«Հաղթահարել զայրույթի զգացումը. Արձագանքեք զայրույթին՝ հետևելով Փրկչին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հաղթահարել զայրույթի զգացումը. Արձագանքեք զայրույթին՝ հետևելով Փրկչին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 186
Հաղթահարել զայրույթի զգացումը
Արձագանքեք զայրույթին՝ հետևելով Փրկչին
Զայրույթի զգացում ունենալը նորմալ է: Թեև մենք չենք կարող կառավարել այն իրավիճակները, որոնք զայրույթ են առաջացնում, մենք կարող ենք որոշել, թե ինչպես արձագանքել դրանց: Եթե նայենք Հիսուս Քրիստոսին, Նա կարող է օգնել մեզ արձագանքել Իր նման: Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ զայրույթի զգացում են ունենում:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք թվել իրավիճակներ, երբ նրանք կարող են զայրույթով արձագանքելու գայթակղություն ունենալ։ Նրանք կարող են նաև գնահատել, թե որքան հաճախ են զայրանում և ինչպես են կառավարում այդ զգացմունքները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աճող ճնշում
Գրատախտակին ցուցադրեք հետևյալ նկարը կամ դասարան բերեք գազավորված ըմպելիքի չբացված շիշ: Հետևյալ հարցը քննարկելիս կարող եք թափահարել շիշը, բայց չբացել այն:
-
Ի՞նչ տեղի կունենա գազավորված ըմպելիքի չբացված շշի ներսում, եթե այն մի քանի անգամ թափահարեք: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե բացեք այն:
Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը։ Եթե բերել եք շիշ և թափահարել եք այն, մի բացեք շիշը, կարող եք ցուցադրել այն ամբողջ դասի ընթացքում:
-
Ինչպե՞ս կարող եք այս օրինակը կապել զայրույթի զգացման հետ:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք բացատրել, որ շիշը կարող է խորհրդանշել մեզ, իսկ գազավորված ըմպելիքը՝ մեր էմոցիաները: Շշի թափահարումը կարող է արտացոլել գործողություններ, իրավիճակներ կամ փոխհարաբերություններ, որոնք կարող են հանգեցնել մեր ներսում ճնշման աճին (զայրույթի զգացումին):
Բոլորը զայրույթի զգացում են ունենում: Եթե նորմալ է այն, որ ճնշումը մեծանում է թափահարված գազավորված ըմպելիքի շշի ներսում, մեզ համար էլ նորմալ է զայրույթի զգացում ունենալը: Սակայն մենք կարող ենք ընտրել, թե ինչպես արձագանքենք այդ զգացումներին:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
1-5 միավոր սանդղակով (1=ցածր, 5=բարձր) գնահատեք, թե որքա՞ն հաճախ եք զայրանում: Ինչպե՞ս կարող են ուրիշները գնահատել, թե որքան հաճախ եք զայրանում:
-
Ո՞րն է ձեր ամենից հաճախ տրվող արձագանքը՝ զայրույթի զգացումներ ունենալիս:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում առաջնորդություն խնդրեք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ իմանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել ձեզ կառավարել զայրույթի զգացումը:
Զայրույթի պահին գործելու հետևանքները
Որպես զայրույթի հետևանքների սուրբգրային օրինակ՝ կարող եք քննարկել Եսավի պատմությունը Ծնունդ 27 գլխից։ Եթե ուսանողներն արդեն ուսումնասիրել են այդ պատմությունը Դաս 30. «Ծնունդ 25–27»-ում, կարող եք օգտագործել այլ պատմություն, օրինակ՝ Կայենի պատմությունը (տես Մովսես 5.21–23, 26–27, 32) կամ Ասայի պատմությունը (տես Բ Մնացորդաց 16.7–13):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եսավի պատմությունը, կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և առաջարկել ուսանողներին կիսվել նրա մասին իրենց իմացածով: Ապա կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը։ Կամ կարող եք ցուցադրել «Jacob and Esau» տեսանյութը (1:10–1:53), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Իսահակն ու Ռեբեկան ունեցան երկվորյակ տղաներ՝ Եսավ և Հակոբ։ Որպես ավագ որդի՝ Եսավն ուներ իր հոր անդրանիկության օրհնության իրավունքը։ Անդրանիկութայն օրհնությունը նշանակում էր, որ Եսավը պետք է ժառանգեր իր հոր ունեցվածքը և դառնար ընտանիքի կարիքները հոգացողն ու հոգևոր առաջնորդը: Եսավի անարդար գործողությունների հետևանքով (տես Ծնունդ 25.31–34, 26.34–35), անդրանիկության օրհնությունը տրվեց Հակոբին (տես Ծնունդ 27.1–33):
Կարդացեք Ծնունդ 27.41–45 հատվածները՝ փնտրելով Եսավի արձագանքը, երբ նա իմացավ, որ իր հայրն անդրանիկության օրհնությունը տվել է Հակոբին:
-
Ի՞նչ եղավ Եսավի զայրույթի արդյունքում:
-
Ի՞նչ այլ հետևանքներ կարող են լինել զայրույթի պահին գործող մարդու մոտ:
Օգտակար կլինի բացատրել, որ երկու եղբայրները բաժանված էին իրարից և 20 տարի անց, ի վերջո, հաշտվեցին (տես Ծնունդ 33.4):
Փրկչի օրինակը
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և հանձնարարել, որ նրանցից յուրաքանչյուրը կարդա ստորև բերված հատվածներից մեկը: Ապա յուրաքանչյուր զույգ կարող է քննարկել, թե ինչպես կպատասխանի ստորև բերված հարցին:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ եք սովորում զայրույթի զգացումին արձագանքելու մասին.
Սաղմոսներ 103․8
Առակներ 16.32
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել այն, ինչ մենք կարող ենք սովորել զայրույթի դեմ պայքարելու մասին:
Օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք չենք շտապում զայրանալ, մենք հետևում ենք Տիրոջ օրինակին:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար չշտապել զայրանալ։
Մտաբերեք մի օրինակ, երբ Հիսուսը չէր շտապում զայրանալ։
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել նրանց հետևյալ օրինակները.
-
Ղուկաս 9.51–56 (Հիսուսը մերժվեց սամարացիների կողմից։)
-
Ղուկաս 23.8–11 (Հիսուսին հարցաքննեց Հերովդեսը:)
-
Հովհաննես 19.3–12 (Հիսուսը ձերբակալվեց։)
-
Ինչպե՞ս կարող է դա օգնել մարդուն տեսնել, թե Հիսուսը ինչպես արձագանքեց այդ իրավիճակներում:
Զայրույթը կառավարելու քայլեր
Դասի այս հատվածը կարող է օգնել ուսանողներին կիրառել զայրույթի զգացումը կառավարելու հետևյալ քայլերը.
-
Բացահայտեք, թե ինչն է առաջացրել զայրույթի զգացումը:
-
Նշեք հիմնական էմոցիաները:
-
Ընտրեք հանդարտվելու ռազմավարություններ:
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել կառավարել զայրույթը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, բաժանեք «Զայրույթը կառավարելու քայլեր» վերնագրով աշխատաթերթը: Քանի որ աշխատաթերթում կան որոշ անձնական հարցեր, ուսանողները կարող են պատասխանել դրանց անհատապես: Կամ նրանք կարող են աշխատել զույգերով՝ երբեմն դադար առնելով՝ հարցերին անհատապես պատասխանելու համար:
Եզրափակում
Երբ ուսանողները լրացնեն աշխատաթերթը, քննարկեք հետևյալ հարցերը, եթե ժամանակը թույլ է տալիս.
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել այն մարդուն, որը մաքառում է, որպեսզի կառավարի իր զայրույթը:
-
Զայրույթը քրիստոսանման եղանակով կառավարելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ուրիշները:
Որոշ ուսանողների կարող է թվալ, որ իրենց համար անհնար է չկորցնել ինքնատիրապետումը: Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով նրանց կարդալ Եթեր 12.27 հատվածը՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել այն մարդուն, որը մաքառում է ցանկացած թուլության դեմ: Վկայեք, որ Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է մեր թույլ կողմերը վերածել ուժեղ կողմերի՝ ներառյալ զայրույթը կառավարելու մեր կարողությունը: