2024
Կյանքը տոկալու և վայելելու 3 եղանակ
Սեպտեմբեր 2024


«Կյանքը տոկալու և վայելելու 3 եղանակ», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Չափահաս երիտասարդներ

Կյանքը տոկալու և վայելելու 3 եղանակ

Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ուրախություն գտնենք մեզ տրված կյանքում։

չափահաս երիտասարդները Գերմանիայում

Գուիդոն Գերմանիայում

Ե՞րբ եք վերջին անգամ իսկապես երջանիկ եղել։

Դժվա՞ր էր պատասխանել այդ հարցին։

Դժվար ժամանակներում մենք կարող ենք այնքան տարվել մեր փորձություններով, որ չկարողանանք հիշել, թե ինչ է ուրախությունը։ Ինչպես Քույր Ռեյնա Ի. Ըբարթոն՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության նախկին Երկրորդ Խորհրդականը, նկարագրեց այն. «Մեր կյանքում … կարող են սև ամպեր ի հայտ գալ, որոնք կարող են փակել մեր տեսադաշտը Աստծո լույսից, և նույնիսկ կասկածի տեղիք տալ, թե արդյոք այդ լույսը այլևս գոյություն ունի մեզ համար»։

Մեզանից շատերի համար՝ չափահաս երիտասարդներիս համար, կյանքը երբեմն կարող է թվալ այնպիսի մի բան, որ պետք է պարզապես տոկալ, որի համար պետք է պայքարել, մինչև վերջապես ստանանք խոստացված օրհնությունները։

Երբեմն մոռանում ենք, որ այն պետք է նաև վայելել։ Հավերժական երջանկության օրհնությունը կարող է սկսվել հիմա։

Ահա մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք կրկին վառել լույսն ու ուրախությունը մեր կյանքում։

Հիշեք պարզ ճշմարտությունները

Մթության մեջ տեսնելու համար մեր աչքերը վարժեցնելու փոխարեն մենք կարող ենք փնտրել լույսի ճառագայթները, որոնք Հիսուս Քրիստոսի ավետարանը բերում է մեր կյանք։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ, որ «ուրախությունը գալիս է [Հիսուս Քրիստոսից] և նրա շնորհիվ։ Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է»։ Երբ դուք պայքարում եք ձեր կյանքում լույս գտնելու համար, Հիսուս Քրիստոսին դիմելը միշտ պետք է լինի առաջին քայլը։

Կարող եք նաև խնդրել Երկնային Հորը, որ նա ձեզ օգնի հիշել ձեր աստվածային ինքնության նշանակությունը։

Երեց Գարի Բ․ Սաբին ուսուցանել է․ «Մեր երջանկության համար շատ կարևոր է հիշել, որ մենք սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք»։ Իսկապես իմանալով, որ Աստված ճանաչում է ձեզ և ցանկանում է լավագույնը ձեզ համար, կարող եք լուսավորել ձեր կյանքը։

Անկախ ձեր առջև ծառացած մարտահրավերներից, ավետարանի այս հիմնական սկզբունքները հիշելը կարող է օգնել ձեզ Փրկչի լույսը հրավիրել ձեր կյանք։

Գտեք այն, ինչ ձեզ երջանկություն է բերում

Երբեմն կարող է դժվար լինել հիշելը, որ մեր երջանկությունը միշտ չէ, որ նույնն է, ինչ բոլորի երջանկությունը։ Իրականում, որպես չափահաս երիտասարդներ, դժվար է մեր կյանքը չհամեմատել մեզ շրջապատողների կյանքի հետ։ Բայց հիշեք, որ դուք վերահսկում եք ձեր սեփական երջանկությունը։

Հարցրեք ինքներդ ձեզ․ ի՞նչն է ձեզ երջանկացնում։

Ի՞նչն է ձեզ ժպիտ պարգևում։

Երբ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականն էր, նա առաջարկել է․ «Պակասեցնել իրարանցումը և ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու համար»։ Փնտրեք գեղեցկություն մանրուքների մեջ. գնացեք զբոսնելու։ Հաճախեք տաճար։ Գրանցվեք ծառայության հնարավորության համար։ Գտեք նոր նախասիրություն կամ շարունակեք այնտեղից, որտեղ կիսատ եք թողել հինը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) մի անգամ խոսել է այն մասին, թե ինչպես կարող է ստեղծարարությունը լուսավորել մեր կյանքը. «Ընտրեք երաժշտությունը, պարը, քանդակագործությունը կամ պոեզիան։ Ստեղծարար լինելը կօգնի ձեզ վայելել կյանքը։ Այն առաջացնում է երախտագիտության ոգի։ Այն զարգացնում է թաքնված տաղանդը, սրում է տրամաբանելու, գործելու և կյանքում նպատակ գտնելու ձեր կարողությունը։ Այն ցրում է մենակությունն ու կսկիծը։ Այն մեր կյանքին տալիս է նոր շունչ, խանդավառության կայծ և եռանդ»։

Երբ գտնեք այն, ինչը ձեր սիրտը երջանկությամբ է լցնում, դա կօգնի ձեզ կրկին վառել ձեր կյանքի լույսը, երբ դուք գտնվում եք անելանելի վիճակում։

Կենտրոնացեք ամենակարևորի վրա

Եթե կյանքը դառնում է չափազանց ճնշող, և դուք զգում եք, որ այն խլում է ձեր ողջ էներգիան ամեն օրը հաղթահարելու համար, մի պահ կանգ առեք և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է։

Դա անելու համար նախագահ Ուխդորֆն առաջարկել է, որ մենք «մի փոքր պարզեցնենք մեր կյանքը»։ Վերակենտրոնացրեք ձեր կյանքը Երկնային Հոր սիրո և Քրիստոսի Քավության գեղեցիկ պարգևի վրա։ Նախապատվությունը տվեք ձեր հարաբերություններին ձեր ընտանիքի, ընկերների և ինքներդ ձեզ հետ։

Պայքարեք բացասականի դեմ դրականով, խավարի դեմ՝ Հիսուս Քրիստոսի լույսով և Նրա ավետարանով։

Ինչպես մեզ խրախուսել է նախագահ Նելսոնը՝ «Եկեք պարզապես չդիմանանք այս ներկայիս ժամանակաշրջանում։ Եկե՛ք հավատքով ընդունենք ապագան»։ Կյանքի դժվարություններին դիմանալով՝ սովորիր վայելել նաև նրա գեղեցկությունը։ Հավերժական երջանկությունը, որը խոստանում է ավետարանը, չի սկսվում ապագայում, այն սկսվում է հիմա։