«Մայիսի 25–31։ «Տերը մի փրկիչ առաջ բերեց». Դատավորներ 2–4, 6–8, 13–16», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Մայիսի 25–31։ «Տերը մի փրկիչ առաջ բերեց»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
«Ես, անկասկած, կգնամ քեզ հետ»․ Դեբորա մարգարեուհի, հեղինակ՝ Դես Լևիտ
Մայիսի 25–31․ «Տերը մի փրկիչ առաջ բերեց»
Դատավորներ 2–4, 6–8, 13–16
Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում մեղք գործել, վատ զգալ դրա համար, ապա ապաշխարել և որոշել փոխել մեր ապրելակերպը: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք մեր նախկին որոշումների մասին և գայթակղության հանդիպելիս նույն մեղքն ենք գործում: Այս օրինակը հաճախ հանդիպում է Դատավորներ գրքում: Իսրայելացիները խախտեցին Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը և դադարեցին Նրան երկրպագել՝ ընկնելով քանանացիների համոզմունքների և երկրպագության սովորությունների ազդեցության տակ, որոնց նրանք պետք է վտարեին երկրից: Արդյունքում նրանք կորցրին Նրա պաշտպանությունը և գերության մեջ ընկան: Եվ ամեն անգամ, երբ դա պատահում էր, Տերը Իր ուխտյալ ժողովրդին հնարավորություն էր տալիս ապաշխարհել, ապա առաջ էր բերում մի փրկչի՝ «դատավոր» կոչվող զինվորականներից մեկին: Դատավորներ գրքում ներկայացված ոչ բոլոր դատավորներն էին արդար, բայց նրանցից ոմանք մեծ հավատ էին դրսևորում Իսրայելի որդիներին ազատելու և Տիրոջ հետ նրանց ուխտը վերականգնելու հարցում։ Այս պատմությունները հիշեցնում են մեզ, որ անկախ այն բանից, թե ինչն է մեզ հեռացրել Հիսուս Քրիստոսից, Նա Իսրայելի Քավիչն է և միշտ պատրաստ է մեզ ազատել և ընդունել, երբ վերադառնանք Իր մոտ:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Դատավորներ 2․1–19, 3․5–12
Տերը ներում է ինձ այնքան հաճախ, որքան ես ապաշխարում եմ
Դատավորներ գիրքը կարող է հանդիսանալ և որպես նախազգուշացում, և որպես քաջալերանք։ Դատավորներ 2․1–19, 3․5–12 հատվածները կարդալիս փնտրեք այդ նախազգուշացումն ու քաջալերանքը։ Ըստ ձեզ, որքանո՞վ են այդ նախազգուշացումն ու քաջալերանքն առնչվում ձեզ:
Օրինակ՝ ի՞նչ կարող էր ասվել Դատավարբեր 2․19 հատվածում, եթե այն վերաբերեր ձեզ և ձեր գայթակղություններին, այլ ոչ թե հին իսրայելացիներին: Ի՞նչ կարող էր ասվել Դատավորներ 3․9 հատվածում, եթե այն վերաբերեր այն ամենին, ինչ Տերը արել է՝ ձեզ ազատելու համար:
Կարող եք կարդալ հարցը և պատասխանը էջ 9-ում՝ Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույցում։ Ըստ ձեզ, դա ինչպե՞ս է վերաբերում Դատավորներ գրքում ներկայացված իսրայելացիների փորձառությանը: Ի՞նչ է այն ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:
Դատավորներ 4․1–15
Ես կարող եմ ուրիշներին հավատք ներշնչել Տիրոջ հանդեպ
Երբեմն մեկ մարդու հավատքը կարող է շատ մարդկանց հավատք ներշնչել: Դատավորներ 4 բաժնում նկարագրված այդ մարդը Դեբորան էր: Նրա մասին կարդացեք Դատավորներ 4․1–15 հատվածներում և ուշադրություն դարձրեք, թե ինչ ազդեցություն է ունեցել նա իրեն շրջապատող մարդկանց վրա: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ մտածել այն մասին, թե ինչպես կարող եք նրա փորձառությունը կիրառել ձեր կյանքում.
-
Ինչպե՞ս կնկարագրեք այն պայմանները, որոնցում գտնվում էին իսրայելացիներն այդ ժամանակ (տես հատվածներ 1–3)։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում այսօրվա պայմանների հետ՝ ինչպես առանձին մարդկանց մոտ, այնպես էլ հասարակության մեջ:
-
Դեբորայի ո՞ր խոսքերը կամ գործողություններն են ցույց տալիս, որ նա հավատում էր Տիրոջը: Ինչպե՞ս է նրա հավատքն ազդել ուրիշների վրա։ Ուրիշ ի՞նչն է ձեզ տպավորում նրա մեջ:
-
Ըստ ձեզ, ի՞նչ նկատի ուներ Դեբորան հատված 14-ի իր հարցով․ «Մի՞թէ Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Ինչպե՞ս է Տերը «դուրս գալիս» ձեր առջև (տես Վարդապետություն և Ուխտեր 84.87–88)։
Խորհեք, թե առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքն ինչպես կարող է օրհնել ուրիշներին այնպես, ինչպես Դեբորայի հավատքն օրհնեց Բարակին և մյուս իսրայելացիներին: Դրա շուրջ խորհելու համար կարող եք ուսումնասիրել Երեց Նիլ Լ. Անդերսենի «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2020, 88–91)։ Ուղերձում փնտրեք (1) Փրկչի մասին ավելի ազատ խոսելու պատճառները և (2) դա անելու եղանակները:
Ապա կարող եք սուրբ գրություններից, ապրող մարգարեների խոսքերից և ձեր անձնական փորձից գրել այն, ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին: Ո՞ւմ է անհրաժեշտ դա իմանալ: Ինչպե՞ս կկիսվեք դրանով:
Տես նաև Մատթեոս 5.14–16, Ա Պետրոս 3․15 հատվածները, «Each Life That Touches Ours for Good» օրհներգը, Հիմներ, հմր. 293։
Հրավիրեք կիսվել։ Եթե դուք ուսուցիչ եք՝ տանը կամ եկեղեցում, «ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել միմյանց հետ, թե ինչ են սովորում Փրկչի և Նրա ավետարանի մասին: Դա կօգնի նրանց յուրացնել իրենց սովորած ճշմարտությունները և արտահայտել դրանք» (Ուսուցանել Փրկչի ձևով, 26)։ Օրինակ՝ Դատավորներ 4 գլուխն ուսումնասիրելիս կարող եք յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել այդ գլխում փնտրել որևէ հատուկ բան, ապա առաջարկել նրանց կիսվել միմյանց հետ իրենց գտածով:
Դատավորներ 6–8
Տերը կարող է հրաշքներ գործել, երբ ես ապավինեմ Նրա ուղիներին
Դատավորներ 6–8 հատվածները կարդալիս նշեք այն դեպքերը, երբ Տերը Գեդեոնին խնդրեց հավատալ մի բանի, որը կարող էր անհավանական թվալ: Նա երբևէ ձեզանից նման բան խնդրե՞լ է:
Ըստ ձեզ, Տերը ի՞նչ է փորձում ուսուցանել ձեզ այդ պատմության միջոցով: Տեսե՞լ եք արդյոք, թե Տերը ինչպես է անհավանական թվացող եղանակներով կատարում Իր աշխատանքը։
Դատավորներ 13–16
Աստված զորացնում է ինձ, քանի որ ես հավատարիմ եմ իմ ուխտերին
Սամսոնը կորցրեց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր ուժը, որովհետև նա խախտեց իր ուխտերն Աստծո հետ, ներառյալ նրանք, որոնք հատկապես վերաբերում էին ուխտավորներին (ուխտավորների մասին տեղեկության համար, տես Թվեր 6․1–6, Դատավորներ 13․7)։ Դատավորներ 13–16 հատվածներում Սամսոնի մասին կարդալիս ուշադրություն դարձրեք այն հատվածներին, որոնք ցույց են տալիս, որ Տերը Սամսոնի հետ էր, ինչպես նաև այն հատվածները, որոնք ցույց են տալիս, որ Սամսոնը լիովին նվիրված չէր Տիրոջը:
Կարող եք նաև խորհել Տիրոջ հետ կապած ձեր ուխտերի մասին: Ինչպե՞ս են այդ ուխտերը ձեր կյանք բերել Նրա զորությունը: Ի՞նչ սովորեցիք Սամսոնի փորձառություններից, որոնք ոգեշնչում են ձեզ հավատարիմ մնալ Աստծո հետ կապած ձեր ուխտերին:
Քույր Անն Մ. Դիբն ուսուցանել է. «Սամփսոնը ծնվել էր մեծ ներուժով: Նրա մորը խոստում էր տրվել. «Նա սկսելու է Իսրայելին ազատել փղշտացիների ձեռքիցը» [Դատավորներ 13.5]: Սակայն մեծանալով՝ Սամսոնն ավելի շատ ուշադրություն էր դարձնում աշխարհի գայթակղություններին, քան՝ Աստծո ուղղորդմանը: Նա այնպիսի ընտրություններ էր կատարում, որոնք ոչ թե ճիշտ էին, այլ «հաճելի էին [նրա] աչքին» [Դատավորներ 14.3]: Սուրբ գրություններում բազմիցս օգտագործվում է «Եվ իջավ» արտահայտությունը, [Դատավորներ 14.7], երբ դրանք պատմում են Սամսոնի ճամփորդութունների, արարքների և ընտրությունների մասին: Իր մեծ ներուժն իրագործելու համար վեր կենալու և շողալու փոխարեն, Սամսոնը պարտվեց աշխարհին, կորցրեց իր աստվածատուր զորությունը և մահացավ վաղաժամ՝ ողբերգական մահով» («Վեր կացեք և շողացեք», Լիահոնա, մայիս 2012, 118):
Տես նաև Դալլին Հ. Օուքսի «Ուխտեր և պարտականություններ», Լիահոնա, մայիս 2024, 93–96, Ուլիսես Սոարեսի «Ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով», Լիահոնա, մայիս 2024, 17–21 ուղերձները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Քանի որ այս կիրակին ամսվա առաջին կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել «Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար»-ում ներառված ուսումնական միջոցառումները:
Դատավորներ 3.7–9, 12–15
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
-
Դատավորներ 3 բաժինը նկարագրում է մի օրինակ, որն ուսուցանում է Փրկչի զորության մասին՝ մեզ մեղքից ազատելու համար: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին գտնել այդ օրինակը, գրեք հետևյալ արտահայտությունները. «չարիք գործեցին», «աղաղակեցին Տիրոջը» և «մի փրկիչ առաջ բերեց»։ Ապա ձեր երեխաները կարող են փնտրել այդ արտահայտությունները Դատավորներ 3․7–9 և Դատավորներ 3․12–15 հատվածներում։ Այս օրինակից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:
-
Որպեսզի ընդգծեք, որ Հիսուս Քրիստոսը մեր Ազատիչն է, կարող եք հավաքել մի քանի մարդկանց նկար, ներառյալ Հիսուսի նկարը, և դրանք դնել դեմքով դեպի ներքև: Երեխաները կարող են հերթով շրջել նկարները: Երբ նրանք գտնեն Հիսուսի նկարը, երգեք նրա մասին հետևյալ երգը․ «He Sent His Son» (Մանկական երգարան, 34–35) և ձեր երեխաներին պատմեք, թե ինչպես է Նա ազատել ձեզ:
Դատավորներ 4․1–15
Ես կարող եմ ուրիշներին հավատք ներշնչել Տիրոջ հանդեպ
-
Կարող եք օգտագործել «Դեբորա մարգարեուհին» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 92–95, որպեսզի պատմեք ձեր երեխաներին Դատավորներ 4 գլխում նկարագրված պատմությունը։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչն է ձեզ մոտ հիացմունք առաջացնում Դեբորայի մեջ: Նրա հավատքն առ Տերը ինչպե՞ս օրհնեց իրեն շրջապատող մարդկանց: Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին ավելի շատ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս:
2:9Deborah the Prophetess
Դատավորներ 7․1–21
Տերը կարող է օգտագործել փոքր բաները՝ մեծ գործեր կատարելու համար
-
Օգտագործեք Դատավորներ 7․4–7 հատվածները, այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ «Գեդեոնի զորքը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 96–99, որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին, թե ինչպես է Տերը փոքրացրել Իսրայելի բանակը։ Տերն ինչո՞ւ էր ցանկանում, որ Գեդեոնի բանակն այդքան փոքր լիներ (տես Դատավորներ 7.2):
2:37The Army of Gideon
-
Ձեր երեխաները կարող են նկարել սուր, վահան, շեփոր, լամպ և սափոր և քննարկել, թե այդ առարկաներից որն իրենց անհրաժեշտ կլինի ճակատամարտի ժամանակ: Ապա նրանք կարող են կարդալ Դատավորներ 7․16 հատվածը՝ իմանալու, թե ինչ է Տերը պատվիրել օգտագործել Գեդեոնի բանակին: Դատավորներ 7․19–21 հատվածներում ճակատամարտի մասին կարդալիս կիսվեք միմյանց հետ, թե ինչ սովորեցիք Տիրոջ մասին այս պատմությունից:
Սամսոնը փլուզում է սյուները, հեղինակ՝ Ջեյմս Տիսսոտ և ուրիշներ
Դատավորներ 13․5
Ուխտերը պահելն ինձ ուժ է տալիս
-
Տիրոջ հետ կապած Սամսոնի ուխտերը նրան ֆիզիկական ուժ տվեցին, ինչպես մեր ուխտերն են մեզ հոգևոր ուժ տալիս: Ձեր երեխաները կարող են հաճույքով կատարել ֆիզիկական վարժություններ և քննարկել, թե այդ վարժություններն ինչպես կարող են ուժեղ դարձնել մեր մարմինը: Ինչպե՞ս է մեր ուխտերը պահելն ուժեղ դարձնում մեր հոգին (տես Մոսիա 18․8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79)։
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։