2020–2024
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


15:1

Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին:

Ես հայտնում եմ իմ սերը ձեր՝ մեր սիրելի ընկերների և հավատակիցների հանդեպ: Այս վերջին ամիսների ընթացքում ես հիացել եմ ձեր հավատով և քաջությամբ, քանի որ համաշխարհային այս համավարակը խաթարել է մեր կյանքը և խլել է ընտանիքի թանկագին անդամներին ու սիրելի ընկերներին:

Անորոշության այս ժամանակահատվածում ես անսովոր երախտագիտություն եմ զգացել իմ վստահ և որոշակի գիտելիքների համար, որ Հիսուսը Քրիստոսն է: Դուք երբևէ ունեցե՞լ եք այդպիսի զգացում: Դժվարություններ կան, որոնք ծանրանում են մեզանից յուրաքանչյուրի վրա, բայց միշտ մեր առջև կանգնած է Նա, ով խոնարհաբար հայտարարել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:1 Չնայած մենք ապրում ենք ֆիզիկական մեկուսացման ժամանակաշրջանում, մենք չպիտի հոգևորապես մեկուսանանք Նրանից, ով սիրով թախանձում է մեզ. «Ինձ մօտ եկէք»:2

Ինչպես պարզ ու մութ երկնքում առաջնորդող աստղ՝ Հիսուս Քրիստոսը լուսավորում է մեր ճանապարհը: Նա աշխարհ եկավ մի համեստ ախոռում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Նա բժշկեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և բարձրացրեց մեռյալներին։ Նա մոռացվածների ընկերն էր: Նա մեզ սովորեցրեց բարիք գործել, հնազանդվել և սիրել միմյանց: Նա խաչվեց խաչի վրա, վեհաշուքորեն բարձրանալով երեք օր անց, թույլ տալով, որ մենք և նրանք, ում սիրում ենք, ապրեն մահից հետո: Իր անզուգական ողորմությամբ և շնորհով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերն ու տառապանքները՝ ներում բերելով, երբ մենք ապաշխարում ենք, և խաղաղություն՝ կյանքի փոթորիկներում: Մենք սիրում ենք նրան: Մենք երկրպագում ենք Նրան։ Մենք հետևում ենք Նրան: Նա մեր հոգիների խարիսխն է:

Հետաքրքիր է, որ մինչ այս հոգևոր համոզմունքն աճում է մեր մեջ, աշխարհում կան մարդիկ, ովքեր շատ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, իսկ աշխարհի որոշ մասերում, որտեղ դարեր շարունակ հռչակվում է Նրա անունը, հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ նվազում է: Եվրոպայի անվեհեր Սրբերը տասնամյակների ընթացքում տեսել են, թե ինչպես է իրենց երկրներում հավատը անկում ապրում:3 Ցավոք, այստեղ՝ Միացյալ Նահանգներում, հավատը նույնպես նահանջում է: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ում 30 միլիոն մարդ հեռացել է Հիսուս Քրիստոսի աստվածությանը հավատալուց:4 Ամբողջ աշխարհում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն:5

Մենք, իհարկե, հարգում ենք յուրաքանչյուրի ընտրության իրավունքը, այնուամենայնիվ, մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք»:6 Ես վկայում եմ, որ կգա մի օր, երբ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է:7

Ինչպե՞ս պետք է արձագանքենք մեր փոփոխվող աշխարհին: Մինչ ոմանք անտեսում են իրենց հավատը, մյուսները փնտրում են ճշմարտությունը: Մենք մեզ վրա ենք վերցրել Փրկիչի անունը։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պատրաստությունը

Մեր պատասխանի մի մասը կարող է տրվել, երբ մենք վերանայենք, թե Տերն ինչպես է ուսուցանել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ Եկեղեցու նախագահի իր կանչը ստանձնելու նախորդող ամիսներին: Իր կանչից մեկ տարի առաջ Նախագահ Նելսոնը հրավիրեց մեզ ավելի խորը ուսումնասիրել Թեմատիկ ուղեցույցում տրված Հիսուս Քրիստոսի անվան 2200 հիշատակումները:8

