2024
Մարգարեն մեզ առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսը
Սեպտեմբեր 2024


«Մարգարեն մեզ առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Մարգարեն մեզ առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսը

Մարգարեն գիտի ճանապարհը, որովհետև ճանաչում է Հիսուս Քրիստոսին, ով «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն» է (Հովհաննես 14․6

Փրկչի նկարազարդումը՝ ոչխարները հետին պլանում

Փնտրելով մեկին, Լիզ Լեմոն Սվինդլ, պատճենահանումն արգելված է

Մի օր ես ճաշում էի Եկեղեցու վարչական շենքի ճաշարանում՝ Յոթանասունի քվորումի իմ երեք գործընկերների հետ։ Մինչ մենք ուտում էինք, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը եկավ մեր սեղանի մոտ՝ իր ապուրի ափսեով և ասաց. «Կարո՞ղ եմ միանալ ձեզ»։

«Իհարկե, Նախագահ»,- ասացինք մենք բոլորս։ Ո՞վ չի ցանկանա ճաշել մարգարեի հետ։

Մինչ մենք ուտում էինք, նախագահ Նելսոնը կիսվեց մի քանի փորձառություններով, որոնք ունեցել է իր այցելած բազմաթիվ երկրներում և խոսեց այն մարդկանց մասին, որ ոգեշնչել են իրեն։ Նա այնքան բարի էր, իմաստուն և առատաձեռն։

Երբ մենք ավարտեցինք ճաշը, ես դիմեցի նախագահ Նելսոնին և ասացի. «Նախագահ, ես չգիտեմ, թե արդյոք վաղ ապագայում կնստեմ ձեզ հետ նույն սեղանի շուրջ։ Բայց այս երեկո ես պատրաստվում եմ տեսնել կնոջս ու երեխաներիս և նրանց ասել, որ ճաշել եմ մարգարեի հետ։ Ես գիտեմ, որ նրանք ինձ կհարցնեն. «Ի՞նչ է ասել նա, որ մեզ փոխանցես»։ Նախագահ, ի՞նչ կուզենայիք, որ ես կնոջս ու երեխաներիս փոխանցեմ»։

Նախագահ Նելսոնը մի պահ նայեց ինձ։ Ես անհամբեր սպասում էի, թե ինչ էր նա ասելու։ «Ես ընդամենը երկու բառ ունեմ ձեզ համար»,- ասաց նա։ «Ասեք ձեր ընտանիքին, որ ես ասել եմ՝ «Պահեք պատվիրանները»։

Մենք բոլորս նախկինում լսել ենք այս խորհուրդը նախագահ Նելսոնից, բայց այդ պահին ես զգացի անձնական, ամուր վկայություն, որ նախագահ Նելսոնն իսկապես մարգարե է։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան, և այդ օրը ավելի ուշ ընտանիքիս պատմեցի կատարվածը։ Մեր երեխաները հետագայում պատրաստեցին «Պահեք պատվիրանները» կպչուն պիտակներ և ամրացրեցին դրանք մեր սառնարանի և հայելիների վրա՝ հիշեցնելու մեզ նախագահ Նելսոնի ասածի մասին։

Այդ ժամանակից ի վեր ես խորհել եմ նախագահ Նելսոնի խորհրդի մասին։ Երբ մենք պահում ենք պատվիրանները, մենք ցույց ենք տալիս մեր սերը Երկնային Հոր և Փրկչի հանդեպ։ Մենք ավելի ենք մոտենում Նրանց և մնում նրանց սիրո մեջ։ (Տես Հովհաննես 14․21, 15․10։)

Մարգարեի հետ այս փորձառությունը իմ մեջ հաստատեց խորը և հոգևորապես կարևոր ճշմարտությունը։ Երեխաների միությունում մենք երգում ենք․ «Հետևեք մարգարեին, նա գիտի ճանապարհը»։ Նա գիտի ճանապարհը։ Մարգարեն գիտի ճանապարհը, որովհետև ճանաչում է Հիսուս Քրիստոսին, ով «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն» է (Հովհաննես 14․6)։ Երբ հետևում ենք մարգարեին, մենք առաջնորդվում ենք դեպի Հիսուս Քրիստոսը։

Մարգարեների սուրբ դերը

Տերը նշանակալի և սուրբ դեր է տվել մարգարեներին ինչպես հին ժամանակներում, այնպես էլ մեր օրերում։ Սուրբ գրություններում մենք կարդում ենք․ «Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ամովս 3․7 [Ամովս 3․7, ծանոթագրություն ա])։

Եզեկիելի գրքում մենք ավելին ենք սովորում այն մասին, թե ինչ է պահանջվում մարգարեներից։ Եզեկիել մարգարեին Տերն ասել է․ «Ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես» (Եզեկիել 33․7

Մարգարեները, ինչպես աշտարակի վրա գտնվող պահակները, ունեն հատուկ լիազորություն՝ լինելու Տիրոջ խոսքը տարածողները և հայտարարելու այն, ինչ Նա հայտնել է իրենց։ Տերը պահանջում է, որ Իր մարգարեները լինեն հավատքի մարդիկ, ազնիվ մարդիկ և անվախ մարդիկ։

«Սամուել Լամանացին պատի վրա» նկարը

Սամուել Լամանացու նկարը, Դեն Բուր

Օրինակ՝ Սամուել Լամանացին ցույց տվեց իր ողջ նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ կանգնեց պատի վրա և հայտարարեց նեփիացիներին այն բաները, որոնք Տերը դրել էր իր սրտում (տես Հելաման 13․4

«Եվ ահա, Տիրոջ մի հրեշտակ է հայտարարել դա ինձ,- ասաց Սամուելը,- և նա ավետիք բերեց իմ հոգուն։ Եվ ահա, ես ուղարկվեցի ձեզ մոտ՝ հայտարարելու դա ձեզ նույնպես, որ դուք կարողանաք ունենալ ավետիք. բայց ահա դուք չկամեցաք ընդունել ինձ» (Հելաման 13․7

Ինձ համար ուշագրավն այն է, որ Սամուելը համարձակորեն վկայեց ճշմարտության մասին, նույնիսկ, երբ նեփիացիները «քարեր շպրտեցին նրա վրա … և … նետեր արձակեցին նրա վրա, մինչ նա կանգնած էր պատի վրա» (Հելաման 16․2)։ Մենք այսօր տեսնում ենք այդ համարձակությունը մարգարեների, տեսանողների և հայտնողների մեջ։

Աշխարհը դարձնենք ավելի լավ վայր

Ոչ վաղ անցյալում ցցի համաժողովի ժամանակ ես հանդիպեցի մի զույգի Նաշվիլում (Թենեսի, ԱՄՆ)։ Կինը Եկեղեցու անդամ էր իր ողջ կյանքում։ Ամուսինը Եկեղեցու անդամ չէր։

Նրանք մոտեցան ինձ, և ամուսինն ասաց. «Ես պատրաստ եմ մկրտվելու»։

Ես ուրախ էի լսել դա։ Ես հարցրի նրան. «Ի՞նչն է փոխվել»։

Նա ասաց ինձ. «Երբ ես լսեցի նախագահ Նելսոնի ուղերձը գերագույն համաժողովի ժամանակ, այն շատ հուզեց ինձ։ Այդ պահին ես իմացա, որ նա մարգարե է։ Ես վկայություն ստացա, և այժմ պատրաստ եմ մկրտվել»։

Ես նաև գիտեմ մի կնոջ Քեյփ Քոսթում (Գանա), ով պատահաբար միացել էր գերագույն համաժողովի ալիքին։ Նա երբեք չէր լսել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին, բայց նրան մեծապես հետաքրքրեց այն, ինչ տեսավ և լսեց մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից։ Այնուհետև նա փնտրեց Եկեղեցին։ Նա գտավ մի հավաքատուն և հանդիպեց միսիոներների հետ։ Ի վերջո, նա մկրտվեց։ Նա վերջերս ինձ ուղարկեց իր լուսանկարները տաճարից, որտեղ ստացել էր իր օժտումը։

Այս երկու դեպքերը ցույց են տալիս, թե որքան զորեղ է մարգարեի ուղերձը աշխարհին։ Եթե բոլորն ականջ դնեն նրա ուղերձին, աշխարհն այնքան խաղաղ կլինի։ Մենք բոլորս կկենտրոնանանք այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է, ներառյալ Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ հարաբերություններ զարգացնելը և ամուր, հավերժական ընտանիքներ կառուցելը։ Մենք նաև կզարգացնենք մեր լավագույն հատկանիշները, եթե պահենք երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին (տես Մատթեոս 22.37-39)։ Մենք կստեղծենք Սիոն՝ մի հասարակություն, որտեղ տիրում են սերը, արդարությունը և ներդաշնակությունը՝ արտացոլելով աշակերտության ոգին (տես Վարդապետություն և Ուխտեր 82.14

Երբ մենք հետևում ենք մարգարեին, կարող ենք վստահ լինել, որ անում ենք այն, ինչ Աստված կամենում է, որ մենք անենք, քանի որ մարգարեն հետևում է և օգնում է մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ կյանքում ամեն ինչ իմաստավորվում է։ «Մենք կարող ենք ուրախություն զգալ՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում կամ տեղի չի ունենում մեր կյանքում»։ Մարգարեին հետևելով՝ մենք իսկապես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել։

Գտեք խոստացված օրհնությունները

Երբ Սրբերին քշեցին Կիրթլենդից (Օհայո), Առաջին Նախագահությունը վստահեց Օլիվեր Գրենջերին վաճառել Սրբերի ունեցվածքը և կարգավորել Եկեղեցու պարտքերը։ Օլիվերը, սովորական մի մարդ էր, որ կուրացել էր ցրտահարության պատճառով, ընդունեց այս դժվար առաջադրանքը, քանի որ իրեն խնդրել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլ ղեկավարներ։ Օլիվերը համբերությամբ տարավ բազմաթիվ դժվարություններ, և Տերը գնահատեց նրա զոհաբերությունն ու ջանքերը։

«Ես հիշում եմ իմ ծառա Օլիվեր Գրենջերին. ահա, ճշմարիտ ասում եմ նրան, որ նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ՝ սերնդե-սերունդ, հավիտյանս հավիտենից, ասում է Տերը։ …

… և երբ նա ընկնի, նա կրկին կբարձրանա, քանզի նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը» (Վարդապետություն և Ուխտեր 117․12-13

Օլիվերը և նրա կինը՝ Լիդիան, աջակցեցին մարգարեին, և Տերը ընդունեց, որ Օլիվերն արել էր առավելագույնը, նույնիսկ եթե նա միշտ չէ, որ հաջողել էր։ Տերը կարևորեց նրա ջանքերի արժեքը իր ձեռքբերումների նկատմամբ։

Որպես միսիոներ և նույնիսկ հիմա, ես չեմ հիշում, որ շատ բան լսեի Օլիվեր Գրենջերի մասին, բայց նրա անունը հիշատակվում է սուրբ գրություններում, քանի որ նա հնազանդվեց մարգարեի հրահանգին և ստացավ խոստացված օրհնությունները. նրա անունը դրվել է սուրբ հիշատակի համար։ Մենք սովորում ենք Օլիվեր Գրենջերից, որ թեև առաջնորդությունը գալիս է աստվածային աղբյուրից (մարգարեների միջոցով), այն չի երաշխավորում հարթ ճանապարհ՝ զուրկ մարտահրավերներից, բայց խոստումները հստակ են (տես Ալմա 37․17

Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց մարգարեների։ Կենդանի մարգարեն և Եկեղեցու նախագահը ներկայացնում է հաղորդակցման ուղիղ կապ Աստծու և Իր ժողովրդի միջև․ Նա միակ մարդն է երկրի վրա, ով հայտնություն է ստանում ամբողջ Եկեղեցին առաջնորդելու համար։ Նա նաև տրամադրում է շարունակական հայտնություն Աստծուց՝ օգնելով մեզ հաղթահարել մեր ժամանակի մարտահրավերները։ Մարգարեի խորհրդին ականջ դնելով՝ մենք կարող ենք խաղաղություն, ուրախություն և առաջնորդություն գտնել մեր կյանքում, երբ ձգտում ենք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 21․4-6։)

Եկեք ընդունենք ժամանակակից մարգարեների ուսմունքներն ու օրինակը՝ իմանալով, որ նրանք գործիքներ են Աստծո ձեռքում և առաջնորդում են մեզ դեպի հավերժական օրհնություններ։ Ես սիրում եմ նրանց և աղոթում եմ նրանց համար։ Ես երախտապարտ եմ իմանալու, որ նրանք ոգեշնչված են և օգնում են մեզ և մեր ընտանիքներին առաջնորդել դեպի մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը։