Եսթեր Թագուհին, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Եսթեր թագուհին, Հին Կտակարանի պատմություններ
Եսթեր 2-5, 7-9
Եսթեր թագուհին
Խիզախ՝ վտանգի պահին
Որոշ իսրայելացիներ կոչվում էին հրեաներ: Եսթերը Պարսկաստանում բնակվող հրեա էր: Նա որբ էր, ուստի նրան խնամում էր իր զարմիկը՝ Մուրթքեն: Նրան հրավիրեցին թագավորի պալատ թագավորության այլ կանանց հետ միասին: Թագավորը նոր կին էր ցանկանում, և նա ընտրեց Եսթերին:
Եսթեր 2.2-7, 16-17
Թագավորը Համան անունով մի ծառա ուներ, ով մեծ իշխանության հասավ: Համանն օգնում էր թագավորին կառավարել երկիրը: Թագավորը հրամայեց բոլորին խոնարհվել Համանի առջև:
Եսթեր 3․1-2
Սակայն Մուրթքեն հրաժարվեց խոնարհվել Համանի առջև: Մուրթքեն համաձայն էր խոնարհվել միայն Տիրոջ առջև: Դա զայրացրեց Համանին: Նա ցանկացավ պատժել Մուրթքեին և բոլոր հրեաներին:
Ելից 20.5, Եսթեր 3.5–6, 8
Համանն ասաց թագավորին, որ հրեաները չեն հետևում տիրոջ օրենքներին: Ուստի թագավորը Համանին թույլ տվեց նոր օրենք ընդունել. մի որոշված օր սպանել բոլոր հրեաներին:
Եսթեր 3.8–11, 13
Մուրթքեն խնդրեց Եսթերին, որ նա խոսի թագավորի հետ: Թագավորը կարող էր փոխել Համանի օրենքն ու փրկել հրեաներին: Բայց Եսթերը վախենում էր: Երբեմն թագավորը սպանում էր առանց հրավերի իր հետ խոսելու եկած մարդկանց:
Եսթեր 4․5-11
Մուրթքեն խնդրեց Եսթերին մտածել մահվան դատապարտված հրեաների մասին: Մուրթքեն ասաց, որ գուցե Տերը Եսթերին թագավորի պալատ է ուղարկել հրեաներին փրկելու համար:
Եսթեր 4.13-14
Եսթերը գիտեր, որ պետք է խոսի թագավորի հետ, եթե նույնիսկ դրա արդյունքում նրան սպանեին: Եսթերը խնդրեց բոլոր հրեաներին և ծառաներին ծոմ պահել իր համար:
Եսթեր 4.15-16
Երեք օր ծոմ պահելուց հետո Եսթերը պատրաստվեց և գնաց տեսնելու թագավորին:
Եսթեր 5.1
Երբ Եսթերը մոտեցավ թագավորին, թագավորը մեկնեց իր ձեռքի ոսկե գավազանը: Դա նշանակում էր, որ թագավորն ուրախ էր նրան տեսնելու համար և նրան մահապատժի չէր ենթարկի: Նա հարցրեց, թե ինչ է ցանկանում Եսթերը։ Եսթերն ասաց թագավորին, որ իր ժողովուրդը վտանգված է: Համանի օրենքի պատճառով նա և թագավորության բոլոր հրեաները սպանվելու էին:
Եսթեր 5.2-3, 7.4-6
Թագավորը բարկացավ Համանի վրա և հրամայեց նրան մահապատժի ենթարկել։ Թագավորը նոր օրենք ընդունեց, որը պաշտպանում էր հրեաներին: Այժմ նրանց թույլատրվում էր պաշտպանել իրենց, եթե որևէ մեկը փորձեր վնաս պատճառել:
Եսթեր 7.9-10, 8.10-11
Եսթերի հավատքն առ Աստված և նրա խիզախությունը փրկեցին նրա ժողովրդին: Մահվան և վշտի փոխարեն խնջույք տեղի ունեցավ: Հրեաները նշեցին իրենց փրկությունը:
Եսթեր 8.16-17, 9.18-32