«Սխա՞լ էր իմ միսիայի կանչը» Լիահոնա, հունվար 2025:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Սխա՞լ էր իմ միսիայի կանչը
Մինչ ես տնից հեռու էի, Տերն օգնեց ինձ սովորել, թե ինչպես կիսեմ Իր սերը:
Ակտուարային և ֆինանսական մաթեմատիկայի ոլորտում աստիճան ստանալուց երկու տարի անց ես միսիա գնալու մեծ ցանկություն զգացի: Ես որոշեցի ծառայել, չնայած կարող էի կորցնել քոլեջի որոշ կրեդիտներ, որոնք պետք է շարունակաբար հավաքեի:
Որոշ ժամանակ անց, երբ ես կարդացի Յուտայի Կենտրոնական միսիայի իմ միսիոներական կանչը, պահը անսովոր և անիրական թվաց: Ես չգիտեի մեկին, ով ծառայել էր Սոլթ Լեյք Սիթիում: Մտածեցի, որ միգուցե միսիայի սխալ կանչ եմ բացել։ Երբ ես ժամանեցի Սոլթ Լեյք Սիթի, թվում էր, թե այն ամենը, ինչ ես գիտեի, մոռացել էի: Ես հայտնվեցի ձյան մեջ հեծանիվով, առանց պատկերացնելու, թե ինչպես լինել միսիոներ: Իր տարբերվող մշակույթով և կլիմայով Սոլթ Լեյք Սիթին այնքան հեռու էր Հարավային Աֆրիկայից, որքան կարող էի ճանապարհորդել:
Իմ առաջին տարածքում ես և իմ զուգընկերը գնացինք Քրիս Ռուփել անունով մի անդամի հետ ընթրելու: Նա հարցրեց, թե մեզանից որևէ մեկը նվագել գիտի: Զուգընկերս բարձրաձայնեց, որ ես դաշնամուր եմ նվագում և երգում, ուստի ընտանիքի համար երգ կատարեցի։ Հետո ինչ-որ առանձնահատուկ բան տեղի ունեցավ: Եղբայր Ռուփելը նայեց ինձ և ասաց. «Երեց Վիզինի, եթե շարունակես այսպես երգել, դու հաջողակ միսիոներ կդառնաս»: Ես շնորհակալ էի նրան լավ խոսքերի համար, բայց շատ չմտածեցի դրա մասին:
Մի քանի ամիս անց ես եղբայր Ռուփելին օգնեցի կազմակերպել երաժշտական միսիոներական հոգևոր երեկո: Յուրաքանչյուր թաղամասում, որտեղ ես հետագայում ծառայում էի, մենք օգտագործում էինք հոգևոր երեկոյի այս նույն ձևը: Շատ մարդիկ մասնակցեցին մեզ հետ՝ խմբի անդամներից մինչև տեղացի հայտնի երաժիշտներ և այլ դավանանքների ներկայացուցիչներ: Երաժշտության միջոցով մենք Փրկչի մասին ուսուցանեցինք այն մարդկանց, որոնք հակառակ դեպքում չէին ցանկանա սովորել: Ես սովորեցի, որ երաժշտությունը կարող է հուզել աղքատներին և հարուստներին, կրթվածներին և անուսումներին:
Իմ միսիան ինձ սովորեցրեց, որ ես կարող եմ դժվար գործեր անել: Ծառայելով իմ տնից այդքան հեռու և տարբերվող տարածաշրջանում՝ ես իմացա, որ յուրաքանչյուր մարդ Աստծո զավակն է: Ես հրաշքներ եմ տեսել աշխարհի մյուս ծայրում գտնվող մարդկանց կյանքում՝ Յուտայում, և ես դրանք տեսել եմ այստեղ՝ Հարավային Աֆրիկայում: Ես գիտեմ, որ եթե մենք պարզապես հավատանք, հրաշքներ կարող են պատահել յուրաքանչյուրիս կյանքում (տես Մորմոն 9.15–21):