Եկ, հետևիր ինձ
Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի պատմական գրքերը


«Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի պատմական գրքերը», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հին Կտակարանի պատմական գրքերը», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Հին Կտակարանի պատմական գրքերը

Հեսու գրքից մինչև Եսթեր գրքերը հայտնի են որպես Հին Կտակարանի «պատմական գրքեր»: Սա չի նշանակում, որ Հին Կտակարանի մյուս գրքերը պատմական արժեք չունեն։ Ավելի շուտ պատմական գրքերն այդպես են կոչվում, քանի որ դրանք գրողների հիմնական նպատակն էր՝ ցուցադրել Աստծո ձեռքն Իսրայելի ժողովրդի պատմության մեջ: Նպատակ չկար ներկայացնել Մովսեսի օրենքը, ինչպես Ղևտական և Բ Օրենք գրքերում է։ Նպատակ չկար քնարական ոճով գովք կամ ողբ արտահայտել, ինչպես Սաղմոսներ և Երեմիայի ողբեր գրքերում է։ Ոչ էլ նպատակ կար գրի առնել մարգարեների խոսքերը, ինչպես Եսայի և Եզեկիել գրքերում է։ Փոխարենը՝ պատմական գրքերում ներկայացվում են պատմություններ:

Տեսակետ

Բնականաբար, այս պատմությունները պատմվում են որոշակի տեսանկյունից։ Ինչպես որ անհնար է նայել ծաղկին, ժայռին կամ ծառին միաժամանակ տարբեր տեսանկյուններից, այդպես էլ պատմական արձանագրությունն անխուսափելիորեն արտացոլում է այն հեղինակած մարդու կամ մարդկանց խմբի տեսակետը: Այդ տեսակետը ներառում է գրողների ազգային կամ էթնիկական պատկանելությունը, ինչպես նաև նրանց մշակութային նորմերն ու համոզմունքները: Սա իմանալով՝ կարող ենք հասկանալ, որ պատմական գրքերը գրողները և կազմողները կենտրոնացել են որոշ մանրամասների վրա՝ բաց թողնելով մյուսները: Նրանք ենթադրություններ են արել, որոնք չեն արել մյուսները: Եվ նրանք հանգել են եզրակացությունների՝ հիմնվելով այդ մանրամասների և ենթադրությունների վրա: Մենք կարող ենք նույնիսկ տարբեր տեսակետներ նկատել Աստվածաշնչի գրքերում (երբեմն՝ նույն գրքում): Որքան ավելի շատ տեղյակ լինենք այդ տեսակետների մասին, այնքան ավելի լավ կհասկանանք պատմական գրքերը:

Հին Կտակարանի պատմական գրքերի ընդհանուր տեսակետը՝ Իսրայելի զավակների՝ Աստծո ուխտյալ ժողովրդի տեսակետն է: Տիրոջ հանդեպ ունեցած նրանց հավատքն օգնել է նրանց տեսնել Նրա ձեռքն իրենց կյանքում և իրենց ազգի գործերում։ Թեև աշխարհիկ պատմական գրքերը հակված չեն իրերն ու երևույթներն այդ կերպ տեսնել, հոգևոր այս տեսակետը մաս է կազմում այն բանի, ինչը Հին Կտակարանի պատմական գրքերը դարձնում է այդքան արժեքավոր այն մարդկանց համար, որոնք ձգտում են կառուցել իրենց հավատքն առ Աստված:

Հին Կտակարանի մնացած մասի համատեքստը

Պատմական գրքերը սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է Բ Օրենք գիրքը, և ավարտին է մոտենում իսրայելացիների՝ տարիներ տևած դեգերումն անապատում: Հեսու գիրքը ցույց է տալիս, որ իսրայելացիները պատրաստ են մտնել Քանան՝ իրենց ավետյաց երկիրը, և նկարագրում է, թե ինչպես են նրանք տիրել այդ երկրին: Հաջորդ գրքերը՝ Դատավորներ գրքից մինչև Բ Մնացորդաց, պատկերում են Իսրայելի կյանքն ավետյաց երկրում՝ սկսած բնակեցումից, մինչև այն պահը, երբ Ասորեստանն ու Բաբելոնը նվաճեցին այդ երկիրը: Եզրասի և Նեեմիայի գրքերը պատմում են իսրայելացի մի քանի խմբի մասին, որոնք տասնամյակներ անց վերադարձան իրենց մայրաքաղաք՝ Երուսաղեմ։ Վերջապես, Եսթեր գիրքը պատմում է իսրայելացիների՝ պարսկական տիրապետության տակ գտնվող աքսորում ապրելու մասին:

Եվ այստեղ ավարտվում է Հին Կտակարանի ժամանակագրությունը: Աստվածաշունչն առաջին անգամ կարդացող որոշ մարդիկ զարմանում են, պարզելով, որ փաստորեն ավարտել են Հին Կտակարանի պատմության ընթերցումը, դեռ դրա էջերի կեսից ավելին չկարդացած: Եսթերից հետո մենք տեղեկություններ չենք ստանում իսրայելացիների պատմության մասին։ Հաջորդ գրքերը, հատկապես մարգարեների գրվածքները, տեղավորվում են պատմական գրքերի ժամանակաշրջանի մեջ։ Երեմիա մարգարեի առաքելությունն, օրինակ, տեղի է ունեցել Դ Թագավորների 22–25 հատվածներում գրված իրադարձությունների ժամանակաշրջանում (զուգահեռաբար՝ Բ Մնացորդաց 34–36 հատվածներում)։ Այս գիտելիքն ազդում է այն եղանակի վրա, որով դուք կարդում եք պատմական մասը և մարգարեական գրքերը։

Երբ ինչ-որ բան չի համադրվում

Հին Կտակարանն ընթերցելիս, ինչպես ցանկացած այլ պատմություն, դուք, ամենայն հավանականությամբ, կկարդաք մարդկանց մասին, որոնք ինչ-որ բաներ են անում կամ ասում, ինչը ժամանակակից աչքերի համար տարօրինակ կամ նույնիսկ մտահոգիչ է թվում: Ակնհայտ է, որ Հին Կտակարանը գրողներն աշխարհը տեսնում էին մի տեսանկյունից, որն ինչ-որ առումով, բավականին տարբերվում է մերից: Բռնությունը, էթնիկական հարաբերությունները և կանանց դերն ընդամենը մի քանիսն են այն թեմաներից, որոնք հնագույն գրողները կարող էին այլ կերպ տեսնել, քան մենք այսօր:

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք, երբ սուրբ գրություններում հանդիպում ենք այնպիսի հատվածների, որոնք մտահոգիչ են թվում: Նախ՝ օգտակար կլինի յուրաքանչյուր հատվածը դիտարկել ավելի լայն համատեքստում: Ինչպե՞ս է դա համադրվում Աստծո փրկության ծրագրի հետ։ Ինչպե՞ս է դա համադրվում այն ամենի հետ, ինչը գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության մասին: Ինչպե՞ս է դա համադրվում այլ սուրբ գրություններում բացահայտված ճշմարտությունների կամ ապրող մարգարեների ուսմունքների հետ: Եվ ինչպե՞ս է դա համադրվում ձեր սրտին և մտքին ուղղված Հոգու շշուկների հետ։

Որոշ դեպքերում, հատվածները կարծես չեն համադրվում թվարկվածներից որևէ մեկի հետ: Երբեմն հատվածը կարող է նման լինել գլուխկոտրուկի մի կտորի, որը կարծես թե տեղ չունի արդեն ձեր հավաքած կտորների մեջ: Այդ կտորը տեղավորելու փորձ անելը լավագույն մոտեցումը չէ: Ոչ էլ ճիշտ կլինի հրաժարվել ամբողջ գլուխկոտրուկից: Գուցե ավելի լավ է մի կողմ դնեք այդ կտորը որոշ ժամանակով։ Ավելի շատ բան սովորելով և գլուխկոտրուկն ավելի հմուտ հավաքելով՝ կկարողանաք ավելի լավ տեսնել, թե ինչպես են կտորները համադրվում։

Օգտակար կլինի նաև հիշել, որ որոշակի տեսակետով սահմանափակված լինելուց բացի, սուրբ գրությունների պատմություններում կարող են լինել մարդկային սխալներ։ Օրինակ՝ դարերի ընթացքում «շատ պարզ ու արժեքավոր բաներ [հանվել են] [Աստվածաշնչից]», ներառյալ վարդապետության, արարողությունների և ուխտերի վերաբերյալ կարևոր ճշմարտությունները (1 Նեփի 13․28, տես նաև հատվածներ 26, 29, 40)։ Միևնույն ժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք ընդունել, որ մեր անձնական տեսակետը նույնպես սահմանափակ է. կլինեն բաներ, որոնք լիովին չենք հասկանում, և հարցեր, որոնց պատասխանները դեռ չունենք։

մարդը գլուխկոտրուկ է հավաքում

Սուրբգրային որոշ հատվածներ նման են գլուխկոտրուկի կտորների, որոնք չգիտենք, թե ինչպես համադրել մյուս կտորների հետ։

Գտնել գոհարները

Բայց միևնույն ժամանակ, անպատասխան հարցերը չպետք է մեզ հետ պահեն Հին Կտակարանում հանդիպող հավերժական ճշմարտության թանկարժեք գոհարներից, նույնիսկ, եթե այդ գոհարները երբեմն թաքնված են մտահոգիչ փորձառությունների և անկատար մարդկանց կատարած վատ ընտրությունների քարքարոտ հողում: Թերևս ամենաթանկ գոհարները պատմություններն ու հատվածներն են, որոնք վկայում են Աստծո սիրո մասին, հատկապես նրանք, որոնք մեր միտքն ուղղում են դեպի Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Ցանկացած տեսանկյունից նայելով՝ այդ գոհարներն այսօր նույնքան պայծառ են փայլում, որքան այն ժամանակ: Եվ քանի որ այս պատմությունները պատմում են Աստծո ուխտյալ ժողովրդի մասին՝ տղամարդկանց և կանանց, որոնք մարդկային թուլություններ ունեին, բայց սիրում և ծառայում էին Տիրոջը, ուստի, ճշմարտության գոհարները լիուլի են Հին Կտակարանի պատմական գրքերում:

թանկարժեք քար

Նշումներ

  1. Այսօր մեր ունեցած Աստվածաշնչի պատմական արձանագրությունները նախ և առաջ անանուն շատ գրողների և կազմողների աշխատանքն են, որոնք աշխատել են իրենց նկարագրած ժամանակաշրջաններից շատ տարիներ, նույնիսկ դարեր անց: Նրանք օգտվել են տարբեր պատմական աղբյուրներից և որոշել են, թե ինչը ներառել իրենց պատմագրության մեջ, իսկ ինչը՝ բացառել:

  2. Օրինակ՝ թեև Ա–Բ Մնացորդաց գրքերն ընդգրկում են գրեթե նույն ժամանակահատվածը, ինչ Ա Թագավորների 31 գլխից մինչև Դ Թագավորների վերջն ընդգրկված ժամանակահատվածը, Ա–Բ Մնացորդաց գրքերի արձանագրությունը շեշտում է տարբեր մանրամասներ և ներկայացնում է այլ տեսակետ՝ կենտրոնանալով գրեթե բացառապես Հուդայի հարավային թագավորության վրա՝ հաճախ բաց թողնելով Դավթի և Սողոմոնի մասին բացասական պատմությունները (համեմատեք, օրինակ՝ Բ Թագավորների 10–12 հատվածները Ա Մնացորդաց 19–20 հատվածների հետ և Գ Թագավորների 10–11 հատվածները Բ Մնացորդաց 9 բաժնի հետ)։ Եկ, հետևիր ինձ ձեռնարկը կարևորում է Ա և Բ Թագավորներ գրքերի պատմության ուսումնասիրությունը, թեև իմաստ կա համեմատել այդ պատմությունն Ա և Բ Մնացորդաց գրքերի պատմության հետ։ Օգտակար կլինի իմանալ, որ Ա Թագավորների–Բ Թագավորներ գրքերի վրա աշխատանքն ամենայն հավանականությամբ սկսվել է նախքան Հուդայի նվաճումը Բաբելոնյան կայսրության կողմից և ավարտվել է Բաբելոնում աքսորի ժամանակ: Մյուս կողմից, արձանագրությունը, որը դարձել է Ա–Բ Մնացորդաց գրքեր, կազմվել է այն բանից հետո, երբ հրեաներն աքսորից Երուսաղեմ են վերադարձել: Ընթերցելիս մտածեք, թե ինչպես կարող էին այդ տարբեր հանգամանքներն ազդել տարբեր պատմություններ կազմողների տեսակետների վրա:

  3. Այս նյութի սկզբում դուք կգտնեք «Հին Կտակարանի համառոտ շարադրանքը», ժամանակագիծ, որտեղ երևում է յուրաքանչյուր մարգարեի ծառայությունն Իսրայելի պատմության մեջ (ինչպես նաև կարող է որոշվել): Դուք կնկատեք, որ Հին Կտակարանի մարգարեական գրքերի մեծ մասը համընկնում է այդ ժամանակաշրջանի ավարտի հետ. անմիջապես այն բանից առաջ և այն բանից հետո, երբ Իսրայելի որդիներն իրենց թշնամիների կողմից ենթարկվեցին նվաճման, աքսորվեցին և ցրվեցին:

  4. Տես Հավատո Հանգանակը 1․8։