«Ելք 24, 32–34․ Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 24, 32–34․ Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 19–20, 24, 31–34․ Դաս 51
Ելք 24, 32–34
Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը
Ինչպե՞ս են Փրկչի արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը գործում միասին՝ օրհնելու ձեր կյանքը: Երբ Մովսեսը վերադարձավ Տիրոջ ներկայությունից, տեսավ, որ իսրայելացիները խախտել են իրենց կապած ուխտերը և երկրպագում են ոսկե հորթին: Իսրայելացիները կրեցին այդ մեղքի հետևանքները, սակայն Տերը ցույց է տալիս Իր արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են և վերադառնում են Իր մոտ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Տերը արդար է, ողորմած է և համբերատար:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչպես են տեսել Տիրոջ արդարությունը, սերը և համբերատարությունն (համբերությունն) իրենց կյանքում: Առաջարկեք նրանց զրուցել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ այն մասին, թե ինչպես են Տիրոջ արդարությունն ու ողորմածությունն աշխատում միասին՝ Իր բոլոր զավակներին օրհնելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տերը արդար է, ողորմած է և համբերատար
Կարող եք ցուցադրել Փրկչի նկարը: Քննարկեք հետևյալ հարցը։
-
Ի՞նչ բառ կարող եք օգտագործել՝ Փրկչի բնավորությունը նկարագրելու համար:
Ուսանողներին առաջարկեք գրել այդ բառը գրատախտակին: Գրված բառերից ընտրեք մի քանի օրինակ և այն ուսանողներին, որոնք գրել են բառերը, առաջարկեք բացատրել, թե ինչու են իրենք ընտրել Փրկչի այդ հատկանիշը:
Որպեսզի օգնի Իսրայելի որդիներին հասկանալ Իրեն, Տերը բացահայտեց Իր բնավորության որոշ կարևոր բաղադրիչներ:
Կարդացեք Ելք 34․6–7 հատվածները՝ փնտրելով Փրկչի հատկանիշները:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Ի թիվս հատկանիշների, որոնք ուսանողները կարող են բացահայտել, ընդգծեք այն ճշմարտությունը, որ Տերը արդար է, ողորմած է և համբերատար։ Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ «համբերատարությունը» (հատված 6) նկարագրում է Տիրոջ համբերությունը մեր հանդեպ:
Կարող եք կիսվել ուսանողների հետ, որ իրենք կուսումնասիրեն, թե ինչպես են Իսրայելի որդիները զգացել Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը: Նրանք նաև կուսումնասիրեն, թե ինչու է մեզ համար կարևոր հասկանալ Տիրոջ մասին այդ ճշմարտությունները:
Իսրայելացիները Տիրոջ ուխտյալ ժողովուրդն են
Հետևյալ սցենարը կօգտագործվի դասի ողջ ընթացքում՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է իսրայելացիների պատմությունը վերաբերել այսօրվա երիտասարդությանը: Սցենարում օգտագործվում է «Քայլի» անունը, բայց դուք կարող եք առաջարկել ուսանողներին ընտրել այլ անուն և ավելացնել կամ փոփոխել պատմության մանրամասները:
Քայլին մի երիտասարդ աղջիկ է ձեր դպրոցից, որը սովորել է Փրկչի ավետարանի մասին և որոշել է կատարել փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտվելու համար: Նա ցանկանում է ուխտ կապել Աստծո հետ՝ Նրա պատվիրանները պահելու համար:
Օգնեք ուսանողներին վերհիշել, որ Եգիպտոսից ազատվելուց հետո Տերը Իսրայելի որդիներին բերեց Սինա լեռ՝ Իր հետ ուխտ կապելու:
Կարդացեք Ելք 24․3–8 հատվածները՝ փնտրելով, թե իսրայելացիներն ինչպես կարող էին ունենալ նույն զգացումը, որն ունի Քայլին:
-
Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը։
Օգտակար կլինի ուսանողներին բացատրել, որ զոհասեղանի և ժողովրդի վրա արյուն ցողելը (տես Ելք 24․6, 8) խորհրդանշական, ֆիզիկական պատկերացում էր այն մասին, որ իսրայելացիները պատրաստ էին լինել Տիրոջ ուխտյալ ժողովուրդը:
Տերը ցանկացավ օրհնել Իսրայելի որդիներին Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններով (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19–23)։ Մովսեսը վերադարձավ Սինա լեռ՝ ստանալու այդ արարողությունների վերաբերյալ Տիրոջ հրահանգները և խորանի վերաբերյալ Նրա ծրագրերը:
Մեր կապած ուխտերը խախտելը և դրա հետևանքները
Կարդացեք Ելք 32․1–8 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էին անում իսրայելացիները, երբ Մովսեսը լեռան վրա էր և Աստծուց առաջնորդություն էր ստանում:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ ոսկե հորթի արձան կառուցելն ու նրան երկրպագելն այդքան լուրջ մեղք էր: (Տես Ելք 20․2–7։)
Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ իսրայելացիները խախտել էին ուխտը, որը հենց նոր կապել էին Տիրոջ հետ:
Կարող եք կիսվել սցենարի մեկ այլ հատվածով, որը զուգահեռներ ունի Իսրայելի որդիների հետ տեղի ունեցածի հետ և ավելի շատ վերաբերում է երիտասարդությանը: Ուսանողները կարող են օրինակներ բերել, թե ինչ կարող էր անել Քայլին՝ խախտելու Աստծո պատվիրաններին հնազանդվելու ուխտը, որը կնքել էր մկրտության ժամանակ:
Մկրտությունից հետո Քայլին սկսեց ժամանակ անցկացնել իր հին ընկերների հետ և դա հանգեցրեց նրան, որ նա վերադարձավ իր հին սովորություններին: Սկզբում նրա թույլ տված սխալները փոքր էին թվում։ Սակայն շատ չանցած, նա վերադարձավ իր հին, ծանոթ ապրելակերպին: Նա խախտեց ուխտը, որը կնքել էր մկրտության ժամանակ:
-
Ի՞նչը կարող էր ազդել Քայլիի որոշման վրա։
Տիրոջ արդարության օրենքը
Կարդացեք Ելք 32․15–20 հատվածները՝ փնտրելով այն հետևանքները, որոնք Իսրայելը կրեց իր գործած մեղքի պատճառով:
-
Ի՞նչ գտաք:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ թեև մենք կարող ենք օգտագործել մեր կամքի ազատությունը մեղք գործելու համար, սակայն Տերը արդար է: Հետևաբար, մենք չենք կարող խուսափել մեր կատարած մեղքերի հետևանքներից: Օգտակար կլինի բացատրել, որ Մովսեսը կոտրեց այն տախտակները, որոնց վրա փորագրված էին Մելքիսեդեկյան քահանայության արարողությունների հրահանգները (տես Ելք 32․15–19, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելք 34․1–2 [Աստվածաշնչի հավելվածում])։ Իրենց կայացրած որոշումների պատճառով Իսրայելի որդիներն արժանի չէին ստանալ այդ օրհնությունները Տիրոջից: Մովսեսը վերադարձավ Տիրոջ ներկայություն։ Տերը Մովսեսին հրահանգեց Մելքիսեդեկյան քահանայության արարողությունների փոխարեն հաստատել Ահարոնյան քահանայության արարողությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 84.24–26)։ Կարող եք նաև նշել, որ Մովսեսը խորանը կանգրեցրեց բանակատեղից դուրս (տես Ելք 33․7), որը խորհրդանշում էր, որ Իսրայելը կորցրել էր Տիրոջ ներկայությունը:
-
Ինչպիսի՞ հոգևոր և աշխարհիկ հետևանքների կարող է բախվել Քայլին՝ իր մկրտության ուխտը խախտելու համար:
-
Ինչպե՞ս են այդ հետևանքները ցուցադրում Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը:
Կարող եք նշել, որ, ինչպես իսրայելացիները, Քայլին նույնպես կարող է չստանալ քահանայության արարողություններից ստացված օրհնությունները: Նա կարող է նաև կորցնել Տիրոջ Հոգու մշտական ընկերակցությունը:
Տիրոջ ողորմածության օրենքը
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը վստահեցրեց Իսրայելին, որ իրենք դեռևս Իր ժողովուրդն են (տես Ելք 33․12–19)։
Կրկնեք Ելք 34․6–7 հատվածները և մտածեք, թե Տիրոջ համար ինչու էր կարևոր հիշեցնել Իսրայելի որդիներին, որ Ինքն արդար է, ողորմած է և համբերատար:
-
Տերը ինչպե՞ս դրսևորեց Իր ողորմածությունն ու համբերատարությունը Իսրայելի որդիների նկատմամբ:
-
Ինչպե՞ս կարող է Քայլին տեսնել Տիրոջ ողորմածությունն ու համբերատարությունը իր կյանքում:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը բացատրել է, թե Փրկչի ողորմածությունն ինչպես է համապատասխանում արդարության օրենքին.
Առանց Փրկչի Քավության՝ արդարության հավերժական սկզբունքը կպահանջի պատիժ: Փրկչի քավության շնորհիվ ողորմածությունը կարող է գերակայել նրանց համար, ովքեր ապաշխարել են, և դա թույլ կտա նրանց վերադառնալ Աստծո ներկայություն: Լավ կլիներ, որ մենք խորհեինք այս հրաշալի վարդապետության շուրջ։
Ոչ ոք չի կարող վերադառնալ Աստծո մոտ միայն իր բարի գործերով։ Բոլորս կարիք ունենք օգտվելու Փրկչի զոհաբերությունից։ Բոլորն են մեղանչում, և միայն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով է, որ մենք կարող ենք ողորմածություն ստանալ և ապրել Աստծո հետ։ («Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին», Լիահոնա, նոյ. 2022, 119)
-
Այս խոսքերի ո՞ր հատվածով կարող եք կիսվել Քայլիի հետ:
Տալով հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերը ցուցադրում Իր սերը, զորությունը և ողորմածությունն իրենց կյանքում, կարող եք ամրացնել նրանց կապը Տիրոջ հետ: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին:
Լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունը իրենց կյանքում» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։
-
Փրկչի արդարության, ողորմածության և համբերատարության ինչպիսի՞ ապացույցներ եք տեսել ձեր կամ ձեզ ծանոթ մարդկանց կյանքում:
Հասկացողություն դրսևորեք
Այս վարժությունը կարող է օգնել ուսանողներին ամփոփել այսօրվա իրենց սովորածը։ Կարող եք առաջարկել նրանց ավարտել Քայլիի պատմությունը: Ուսանողներին ցուցադրեք հետևյալ հուշումները՝ պատմությունն ավարտելու համար։
-
Իր փորձառությունների շնորհիվ Քայլին, հնարավոր է, սովորեց, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ։
-
Քանի որ նա սովորեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, Քայլին որոշում է ։
Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե իրենք ինչպես կարող են ավարտել Քայլիի պատմությունը: Երբ ուսանողները հնարավորություն ունենան կիսվելու իրենց պատասխաններով, կարող եք կիսվել, թե ինչպես եք տեսել Տիրոջ արդարությունը, ողորմածությունը և համբերատարությունը ձեր կյանքում: