«Չափազանց զայրացած՝ աղոթելու համար», Ընկեր, հունվար 2025, 4-5:
Չափազանց զայրացած՝ աղոթելու համար
Գաբրիելան մի քանի անգամ խոր շունչ քաշեց։ Ի՞նչ կարող էր անել նա, որպեսզի հանգստանար։
Իրական պատմություն Գերմանիայից:
«Ինձ ոչ ոք չի հասկանում»: Բղավեց Գաբրիելան, երբ շրխկացրեց իր ննջասենյակի դուռը։ Այսօր ծանր օր էր: Դպրոցում ինչ-որ մեկը ծաղրել էր նրան։ Եվ երբ Գաբրիելան տուն եկավ, նա մռայլ էր և Մութիի (մայրիկի) հետ խնդիրների մեջ ընկավ:
Գաբրիելան փռվեց անկողնու վրա և սկսեց լաց լինել։ Արցունքները հոսում էին նրա այտերով, իսկ կրծքավանդակը լարված էր բարկությունից։ Նա չէր սիրում այդպես զգալ:
Նա հիշում էր, որ Երեխաների միությունում սովորել էր, որ կարող էր աղոթել Երկնային Հորը, երբ օգնության կարիք էր զգում։ Նա ուզում էր աղոթել, որպեսզի իրեն լավ զգա, բայց շատ էր վշտացած կենտրոնանալու համար։ Նա փակեց աչքերը և մի քանի անգամ խոր շունչ քաշեց։ Ի՞նչ կարող էր անել նա, որպեսզի հանգստանար։
Մի քանի վայրկյան անց նրա մտքում մի միտք ծագեց։
Մտածիր այն բաների մասին, որոնց համար դու երախտապարտ ես։
Նա բացեց աչքերը և նայեց իր սենյակի պատերին։ Պատին Մութիի և Վաթիի (հայրիկի) մի նկար կար: Գաբրիելան սիրում էր իր ընտանիքը, նույնիսկ, երբ հիասթափվում էր նրանցից։
«Շնորհակալ եմ ծնողներիս համար», - ասաց նա։
Հետո նա մտածեց իր զարմիկների՝ Գվենդոլինի, Լիդիայի և Թոմասի մասին։ Նրանք միշտ կիսվում էին նրա հետ իրենց խաղալիքներով և ծիծաղեցնում նրան։ Նա սիրում էր խաղալ նրանց հետ։
«Շնորհակալ եմ զարմիկներիս համար,- ասաց Գաբրիելան»։
Հետո պատուհանից դուրս նայեց:
Արևը մայր էր մտնում, երկինքը լցվում էր գեղեցիկ գույներով՝ նարնջագույն, կարմիր, դեղին և վարդագույն։
«Շնորհակալ եմ մայրամուտների համար»,- ասաց Գաբրիելան։
Իսկ հետո նա ավելի շատ բաների մասին մտածեց: Նա երախտապարտ էր այն ճաշի համար, որ այսօր կերել էր դպրոցում։ Նա երախտապարտ էր իր կյանքի համար։ Նա երախտապարտ էր այն բնակարանի համար, որտեղ ապրում էր։
Հաճելի էր, երբ մտածում էր, թե ինչի համար պետք է երախտապարտ լիներ։ Գաբրիելան երբեք չէր էլ գիտակցել, թե քանի լավ բան կա իր կյանքում։
Նա գիտեր, որ Սուրբ Հոգին էր իրեն տվել իր օրհնությունների մասին մտածելու գաղափարը։ Նրա սիրտն այժմ խաղաղ էր։ Նա պատրաստ էր աղոթելու։
«Սիրելի Երկնային Հայր»,- ասաց նա: «Ցավում եմ, որ բարկացած էի Մութիի վրա: Շնորհակալություն Քեզ, որ օգնեցիր ինձ կրկին հանգիստ ու երջանիկ զգալ: Շնորհակալություն Քեզ, որ ուղարկեցիր Սուրբ Հոգուն՝ իմ օրհնություններն ինձ հիշեցնելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։
Նա դուրս եկավ իր սենյակից։ Մութին ու Վաթին խոհանոցում ճաշ էին պատրաստում: Նա գրկեց Մութիին։
«Ցավում եմ, որ բարկացա քեզ վրա»,- ասաց Գաբրիելան։
«Ոչինչ»,- ասաց Մութին։ «Շնորհակալություն ներողություն խնդրելու համար»:
Նրանք նստեցին ընթրիքի սեղանի շուրջ և օրհնեցին ուտելիքը։ Ապա Գաբրիելայի մոտ մի միտք ծագեց։
«Եկեք քայլենք սեղանի շուրջը և յուրաքանչյուրը մի բան ասի, ինչի համար երախտապարտ է»,- ասաց նա:
Վաթին ժպտաց։ «Հիանալի միտք է»։
«Ես շնորհակալ եմ օճառի համար»,- ասաց Մութին:
Վաթին մի վայրկյան մտածեց:
«Պիցայի համար»,- ասաց նա։ Բոլորը քրքջացին:
Այնուհետև Գաբրիելայի հերթն էր։ Նա արդեն գիտեր, թե ինչ էր ուզում ասել։
«Ես շնորհակալ եմ աղոթքի համար»:
Նկարները՝ Սիմինի Բլոքերի