր Կտակարանի ժամանակներում՝ իր կազմակերպած եկեղեցու նմանությամբ (տես Հավատո Հանգանակը 1.6), որն ամբողջությամբ «առաքյալների և մարգարեների հիմքի վրա [էր] շինված, որի անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիներին 2.20): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնված քահանայության զորության օրհնությունները մատչելի է դարձնում Աստծո բոլոր զավակներին, որոնք պատրաստվում են ընդունել այն։
Ինչպես ուսուցանել է մեզ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, մենք կարող ենք ուրախություն գտնել ամենօրյա ապաշխարության մեջ, երբ դիմենք Երկնային Հորը և մեր Փրկչին: Բոլոր նրանց, ովքեր ընկճված են կամ չեն համապատասխանում կամ չեն պատկանում. բոլորին հրավիրում ենք գալ դեպի Քրիստոսը և Նրա Եկեղեցին: Եկեղեցին մենաստան չէ կատարյալների համար, այլ հիվանդանոց է հիվանդների համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը հիշեցնում է մեզ, որ «մենք եկեղեցի ենք գալիս ոչ թե թաքցնելու մեր խնդիրները, այլ բժշկելու դրանք»:
Եկեղեցում մենք ուրախություն ենք գտնում, երբ հնարավորություն ենք ունենում տեսնել ուրիշների կարիքները, սիրով ծառայել ուրիշներին և կիսվել մեր անձնական փորձառություններով՝ Քրիստոսի բարության առատությամբ։ Մենք կարող ենք «համարվել Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում» և «հիշվել ու սնուցվել Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4): Ինչպիսի վիթխարի օրհնություն:
Պատճառ՝ մեծ ուրախության համար
Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի անգամ հայտարարել է. «Արդ, ի՞նչ ենք մենք լսում ավետարանից, որը մենք ստացել ենք։ Ձայն ուրախության: Ողորմության ձայն երկնքից. ճշմարտության ձայն երկրից. [ուրախության] ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության ավետիք»:(Վարդապետություն և Ուխտեր 128.19).
Այս ուրախ ավետիքը եկել է այն պատճառով, որ Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են մեզ և ցանկանում են, ամեն ինչից առավել ընդունել մեզ իրենց ներկայության մեջ, որպեսզի մենք հավիտյան ունենանք այն կյանքը, որով ապրում են Նրանք: Վերականգնումը բացահայտում է, որ նրանք արել են անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դա փառահեղ հնարավորություն դառնա բոլորիս համար: Մեր հավերժական ճամփորդության ընթացքում մենք կզգանք փորձություններ և դժվարություններ, բայց «[մենք] կանք, որ [մենք] ուրախություն ունենանք» (2 Նեփի 2.25) այս կյանքում և հաջորդ կյանքում: Ջոզեֆ Մարգարեն դա ավելի լավ գիտեր, քան շատերը։
Ջոզեֆը հաճախ էր բախվում հակառակության և հալածանքի, սակայն նա պահում էր իր «բնածին ուրախ բնավորությունը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28)։ Նա մնաց ուրախ, ուժեղ և դիմացկուն և կատարեց այն արտասովոր աշխատանքը, որ իրեն տրվել էր։ Ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր վաղ Սրբերին, որոնք հավատացին, աջակցեցին և հետևեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նվիրվեցին Եկեղեցու կառուցմանը։ Մենք երախտագիտության և պատվի այնպիսի մեծ պարտք ունենք նրանց:
Եկեղեցու վաղ օրերում այն խորդուբորդ էր,և այսօր էլ այն կարող է խորդուբորդ լինել։ Սակայն Վերականգնումը շարունակվում է։ Հիսուս Քրիստոսին ունենալով այս Եկեղեցու գլխին, կենդանի մարգարեները կշարունակեն առաջնորդել մեզ: Տիրոջ տները կշարունակվեն կառուցվել, որպեսզի Աստծո հետ հավերժական ուխտերի օրհնությունները կապեն մեզ Նրա և մեր սիրելիների հետ՝ վարագույրի երկու կողմերում (տես Մատթեոս 16.19): Աստծո և Հիսուս Քրիստոսի սերը կտարածվի ողջ աշխարհի վրա, մինչ մենք կհետևենք Իր ոչխարներին արածեցնելու և Իր ավետարանով կիսվելու Փրկիչի հրամանին: Մենք ականատես կլինենք Վերականգնման ճշմարտությունների առաջխաղացմանւը այն ձևերով և այն վայրերում, որոնք դժվար երևակայելի կլինեին Ջոզեֆի օրերում։
Մենք կարող ենք ուժ և մեծ ուրախություն գտնել, ինչպես Մարգարե Ջոզեֆը, երբ ընդունենք և ապրենք այս արժեքավոր ճշմարտություններով։ Իր օրերում Սրբերին ուղղված Ջոզեֆի կոչը այսօր մեզ հետ շարունակվում է. «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացեք առաջ և ոչ թե հետ։ Քաջություն, … և առաջ, առաջ դեպի հաղթանակ։ Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան» (Վարդապետություն և Ուխտեր 128.22):
Թող սիրո և ուրախության ավետիքը, որ Վերականգնումն է բերում, օրհնի և առաջնորդի մեր կյանքը՝ այժմ և միշտ: