«Ինչպես Ջոզեֆը», Ընկեր, հունվար 2025, 4-5:
Հեշտ ընթերցվող
Ինչպես Ջոզեֆը
Արդյո՞ք Ջոզեֆ Սմիթն իսկապես տեսել է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Իրական պատմություն Ֆիլիպիններից
Լենսեյը ցատկեց իր տեղում՝ մայրիկի կողքին նստած, երբ իրենց ջիփնիով անցնում էին քաղաքով։ Կիրակին Լենսեյի ամենասիրելի օրն էր։ Նա սիրում էր գնալ Երեխաների միություն և սովորել Հիսուս Քրիստոսի մասին։
Ջիփնին մոտեցավ նրանց կանգառին: Մայրիկը բռնել էր Լենսեյի ձեռքը, երբ նրանք քայլում էին դեպի եկեղեցի։
Հաղորդության ժողովից հետո Լենսեյն իր ընկերուհի Մարիայի հետ քայլեց դեպի Երեխաների միություն։ Գրատախտակին մի պատանու նկար կար, որն աղոթում էր անտառում։
«Բարի լույս»։ Նրանց ուսուցիչը՝ քույր Կրուզը, մատնացույց արեց նկարը։ «Որևէ մեկը գիտի՞, թե ով է նա».
«Դա Ջոզեֆ Սմիթն է»,- ասաց Լենսեյը:
Քույր Կրուզը ժպտաց։ «Այո, ճիշտ է: Իսկ ի՞նչ արեց Ջոզեֆ Սմիթը»։
Լենսեյը կրկին նայեց նկարին: Նա միայն գիտեր, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է:
«Նա մեր եկեղեցու առաջին մարգարեն էր»,- ասաց Մարիան:
«Ճիշտ է»,- ասաց քույր Կրուզը։ «Երբ Ջոզեֆը երիտասարդ էր, նա չգիտեր, թե որ եկեղեցուն միանար։ Նա մտավ անտառ և աղոթեց Աստծուն, որ իմանար, թե որն էր ճշմարիտ։ Նա նաև ներում խնդրեց իր մեղքերի համար։ Երբ նա աղոթում էր, մի շատ պայծառ լույս հայտնվեց։ Գիտե՞ք, թե ով էր այդ լույսի մեջ»:
Լենսեյը և դասարանի մնացած երեխաները սպասում էին։
Քույր Կրուզը գրատախտակին դրեց ևս մեկ նկար: Այս մեկը ցույց էր տալիս երկու տղամարդկանց, որոնք կանգնած էին Ջոզեֆ Սմիթի վերևում։ Նրանք կրում էին սպիտակ պատմուճաններ և պայծառորեն փայլում էին։
«Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրենց ցույց տվեցին Ջոզեֆին»,- ասաց քույր Կրուզը: «Նրանք ասացին նրան, որ նա կվերականգնի Հիսուսի Եկեղեցին։ Մենք սա անվանում ենք Առաջին Տեսիլք»:
Լենսեյը բարձրացրեց ձեռքը, աչքերը լայն բացած: «Արդյո՞ք դա իսկապես եղել է»,- հարցրեց նա:
Քույր Կրուզը գլխով արեց: «Այո»։
Լենսեյի սիրտը լցվեց ջերմությամբ: Նա իմացավ, որ այն, ինչ ասաց քույր Կրուզը, ճշմարիտ է։
Այդ գիշեր Լենսեյը շարունակ մտածում էր Ջոզեֆ Սմիթի մասին։ «Մայրիկ, ինչպե՞ս կարող եմ տեսնել Երկնային Հորը և Հիսուսին, ինչպես Ջոզեֆ Սմիթը տեսավ»,- հարցրեց նա:
Մայրիկը գրկեց Լենսեյին։ «Մեզանից շատերը չեն տեսնի Երկնային Հորը և Հիսուսին, ինչպես Ջոզեֆ Սմիթը։ Բայց Նրանք, այնուամենայնիվ, կարող են խոսել մեզ հետ Սուրբ Հոգուց եկող մտքերի և զգացմունքների միջոցով։ Այդ ժամանակ դու կարող ես իմանալ, որ Նրանք միշտ քեզ հետ են»։
Լենսեյը մտածեց այն մասին, թե իր սիրտն ինչպես ջերմացավ, երբ քույր Կրուզը պատմում էր Առաջին Տեսիլքի մասին։ Դա Սուրբ Հոգին էր, որ նրան պատգամ էր ուղարկում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից։ Նա ժպտաց ու նորից գրկեց մայրիկին։ Նրանք խոսել էին իր հետ, ինչպես Ջոզեֆ Սմիթի հետ էին խոսել։
Նկարները՝ Շոնա Ջ. Ք. Թեննեյի