«Գնահատեք ձեր գիտելիքները 4․ Թվեր–Դատավորներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 4․ Թվեր–Դատավորներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դատավորներ 2–4, 6–8, 13–16․ Դաս 67
Գնահատեք ձեր գիտելիքները 4
Թվեր–Դատավորներ
Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և այն մասին, թե ինչ աճ են ունեցել վերջին շրջանում Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել՝ այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դասարանով Հին կտակարանն ուսումնասիրելիս գուցե ուշադրությունը կենտրոնացվել է ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են այս դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների վերաբերյալ, որոնց վրա ձեր դասարանը կենտրոնացել է:
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը հետևյալ արդյունքների վերաբերյալ.
-
Բացատրել Հիսուս Քրիստոսի նախատիպերը կամ խորհրդանիշները Հին Կտակարանից: (Նշում․ Այս վարժությունը վերաբերում է Հին Կտակարանի տարբեր դասերին, այդ թվում՝ Դաս 57․ «Թվեր 21»-ին:)
-
Տիրոջը ամբողջ սրտով սիրելու մեծ ցանկություն զգալ։ (Նշում․ Այս վարժությունը վերաբերում է նրան, ինչ ուսանողներն արել են Դաս 58. «Բ Օրենք 6․1–6-ում»։)
-
Հնազանդվել Տիրոջ պատվիրաններին։ (Նշում․ Այս վարժությունը վերաբերում է նրան, ինչ ուսանողներն արել են Դաս 49. «Ելք 20․1–11», Դաս 58․ «Բ Օրենք 6․1–6», Դաս 59․ «Բ Օրենք 6․6–25; 7․1–26, 8․1–20» և Դաս 60․ «Բ Օրենք 15»-ում։)
Մեր շարժման ուղղությունն ավելի կարևոր է, քան մեր արագությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել հոգևոր աճի կարևորության քննարկմանը, առաջարկեք նրանց քննարկել հետևյալ հարցը դասարանով կամ փոքր խմբերով.
-
Սպորտից կամ կյանքից ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ ձեր շարժման ուղղությունը ավելի կարևոր է, քան արագությունը:
Ցուցադրեք հետևյալ խոսքերը և առաջարկեք ուսանողներին տեսնել ուղղության կարևորությունը, երբ խոսքը վերաբերում է հոգևոր աճին:
Յոթանասունից երեց Լարի Ռ. Լոուրենսն ուսուցանել է մեր հոգևոր աճի մասին:
Մեր Երկնային Հայրը գիտի մեր աստվածային ներուժի մասին: Նա ամեն անգամ ուրախանում է, երբ մենք մի քայլ առաջ ենք շարժվում։ Նրա համար շատ ավելի կարևոր է մեր շարժման ուղղությունը, քան արագությունը։
Եղբայրներ և քույրեր, եղեք հետևողական, սակայն երբեք մի հուսահատվեք։ («Էլ ի՞նչ բանով եմ պակաս» Լիահոնա, նոյեմբեր 2015, 35)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր հոգևոր աճի ուղղությունն ավելի կարևոր մեր Երկնային Հոր համար, քան մեր արագությունը:
Որոշ ուսանողների համար կարող է դժվար լինել տեսնել իրենց հոգևոր աճը: Բացատրեք, որ խորհելն այն մասին, թե որտեղ ենք մենք հիմա՝ համեմատած նախկինի հետ, կարող է օգնել մեզ տեսնել մեր հոգևոր աճը, նույնիսկ եթե մեր առաջընթացը չնչին է։ Ուսանողները կարող են հիշել, թե ինչ են սովորել Փրկչի մասին, ինչ արդարակյաց սովորություններ են իրենք զարգացնում կամ ինչպես են ձգտում ապրել Հիսուս Քրիստոսի նման:
Կարող եք ուսանողներին մի քանի րոպե տալ՝ վերանայելու իրենց ուսումնասիրության օրագիրը կամ սուրբ գրությունների նշումները: Նրանք կարող են փնտրել, թե ինչ են գրել Փրկչի մասին, հոգևոր տպավորություններ, գաղափարներ կամ ծրագրեր են գրել, որոնցով ցանկանում էին գործել:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Այնուհետև առաջարկեք նրանց իրենց ուսումնական օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ուսումնական տարվա սկզբից ի՞նչ աճ կամ առաջընթաց նկատեցիք Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ջանքերում:
-
Ի՞նչ եք սովորել կամ կիրառել Հին Կտակարանի ձեր ուսումնասիրությունից:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:
Այսօր ձեր գիտելիքները գնահատելիս բաց եղեք Սուրբ Հոգու տպավորությունների համար, որոնք կօգնեն ձեզ տեսնել ձեր հոգևոր աճը Հիսուս Քրիստոսին հետևելու գործընթացում՝ նույնիսկ եթե դուք ընդամենը մեկ քայլ եք առաջ գնացել:
Բացատրել Հիսուս Քրիստոսի նախատիպերը կամ խորհրդանիշները Հին Կտակարանից
Ուսանողներին հնարավորություն տվեք փորձելու բացատրել, թե ինչպես են Հին Կտակարանում վերջերս ուսումնասիրած նախատիպերը կամ խորհրդանիշները ուղղում են մեզ դեպի Հիսուս Քրիստոսը (տես Մովսես 6․63)։
Դա անելու համար կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և ուսանողներին հարցնել, թե ինչ են հիշում սուրբգրային այս պատմության մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել ուսանողներին ծանոթանալ Թվեր 21․4–9 հատվածներին։ Այնուհետև ուսանողները կարող են փորձել բացատրել, թե ինչպես է այս խորհրդանիշը ուղղում մեր մտքերը դեպի Հիսուս Քրիստոսի դերը և առաքելությունը՝ քննարկելով հետևյալ երկու հարցերի իրենց պատասխանները.
