«Բ Օրենք 15. «Ձեռքդ լայն բաց նրա համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Օրենք 15. «Ձեռքդ լայն բաց նրա համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34․ Դաս 60
Բ Օրենք 15
«Ձեռքդ լայն բաց նրա համար»
Բ Օրենք գրքում ներկայացված Փրկչի պատվիրաններն իսրայելացիներին ներառում են՝ ներել պարտապաններին, ազատել մարդկանց ստրկությունից և թեթևացնել աղքատների բեռը: Որպես Նրա ժողովուրդ՝ մենք նույնպես ուխտի պատասխանատվություն ունենք՝ ազատորեն կիսվելու այն ամենով, ինչ Փրկիչը տվել է մեզ՝ թեթևացնելու աղքատների բեռը: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ հետևելու Փրկչի պատվիրանին. կիսվել այն ամենով, ինչ Նա տվել է իրենց:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին աղոթքով երգել «Because I Have Been Given Much» օրհներգը կամ ուսումնասիրել դրա բառերը (Հիմներ, հմր 219) կամ Մատթեոս 25․31–40 հատվածները։ Ուսանողները կարող են խնդրել Երկնային Հորը օգնել իրենց հասկանալ, թե ինչ եղանակներով իրենք կարող են կիսվել ուրիշների հետ այն ամենով, ինչ Նա տվել է իրենց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ
Դասը սկսեք՝ ցուցադրելով Հիսուս Քրիստոսի սիրելի նկարը: Կարող եք գրատախտակին գրել նախագահ Նելսոնի հետևյալ անավարտ արտահայտությունը: Կարող եք նշել, որ կարող են լինել այդ արտահայտությունն ավարտելու մի քանի ճիշտ եղանակ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ եղանակներից մեկն է ։ («Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98)
-
Ինչպե՞ս կարող ենք ավարտել նախագահ Նելսոնի արտահայտությունը:
Երբ ուսանողները պատասխանեն, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու են իրենք կարծում, որ իրենց պատասխանով հնարավոր է ավարտել արտահայտությունը: Կարող եք գովել ուսանողներին և հաստատել այն, ինչով նրանք կիսվում են: Այնուհետև ցուցադրեք նախագահ Նելսոնի արտահայտությունն արդեն ավարտված տեսքով:
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ եղանակներից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ: («Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98)
-
Ինչո՞ւ է դա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին բացահայտելու լավ միջոց:
-
Ինչպիսի՞ եղանակներով կարող են Հիսուս Քրիստոսի աշակերտները կարեկցաբար վերաբերվել մարդկանց:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե որքան լավ են իրենք ներկայումս վերաբերվում ուրիշներին, կարող եք կիսվել հետևյալ մի քանի կամ բոլոր պնդումներով և առաջարկել ուսանողներին խորհել, թե որքանով է այդ պնդումներից յուրաքանչյուրը համապատասխանում իրենց:
-
Այն, թե ինչպես եմ ես վերաբերվում ուրիշներին, ցույց է տալիս, թե որքանով եմ ես Հիսուս Քրիստոսի հետևորդը:
-
Ես կարեկցում եմ ուրիշներին և ցանկանում եմ անել այն, ինչ կարող եմ՝ նրանց օգնելու համար:
-
Ես պատրաստ եմ կիսվել ուրիշների հետ նրանով, ինչ Տերը տվել է ինձ:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ զգալ Փրկչի պատվիրանին հետևելու կարևորությունն այն հարցում, թե ինչպես եք դուք վերաբերվում այլ մարդկանց:
Հոգ տանել կարիքավորների մասին
Նախքան ուսանողները կկարդան հետևյալ հատվածը, կարող եք բացատրել, որ Բ Օրենք գրքում ներկայացված հրահանգներում Տերը պատվիրել է, որ յուրաքանչյուր յոթ տարին մեկ բոլոր պարտքերը պետք է ներվեն:
Կարդացեք Բ Օրենք 15․7–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը ցանկանում, որ մենք վերաբերվենք մեզ շրջապատող մարդկանց:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Երբ ուսանողները կիսվեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը․ Տերը պատվիրում է մեզ կիսվել Իր տված օրհնություններով:
Օգտակար կլինի օգտագործել պարզ առարկայական դաս՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում «ձեռքդ լայն բաց» ուրիշների համար (հատվածներ 8 և 11)։ Դա անելու համար սենյակի առջևի մասում կարող եք դնել մի աման՝ լցված որևէ բանով, օրինակ՝ չոր հացահատիկով, լոբու հատիկներով կամ փոքր կոնֆետներով։ Երկու ուսանողի առաջարկեք ցուցադրել վերը նշված արտահայտությունը: Ուսանողներից մեկը կարող է ամանից վերցնել մի բուռ սնունդ և պահել այն մյուս ուսանողի ձեռքերի վրա: Խնդրեք ուսանողին «մի քիչ» բացել իր ձեռքի ափը, ապա՝ «մի քիչ ավելի», թույլ տալով, որ փոքր քանակությամբ սնունդ ընկնի մյուս ուսանողի ձեռքին: Վերջում ուսանողներին առաջարկեք նորից կարդալ հատված 8-ը և հանձնարարեք ուսանողին ցուցադրել «ձեռքը լայն բացել» առարկայական դասը։
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում, որ մենք պետք է լայն բացենք մեր ձեռքերը՝ աղքատների մասին հոգ տանելու համար:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին՝ Իր պատվիրանից: Ինչպե՞ս է Նա բացում Իր ձեռքը մեզ համար:
-
Ի՞նչ իրավիճակներում մենք կարող ենք գայթակղություն ունենալ՝ փակելու մեր ձեռքն աղքատների համար:
Նախքան ուսանողները կկարդան հետևյալ հատվածը, կարող եք բացատրել, որ Տերը նաև պատվիրել է, որ յուրաքանչյուր յոթերորդ տարին՝ ազատություն ցանկացող յուրաքանչյուր ծառա պետք է ազատվի գերությունից:
Կարդացեք Բ Օրենք 15․12–15 հատվածները՝ փնտրելով, թե ըստ Տիրոջ խոսքերի, իսրայելացիներն ինչպես պետք է վերաբերվեն այն ծառային, որը ցանկանում է ազատվել գերությունից:
-
Ըստ իսրայելացիների մասին ձեր սովորածի, նրանք ինչպե՞ս հայտնվեցին ֆիզիկական և հոգևոր գերության մեջ: Ինչպե՞ս կարող է այսօր որևէ մեկը հայտնվել հոգևոր գերության մեջ:
-
Ինչպե՞ս կարող է հիշելն այն մասին, թե ինչպես է Փրկիչը մեզ ազատել հոգևոր և ֆիզիկական գերությունից, ազդել ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա։
«Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե դեռահասի համար ինչպիսին կարող է լինել «աղքատությունը»՝ ոչ միայն նյութապես, այլ նաև հոգևորապես, ֆիզիկապես, էմոցիոնալ և սոցիալական առումներով:
-
Ինչպե՞ս կարող ենք լայն բացել մեր ձեռքն այն մարդու համար, որն ունի այդ եղանակներից յուրաքանչյուրի կարիքը:
Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները՝ գտնելու սուրբգրային հատված կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որը կարող է օգնել մարդուն հետևել աղքատների մասին հոգ տանելու Փրկչի պատվիրանին
Եթե ուսանողները լրացուցիչ օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել ուսումնասիրել հետևյալ հատվածները․ Ղուկաս 6․30–38, Մոսիա 4․16–27, Վարդապետություն և Ուխտեր 104.15–18, Մովսես 7․18։ Ուսանողները կարող են նաև Gospel Library հավելվածում փնտրել նմանատիպ բառեր, օրինակ՝ «աղքատ»:
Ուսանողներին սուրբ գրություն կամ արտահայտություն գտնելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով: Ուսանողները կարող են նաև քննարկել հետևյալ հարցերը։
-
Ինչպե՞ս կարող է այդ սուրբ գրությունը կամ ուղերձը կիրառվել այն բանի վերաբերյալ, թե ինչպես ենք մենք հոգ տանում որևէ մեկի մասին, որն «աղքատ» է նյութապես, հոգևորապես, ֆիզիկապես, էմոցիոնալ կամ սոցիալական առումներով:
-
Ե՞րբ եք ուրիշների առատաձեռնությամբ օրհնվելու փորձառություն ունեցել։
Որպեսզի օգնեք ուսանողներին մեծացնել ուրիշներին իրենց միջոցներից առատորեն տալու իրենց ցանկությունը, կարող եք ցուցադրել «The Coat» (2:07) տեսանյութը Gospel Library հավելվածում։ Կարող եք ուսանողներին բացատրել, որ այդ տեսանյութում ներկայացված է մի պատմություն նախագահ Հեբեր Ջ. Գրանտի մանկության փորձառության մասին: Կարող եք դադարեցնել տեսանյութն այն պահից հետո, երբ երիտասարդ Հեբերն առաջին անգամ տեսնում է առանց վերարկուի փոքրիկ տղային: Ուսանողներին առաջարկեք կրկնել Բ Օրենք 15․7–8 հատվածները և կիսվել, թե ինչ կարող էր անել Հեբերը, եթե «իր ձեռքը լայն բացեր», և Տերն ինչպես կարող էր օրհնել իրեն իր առատաձեռնության համար: Ապա դիտեք տեսանյութի մնացած մասը։
Մեծացնենք ուրիշների հետ կիսվելու մեր ցանկությունը
Կարդացեք Մատթեոս 25․31–40 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչը ինչպես է վերաբերվում կարիքի մեջ գտնվող մարդկանց մասին հոգ տանելու մեր ջանքերին:
Ուսանողներին առաջարկեք կարդալ «Because I Have Been Given Much» օրհներգի բառերը կամ երգել օրհներգը (Հիմներ, հ. 219)։ Առաջարկեք նրանց օրհներգի տեքստի մեջ փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք կօգնեն իրենց զգալ ուրիշների հետ առատաձեռնորեն կիսվելու Փրկչի պատվիրանի կարևորությունը:
Նախքան հետևյալ հարցերով կիսվելը՝ կարող եք հիշեցնել ուսանողներին դասի սկզբում ներկայացված նախագահ Նելսոնի արտահայտությունը: Այդ արտահայտությունն ուսանողներին հիշեցնելը կարող է օգնել նրանց կապել այսօր իրենց սովորած և զգացած ճշմարտությունները մարգարեների խոսքերի հետ: (Լրացուցիչ ուսուցում ստանալու համար հրավերների վերաբերյալ, որոնք կօգնեն կապ հաստատել ուսանողների և մարգարեների խոսքերի միջև, տես «Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետություն ուսուցողական նյութում։)
Ուսանողները կարող են պատասխանել հետևյալ հարցերին իրենց օրագրերում։
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որն օգնեց մեծացնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդը լինելու ձեր ցանկությունը՝ առատորեն տալ ուրիշներին ձեր միջոցներից:
-
Ի՞նչ եք ոգեշնչվել անել:
Կարող եք կիսվել, թե երբ է ձեր կյանքն օրհնված եղել այն մարդկանց առատաձեռնության շնորհիվ, որոնք ձգտում էին լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել Երկնային Հոր առաջնորդությունը՝ գտնելու որևէ մեկին, ում կարող են ծառայել, և ինչպես կարող են դա անել: