«Տասնամյակների նվիրված ծառայություն. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքների ընտրանի», Լիահոնա, սեպտեմբեր 2024։
Տասնամյակների նվիրված ծառայություն. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքների ընտրանի
Այժմ արդեն 100-ամյա նախագահ Նելսոնը 40 տարի ծառայել է որպես Առաքյալ։ Ստորև բերված են նրա ուսմունքներից մի քանիսը՝ սկսած Եկեղեցու նախագահ լինելու ժամանակաշրջանից։
Սկսեք՝ մտքում ունենալով վերջնական նպատակը
«Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին՝ հավերժական կյանքին։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունը և ընտանիքը ամրացնելու ու հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիներին կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով և խաղաղությամբ, ու կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր հանձնառությունը»։
«Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։
Ապաշխարեք ամեն օր
Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մի իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն երջանկության և խաղաղ մտքի բանալին է։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից»։
«Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67։
Ուխտեր կապեք և պահեք դրանք
«Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, ով Աստծո հետ ուխտեր է կապում և պահում է այդ ուխտերը, և արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, ուղղակիորեն կարող է ստանալ Աստծո զորությունը։ Նրանք, ովքեր օժտված են Տիրոջ տանը, իրենց ուխտի առաքինության շնորհիվ ստանում են Աստծո քահանայության զորության պարգևը, ինչպես նաև գիտելիքի պարգևը՝ իմանալով, թե ինչպես օգտագործել այդ զորությունը»։
«Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյ․ 2019, 77։
Լսիր Տիրոջը
«Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, այն, ինչը մեզ կօգնի ամենից շատ` Նրա Որդուն լսելն է։
Քանի որ, երբ մենք ձգտում ենք լսել, իսկապես լսել Նրա Որդուն, մենք առաջնորդվում և իմանում ենք, թե ինչ անել ցանկացած պարագայում»։
«Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89։
Ընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի
«Հաշվի առնելով Իսրայելի եբրայերեն սահմանումը՝ Իսրայելի հավաքումը ստանում է լրացուցիչ իմաստ։ Տերը հավաքում է նրանց, ովքեր պատրաստ են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Տերը հավաքում է նրանց, ովքեր կնախընտրեն թույլ տալ, որ Աստված իրենց կյանքում ամենակարևոր ազդեցությունն ունենա»։
«Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ․ 2020, 92։
Հաղթեք աշխարհին
«Աշխարհին հաղթելը մեկ-երկու օրում տեղի ունեցող իրադարձություն չէ։ Դա տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում, երբ մենք բազմիցս կիրառում ենք Քրիստոսի վարդապետությունը: Մենք հավատք ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ամեն օր ապաշխարում ենք և պահում մեզ զորությամբ օժտող ուխտերը: Մենք մնում ենք ուխտի ճանապարհին և օրհնվում ենք հոգևոր ուժով, անձնական հայտնությամբ, աճող հավատքով և հրեշտակների սպասավորությամբ: Քրիստոսի վարդապետության կիրառումը կարող է առաջացնել ամենահզոր և առաքինի շրջապտույտը՝ ստեղծելով հոգևոր լիցք մեր կյանքում»։
«Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 97։
Ընտրեք լինել խաղաղարար
«Հակառակությունը հեռացնում է Հոգին՝ մի՜շտ։ Հակառակությունն ամրապնդում է այն կեղծ գաղափարը՝ թե առճակատումն է տարաձայնությունների լուծման միջոցը, սակայն ամենևին այդպես չէ։ Հակառակությունն ընտրություն է: Խաղաղարարությունն ընտրություն է: Դուք ունեք ձեր ազատ կամքը՝ ընտրելու հակառակություն կամ հաշտություն: Ես հորդորում եմ ձեզ ընտրել խաղաղարար լինել՝ այժմ և միշտ»։
«Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 100։
Ունեցեք սելեստիալ մտածելակերպ
«Երբ դուք ընտրություն եք կատարում, ես ձեզ հրավիրում եմ հեռուն նայել՝ հավերժության հեռանկարից։ Դրեք Հիսուս Քրիստոսին առաջին տեղում, քանի որ ձեր հավերժական կյանքը կախված է Նրա և Նրա Քավության հանդեպ ձեր հավատքից։ Դա նաև կախված է Նրա օրենքներին ձեր հնազանդությունից։ Հնազանդությունը ճանապարհ է հարթում ձեր այսօրվա ուրախ կյանքի և վաղվա մեծ, հավերժական պարգևի համար»։
Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 118։