-
Ի՞նչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին ձողի վրա կանգնեցված պղնձե օձի խորհրդանիշը։
-
Ինչպե՞ս է Քրիստոսն իրականացնում այդ նույն դերը մեր կյանքում:
Ուսանողները կարող են նշել, որ Փրկիչը զորություն ունի մեզ բժշկելու ոչ միայն ֆիզիկական հիվանդություններից, այլև հոգևոր դժվարություններից, օրինակ՝ անհավատությունից կամ կարծրասրտությունից: Եթե օգտակար կլինի, հիշեցրեք ուսանողներին, որ Դաս 57. «Թվեր 21»-ում նրանք սովորեցին, որ պղնձե օձի խորհրդանիշը ուսուցանում է մեզ, որ եթե մենք հավատքով նայենք Փրկչին, Նա կբժշկի մեզ:
Կարող եք ուսանողներին մեկ այլ հնարավորություն տալ՝ բացատրելու Հին Կտակարանի այլ խորհրդանիշներ, որոնք մեր մտքերն ուղղում են դեպի Հիսուս Քրիստոսի դերերն ու առաքելությունը: Այս բաժնի մնացած մասում քննարկվում է, թե ինչպես կարող եք դա անել:
-
Հիսուս Քրիստոսի ի՞նչ այլ նախատիպեր կամ խորհրդանիշներ եք հիշում Հին Կտակարանի ձեր ուսումնասիրությունից:
Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։ Ուսանողները կարող են նշել կենդանիների զոհաբերությունները (տես Մովսես 5.5–7, Ղևտական 1), Աբրահամին և Իսահակին (տես Ծնունդ 22․1–19), Զատիկի խորհրդանիշները (տես Ելք 12), ջուրը (տես Ելք 15․23–26 17․1–6), մանանան (տես Ելք 16), դատավորներին կամ ազատիչներին (տես Դատավորներ 3․9) կամ այլ նախատիպեր և խորհրդանիշներ:
Առաջարկեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող է Փրկչի այս նախատիպներն ու խորհրդանիշները հասկանալը օգնել մեզ այսօր: Դա անելու համար ցուցադրեք հետևյալ հրահանգները և առաջարկեք ուսանողներին աշխատել զուգընկերոջ հետ:
Հին Կտակարանից ընտրեք Հիսուս Քրիստոսի նախատիպերից կամ խորհրդանիշներից մեկը և բացատրեք հետևյալը.
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանել այդ նախատիպը կամ խորհրդանիշը Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարում այդ դերը մեր կյանքում:
Բավարար ժամանակից հետո ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով մեկ այլ զուգընկերոջ կամ դասարանի հետ:
Տիրոջը մեր ամբողջ սրտով սիրելու մեծ ցանկություն զգալ
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Տիրոջն ամբողջ սրտով սիրելու իրենց ներկայիս ցանկության մասին, կարող եք գրատախտակին ստորև ներկայացվածի նման սիրտ նկարել: Դեռևս գիծ մի քաշեք կամ մի ներկեք նկարած սրտի մի հատվածը: Սկսեք այս բաժինը՝ օգնելով ուսանողներին մտածել այն մասին, թե որքան շատ են իրենք սիրում որոշակի երևույթներ կամ մարդկանց իրենց կյանքում: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․
-
Ի՞նչ բաներ կամ ո՞ր մարդկանց եք դուք սիրում: Ի՞նչ եղանակներով կարող եք ցույց տալ, թե որքան եք սիրում այդ բաները կամ այդ մարդկանց:
Կարող եք ընտրել մի ուսանողի, որ պատմի իր սիրած որևէ բանի մասին: Կարող եք խնդրել նրանց գալ գրատախտակի մոտ և գիծ քաշել սրտի նկարում՝ ցույց տալով, թե որքան են իրենք սիրում այդ բանը: Խուսափեք, որ սիրտը կիսելով նրանք ցույց տան իրենց սիրո չափը անհատների հանդեպ:
Կարդացեք Բ Օրենք 6․4–6 հատվածները՝ փնտրելով, թե մենք ինչպես պետք է սիրենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ինչպե՞ս կարող եք դա նշել սրտի նկարի վրա:
Ուսանողների պատասխաններից ելնելով՝ կարող եք լրացնել սրտի մնացած մասը:
Դաս 58․ «Բ Օրենք 6․1–6»-ում ուսանողներին առաջարկվել էր քննարկել, թե ինչպես տարբեր միջավայրերում գտնվող մարդիկ կարող են արտահայտել իրենց սերը Աստծո հանդեպ: Եթե անհրաժեշտ է, հիշեցրեք ուսանողներին այդ նախորդ քննարկման մասին։
Ստորև թվարկվածներից ի՞նչն է վերջին շրջանում ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո վրա.
-
Փորձառություննե՞րը ձեր կյանքից կամ ուրիշների կյանքից:
-
Սուրբ գրություննե՞րը, որոնք դուք վերջերս ուսումնասիրել եք անհատապես, ձեր ընտանիքի հետ, եկեղեցում կամ սեմինարիայում:
Մի քանի պատրաստակամ ուսանողի կարող եք առաջարկել կիսվել։ Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Տիրոջն ամբողջ սրտով սիրելու իրենց ներկայիս ձգտումը, կարող եք առաջարկել նրանց սիրտ նկարել իրենց ուսումնասիրության օրագրում և ցույց տալ, թե որչափ են իրենք ներկայումս սիրում Աստծուն իրենց սրտով: Նրանք կարող են խորհել հետևյալ հարցերի շուրջ, որոնք կօգնեն իրենց:
Խորհեք ձեր ներկայիս զգացմունքների մասին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հետևյալ հարցերի օգնությամբ.
-
Ձեր կարծիքով, անցած մի քանի շաբաթվա ընթացքում ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ աճե՞լ է, նվազե՞լ, թե՞ մնացել է նույնը:
-
Ի՞նչն է ազդել Նրանց հանդեպ ձեր զգացմունքների վրա:
-
Ինչպե՞ս կարող եք ձգտել սիրել Նրանց ձեր ողջ սրտով, հոգով և կարողությամբ:
Հնազանդվել Տիրոջ պատվիրաններին
Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում ուսանողները սովորել են Աստծո մի քանի պատվիրանների մասին: Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու իրենց ջանքերը, կարող եք գրատախտակին նկարել մեծ 1։ Այդ 1-ը կարող է խորհրդանշել Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու նրանց ցանկությունը՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին:
Ուսանողները, գուցե, նկարել են այդ 1-ը Դաս 49. «Ելք 20.1–11»-ում և իրենց ուսումնասիրության օրագրում՝ այդ 1-ի կողքին գրել են Աստծո պատվիրաններից մեկին հնազանդվելու ծրագիր: Եթե արել են դա, ապա ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու իրենց ծրագիրը:
Եթե ուսանողները նախկինում չեն նկարել այս գծանկարը կամ չեն կազմել ծրագիր, առաջարկեք նրանց դա անել հիմա:
Խորհեք ձեր առաջընթացի մասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին ձեր ուսումնական օրագրում․
-
Ի՞նչ արդյունքի եք հասել այս պատվիրանին հնազանդվելու ջանքերում: Ի՞նչ օրհնություններ, աճ, խոչընդոտներ կամ դժվարություններ եք նկատել:
-
Ինչպե՞ս եք ձեզ ավելի մոտ զգացել Աստծուն՝ փորձելով հնազանդվել այս պատվիրանին: Կամ ինչպե՞ս կարող եք ձեզ ավելի մոտ զգալ Նրան՝ ձգտելով հնազանդվել այդ պատվիրանին:
Առաջարկեք ուսանողներին շարունակել ձգտել Աստծուն դնել առաջին տեղում իրենց կյանքում։ Ուսանողները կարող են նաև նկարել նոր 1 և դրա ներսում կամ կողքին գրել նոր պատվիրան, որի վրա կցանկանային կենտրոնանալ:
Հիշեցրեք ուսանողներին, որ հոգևոր ուղղությունը, որով իրենք շարժվում են, ավելի կարևոր է Երկնային Հոր համար, քան իրենց շարժման արագությունը: Վկայեք Նրա օգնության մասին և խրախուսեք ուսանողներին շարունակել առաջ գնալ ուխտի ճանապարհով՝ նույնիսկ եթե իրենց առաջընթացը դանդաղ է թվում: