«Ելք 20․ 1–11. Տասը պատվիրանները. Սիրենք Աստծուն և դնենք Նրան առաջին տեղում մեր կյանքում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 20․ 1–11. Տասը պատվիրանները. Սիրենք Աստծուն և դնենք Նրան առաջին տեղում մեր կյանքում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 19–20, 24, 31–34․ Դաս 49
Ելք 20․1–11
Տասը պատվիրանները. Սիրենք Աստծուն և դնենք Նրան առաջին տեղում մեր կյանքում
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ բոլորիս և ցանկանում են, որ մենք դնենք Իրենց առաջին տեղում մեր կյանքում: Իսրայելացիներին Եգիպտոսից ազատելուց հետո Տերը նրանց առաջնորդեց դեպի Սինա լեռ՝ Իր հետ ուխտ կապելու համար: Այնտեղ Նա բացահայտեց Տասը պատվիրանները, որպեսզի օգնի նրանց սիրել Իրեն ամեն ինչից վեր: Այս դասը կօգնի ուսանողներին սիրել և պատվել Աստծուն ամեն ինչից վեր:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք թվարկել Աստծո պատվիրաններից մի քանիսը: Առաջարկեք նրանց ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ քննարկել, թե իրենց թվարկած պատվիրաններն ինչպես են օգնում ցուցաբերել իրենց սերն Աստծո հանդեպ և Նրան առաջին տեղում դնել իրենց կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ամենամեծ պատվիրանը
Նշում․ այս դասը կենտրոնանում է առաջին չորս պատվիրանների վրա: Դաս 50․ «Ելք 20․12–17» հատվածները կկենտրոնանան վերջին վեց պատվիրանների վրա:
Կարող եք սկսել դասը՝ խնդրելով ուսանողներին մտածել, թե Աստծո բոլոր պատվիրաններից որ պատվիրանն է իրենց կարծիքով ամենակարևորը: Այնուհետև կիսվեք հետևյալ ամփոփումով:
Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկչին հարցրին, թե պատվիրաններից որն էր ամենամեծը կամ ամենակարևորը (տես Մատթեոս 22․36)։
Կարդացեք Մատթեոս 22․37–39 (տես նաև Ղևտական 19․18, Բ Օրենք 6․5) հատվածները՝ փնտրելով Փրկչի պատասխանը:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ են այդ երկու պատվիրանները համարվում ամենամեծը։
Այս և մյուս դասերի ընթացքում Տասը պատվիրաններն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչպես են այդ պատվիրաններն օգնում մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորներին: Այս դասի ընթացքում դուք կուսումնասիրեք Տասը պատվիրաններից մի քանիսը, որոնք օգնում են մեզ սիրել և պատվել Աստծուն:
Կարդացեք Ելք 20․1–11 հատվածները՝ փնտրելով առաջին չորս պատվիրանները, որոնք Տերը տվել է իսրայելացիներին:
Ելք 20․3–17 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում այդ պատվիրանների և Մատթեոս 22․37–38 հատվածներում ներկայացված առաջին մեծ պատվիրանի միջև:
Կարող եք գրատախտակին ամփոփ գրել այն ճշմարտությունները, որոնցով կիսվում են ուսանողները: Դրանք կարող են նման լինել հետևյալ ճշմարտությանը․ Աստված պատվիրում է մեզ սիրել Իրեն և առաջին տեղում դնել Իրեն մեր կյանքում։
Կարող եք ուսանողներին առաջարկել խաչաձև հղում կատարել կամ կապել Ելք 20․3–17 հատվածները Մատթեոս 22․36–39 հատվածների հետ։
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Աստծուն առաջին տեղում դնել մեր կյանքում:
Ուսանողներին օգնեք մտածել, թե ներկայումս իրենք ինչպես են կիրառում այդ ճշմարտությունն իրենց կյանքում: Առաջարկեք նրանց կատարել հետևյալ ինքնագնահատումը։
Խորհեք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր պատասխանների շուրջ: Կարող եք ձեր մտքերից մի քանիսը գրել ձեր օրագրում։
-
Արդյո՞ք Աստծո հանդեպ իմ սերն ամենակարևոր ազդեցությունն ունի իմ կյանքում:
-
Ի՞նչը կարող է ինձ հետ պահել Աստծուն սիրելուց և Նրան իմ կյանքում առաջին տեղում դնելուց:
Պատվիրաններ, որոնք օգնում են մեզ սիրել Աստծուն և առաջին տեղում դնել Նրան
Ուղեկցող աշխատաթերթը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե Ելք 20․3–11 հատվածներում ներկայացված պատվիրաններն ինչպես կարող են օգնել մեզ սիրել Աստծուն և Նրան առաջին տեղում դնել մեր կյանքում: Կարող եք օգտագործել աշխատաթերթը տարբեր եղանակներով:
Կիսվելը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ ընկալել իրենց սովորածը: Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին աշխատաթերթի վրա աշխատելիս։ Ուսանողները կարող են կիսվել փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:
Երբ պատրաստակամ ուսանողները պատասխանեն, անհրաժեշտության դեպքում կարող եք պատասխանել հետևյալ հարցին՝ օգտագործելով ձեր անձնական փորձառությունը:
-
Ի՞նչ օրհնություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ՝ Աստծուն առաջին տեղում դնելով:
Աստծուն դնել առաջին տեղում
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ստեղծել մի ծրագիր, որտեղ ներկայացված կլինի, թե ինչպես սիրել Աստծուն և իրենց կյանքում Նրան դնել առաջին տեղում: Հիշեցրեք ուսանողներին, որ 1 թիվը նշանակում է Աստծուն մեր կյանքում դնել առաջին տեղում:
Ձեր օրագրում կամ առանձին թղթի վրա նկարեք մեծ 1 թիվը: Այն բավականաչափ մեծ պետք է լինի, որպեսզի կարողանաք գրել թվի ներսում կամ տեղ թողեք՝ թվի կողքին գրելու համար:
Առաջնորդություն փնտրեք Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի որոշեք, թե ինչ կարող եք անել՝ Աստծուն ձեր կյանքում առաջին տեղում դնելու համար: 1 թվի ներսում կամ դրա կողքին գրեք, թե ինչ պետք է անեք։ Թվի ներքևում գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.
-
Դա անելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ սիրել Աստծուն և դնել Նրան առաջին տեղում ձեր կյանքում:
-
Ինչպե՞ս կարող է Տերը օրհնել ձեզ ձեր կյանքում Իրեն առաջին տեղում դնելու համար:
-
Ի՞նչ դժվարությունների կարող եք հանդիպել դա անելիս: Ի՞նչ կարող եք անել՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար:
Խրախուսեք ուսանողներին՝ գործել ըստ իրենց ունեցած հոգևոր տպավորությունների: Ուսանողները հնարավորություն կունենան հետևելու իրենց առաջընթացին Դաս 67․ «Գնահատեք ձեր գիտելիքները 4» ուսումնասիրելու ժամանակ։
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Ելք 20․3–17 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Տասը պատվիրանները»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում։