«Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ․ Փրկիչը կարող է օգնել մեզ մեծացնել մեր էմոցիոնալ կայունությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ․ Փրկիչը կարող է օգնել մեզ մեծացնել մեր էմոցիոնալ կայունությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն․ Դաս 181
Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ
Փրկիչը կարող է օգնել մեզ մեծացնել մեր էմոցիոնալ կայունությունը
Որքա՞ն լավ եք դուք հարմարվում էմոցիոնալ դժվարություններին, որոնց բախվում եք: Զգացմունքային դժվարությունները կյանքի նորմալ մաս են հանդիսանում: Այս զգացմունքային դժվարություններին հավատքով դիմակայելու մեր ունակությունը մեծանում է, երբ մենք ապավինում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուժին և զորությանը: Այս դասը կօգնի ուսանողներին զորություն ստանալ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից՝ հաղթահարելու իրենց էմոցիոնալ դժվարությունները:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել կամ հարցնել իրենց ծանոթից դժվարին զգացմունքները հաղթահարելու իրենց փորձառությունների մասին։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց փորձառությունով դասարանի հետ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պտտահողմերը մեր կյանքում
Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել փոթորիկի հետևանքով արմատախիլ արված ծառի և գետնի մեջ ամուր տնկված ծառի պատկերը: Կարող եք նաև առաջարկել որևէ ուսանողի ծառ նկարել գրատախտակին, իսկ դասարանի մյուս անդամները կարող են նման ծառ նկարել իրենց ուսումնասիրության օրագրերում: Ծառի ձախ կողմում առաջարկեք ուսանողներին գրել այն էմոցիոնալ դժվարությունները, որոնց բախվում են դեռահասները:
Զգացմունքները մարմնի նորմալ արձագանքն են ամենօրյա փորձառություններին: Երբեմն այդ զգացմունքները թեթև են և հեշտ կառավարելի, ինչպես ամառային զեփյուռը: Երբեմն մենք ունենում ենք ծանր զգացմունքներ, որոնք կարծես պտտահողմեր լինեն:
Այն ծառերը, որոնց հարվածել են պտտահողմերը, հաճախ ունենում են այնպիսի արմատներ, որոնք ավելի արագ են աճում, հաստանում և տարածվում են ավելի հեռու՝ ուժեղացնելով ծառի դիմացկունությունը։ Երբ քամին հարվածում է ծառին, ծառը ստեղծում է նաև բջջային հյուսվածքներ, որոնք ավելի են հաստացնում բունն ու ճյուղերը: Նույն կերպ, Փրկչին հետևելով՝ հզոր զգացմունքային պահերին արձագանքել սովորելը կուժեղացնի դիմակայելու մեր կարողությունը:
Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել երեց Անդերսենի նկարագրությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում քամու հարվածած ծառի հետ «Spiritual Whirlwinds» տեսանյութում, 0:00–1:10, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մի քանի էմոցոնալ պտտահողմեր, որոնց դուք բախվել եք անցյալում կամ բախվում եք այսօր:
Խոսելով կյանքի պտտահողմերի մասին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Աստծո համար դուք ծառից շատ ավելի թանկ եք: Դուք Նրա որդին կամ Նրա դուստրն եք: Նա ձեր ոգին ստեղծել է ուժեղ և կյանքի պտտահողմերին դիմակայելու ունակ։ Ձեր պատանեկության ընթացքում պտտահողմերը, մատղաշ ծառի դեմ քամու պես, կարող են մեծացնել ձեր հոգևոր ուժը՝ նախապատրաստելով ձեզ գալիք տարիների համար: («Հոգևոր պտտահողմեր», Լիահոնա, մայիս 2014, 18)
-
Ինչպե՞ս կարող է երեց Անդերսենի ուղերձն օգնել այն դեռահասին, որը լարվածություն է զգում էմոցիոնալ պտտահողմի պատճառով:
Կարող եք ասել, որ այդ պտտահողմերին դիմակայելու ունակությունը կոչվում է էմոցիոնալ կայունություն։ Կարող եք ասել, որ տարվա ընթացքում ուսանողները կսովորեն հմտություններ, որոնք կօգնեն մեծացնել իրենց էմոցիոնալ կայունությունը:
Մեր էմոցիոնալ կայունության մեծացումը օգնում է մեզ մշակել համապատասխան եղանակներ՝ հաղթահարելու մեր ապրած ծանր մտքերն ու զգացմունքները: Մենք կարող ենք սովորել հասկանալ, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը զորացնում մեզ, երբ մենք այդպիսի զգացմունքներ ենք ունենում, և երբ նրանք խրախուսում են մեզ լրացուցիչ օգնություն փնտրել:
Ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ գտնել եղանակներ, որոնցով կարող եք փնտրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը, երբ էմոցիոնալ պտտահողմների եք բախվում:
Փրկիչը խոստանում է լինել մեզ հետ և զորացնել մեզ
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Տիրոջ զորացնող ուժի մի օրինակ, կարող եք կիսվել Հեսուի պատմությունով: Հավանաբար, ուսանողները ուսումնասիրել են Դաս 61. «Հեսու 1»-ում Հեսուի պատմությունը, որը Տիրոջ կողմից կանչվել էր Մովսեսից հետո առաջնորդելու Իսրայելը։
Հեսուն դժվար իրավիճակում էր, քանի որ ստանձնել էր մարգարեի և ռազմական ղեկավարի դերերը և պատասխանատու էր նոր ազգ ստեղծելու համար՝ Մովսեսի ղեկավարությունից հետո:
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացմունքներ դուք կունենայիք, եթե լինեիք Հեսուի իրավիճակում:
Կարդացեք Հեսու 1․1, 5–9 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ խոստացավ Հեսուին, երբ նա բախվեց այդ դժվարություններին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել, որը կարող է օգնել մեզ դիմակայել կյանքի դժվարություններին:
Ուսանողները կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ եթե մենք խիզախորեն հետևենք Տիրոջը, Նա մեզ հետ կլինի և կզորացնի մեզ:
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս ճշմարտության զորությունը, կարող եք ցուցադրել երեց Անդերսենի ուղերձի ավելի մեծ հատված «Spiritual Whirlwinds» տեսանյութում՝ 1:33–2:12, որը հասանելի է ChurchofJesusChrist.orgկայքում կամ կիսվել գերագույն համաժողովի նրա ուղերձով «Spiritual Whirlwinds» տեսանյութում՝ 4:12–4:48։
Ավարտեք հետևյալ հուշումները ձեր ուսումնասիրության օրագրում՝ ծառի նկարի տակ։
-
Նկարագրեք էմոցիոնալ դժվարություններին դիմակայելու ձեր կարողությունը։ Ձեր կարծիքով, որ էմոցիաներն եք դուք կարողանում լավ կառավարել։ Ո՞ր էմոցիաներն եք դժվարանում կառավարել։
-
Նկարագրեք այդ էմոցիաները կառավարելու համար Տիրոջից օգնություն ստանալու ձեր կարողությունը։ Ի՞նչ հաջողություններ եք ունեցել։ Ի՞նչ եք փորձել անել, որը չի ստացվել այնպես, ինչպես սպասում էիք:
Սուրբ գրության մասին խորհելը կարող է օգնել մեզ զգալ Տիրոջ զորությունը
Նորից կարդացեք Հեսու 1․8հատվածը՝ փնտրելով այն, ինչը կօգներ Հեսուին հետևել Տիրոջը:
-
Ի՞նչ գտաք:
Կարող եք նշել, որ երբ Հեսուն բախվեց դժվարությունների, Տերը պատվիրեց նրան օր ու գիշեր մտածել կամ խորհել սուրբ գրությունների («օրենքի գրքի») շուրջ (տես Հեսու 1.8)։ Կարող եք նշել, որ եղանակներից մեկը, որով մենք կարող ենք էմոցիոնալ ուժ գտնել Տիրոջում՝ սուրբ գրությունների մասին խորհելն է:
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ խոսքերի մասին խորհելը օգնել մարդուն հաղթահարել էմոցիոնալ դժվարությունները:
Նայելով գրատախտակին գրված զգացմունքների ցանկին, գտեք սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատված, որոնք կարող են օգնել մարդուն զգալ այդ էմոցիաները:
Ուսանողը կարող է գտնել սուրբ գրությունները՝ նայելով վարդապետության սերտման հատվածները կամ Սուրբ գրքերի ուղեցույցը՝ փնտրելով հետևյալ բառերը․ «մխիթարություն», «խաղաղություն», «զորություն» կամ «հույս»։ Օգտակար կլինի նաև «12 սուրբ գրություն այն պահերի համար, երբ զգում եք …» հոդվածը (Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024, 41)։ Երբ ուսանողները կիսվեն սուրբ գրություններով, նշեք դրանք ծառի աջ կողմում՝ իրենց ընտրած էմոցիայի կողքին: Ստորև բերված են որոշ օրինակներ, որոնցով ուսանողները կարող են կիսվել։
Ճնշվածություն․ Եսայի 40․28–31։
Վախ․ Հովհաննես 14․27
Տխրություն․ Հայտնություն 21․3–5
Մոռացվածություն․ Ղուկաս 12․6–7
Հուսահատություն․ Եսայի 43․1–2, 5
Միայնակություն․ Վարդապետություն և Ուխտեր 68․6
Խորհեք Նրա խոսքի շուրջ
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել խորհել սուրբ գրությունների շուրջ, երբ ունենում են էմոցիոնալ դժվարություններ, ցուցադրեք հետևյալը։
Ընտրեք գրատախտակին գրված մի էմոցիա, որը դուք զգում եք կամ զգացել եք անցյալում: Կարդացեք այդ էմոցիայի կողքին գտնվող սուրբ գրությունը և խորհեք այդ հատվածի խոսքերի շուրջ՝ ինքներդ ձեզ տալով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ կարող են օգտակար լինել, երբ ես զգում եմ այդ էմոցիան:
-
Այս սուրբ գրությունն ի՞նչ է օգնում ինձ հասկանալ Տիրոջ սիրո և զորության մասին:
Բավականաչափ ժամանակ տալուց հետո կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ընտրած էմոցիայով, սուրբ գրությունով, որի մասին իրենք խորհել են, և ասել, թե ինչու, իրենց կարծիքով, Տիրոջ խոսքերի շուրջ խորհելը կարող է օգնել իրենց ավելի շատ էմոցիոնալ ուժ գտնել Նրանում:
-
Դուք կամ ձեր ծանոթներից մեկը երբ եք գտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մխիթարությունը կամ ուժը՝ խորհելով սուրբ գրության հատվածի մասին:
Դասը կարող եք ավարտել՝ կիսվելով ձեր սեփական փորձառությամբ, երբ սուրբ գրության հատվածից զգացել եք Տիրոջ մխիթարությունը կամ զորությունը։ Առաջարկեք ուսանողներին շարունակել ապավինել սուրբ գրություններին, որպեսզի զգան Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զորությունը, երբ բախվում են էմոցիոնալ դժվարությունների: