«Մայիսի 4–10։ «Տիրոջ դեմ չապստամբեք և չվախենաք»․ Թվեր 11–14, 20–24, 27», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Մայիսի 4–10։ «Տիրոջ դեմ չապստամբեք և չվախենաք»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Անապատ Սինայի թերակղզու մոտ
Մայիսի 4–10․ «Տիրոջ դեմ չապստամբեք և չվախենաք»
Թվեր 11–14, 20–24, 27
Սինայի անապատից մինչև Քանանի ավետյաց երկիր նույնիսկ ոտքով ճամփորդելը 40 տարի չէր տևի: Բայց Իսրայելի որդիներին այդ ժամանակը հարկավոր էր ոչ թե աշխարհագրական տարածություն անցնելու, այլ հոգևոր տարածություն անցնելու համար. դա այն տարածությունն էր, որը բաժանում էր հետևյալը․ ովքեր էին իրենք և ովքեր կարող էին դառնալ՝ որպես Աստծո ուխտի ժողովուրդ:
Թվեր գիրքը նկարագրում է այն դեպքերի մի մասը, որոնք տեղի են ունեցել այդ 40 տարիների ընթացքում, ներառյալ այն դասերը, որոնք Իսրայելի որդիները պետք է քաղեին՝ նախքան ավետյաց երկիր մտնելը: Նրանք սովորեցին Տիրոջ ծառաներին հավատարիմ լինելու մասին (տես Թվեր 12)։ Նրանք սովորեցին Տիրոջ զորությանը վստահելու մասին նույնիսկ այն ժամանակ, երբ ապագան անհույս էր թվում (տես Թվեր 13–14)։ Եվ նրանք սովորեցին, որ հավատը կորցնելը հոգևոր վնաս է տալիս, բայց նրանք կարող էին ապաշխարել և բժշկման համար դիմել Փրկչին (տես Թվեր 21․4–9)։
Մենք բոլորս ինչ-որ առումով նման ենք իսրայելացիներին: Մենք գիտենք, թե ինչ է հոգևոր անապատում գտնվելը, և նրանց քաղած դասերը կարող են օգնել մեզ պատրաստվել մուտք գործելու մեր ավետյաց երկիրը՝ հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Թվեր 11․11–17, 24–29, 12
Հայտնությունը հասանելի է յուրաքանչյուրին, բայց Աստված Իր Եկեղեցին առաջնորդում է Իր մարգարեի միջոցով
Թվեր 11․11–17, 24–29 հատվածներում ուշադրություն դարձրեք այն խնդրին, որին բախվեց Մովսեսը, և այն լուծմանը, որն Աստված առաջարկեց նրան։ Ըստ ձեզ, ի՞նչ նկատի ուներ Մովսեսը, երբ ասաց, որ ցանկանում է, որ «Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին» (հատված 29)։ Այս հարցի շուրջ խորհելիս հնարավոր պատասխանները փնտրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» ուղերձում (Լիահոնա, մայիս 2018, 93–96)։
Սակայն պնդումը, որ մենք բոլորս կարող ենք հայտնություն ստանալ, չի նշանակում, որ մենք բոլորս կարող ենք առաջնորդել Աստծո ժողովրդին այնպես, ինչպես դա արեց Մովսեսը: Թվեր 12 բաժնում նկարագրված իրադարձությունը դա հստակեցնում է։ Ի՞նչ նախազգուշացումներ եք գտնում այս բաժնում։ Ըստ ձեզ, Տերը ի՞նչ է ցանկանում, որ դուք հասկանաք անձնական հայտնության և Իր մարգարեին հետևելու մասին:
Տես նաև 1 Նեփի 10․17, Վարդապետություն և Ուխտեր 28․1–7, Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Լիահոնա, նոյ․ 2010, 83–86։
Կենտրոնացեք նրա վրա, ինչն ամենակարևորն է: Որոշ մարդիկ Եկ, հետևիր ինձ շաբաթական ընթերցանության բազմաթիվ առաջարկներ են ստանում։ Ձեռնարկի նյութը վերանայելիս հետևեք Հոգուն: Ուշադրություն դարձրեք ձեր անձնական կարիքների և այն մարդկանց կարիքների վրա, որոնց, հնարավոր է, կուսուցանեք: Մեկ շաբաթվա ընթացքում մեկ սկզբունք հասկանալն ու ամբողջությամբ կիրառելը կարող է ավելի օգտակար լինել, քան մի քանի գլուխ միայն մակերեսորեն կարդալը:
Թվեր 12․3
«Մովսեսը շատ հեզ էր»
Որոշ մարդիկ զարմանում են՝ կարդալով, որ Մովսեսի պես հզոր առաջնորդը, որը կանգնել էր Փարավոնի առջև և Տիրոջ զորությամբ ապշեցուցիչ հրաշքներ գործել, նաև «շատ հեզ էր» (Թվեր 12․3)։ Ի՞նչ է նշանակում հեզ լինել: Կարող եք ուսումնասիրել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի կողմից տրված բացատրությունն իր «Հեզ և սրտով խոնարհ» ուղերձում (Լիահոնա, մայիս 2018, 30–33) կամ «Հեզ, Հեզություն» եզրույթները Սուրբ գրքերի ուղեցույցում (Gospel Library հավելված)։
Ի՞նչ սովորեցիք Մովսեսի հեզության օրինակներից Ելք 18․13–25, Թվեր 11․26–29, Թվեր 12, Եբրայեցիներին 11․24–27 և Մովսես 1․10–11 հատվածներից։ Կարող եք նաև խորհել, թե Փրկիչը ինչպես հեզություն դրսևորեց (տես Մատթեոս 11.29, 27.11–14, Ղուկաս 22.41–42, Հովհաննես 13.4–5): Ի՞նչ են այդ օրինակներն ուսուցանում ձեզ:
Թվեր 13–14
Տիրոջ հանդեպ հավատք ունենալով՝ ես կարող եմ հույս ունենալ ապագայի հանդեպ
Թվեր 13–14 հատվածները կարդալիս փորձեք ձեզ դնել իսրայելացիների տեղում: Ըստ ձեզ, ինչո՞ւ էին նրանք ցանկանում «վերադառնալ Եգիպտոս» (Թվեր 14․3)։ Ինչպե՞ս կբնութագրեք Քաղեբի ունեցած ուրիշ «հոգին»։ (Թվեր 14․24)։ Ի՞նչն է ձեզ տպավորում Քաղեբի և Հեսուի հավատքի մեջ, և ինչպե՞ս կարող եք նրանց օրինակները կիրառել ձեր առջև ծառացած իրավիճակներում:
Իսրայելացի հետախույզներից տասը վախեցած էին, բայց Հեսուն և Քաղեբը հավատք ունեին։ Հեսու և Քաղեբ․ Հնազանդ հետախույզներ, հեղինակ՝ Դուգլաս Կլաուբայի։ © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com
Թվեր 21.4–9
Եթե ես հավատքով նայեմ Հիսուս Քրիստոսին, Նա կարող է հոգևորապես բժշկել ինձ
Մորմոնի գրքի մարգարեները գիտեին Թվեր 21․4–9 հատվածների պատմությունը և հասկանում էին դրա հոգևոր նշանակությունը: Այդ պատմության մասին նրանց ուսմունքները կարող եք կարդալ 1 Նեփի 17․40–41, Ալմա 33․18–22 և Հելաման 8․13–15 հատվածներում։ Ահա մի քանի հարց, որոնց մասին պետք է խորհել՝ այդ հատվածները կարդալիս.
-
Ի՞նչ կարող է խորհրդանշել պղնձե օձը։
-
Ի՞նչ կարող են խորհրդանշել օձի խայթոցները:
-
Իսրայելացիները պետք է «[նայեին] պղնձե օձին» (Թվեր 21․9), որպեսզի բժշկվեին։ Ըստ ձեզ, ինչո՞ւ որոշ մարդիկ հրաժարվեցին նայել։ Ձեզ հետ երբևէ նման բան պատահե՞լ է:
-
Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որ լիարժեք «հավատքով նայեք Աստծո Որդուն» և բժշկվեք։ (Հելաման 8․15)։
Այս հատվածները կարդալը կարող է ձեզ հիշեցնել սուրբ գրություններում նկարագրված այլ դեպքերի մասին, երբ մարդիկ պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեին Քրիստոսի վրա: Օրինակ՝ համեմատեք Թվեր 21․4–9 հատվածների ուղերձը Մատթեոս 14․25–31 և 1 Նեփի 8․24–28 հատվածների հետ (տես նաև այս շաբաթվա նյութի վերջում գտնվող նկարները)։ Ի՞նչն է մեզ հեռացնում Քրիստոսից: Ինչպե՞ս է Նա օրհնում այն մարդկանց, որոնք կենտրոնացած են Իր վրա:
Տես նաև «Jesus, the Very Thought of Thee» օրհներգը (Հիմներ հմր. 141)։
Թվեր 22–24
Ես կարող եմ հետևել Աստծո կամքին, նույնիսկ, եթե ուրիշները փորձեն համոզել ինձ հակառակն անել
Երբ Մովաբի թագավոր Բաղակն իմացավ, որ իսրայելացիները մոտենում են, նա կանչեց Բաղաամին՝ մի մարդու, որը հայտնի էր օրհնություններ և անեծքներ ասելով: Բաղակը ցանկանում էր, որ նա անիծի իսրայելացիներին։ Ուշադրություն դարձրեք, թե Բաղակն ինչպես փորձեց համոզել Բաղաամին (տես Թվեր 22․5–7, 15–17) և մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց կարող եք բախվել՝ Աստծո կամքին հակառակ գնալու դեպքում։ Ի՞նչն է ձեզ տպավորում Բաղաամի պատասխաններում Թվեր 22․18, 38, 23․8, 12, 26, 24․13 հատվածներում։ Ցավոք, Բաղաամն, ի վերջո, տեղի տվեց ճնշմանը և դավաճանեց Իսրայելին (տես Թվեր 31․16, Հուդա 1․11)։ Խորհեք, թե ինչպես կարող եք հավատարիմ մնալ Տիրոջը՝ չնայած ուրիշների ճնշմանը:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Թվեր 11․4–10
Ես կարող եմ երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ Աստված տվել է ինձ
-
Հարցրեք ձեր երեխաներին՝ արդյոք նրանք հիշում են այն հրաշքները, որոնք Տերը գործեց՝ իսրայելացիներին օգնելու համար (տես «Եգիպտոսի պատուհասները» և «The Passover» բաժինները Հին Կտակարանի պատմություններում, 67–74)։ Ապա կարող եք նրանց ամփոփ ներկայացնել Թվեր 11․4–10 հատվածները՝ շեշտելով, որ իսրայելացիները մոռացել էին իրենց օրհնությունները և դժգոհում էին: Ո՞ր օրհնությունների մասին ենք մենք երբեմն մոռանում:
-
«Օրհնություններդ հաշվիր» (Հիմներ, հմր. 8) երախտագիտության մասին երգը երգելիս կամ լսելիս, ձեր երեխաները կարող են նկարել այն օրհնությունների նկարները, որոնք Տերը տվել է իրենց:
Թվեր 12
Տերը կամենում է, որ ես հետևեմ Իր մարգարեին
-
Թվեր 12 բաժինը ներկայացնելիս կարող եք ասել ձեր երեխաներին, որ Տերը դժգոհ էր Ահարոնից և Մարիամից՝ Մովսեսի եղբորից ու քրոջից: Որպեսզի պարզեք, թե Տերը ինչու էր դժգոհ, առաջարկեք նրանց կարդալ Թվեր 12.1–8 հատվածները։ Կարող եք օգտագործել Ավետարանի պատկերագիրքը՝ օգնելու ձեր երեխաներին սուրբ գրություններում գտնել այն մարդկանց օրինակները, որոնք հարգում էին Տիրոջ մարգարեին և օրհնված էին: Ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հետևում ենք Տիրոջ մարգարեին:
Թվեր 21․6–9
Ես կարող եմ նայել Հիսուս Քրիստոսին
-
Կարող եք օգտագործել «Մովսեսը և պղնձե օձը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 83–84, որպեսզի օգնեք ձեր երեխաներին իմանալ, թե ինչ է տեղի ունեցել Թվեր 21․6–9 հատվածներում։ Ինչպե՞ս է պղնձե օձը նման Հիսուս Քրիստոսին (տես Հովհաննես 3.14–15): Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել թղթից օձ պատրաստել և դրա վրա գրել մի քանի պարզ բան, որոնք նրանք կարող են անել, որպեսզի «հավատքով նայեն Աստծո Որդուն» (Հելաման 8․15)։
1:2Moses and the Brass Serpent
-
Ավագ խմբի երեխաները կարող են ընտրել հետևյալ սուրբ գրություններից մեկը և կիսվել, թե այն ինչ է ավելացնում այս պատմության մասին իրենց հասկացողությանը. 1 Նեփի 17․41, Ալմա 33․18–20, Հելաման 8․13–15, Վարդապետություն և Ուխտեր 6.36։
Բրոնզե օձ, հեղինակ՝ Բրենտ Էվանսի
Թվեր 22–24
Ես կարող եմ հետևել Աստծո կամքին, նույնիսկ, եթե ուրիշները փորձեն համոզել ինձ հակառակն անել
-
Երեխաներին ամփոփ ներկայացրեք Թվեր 22.1–18 հատվածները՝ ընդգծելով, թե Բաղաամն ինչպես հրաժարվեց անիծել Աստծո ժողովրդին, չնայած որ Բաղակը՝ Մովաբի թագավորը, նրան պատիվ ու հարստություն առաջարկեց: Ապա կարող եք օգնել ձեր երեխաներին փնտրել հետևյալ հատվածներում արտահայտություններ, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս Աստծուն հետևելու Բաղաամի ցանկությունը Թվեր 22.18, 23.26, 24.13: Ձեր երեխաները կարող են ընտրել մի արտահայտություն, որը նրանց դուր է գալիս և գրել այն քարտի վրա, որը կհիշեցնի իրենց Տիրոջը հնազանդվելու մասին։
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։