«Մտքեր հիշելու համար. Սրբարանը և զոհաբերությունը», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Սրբարանը և զոհաբերությունը», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Մտքեր` հիշելու համար
Սրբարանը և զոհաբերությունը
Ընթերցելով Հին Կտակարանը՝ մենք երբեմն երկար հատվածներ ենք կարդում այն բաների մասին, որոնք Տիրոջ համար ակնհայտորեն կարևոր էին, բայց այսօր մեզ կարող են արդիական չթվալ: Ելք 25–30, 35–40, Ղևտական 1–9, 16–17 գլուխները դրանց օրինակներն են։ Այս գլուխները մանրակրկիտ նկարագրում են անապատում գտնվող Իսրայելի սրբարանը և այնտեղ կատարվող կենդանիների զոհաբերությունները։ Սրբարանը շարժական տաճար էր՝ Տիրոջ բնակավայրն Իր ժողովրդի մեջ:
Մեր ժամանակակից տաճարները նմանություններ ունեն Իսրայելի սրբարանի հետ, բայց դրանք, անշուշտ, չեն համընկնում «Ելք» գրքում նկարագրված սրբարանի նկարագրության հետ: Եվ մենք մեր տաճարներում կենդանիներ չենք սպանում. գրեթե 2000 տարի առաջ Փրկիչի Քավությամբ վերջ դրվեց կենդանիների զոհաբերությանը: Այնուամենայնիվ, չնայած այս տարբերություններին, այսօր իրենից արժեք է ներկայացնում Հին Իսրայելի երկրպագության ձևերի մասին ընթերցանությունը, հատկապես, եթե մենք դրանք տեսնում ենք այնպես, ինչպես տեսնում էր Աստծո ժողովուրդը Մորմոնի Գրքում՝ որպես միջոց «զորացնելու նրանց հավատքն առ Քրիստոս» (Ալմա 25․16)։ Երբ մենք հասկանում ենք սրբարանի և կենդանիների զոհաբերության խորհրդանիշը, կարող ենք ձեռք բերել հոգևոր ընկալումներ, որոնք նույնպես կամրացնեն մեր հավատքն առ Քրիստոս:
Գառան զոհաբերություն, հեղինակ՝ Ռոբերտ Տ. Բարրեթ
Սրբարանն ամրապնդում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը
Երբ Աստված պատվիրեց Մովսեսին սրբարան կառուցել իսրայելացիների ճամբարում, Նա հայտնեց դրա նպատակը. «որպեսզի բնակվեմ իրենց մեջ» (Ելք 25․8)։ Սրբարանի ներսում Աստծո ներկայությունը ներկայացվում էր ուխտի տապանակով. փայտե մի տուփ, որը ծածկված էր ոսկով և պարունակում էր Իր ժողովրդի հետ Աստծո ուխտի գրավոր հիշատակարանը։ Տապանակը պահվում էր ամենասուրբ՝ ներքին սենյակում, որը սրբարանի մնացած մասից բաժանված էր վարագույրով: Այդ վարագույրը կարող է խորհրդանշել մեր բաժանումն Աստծո ներկայությունից Անկման պատճառով, ինչպես նաև մեր ճանապարհը դեպի Նա՝ Փրկչի միջոցով:
Մովսեսից բացի, մենք գիտենք միայն մի մարդու, որը կարող էր մուտք գործել այդ «սրբությունների սրբության մեջ» (Ելք 26․34), դա քահանայապետն էր։ Մյուս քահանաների նման, նա նախ պետք է լվացվեր և օծվեր և հագներ իր կոչումը խորհրդանշող սրբազան հագուստը։ Տարին մեկ անգամ՝ Քավության օրը, քահանայապետը ժողովրդի անունից զոհեր էր մատուցում՝ նախքան մենակ կմտներ սրբարան: Խունկ էր վառում վարագույրի մոտ։ Երկինք բարձրացող բուրավետ ծուխը ներկայացնում էր առ Աստված բարձրացող մարդկանց աղոթքները: Ապա քահանայապետը, կենդանիների զոհաբերությունից արյուն վերցնելով, անցնում էր վարագույրի միջով և մոտենում Աստծո գահին, որը խորհրդանշում էր ուխտի տապանակը։
Իմանալով այն, ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրում Քրիստոսի դերի մասին, կարո՞ղ եք տեսնել, թե ինչպես է սրբարանը մեզ ուղղորդում դեպի Փրկիչը: Ճիշտ այնպես, ինչպես սրբարանը և սրբարանի ներսի տապանակն էին խորհրդանշում Աստծո ներկայությունն Իր ժողովրդի մեջ, Հիսուս Քրիստոսը Աստծո ներկայությունն էր Իր ժողովրդի մեջ։ Քահանայապետի նման Հիսուս Քրիստոսը միջնորդ է մեր և Հայր Աստծո միջև: Նա անցավ վարագույրի միջով, որպեսզի մեզ համար բարեխոսի Իր իսկ զոհաբերության արյան շնորհիվ։
Իսրայելի սրբարանի որոշ կողմեր կարող են ծանոթ թվալ ձեզ, հատկապես, եթե դուք եղել եք տաճարում՝ ձեր անձնական արարողությունները ստանալու համար: Տաճարը Տիրոջ տունն է՝ Նրա բնակավայրն Իր ժողովրդի մեջ: Սրբարանի սրբությունների սրբությունը տաճարի սելեստիալ սենյակն է, որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը: Այնտեղ մտնելու համար նախ պետք է լվացվենք և օծվենք: Հագնենք մեր սրբազան հագուստը։ Այնտեղ մենք ուխտեր ենք կապում։ Աղոթում ենք զոհասեղանի մոտ, որտեղից աղոթքները բարձրանում են առ Աստված: Եվ վերջապես, մենք վարագույրի միջով անցնում ենք Աստծո ներկայություն:
Ժամանակակից տաճարների և հին սրբարանի միջև թերևս ամենակարևոր նմանությունն այն է, որ երկուսն էլ, ճիշտ հասկանալու դեպքում, ամրացնում են մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և մեզ երախտագիտությամբ են լցնում Նրա քավիչ զոհաբերության հանդեպ: Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները մտնեն Իր ներկայություն, Նա քահանայուհիների և «քահանաների թագավորություն» է ցանկանում (Ելք 19․6)։ Բայց մեր մեղքերը խանգարում են մեզ ստանալ այդ օրհնությունը, քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ» (1 Նեփի 10․21)։ Այսպիսով, Հայր Աստվածը ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ մեր «գալիք բարիքների Քահանայապետին» (Եբրայեցիներին 9․11)։ Նա բացում է վարագույրը մեզ համար և զորացնում Աստծո ողջ ժողովրդին, որպեսզի «նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք» (Եբրայեցիներին 4․16)։
Այսօր տաճարների նպատակն ավելին է, քան ինքներս մեզ համար վեհացում ստանալը: Մեր անձնական արարողությունները ստանալուց և Աստծո հետ ուխտեր կապելուց հետո մենք կարող ենք կանգնել մեր նախնիների տեղում և նրանց անունից արարողություններ ստանալ: Ինչ-որ առումով մենք կարող ենք դառնալ հին քահանայապետ և Մեծ քահանայապետ՝ Աստծո ներկայության ճանապարհը բացելով ուրիշների համար:
Զոհաբերությունն ամրացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը
Քավության և հաշտեցման այս սկզբունքները մեծապես ուսուցանվում են կենդանիների զոհաբերության հին սովորության մեջ, որը գոյություն ուներ Մովսեսի օրենքից շատ առաջ: Ադամն ու Եվան զոհաբերություն էին կատարել։ Նրանք հասկացել էին, որ դա խորհրդանշական է և կապված է Փրկչի զոհաբերության հետ: Եվ նրանք դա ուսուցանում էին իրենց երեխաներին։
Կենդանիների զոհաբերության խորհրդանիշը կարող էր հատկապես խորաթափանց թվալ հին Իսրայելի Քավության օրը (եբրայերեն՝ «Յոմ Կիպուր»): Ամենամյա այս արարողության անհրաժեշտությունն արտահայտվել է Ղևտական 16․30 հատվածում․ «այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից»։ Դա թույլ տվեց, որ Աստծո ներկայությունը մնա մարդկանց մեջ։ Այս քավությունն իրականացվեց տարբեր արարողությունների միջոցով: Դրանցից մեկում այծը սպանվեց՝ որպես զոհ մարդկանց մեղքերի համար, և քահանայապետն այծի արյունը տարավ սրբությունների սրբություն: Ավելի ուշ քահանայապետը ձեռքերը դրեց կենդանի այծի վրա և Իսրայելի զավակների մեղքերը խոստովանեց՝ այդ մեղքերը խորհրդանշորեն փոխանցելով այծին: Ապա այծին քշեցին Իսրայելի ճամբարից:
Այս ծեսերում այծերը խորհրդանշում էին Հիսուս Քրիստոսին՝ զբաղեցնելով մեղավոր մարդկանց տեղը: Մեղքը տեղ չունի Աստծո ներկայության մեջ: Բայց մեղավորներին ոչնչացնելու կամ քշելու փոխարեն Աստված այլ ուղի էր նախանշել. նրանց փոխարեն այծն էր սպանվում կամ վտարվում: «Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր» (Ղևտական 16․22)։
Այս ծեսերը մատնանշում էր այն ճանապարհը, որն Աստված տվել է՝ մեզ Իր ներկայություն վերադարձնելու համար. դա Հիսուս Քրիստոսն է և Նրա Քավությունը: Փրկիչը «մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց», նույնիսկ «մեր բոլորի անօրենությունը» (Եսայի 53․4, 6)։ Նա կանգնեց մեր տեղում, Իր կյանքը տվեց մեղքի պատիժը վճարելու համար, ապա Իր Հարության միջոցով հաղթեց մահին: Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն այն «մի մեծ և վերջին զոհաբերություն էր՝ այո, ոչ մարդու զոհաբերություն, ոչ էլ կենդանու», այլ՝ «անսահման և հավերժական զոհաբերություն» (Ալմա 34․10)։ Նա իրականացրեց այն ամենը, ինչին ուղղված էին հին զոհաբերությունները:
Այս պատճառով, Իրեն զոհաբերելուց հետո Նա ասաց. «Դուք այլևս ինձ չպետք է մատուցեք զոհի արյունը, այո, ձեր զոհաբերություններին … վերջ պիտի տրվեն։ … Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9․19–20)։
Այսպիսով, երբ Հին Կտակարանում հատվածներ եք գտնում զոհաբերությունների և սրբարանի (կամ ավելի ուշ՝ տաճարի) մասին, իսկ դուք դրանցից շատերը կգտնեք, հիշեք, որ այդ ամենի հիմնական նպատակը Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի ամրապնդումն է: Այն, ինչ կարդում և սովորում եք Նրա տանը կապեք ձեր երկրպագության հետ: Թող ձեր սիրտն ու միտքը դառնան դեպի Նա: Խորհեք, թե Նա ինչ է արել, որպեսզի ձեզ վերադարձնի Աստծո ներկայություն, և թե ինչ կանեք՝ Նրան հետևելու համար: