«Մարտի 23–29։ «Ես հիշեցի իմ ուխտը», Ելք 1–6», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Մարտի 23–29։ «Ես հիշեցի իմ ուխտը»», Եկ, հետևիր ինձ․ 2026
Մովսեսը և վառվող մորենին, հեղինակ՝ Ջերի Թոմփսոն
Ելք 23–29. «Ես հիշեցի իմ ուխտը»
Ելք 1–6
Եգիպտոսում ապրելու հրավերը փրկեց Հակոբի ընտանիքը: Բայց հարյուրավոր տարիներ հետո նրանց հետնորդներին ստրկացրին, և նոր փարավոնը, «ով չէր ճանաչում Հովսեփին», ահաբեկում էր նրանց (Ելք 1.8): Իսրայելացիներին կարող էր բնական թվալ, որ իրենք տարակուսում էին, թե ինչու Աստված թույլ տվեց, որ սա պատահեր իրենց` Նրա ուխտի ժողովրդի հետ: Արդյո՞ք Տերը հիշում էր ուխտը, որը Նա կապել էր իրենց հետ: Արդյո՞ք իրենք դեռևս Նրա ժողովուրդն էին: Արդյո՞ք Նա տեսնում էր, թե որքան շատ էին իրենք տառապում:
Գուցե եղել են ժամանակներ, երբ դուք նմանատիպ հարցեր ուղղելու ցանկություն եք ունեցել: Գուցե հետաքրքրվել եք. «Արդյո՞ք Աստված գիտի, թե ինչի միջով եմ ես անցնում: Արդյո՞ք Նա լսում է օգնության իմ աղերսները»: Իսրայելի ազատագրումը Եգիպտոսից հստակ պատասխանում է այդպիսի հարցերին. Աստված չի մոռանում Իր ժողովրդին: Նա հիշում է Իր ուխտերը մեզ հետ և կկատարի դրանք Իր ժամանակին և Իր ձևով։ «Ես ձեզ փրկելու եմ տարածած բազկով»,- հայտարարում է Նա: «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից [ձեզ] հանողը» (Ելք 6.6–7):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ելք 1–2
Աստված կարող է աշխատել իմ միջոցով՝ իրականացնելու Իր ծրագրերը
Ի՞նչն է ձեզ տպավորում Ելք 1–2 բաժիններում նկարագրված կանանց վերաբերյալ։ Ինչպե՞ս նրանք օգնեցին իրականացնել Աստծո ծրագիրը Իր ժողովրդի համար: Ի՞նչ են ձեզ ուսուցանում նրանց ջանքերը Աստծո աշխատանքում ծառայելու մասին:
Ելք 1–3
Հիսուս Քրիստոսը իմ Ազատարարն է
Նախքան «Ելք» գիրքը կարդալը, կարող եք մտածել մի դժվարության մասին, որի միջով անցնում եք, և որից հույս ունեք, որ Տերը կազատի ձեզ: Ելք 1–3 գլուխներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են նման հոգևոր գերության կամ այլ բաների, որոնց մենք այսօր բախվում ենք: Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչպես Իսրայելի որդիները փրկություն խնդրեցին և ինչպես պատասխանեց Տերը (տես, օրինակ՝ Ելք 2․23–25, 3․7–8): Ինչպե՞ս Տերը «իջավ՝ ազատելու» ձեզ:
Ելք գրքի ողջ ընթացքում դուք կարող եք նաև նկատել որոշ նմանություններ Մովսեսի և Հիսուս Քրիստոսի միջև (տես Բ Օրենք 18․18–19, 1 Նեփի 22․20–21)։ Օրինակ՝ ի՞նչ նմանություններ եք տեսնում Ելք 1․22, 2․1–10 և Մատթեոս 2․13–16 հատվածների միջև։ Կամ Ելք 24․18 և Մատթեոս 4․1–2 հատվածների միջև։ Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք հասկանաք Իր և Իր զորության մասին:
Գտեք խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ «Դուք կարող եք … զուգահեռներ անցկացնել Փրկչի կյանքի և սուրբ գրություններում արձանագրված մարգարեների և այլ հավատարիմ տղամարդկանց ու կանանց կյանքի միջև: [Այդպիսով] դուք կբացահայտեք Փրկչի մասին ճշմարտություններն այնտեղ, որտեղ այլ դեպքում կարող էիք չտեսնել դրանք» (տես Ուսուցանել Փրկչի ձևով, 7, տես նաև Ովսեե 12․10):
Հավատք ջրի եզրին, հեղինակ՝ Անն Մարի Օբորն
Ելք 3.1–6
Մենք կարող ենք ակնածանք ցուցաբերել սուրբ բաների և վայրերի հանդեպ
Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ որևէ բանից լցվել եք ակնածանքով և զարմանքով: Ինչպե՞ս արձագանքեցիք: Ինչպե՞ս կնկարագրեիք ձեր ունեցած զգացմունքները։
Դա հիշելով՝ կարդացեք Ելք 3․1–6։ Մովսեսի ոգեշնչման փորձառության մեջ ի՞նչը տպավորեց ձեզ։ Ի՞նչ արեց Մովսեսը՝ իր ակնածանքը Աստծուն ցույց տալու համար։ Ի՞նչ կապ եք տեսնում նրա գործողությունների և սուրբ բաների հանդեպ ակնածանքի միջև:
Այս հատվածները կարդալը կարող է հուշել ձեզ, որ մտածեք ձեր կյանքի սուրբ բաների և սուրբ վայրերի մասին: Ինչո՞ւ են դրանք սրբազան ձեզ համար։ Ինչո՞վ եք դրանք տարբերվում սովորական բաներից: Ձեր մտորումներն ուղղորդելու համար կարող եք անդրադառնալ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Ամենամեծ և պատվական խոստումները» ուղերձի «Հիշել խոստումները» բաժինը (Լիահոնա, նոյ․ 2017, 91–93)։ Կարող եք նաև երգել կամ լսել մի օրհներգ, որը ոգեշնչում է ակնածանքի, օրինակ՝ «I Stand All Amazed» (Հիմներ, հմր. 193) և խորհել, թե ինչն է հիացնում ձեզ ավետարանի մեջ:
Իհարկե, նույնիսկ եթե մենք հրաշալի հոգևոր փորձառություններ ենք ունեցել, կա վտանգ չափազանց առօրեական վերաբերմունք ձևավորել սուրբ բաների հանդեպ։ Ինչպե՞ս եք խուսափել դրանից: Ահա երկու ուղերձ, որոնք վերաբերում են այս խնդրին. ընտրեք մեկը և փնտրեք արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ. Ուլիսես Սոարես «Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ» (Լիահոնա, մայիս 2022, 115–17), Ջեռալդ Կոսե «Դեռևս հրաշալի՞ է դա ձեր համար» (Լիահոնա, մայիս 2015, 98-100)։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 6.10–12, 63.64։
Ելք 3–4
Աստված զորություն է տալիս նրանց, ում կանչում է Իր գործը կատարելու համար
Այսօր մենք գիտենք Մովսեսին որպես մեծ մարգարե և առաջնորդ: Բայց Մովսեսը իրեն չէր տեսնում այդպիսին, երբ Տերն առաջին անգամ կանչեց նրան: Երբ կարդաք Ելք 3–4, գլուխները, դուրս գրեք Մովսեսի մտահոգությունները և այն, թե ինչպես Տերն արձագանքեց յուրաքանչյուր մտահոգությանը: Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որը կարող է ոգեշնչել ձեզ, երբ դուք ձեզ անհամապատասխան եք զգում: Ե՞րբ եք զգացել, որ Աստված զորացնում է ձեզ կամ ուրիշներին, որպեսզի կատարեք Իր աշխատանքը:
Տես նաև «The Church Gives Us Opportunities to Assist in God’s Work» նյութը «Church Organization» Թեմաներ և հարցեր բաժնում, Gospel Library։
Ելք 5-6
Տիրոջ նպատակները կկատարվեն Իր ժամանակին
Կարող է հուսահատեցնող լինել, երբ բարիք գործելու մեր անկեղծ ջանքերը կարծես թե չեն գործում այն ժամանակ, երբ մենք փորձում ենք կատարել Տիրոջ կամքը, բայց չենք տեսնում այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Մովսեսի նմանօրինակ մի փորձառության մասին իմանալու համար, կարդացեք Ելք 5․4–9, 20–23 հատվածները։ Տերն ինչպե՞ս օգնեց Մովսեսին հաղթահարել իր հուսահատությունը (տես Ելք 6․1–13)։ Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ հետևողականորեն կատարել Իր կամքը։
Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տիրոջ ապավինողները», Լիահոնա, նոյ․ 2020, 115–17:
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները «Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար»:
Ելք 1–2
Աստված կարող է աշխատել իմ միջոցով՝ իրականացնելու Իր ծրագրերը
-
Մովսեսը կարևոր դեր ուներ Իսրայելը գերությունից ազատելու գործում: Բայց նա չէր կարողանալու իրականացնել դա, եթե նրա մայրը, քույրը, Փարավոնի դուստրը և այլ հավատարիմ կանայք չպաշտպանեին և հոգ չտանեին նրա մասին: Օգնեք ձեր երեխաներին սովորել այդ կանանց մասին Ելք 1․15–20, Ելք 2․2–10 հատվածներում (տես նաև Թվեր 26․59) և Ելք 2․16–21 հատվածները։ Կարող եք նաև օգտագործել այս շաբաթվա վարժությունների էջը և «Baby Moses» նյութը (Հին Կտակարանի պատմություններում, 61–63)՝ նրանց մասին պատմելու համար։ Ինչպե՞ս են այդ կանայք օգնել իրականացնել Աստծո ծրագիրը: Խոսեք միմյանց հետ այլ մարդկանց մասին, որոնցով դուք հիանում եք և որոնք օգնում են Աստծո գործին, այդ թվում՝ փոքր և պարզ եղանակներով: Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։
1:36Baby Moses
Ելք 3.1–5
Ես կարող եմ ակնածանքով վերաբերվել սուրբ վայրերին
-
Ելք 3.1–5 հատվածները միասին կարդալուց հետո խնդրեք ձեր երեխաներին ամփոփել այդ հատվածները իրենց բառերով (տես նաև «Moses the Prophet» Հին Կտակարանի պատմություններում, 64–66): Ինչպե՞ս Մովսեսը ակնածանք դրսևորեց Տիրոջ ներկայությամբ: Տերն ինչպե՞ս է ցանկանում, որ մենք ակնածանք դրսևորենք։ Կարող եք նաև խնդրել ձեր երեխաներին օգնել ձեզ գտնել (կամ նկարել) սրբազան վայրերի կամ գործերի նկարներ, որոնց մենք պետք է ակնածանքով վերաբերվենք։ Ի՞նչ կարող ենք անել՝ մեր տունը սրբազան վայր դարձնելու համար:
1:26Moses the Prophet
-
Միասին երգեք ակնածանքի մասին մի երգ, օրինակ՝ «Reverence Is Love» (Children’s Songbook, 31): Երբ երգեք, ձեր երեխաները կարող են գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք բացատրում են, թե ինչ է նշանակում ակնածանքով վերաբերվել: Եթե մենք մեր ընկերոջը առաջին անգամ եկեղեցի բերենք, ինչպե՞ս կբացատրենք, թե ինչ է նշանակում ակնածանքով վերաբերվել։
Մովսեսն ու Ահարոնը խոսում են ժողովրդի հետ, հեղինակ՝ Ջեյմս Տիսոտ
Ելք 3–4
Երբ Տերը պատվիրում է ինձ որևէ բան անել, Նա օգնում է ինձ դա անել
-
Օգտագործեք Ելք 3, 4.1–17-ի հատվածների պատմությունը և հնարավորություն տվեք երեխաներին հերթով դերախաղով ներկայացնել Մովսեսին: Հետաքրքիր կլինի ներառել առարկաներ կամ հասարակ պարագաներ, օրինակ՝ լապտեր և բույս, որը խորհրդանշում է այրվող թուփը: Օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե ինչպես էր Մովսեսը վերաբերվում այն հանձնարարությանը, որը նրան տվել էր Տերը (տես Ելք 3.11, 4․1, 10): Կարող եք կիսվել միմյանց հետ այն դեպքերով, երբ դուք ունեցել եք նմանատիպ զգացմունքներ: Ի՞նչ խորհուրդ կտայիք Մովսեսին՝ նրան օգնելու համար: Կարդացեք, թե Տերը ինչպե՞ս խրախուսեց Մովսեսին Ելք 3.12, 4.2–9, 11–12 հատվածներում։ Ասեք երեխաներին, թե ինչպես է Փրկիչն օգնել ձեզ կատարել մի կոչում՝ հետևելով հուշմանը կամ անել մեկ այլ բան, որը դժվար էր ձեզ համար:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։