«Ելք 19․ «Դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 19․ «Դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 19–20, 24, 31–34․ Դաս 48
Ելք 19
«Դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ»
Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է ուխտի հարաբերություններ ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ: Իմացությունն այն մասին, թե Նա ինչ էր զգում իսրայելացիների հանդեպ, կարող է օգնել մեզ հասկանալ, թե Նա ինչ է զգում մեր հանդեպ: Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերելուց հետո Տերը նրանց բերեց Սինա լեռ՝ Իր հետ ուխտեր կապելու: Այս դասը կօգնի ուսանողներին իրենց սրտերում զգալ Աստծո ցանկությունը՝ ուխտի հարաբերություններ ունենալ իրենց հետ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն մասին, թե ինչն է դարձնում իրենց հարաբերություններն իմաստալից կամ կարևոր: Նրանք կարող են մտածել այն մարդու մասին, որի հետ իմաստալից հարաբերություններ ունեն և իրենց հետ դասարան բերել այդ մարդու նկարը, որպեսզի կիսվեն դասի սկզբում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հատուկ հարաբերություններ
Կարող եք ցուցադրել այն մարդու նկարը, որի հետ իմաստալից հարաբերություններ ունեք, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ ուսուցչի նկարը: Կիսվեք, թե ինչու է ձեր հարաբերություններն այդ մարդու հետ կարևոր ձեզ համար: Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքում կարևոր մարդու մասին: Եթե ուսանողներն իրենց հետ նկար են բերել դասարան, կարող են հիմա կիսել դրանով:
-
Ի՞նչն է ձեր հարաբերություններն այդ մարդու հետ դարձնում իմաստալից:
Ուսանողներին առաջարկեք աղոթքով խորհել հետևյալ հարցերի շուրջ: Նրանց խնդրեք իրենց մտքերն ու զգացմունքները գրել իրենց օրագրերում:
-
Որքանո՞վ է ձեզ համար կարևոր ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ինչո՞վ է տարբերվում ձեր կապը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ունեցած այլ հարաբերություններից:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է փոխվել ձեր կյանքը, երբ դուք շարունակաբար ամրացնեք ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Հոգուց առաջնորդություն փնտրեք՝ հասկանալու համար, թե ինչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
«Դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ»
Երբ Իսրայելի որդիները հեռացան Եգիպտոսից, Տերը նրանց առաջնորդեց դեպի Սինա լեռը (երբեմն սուրբ գրություններում Սինա լեռը հիաշատակվում է որպես Հորեբ լեռ, տես Ելք 3․1), ինչպես որ Նա խոստացել էր (տես Ելք 3․7–12, 19․1–4)։ Մովսեսի և Իսրայելի որդիների համար Սինա լեռը նման էր մի տաճարի. մի վայր, որտեղ նրանք ուխտեր պետք է կապեին Աստծո հետ:
Կարդացեք Ելք 19․3–6 հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են այն հարաբերությունների մասին, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են ունենալ մեզ հետ:
-
Ի՞նչ գտաք:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում լինել Աստծո «սեփական ժողովուրդ» (հատված 5)․
Հին Կտակարանում եբրայերեն եզրույթը, որից սեփական բառն է թարգմանվել, segullah բառն է, որը նշանակում է «արժեքավոր ունեցվածք» կամ «գանձ»: …
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ սուրբ գրություններում օգտագործվող սեփական բառը նշանակում է «Աստծո կողմից ստեղծված» կամ «ընտրված» «արժեքավոր գանձ»: Մեզ համար Տիրոջ ծառաների կողմից որպես Նրա սեփական ժողովուրդ համարվելը բարձրագույն գովասանք է: («Children of the Covenant», Ensign, մայիս 1995, 34)
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը, կարող եք նշել եթե և ապա բառերը հատված 5-ում։
-
Ի՞նչ սկզբունքներ կարող եք բացահայտել այդ հատվածներում:
Ուսանողները կարող են բացահայտել մի շարք սկզբունքներ, այդ թվում․ եթե մենք հնազանդվենք Տիրոջ ձայնին և պահենք Նրա հետ կապած մեր ուխտերը, մենք կդառնանք Նրա սուրբ ժողովուրդը։
Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է այն ուխտյալ հարաբերությունների մասին, որոնք մենք կարող ենք ունենալ Աստծո հետ.
Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտ կապելն էին: Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։ Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ Նա մեզ հետ կապված վեհ նպատակներ ունի։ (Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ. 2022, 6)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այդ խոսքերում:
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ փնտրելով ապացույցներ, որ Աստված ցանկանում է ուխտի հարաբերություններ ունենալ ձեզ հետ: Կարող եք խաչաձև հղում կատարել կամ կապել այս հատվածները Ելք 19.5–6 հատվածների հետ։
Մատթեոս 11.28–30
Տիտոսին 2․11–14
Ա Պետրոս 1․15–16
Ուսանողներին առաջարկեք այդ հատվածներից կիսվել բառերով և արտահայտություններով, որոնք ցույց են տալիս, որ Աստված ցանկանում է ուխտի հարաբերություններ ունենալ մեզ հետ: Ուսանողները կարող են նշել, որ Փրկիչը հրավիրում է մեզ գալ Իր մոտ, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ և հանգստություն տալ (տես Մատթեոս 11․28–30)։ Նրանք կարող են նշել, որ Փրկիչը զոհաբերել է իրեն՝ փրկագնելու և մաքրելու մեզ՝ որպես Իր սեփական ժողովրդի (տես Տիտոսին 2․14) կամ որ մենք կարողանանք սուրբ լինել, քանի որ Փրկիչը սուրբ է (տես Ա Պետրոս 1․16)։
Իմ հարաբերություններն Աստծո հետ
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին պատասխանելու հետևյալ հարցերին իրենց օրագրերում, կարող եք կիսվել, թե ինչպես եք զգացել, որ Աստված ցանկանում է ձեզ հետ ուխտի հարաբերություններ ունենալ: Կիսվելիս ուսանողներին առաջարկեք մտածել իրենց անձնական փորձառությունների մասին:
Կարող եք նաև նշել այլ ապացույցներ, որ Աստված ցանկանում է ուխտի հարաբերություններ ունենալ մեզ հետ: Օրինակները կարող են ներառել՝ Աստծո սիրո զգացումը կամ հոգևոր տպավորություններ ստանալը, որոնք մեզ հորդորում են բարի գործեր անել և դառնալ ավելի լավը:
Մտածեք Հոգուց ստացած ցանկացած տպավորության մասին և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք, որը կօգնի ձեզ Աստծո հետ ուխտեր կապել և պահել այդ ուխտերը:
-
Իմացությունը, որ Աստված ցանկանում է սերտ ուխտի հարաբերություններ ունենալ ձեզ հետ, ինչպե՞ս է ազդում Նրան ավելի մոտենալու ձեր ցանկության վրա:
-
Ինչպե՞ս է Աստված օրհնել ձեզ՝ Իր հետ կապած ուխտերը պահելու ձգտման համար:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով և զգացումներով: Կարող եք կիսվել, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ՝ Իր հետ ուխտեր կապելու և այդ ուխտերը պահելու համար։
Իսրայելացիները պատրաստվում են ուխտ կապել
Հետևյալ ամփոփումը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե Իսրայելն ինչ արեց, որպեսզի պատրաստվի Աստծո հետ ուխտ կապելուն: Կարող եք նշել, որ այդ ամենից հետո Տերը բացահայտեց Տասը պատվիրանները, որոնք ուսանողները կուսումնասիրեն հաջորդ երկու դասի ժամանակ: Դասի ավարտին կարող եք նաև կիսվել ձեր մտքերով և զգացմունքներով այն մասին, թե ինչպես է Աստված ցանկանում ուխտեր կապել մեզ հետ:
Իսրայելացիները համաձայնեցին ուխտ կապել Աստծո հետ՝ դառնալու Նրա սուրբ ժողովուրդը: Այնուհետև Տերը նշեց, որ Ինքը կգա և կխոսի ժողովրդի հետ (տես Ելք 19․7–9)։ Տերը պատվիրեց Մովսեսին սրբագործել ժողովրդին կամ սուրբ դարձնել նրանց, և որ մարդիկ մաքրեն իրենց հանդերձանքը՝ պատրաստվելով նրան, որ Տերը «ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա» (Ելք 19․11)։ Ժողովուրդը պատրաստվեց և հավաքվեց Սինա լեռան մոտ՝ «Աստծու առաջ» (Ելք 19․17)։ Այնտեղ՝ լեռան վրա, նրանք տեսան Տիրոջ ներկայության ապացույցը: Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, որպեսզի խոսի Նրա հետ և բացահայտի Իր կամքը ժողովրդին (տես Ելք 19․18–25)։