Նախագահ Նելսոնը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ապրիլյան գերագույն համաժողովից երեք ամիս անց նա խոսեց այն մասին, որ նույնիսկ տասնամյակների իր նվիրված աշակերտությամբ հանդերձ, Հիսուս Քրիստոսի մասին այս ավելի խորը ուսումնասիրությունը մեծապես ազդել է իր վրա: Քույր Վենդի Նելսոնը հարցրել է նրան դրա ազդեցության մասին: Նա պատասխանել է. «Ես ուրի՛շ մարդ եմ»: Նա ուրի՞շ մարդ էր։ 92 տարեկանում ուրի՞շ մարդ: Նախագահ Նելսոնը բացատրեց․

«Երբ մենք ժամանակ ենք ներդնում Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելու համար, մենք ձգտում ենք դեպի [Նա]: …

… Մեր կենտրոնացումը բևեռվում է Փրկիչի ու Նրա ավետարանի վրա»։9

Փրկիչն ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»։10

Աշխատանքի, հոգսերի և արժանի ջանքերի աշխարհում մենք պահում ենք մեր սիրտը, միտքը և խոհերը Նրա վրա, ով մեր հույսն ու փրկությունն է:

Եթե Փրկիչի մասին նոր ուսումնասիրությունը օգնեց Նախագահ Նելսոնին պատրաստվել, մի՞թե չի կարող նաև մեզ օգնել պատրաստվել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը

Շեշտելով Եկեղեցու անունը, նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Եթե … մենք պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որ մաքրի և բժշկի մեզ, ամրացնի և զորացնի մեզ և, ի վերջո, վեհացնի մեզ, ապա մենք, ակնհայտորեն, պետք է ընդունենք Նրան՝ որպես այդ զորության աղբյուր»։11 Նախագահ Նելսոնը մեզ սովորեցրեց, որ հետևողականորեն օգտագործելով Եկեղեցու ճիշտ անունը, մի բան, որը կարող է փոքր թվալ, բոլորովին էլ փոքր չէ և կերտելու է աշխարհի ապագան:

Ձեր պատրաստության խոստումը

Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք պատրաստվեք՝ ինչպես նախագահ Նելսոնը պատրաստվեց, դուք նույնպես կփոխվեք՝ ավելի շատ մտածելով Փրկիչի մասին, ավելի հաճախ խոսելով Նրա մասին և ավելի քիչ տարակուսելով: Երբ դուք ավելի խորը ճանաչեք ու սիրեք Նրան, ձեր խոսքերն ավելի սահուն ընթացք կունենան, ինչպես դա տեղի է ունենում, երբ մենք խոսում ենք մեր երեխաներից մեկի կամ սիրելի ընկերոջ մասին: Ձեզ լսողներն ավելի քիչ կուզենան բանավիճել ձեզ հետ և հերքել ձեզ, և ավելի շատ կցանկանան սովորել ձեզանից:

Ես և դուք՝ մենք բոլորս, խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին, բայց գուցե կարող ենք մի փոքր ավելի լավ անել դա: Եթե աշխարհը պատրաստվում է ավելի քիչ խոսել Նրա մասին, ապա ո՞վ է ավելի շատ խոսելու Նրա մասին: Մե՛նք: Մյուս նվիրյալ քրիստոնյաների հետ միասի՛ն:

Խոսենք Քրիստոսի մասին մեր տներում

Արդյո՞ք մեր տներում կան Փրկիչի նկարներ: Հաճա՞խ ենք մեր երեխաների հետ խոսում Հիսուսի առակների մասին: «Հիսուսի պատմությունները նման են մեր երեխաների սրտերում հավատքի կայծը բորբոքող քամու»:12 Երբ ձեր երեխաները ձեզ հարցեր են տալիս, գիտակցաբար ուսուցանեք այն, ինչ ուսուցանել է Փրկիչը: Օրինակ, եթե ձեր երեխան հարցնում է. «Հայրի՛կ, մենք ինչու՞ ենք աղոթում»: Կարող եք պատասխանել. «Հրաշալի հարց է: Դու հիշու՞մ ես՝ ինչպես էր Հիսուսն աղոթում: Արի խոսենք այն մասին, թե Նա ինչու էր աղոթում և ինչպես էր աղոթում»:

«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրների կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։13

Քրիստոսի մասին խոսենք Եկեղեցում

Այս նույն սուրբ գրությունը հավելում է, որ «մենք քարոզում ենք Քրիստոսի մասին»:14 Մեր երկրպագության ծառայություններում եկեք կենտրոնանանք Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության պարգևի վրա: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող պատմել սեփական կյանքի փորձը կամ կիսվել ուրիշների մտքերով: Չնայած մեր թեման կարող է վերաբերել ընտանիքներին կամ ծառայությանը, տաճարներին կամ վերջին միսիային, սակայն մեր երկրպագության մեջ ամեն ինչ պետք է մատնանշի Տեր Հիսուս Քրիստոսին:

Երեսուն տարի առաջ Նախագահ Դալլին Հ. Օուքսը խոսեց մի նամակի մասին, որը ստացել էր «մի մարդուց, ով ասում էր, որ ինքը մասնակցել էր մի [հաղորդության] ժողովի և լսել տասնյոթ վկայություն՝ առանց Փրկիչի անվան հիշատակման»:15 Նախագահ Օուքսն այնուհետև նշեց. «Գուցե այդ նկարագրությունը չափազանցված է, [բայց] ես մեջբերում եմ, քանի որ դա ցայտուն հիշեցում է բոլորիս համար»:16 Հետո նա հրավիրեց մեզ մեր ելույթներում ու դասարանական քննարկումներում ավելի շատ խոսել Հիսուս Քրիստոսի մասին: Ես նկատել եմ, որ մեր Եկեղեցու ժողովներում մենք ավելի ու ավելի ենք կենտրոնանում Քրիստոսի վրա: Եկեք գիտակցաբար շարունակենք այս շատ դրական ջանքերը:

Քրիստոսի մասին խոսենք ուրիշների հետ

Մեզ շրջապատողների հետ եկեք ավելի անկեղծ և ավելի պատրաստակամ խոսենք Քրիստոսի մասին: Նախագահ Նելսոնն ասել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից»։17

Երբեմն մենք կարծում ենք, որ ինչ-որ մեկի հետ զրույցը պետք է հանգեցնի նրան, որ նա եկեղեցի գա կամ հանդիպի միսիոներների հետ: Թող Տերն ուղղորդի նրանց, եթե նրանք պատրաստակամ են, մինչ մենք ավելի շատ մտածում ենք Նրա ձայնը հանդիսանալու մեր պատասխանատվության մասին՝ լինելով միշտ խորամիտ և բաց՝ մեր հավատքի վերաբերյալ: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը մեզ սովորեցրել է, որ երբ ինչ-որ մեկը մեզ հարցնում է մեր հանգստյան օրերի մասին, մենք պետք է պատրաստ լինենք ուրախությամբ պատասխանել, որ սիրում ենք լսել Երեխաների միության երգը՝ «Ես փորձում եմ նմանվել Հիսուսին»:18 Եկեք բարությամբ վկայենք Քրիստոսի հանդեպ մեր հավատքի մասին: Եթե ինչ-որ մեկը խոսում է իր անձնական կյանքի որևէ խնդրի մասին, մենք կարող ենք ասել. «Ջո՛ն, Մե՛րի, դուք գիտեք, որ ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին: Ես մտածում էի Նրա խոսքերի մասին, որոնք կարող են օգնել ձեզ»:

Ավելի անկեղծ եղեք սոցիալական լրատվամիջոցներում՝ խոսելով Քրիստոսի հանդեպ ձեր վստահության մասին: Շատերը կհարգեն մեր հավատքը, բայց եթե մեկը քամահրական վերաբերմունք է դրսևորում, երբ խոսում եք Փրկիչի մասին, համարձակություն վերցրեք Նրա խոստումից. «Երանի ձեզ, երբ կնախատեն ձեզ իմ պատճառովը:… [Քանզի] ձեր վարձքը շատ է երկնքումը»:19 Մենք ավելի շատ մտածում ենք Նրա հետևորդներ լինելու մասին, քան մտածում ենք դուր գալ մեր սեփական հետևորդներին: Պետրոսը խորհուրդ է տվել․ «Եվ միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ձեր մէջ եղած հույսի համար պատճառ հարցնէ»։20 Եկեք խոսենք Քրիստոսի մասին։

Մորմոնի Գիրքը հզոր վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Փաստորեն յուրաքանչյուր էջ վկայում է Փրկիչի և Նրա աստվածային առաքելության մասին:21 Մորմոնի Գրքի էջերը հագեցած են Նրա Քավության և շնորհի հասկացողությամբ: Որպես Նոր Կտակարանի ուղեկից՝ Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Փրկիչը եկել մեզ փրկելու, և մենք ինչպես կարող ենք ավելի լիարժեք գալ Նրա մոտ:

Մեր ընկերակից քրիստոնյաներից ոմանք, երբեմն, անվստահություն են ցուցաբերում մեր համոզմունքների և դրդապատճառների հանդեպ: Եկեք անկեղծորեն ուրախանանք նրանց հետ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր ընդհանուր հավատքով և Նոր Կտակարանի սուրբ գրություններով, որոնք բոլորս սիրում ենք: Առաջիկա տարիներին նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, միմյանց բարեկամության և աջակցության կարիքը կունենան:22

Աշխարհի լույսը

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին: Երբ մեր իրական բնույթը բացահայտվի՝ որպես Նրա աշակերտներ, մեր շրջապատից շատերը պատրաստ կլինեն լսել մեզ: Երբ մենք կիսվենք լույսով, որը ստացել ենք նրանից, Նրա լույսն ու փրկող բացառիկ զորությունը կփայլեն նրանց վրա, ովքեր պատրաստ են բացել իրենց սրտերը: Հիսուսն ասել է. «Ես … [որպես] լույս եկայ աշխարհքը»։23

Մեծացնենք Քրիստոսի մասին խոսելու մեր ցանկությունը

Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան նրա վերադարձը պատկերացնելը: Չնայած մենք չգիտենք, թե Նա երբ է գալու, Նրա վերադարձի իրադարձությունները ցնցող կլինեն: Նա կգա երկնքի ամպերի մեջ՝ վեհությամբ ու փառքով, Իր բոլոր սուրբ հրեշտակներով: Ոչ թե մի քանի հրեշտակ, այլ Նրա բոլոր սուրբ հրեշտակները: Մենք չենք խոսում Ռաֆայելի նկարած վարդագույն այտերով քերովբեների մասին, որոնք կան «Վալենտինի» օրվա քարտերի վրա: Սրանք դարերի հրեշտակներն են. հրեշտակներ, որոնք ուղարկվել են՝ առյուծների բերանը փակելու և 24 բանտի դռները բացելու համար,25 ազդարարելու Նրա երկար սպասված ծնունդը և26 Գեթսեմանիում Նրան սփոփելու համար,27 հավաստիացնելու աշակերտներին Նրա Համբարձման ժամանակ,28 և բացելու ավետարանի փառահեղ վերականգնումը:29

Երկրորդ Գալուստը

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք «կհափշտակվեն[ք] վեր, որ դիմավորեն[ք]» Նրան` վարագույրի այս կամ այն կողմում:30 Դա Նրա խոստումն է արդարներին: Այդ փորձառությունը հավերժ ազդեցություն կթողնի մեր հոգիների վրա:

Որքան երախտապարտ ենք մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի համար, ով մեծացրել է Փրկիչին սիրելու և Նրա աստվածությունը հռչակելու մեր ցանկությունը: Ես վկա եմ, որ Տիրոջ ձեռքը նրա վրա է և վկա եմ հայտնության պարգևին, որն առաջնորդում է նրան: Նախագահ Նելսոն, մենք անհամբեր սպասում ենք ձեր խորհրդին:

Իմ թանկագի՛ն ընկերներ ամբողջ աշխարհում, եկեք խոսենք Քրիստոսի մասին՝ սպասելով Նրա փառավոր խոստմանը. «Ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նորան կդավանեմ իմ Հոր առաջին»:31 Ես վկայում եմ, որ Նա Աստծո Որդին է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Հովհաննես 14.6:

  2. Մատթեոս 11.28։

  3. Տես Niztan Peri-Rotem, “Religion and Fertility in Western Europe: Trends across Cohorts in Britain, France and the Netherlands,” European Journal of Population, May 2016, 231–65; retrieved from ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4875064:

  4. «Ամերիկացի մեծահասակների [վաթսունհինգ տոկոսը] իրենց նկարագրում են որպես քրիստոնյաներ, երբ հարցնում են նրանց կրոնի մասին, ինչը վերջին տասնամյակում 12 տոկոսով նվազել է: Մինչդեռ, բնակչության կրոնական անկախ հատվածը, որը բաղկացած է այն մարդկանցից, ովքեր իրենց կրոնական ինքնությունը բնութագրում են որպես աթեիստ, ագնոստիկ կամ «մասնավորապես ոչ մի բան», այժմ կազմում է 26%, 2009 թ.-ի 17% -ի համեմատ» (Pew Research Center, “In U.S., Decline of Christianity Continues at Rapid Pace,” Oct. 17, 2019, pewforum.org):

  5. Տես Pew Research Center, “The Future of World Religions: Population Growth Projections, 2010–2050,” Apr. 2, 2015, pewforum.org:

  6. Մարկոս 9.7, Ղուկաս 9.35, տես նաև Մատթեոս 3.17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17։

  7. Տես Փիլիպպեցիս 2.9-11:

  8. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 8 հունվարի 2017 թ․) broadcasts.ChurchofJesusChrist.org:

  9. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40-41:

  10. Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  11. Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լահոնա, նոյեմբեր 2018, 88:

  12. Նիլ Լ․ Անդերսեն, «Պատմիր ինձ Հիսուսի պատմությունները», Լիահոնա, մայիս 2010, 108:

  13. 2 Նեփի 25.26:

  14. 2 Նեփի 25.26:

  15. Տես նաև “Another Testament of Jesus Christ” (Brigham Young University fireside, June 6, 1993), 7, speeches.byu.edu:

  16. Dallin H. Oaks, “Witnesses of Christ,” Ensign, Nov. 1990, 30.

  17. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», 40։

  18. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. Կիսելով այն՝ ինչ կա քո սրտում», Լիահոնա, մայիս 2019, 17; “I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78:

  19. Մատթեոս 5.11-12:

  20. Ա Պետրոս 3.15:

  21. «Երբ [Մորմոնի Գրքի մարգարեական դպիրները] գրում էին իրենց վկայությունները խոստացված Մեսիայի մասին, միջինում յուրաքանչյուր 1,7 հատվածի վրա նրանք նշում էին նրա անվան որևէ ձև: [Նրանք] բառացիորեն 101 անգամ հիշատակել են Հիսուս Քրիստոսի անունը: … Երբ հասկանում ենք, որ մի հատված սովորաբար բաղկացած է մեկ նախադասությունից, թվում է, որ Մորմոնի Գրքում չենք կարող կարդալ միջին հաշվով երկու նախադասություն՝ չտեսնելով Քրիստոսի անվան որևէ ձև»: (Susan Easton Black, Finding Christ through the Book of Mormon [1987], 5, 15):

    «Մինչ քավել և քավություն բառերը իրենց ցանկացած ձևով միայն մեկ անգամ են հայտնվում Նոր Կտակարանի Ջեյմս թագավորի թարգմանության մեջ, դրանք 35 անգամ հայտնվում են Մորմոնի Գրքում. Որպես Հիսուս Քրիստոսի մեկ այլ վկայություն, այն արժեքավոր լույս է սփռում Նրա Քավության վրա» (Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996.)

  22. Միացյալ Նահանգներում Քրիստոնեությունից հրաժարվողները ավելի երիտասարդ են: «Silent Generation-ի տասից ութ անդամներից ավելին (1928-1945 թվականներին ծնվածները) իրենց նկարագրում են որպես քրիստոնյա (84%), այդպես է նաև Baby Boomers-ի երեք քառորդի (76%) դեպքում: Ակնհայտ հակադրությամբ, Millennials-ի միայն կեսն (49%) է իրենց նկարագրում որպես քրիստոնյա. տասից չորսը կրոնական «նոներ» են, իսկ Millennials-ի տասից մեկը նույնանում են ոչ քրիստոնեական հավատքների հետ»: (“In U.S., Decline of Christianity Continues,” pewforum.org):

  23. Հովհաննես 12․46։

  24. Տես Դանիել 6.22:

  25. Տես Գործք Առաքելոց 5.19։

  26. Տես Ղուկաս 2․2-14։

  27. Տես Ղուկաս 22.42-43։

  28. Տես Գործք 1.9–11:

  29. Տես Վարդապետություն և Ուխտեր 13, 27.12–13, 110.11–16, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27–54:

  30. Տես Ա Թեսաղոնիկեցիս 4.16–17, Վարդապետություն և Ուխտեր 88.96–98:

  31. Մատթեոս 10.32: