«Մարտի 2–8։ «Թող Աստված տնօրինի»», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Մարտի 2–8։ «Թող Աստված տնօրինի»», Եկ, հետևիր ինձ. 2026
Եսավը վաճառում է իր անդրանիկությունը, հեղինակ՝ Գլեն Ս. Հոպկինսոն (հատված)
Մարտ 2–8. «Թող Աստված տնօրինի»
Ծնունդ 24–33
Ինչպե՞ս եք ապահովում Աստծո օրհնությունը ձեզ համար: Կարող եք ասել, որ Աբրահամի և Սարայի թոռան՝ Հակոբի պատմությունը մի մարդու պատմություն է, ով իմացել է այդ հարցի պատասխանը։ Մի մշակույթում, որտեղ առաջնեկ որդին ստանում էր անդրանիկության օրհնությունը, Հակոբը ծնվեց երկրորդը՝ իր երկվորյակ եղբոր՝ Եսավի գարշապարը բռնած: «Հակոբ» անունը նշանակում է «փոխարինող»՝ նա, ով փոխարինում է մեկ ուրիշին։ Հակոբն ապրեց այդ անվանը համապատասխան․ մեկ անգամ չէ, որ նա փորձեց փոխարինել Եսավին՝ որպես անդրանիկ օրհնության ժառանգորդ, քանի որ Եսավն արժանի չէր դրան (տես Ծնունդ 25․30–34, 26․34–35, 27․36)։ Արդյունքում ընտանիքում տարաձայնություններ առաջացան, և Հակոբը ստիպված եղավ փախչել անապատ՝ իր կյանքը փրկելու համար:
Տարիներ անց Աստված պատվիրեց Հակոբին վերադառնալ տուն։ Ճանապարհին Հակոբը կրկին խոնարհությամբ օրհնություն խնդրեց Աստծուց: Սուրբ գրություններն այս ժամանակը նկարագրում են որպես «գոտեմարտ» Հակոբի համար։ Նա հայտարարեց, որ չի հանձնվի․ դա տեղի կունենա միայն «եթե դու չօրհնես ինձ» (Ծնունդ 32.26): Ապա եկավ դասը՝ և օրհնությունը։ Աստված փոխեց Հակոբի անունը, անվանելով նրան Իսրայել, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է «թող Աստված տնօրինի»։ Իսրայելը սովորեց, որ Աստծո ամենաթանկ օրհնությունները՝ Նրա ուխտի օրհնությունները ստանալու համար անհրաժեշտ չէ փոխարինել մեկ ուրիշին: Նրա օրհնությունները չեն գնվում, չեն գրավվում կամ շահվում: Նա դրանք տալիս է անվճար բոլոր նրանց, ովքեր ապրում են Իսրայելի անվան համաձայն, որոնք թույլ են տալիս, որ Աստված տնօրինի իրենց կյանքում:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ծնունդ 24
Ուխտի ամուսնությունն առանցքային դեր ունի Աստծո հավերժական ծրագրում
Ծնունդ 24 գլուխը կարդալիս հարցրու ինքդ քեզ, թե ինչու էր Աբրահամն իր որդու՝ Իսահակի ամուսնությունն այդքան կարևոր համարում։ Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր Աստծո համար։
Ի՞նչ հատկություններ եք գտնում Ռեբեկայի մեջ, որոնք կնպաստեն ամուր ամուսնությանը և ընտանիքին (տես հատկապես 15–28, 57–61 հատվածները):
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ամուսնություն», Gospel Library։
Ծնունդ 25․29–34
Ես կարող եմ արժևորել հավերժական բաները աշխարհիկ բաների փոխարեն
Իսահակի և Ռեբեկայի մշակույթում ավագ որդին ստանում էր անդրանիկության իրավունքը, ինչը նշանակում էր ավելի մեծ ժառանգություն, ինչպես նաև ընտանիքի մասին հոգ տանելու ավելի մեծ պարտականություններ։ Երբ կարդաք Ծնունդ 25.29–34 հատվածները, մտածեք, թե ինչու Եսավը կամեցավ զիջել իր անդրանիկությունը կերակուրի դիմաց: Այս պատմության մեջ ի՞նչ դասեր եք գտնում ձեզ համար: Կարող եք կազմել երկու ցանկ. (1) հավիտենական օրհնություններ, որոնք Աստված ցանկանում է տալ ձեզ և (2) աշխարհիկ բաներ, որոնք կարող են շեղել ձեզ: Այնուհետև կարող եք կարդալ հատվածը՝ փոխարինելով «անդրանկությունը» առաջին ցանկից որևէ բանով, իսկ «խառնաճաշը»՝ երկրորդ ցանկից որևէ բանով։ Ինչպե՞ս կարող եք կենտրոնանալ Փրկչի և Նրա ավետարանի հավերժական օրհնությունների վրա:
Տես նաև Մատթեոս 6․19–33, Մ. Ռասսել Բալլարդ, «Հիշենք ամենակարևոր բաները», Լիահոնա, մայիս 2023, 105–7։
Հակոբը Բեթելում, հեղինակ՝ Ջեյմս Սմեթհեմ
Ծնունդ 28
Տիրոջ տան ուխտերը Աստծո զորությունն են բերում իմ կյանք
Քարե բարձի վրա քնած Հակոբը մի երազ տեսավ, որը փոխեց իր կյանքը։ Դա այնքան սուրբ փորձառություն էր, որ Հակոբը այդ վայրն անվանեց Բեթել կամ «Աստծո տուն»՝ հայտարարելով. «Անկասկած, Տերն այս վայրում է» (Ծնունդ 28․16):
Ծնունդ 28 գլուխը կարդալիս դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել, թե ինչու է այս փորձառությունն այդքան սուրբ Հակոբի համար: Ինչի՞ միջով էր նա անցնում այդ ժամանակ։ Ինչպիսի՞ զգացողություններ նա ուներ։ 10–22 հատվածներում կարող եք նաև բառեր և արտահայտություններ փնտրել, որոնք հիշեցնում են ձեզ Տիրոջ տան մասին: Ի՞նչ տպավորություններ եք ստանում Աստծո, Նրա տան և Նրա ուխտերի մասին։
Այս նյութի վերջում կա մի նկար, որը պատկերում է Հակոբի երազը. կարող եք անդրադառնալ դրան, երբ կարդում եք: Եթե դուք նկարեիք նրա երազը պատկերող նկար, ի՞նչ կնկարեիք։ Այս պատմությունից ի՞նչ ճշմարտություններ կփորձեիք պատկերել:
«Nearer, My God, to Thee» օրհներգը (Հիմներ, հմր․ 100) հիմնված է Հակոբի երազի վրա: Ի՞նչ կապ եք տեսնում այս երգի և Ծնունդ 28.10–22 հատվածների միջև։ Ինչպե՞ս է տաճարն օգնում ձեզ ավելի մոտ զգալ Աստծուն: Կարող եք այս հարցի պատասխանները փնտրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2021, 93–96): Կարող եք նաև վերանայել Տիրոջ տան ուխտերն ու օրհնությունները Ընդհանուր ձեռնարկում, 27.2 (Gospel Library)։ Այս ուխտերը պահելն ինչպե՞ս է ձեր կյանք հրավիրում Աստծո զորությունը։
Եղեք ստեղծագործ։ Սուրբ գրություններից սովորելու բազմաթիվ եղանակներ կան, բացի դրանք պարզապես կարդալուց: Որոշ մարդիկ գտնում են, որ ավելի լավ են հասկանում սուրբ գրությունները, եթե նկարում են նկարներ պատմություններից: Մյուսները հոգևոր գաղափարներ են գտնում սուրբ գրությունների հետ կապված հոգևոր երաժշտության մեջ: Մի սահմանափակեք ձեզ սովորելու մեկ եղանակով. բաց եղեք տարբեր մոտեցումներ փորձելու համար:
Ծնունդ 29.31–35, 30.1–24
Տերը հիշում է ինձ իմ փորձությունների ժամանակ
Երբ կարդաք Ծնունդ 29.31–35 և 30.1–24 հատվածները, որոնեք բառեր, որոնք արտահայտում են Աստծո ողորմածությունը Ռաքելի և Լիայի հանդեպ: Խորհեք, թե ինչպես է Աստված «տեսել [ձեր] տառապանքը և «հիշել» ձեզ (Ծնունդ 29.32, 30.22):
Ծնունդ 32–33
Փրկիչը կարող է բժշկել իմ ընտանիքը
Երբ Հակոբը վերադառնում էր Քանան, նա «շատ վախեցած և շփոթված էր» այն բանի վերաբերյալ, թե իր եղբայր Եսավը ինչպես կընդունի իրեն (Ծնունդ 32.7): Ծնունդ 32–33 հատվածները կարդալիս խորհեք ձեր ընտանեկան հարաբերությունների մասին, հատկապես այն հարաբերությունների, որոնք բժշկման կարիք ունեն: Այս պատմությունը կարող է ոգեշնչել ձեզ օգնության ձեռք մեկնել որևէ մեկին: Ստորև բերված հարցերը կարող են ուղղորդել ձեր ընթերցանությունը.
-
Ինչպե՞ս Հակոբը նախապատրաստվեց հանդիպելու Եսավին:
-
Ի՞նչն է առանձնահատուկ ձեզ համար Հակոբի աղոթքում, որը նկարագրված է Ծնունդ 32.9–12 հատվածներում:
-
Ի՞նչ եք սովորում ներման մասին Եսավի օրինակից:
-
Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ բժշկել ընտանեկան հարաբերությունները:
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ծնունդ 24.10-21
Ես կարող եմ բարի լինել ուրիշների հանդեպ
-
Ռեբեկայի բարության տպավորիչ օրինակը ընդգծելու համար կարող եք ձեր երեխաներին ցուցադրել ստորև բերված նկարը կամ այս շաբաթվա վարժությունների էջը՝ ամփոփելով Ծնունդ 24.10–21 հատվածների պատմությունը: Ձեր երեխաները կարող են դերախաղով ներկայացնել պատմությունը: Դա կարող է հանգեցնել մի զրույցի ձեր և ձեր երեխաների տեսած բարի արարքների մասին:
-
Կարող եք երգել որևէ երգ բարության մասին, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Children’s Songbook, 145)։ Առաջարկեք երեխաներին ուշադրություն դարձնել «բարություն» բառին (կամ նմանատիպ բառի) և ոտքի կանգնել, երբ լսեն այն։ Մենք ինչպե՞ս կարող ենք Ռեբեկայի նման բարի լինել։
Հին Կտակարանի հերոսներ, հեղինակ՝ Դիլին Մարշ (հատված)
Ծնունդ 25․21–34
Հավերժական բաներն ավելի կարևոր են, քան աշխարհիկ բաները
-
Կարող եք օգտագործել «Հակոբը և Եսավը» նյութը (Հին Կտակարանի պատմություններում, 38–41)՝ օգնելու ձեր երեխաներին հասկանալ Ծնունդ 25․21–34 հատվածների պատմությունը: Ձեր երեխաները կարող էին պատկերացնել, որ Եսավը իրենցից խորհուրդ է հարցրել, թե արդյոք ինքը պետք է փոխի իր անդրանիկության իրավունքը խառնաճաշի հետ: Ի՞նչ կասեին նրան:
2:5Jacob and Esau
-
Ո՞ր բաները հավերժական կարևորություն ունեն ձեզ և ձեր երեխաների համար: Գուցե ձեր երեխաները կարող են գտնել նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են այդ բաները: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ այս բաները կարևոր են մեզ համար:
Ծնունդ 28․10–22
Ուխտերն օգնում են ինձ վերադառնալ Երկնային Հոր մոտ
-
Երբ միասին կարդաք Ծնունդ 28.10–22 հատվածները, կարող եք օգտագործել աստիճաններ կամ սանդուղք (կամ նկար, օրինակ՝ այս նյութի վերջում տրված նկարը) և խոսեք այն մասին, թե ինչո՞ւ են մեր ուխտերը սանդուղքի նման: Երեխաները կարող են պատկերացնել, որ իրենք բարձրանում են սանդուղքով, երբ ամեն քայլի հետ ասեն մի իրավիճակ, երբ մենք խոստանում ենք հնազանդվել Աստծուն, օրինակ՝ երբ մենք մկրտվում ենք, ընդունում ենք հաղորդությունը կամ գնում ենք տաճար: Ինչպե՞ս են մեր ուխտերը մեզ մոտեցնում Աստծուն։
Ծնունդ 32.6–11, 33.1–4
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ինձ սիրել իմ ընտանիքը
-
Այս հատվածները ներկայացնելու համար կարող եք բացատրել, որ երկար տարիների ծանր ապրումներից հետո Հակոբը պատրաստվում էր նորից հանդիպել Եսավին: Միասին կարդացեք Ծնունդ 32․6–11։ Ի՞նչ էր զգում Հակոբը։ Նա ի՞նչ արեց օգնություն ստանալու համար: Միասին կարդացեք Ծնունդ 33.1–4 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես պատասխանեց Հակոբի աղոթքին: Եթե Հակոբը և Եսավը կարողանային խոսել մեզ հետ այսօր, ինչ կասեին նրանք մեզ օգնելու համար, երբ մեր ընտանիքում վեճ լիներ:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։