2024
Ընկճված լինելն ինչպես օգնեց ինձ վերականգնել իմ հավատքի հիմքը
Սեպտեմբեր 2024


«Ընկճված լինելն ինչպես օգնեց ինձ վերականգնել իմ հավատքի հիմքը», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Չափահաս երիտասարդներ

Ընկճված լինելն ինչպես օգնեց ինձ վերականգնել իմ հավատքի հիմքը

Որոշ լուրջ մտավոր, ֆիզիկական և հոգևոր մարտահրավերներից հետո ես բացահայտեցի, թե ինչ է նշանակում բժշկում գտնել մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

հեղինակի լուսանկարը՝ Սոլթ Լեյքի տաճարի ֆոնին

Ես ծառայում էի միսիոներ Ֆրանսիայում, երբ COVID-19-ի պատճառով աշխարհը կարծես փլվեց և ամբողջ երկրով մեկ սկսեցին գործել խիստ սահմանափակումներ։ Ես իմ կյանքի ընթացքում պայքարել եմ ընկճախտի դեմ, ուստի անհանգստանում էի, որ սահմանափակող հանգամանքները կարող են ինձ հասցնել ճնշված հոգեվիճակի։ Բայց մեկուսացման առաջին շաբաթը՝ 2020 թվականի ապրիլյան պատմական գերագույն համաժողովին նախորդող շաբաթը, իմ կյանքի ամենահոգևոր շաբաթներից մեկը դարձավ։

Հետ նայելով փորձառություններին, որոնք ես ունեցա այդ շաբաթ, զգում եմ, որ Տերը զորացրեց ինձ փոթորիկից առաջ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը այդ համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Սոլթ Լեյքի տաճարի հիմքերի վերանորոգման մասին։ Նա նմանեցրեց վերանորոգումը մեր սեփական կյանքին և խնդրեց մեզ խորհել հետևյալ հարցի շուրջ․

«Որո՞նք են իմ հոգևոր և հուզական բնույթի հիմնարար տարրերը, որոնք թույլ կտան ինձ և իմ ընտանիքին մնալ կայուն և անսասան, նույնիսկ դիմակայել երկրաշարժին և սեյսմիկ ուժգին իրադարձություններին, որոնք անպայման տեղի են ունենալու մեր կյանքում»։։

Երբ ես լսում էի նրա ելույթը, Հոգին հուշեց ինձ, որ, ինչպես տաճարը, ես կկոտրվեմ որոշ առումներով իմ կյանքի հաջորդ ժամանակահատվածում։ Բայց ես նաև զգում էի, որ եթե այս դժվարությունների ժամանակ դիմեմ Տիրոջը, Նա կօգնի ինձ ամրացնել իմ հավատքի հիմքը։

Ընկճված լինելու զգացողությունը

Ինչպես և սպասում էի, ես շուտով ընկճված զգացի ինձ, և շատ չանցած ինձ զգացի ինքնասպանության գաղափարների անվերջանալի շրջափուլի թակարդում։ Ես մտովի, զգացմունքային և հոգևոր առումով քայքայված էի զգում։

Երկու ամսվա կարանտինից հետո ամեն ինչ մի փոքր լավացավ։ Շնորհիվ իմ հանգամանքների փոփոխությունների, ինչպիսիք են հակադեպրեսանտ դեղամիջոցները և կարանտինի ավարտը, ես սկսեցի հոգեպես ավելի լավ զգալ։ Բայց շուտով ես սկսեցի ինձ հիվանդ զգալ և նկատեցի երեք մեծ այտուցներ իմ կոկորդի խորքում։

Սկզբում ես անտեսեցի բշտիկները, բայց երբ ախտանիշներս վատացան, պարզ դարձավ, որ ես այլևս չեմ կարող մնալ միսիայում։ Ես վերադարձա տուն, որտեղ ինձ անմիջապես ախտորոշեցին արյան քաղցկեղ՝ Հոջկինի լիմֆոմա։

Քանի որ իմ հակադեպրեսանտները մի քիչ զգացմունքային թմրություն էին առաջացրել, ես բավականին անտարբերությամբ սկսեցի վեցամսյա քիմիաթերապիան։

Բայց նույնիսկ այդ պայմաններում, ես սկսեցի ֆիզիկապես ընկճված զգալ ինձ։

հեղինակի լուսանկարը՝ Սոլթ Լեյքի տաճարի ֆոնին

Իմ հոգևոր հիմքի վերակառուցումը

Քիմիաթերապիայիս ավարտից մեկ տարի անց ես սկսեցի ֆիզիկապես ավելի լավ զգալ։ Ես վերադարձա քոլեջ և սկսեցի պլաններ կազմել։ Բայց հոգու ուժգին ցավն ու թմրածությունը, որ ես զգացել էի իմ միսիայի և քիմիաթերապիայի ընթացքում, այժմ վերածվել էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ անտարբերության ընդհանուր զգացողության։

Ես պայքարում էի իմ զգացմունքների դեմ․ այն ամենի դեմ, ինչի միջով անցել էի և այնպիսի զգացողություն ունեի, կարծես Նրանք լքել էին ինձ, երբ ես ամենավատ վիճակում էի։

Բայց Երկնային Հայրը գիտեր, թե ինչ ճանապարհներով պետք է անցնեի, որպեսզի կարողանայի բժշկվել։

Ես զգում էի, որ պայքարում եմ իմ երբեմնի ամուր հավատքի ու երբեմնի կենսունակ անհատականության փլատակների ու մնացորդների հետ։ Ես անկարող էի հասկանալ կամ կառավարել սեփական մտքերս կամ զգացմունքներս։ Սիրտս փափկում էր ինձ հետ շփվելու Տիրոջ փորձերի հանդեպ, բայց հոգեպես ես ինձ մեղավոր, անհանգստացած և անարժան էի զգում ավետարանի հանդեպ իմ անտարբերության պատճառով։

Մի քանի ամիս իմ հոգևոր առողջության մասին մտածելուց հետո ես հուշում ստացա իմ կյանքում հոգևոր փոքր փոփոխություններ անել։ Ես որոշ ժամանակ անտեսել էի ցավը, բայց ուզում էի անդրադառնալ այն ցավին, որը զգացել էի հոգուս մեջ՝ իմ ունեցած մարտահրավերների պատճառով։

Շուտով ես կարողացա տեսնել Երկնային Հոր ձեռքը իմ կյանքում։ Առանց իմանալու, թե հոգևորապես ինչ թմրություն էի զգում, ընկերներս ու սիրելիներս բարձրացրին բժշկվելու թեման։ Նրանցից մեկը նույնիսկ կիսվեց Էլեյն Ս. Մարշալի հոգևոր հավաքի ուղերձով։

Դժկամությամբ, բայց ես կարդացի այն։

Որպես բուժքույր՝ Էլեյնը զուգահեռներ անցկացրեց ֆիզիկական և հոգևոր բուժման միջև՝ ասելով. «Բուժումը վիրահատություն չէ։ Վիրահատությունը կատարվում է ստերիլ պայմաններում և արագ ավարտին հասցվում, հաճախ անզգայացման տակ։ … Բուժումը ․․․ հաճախ ողջ կյանքում ընթացող վերականգնման և աճի գործընթաց է՝ անկախ ֆիզիկական, էմոցիոնալ կամ հոգևոր սպառնալիքներից, կամ միգուցե հենց դրանց պատճառով։ Այն ժամանակ է պահանջում»։

Իմ կարծիքով պատահական չէր, որ իմ քաղցկեղի բուժումը պահանջում էր վեց ամիս քիմիաթերապիա։ Քիմիաթերապիայի հետևանքները ազդեցիկ, շրջադարձային և պահանջկոտ են։ Հետաքրքիր է, որ թույլ տալով իմ մարմինը ֆիզիկապես բուժվի, ես սովորեցի հոգևոր բուժման հիմնական սկզբունքը․ ինչպես օգտվել Հիսուս Քրիստոսի շնորհից և ինքս ինձ ժամանակ և տարածք տրամադրել՝ բուժելու իմ հարաբերությունները Նրա և Երկնային Հոր հետ։

Ստանալ Փրկչի շնորհը

Շնորհը աստվածային օգնություն է, հնարավորություն ընձեռող և զորացնող ուժ և հոգևոր բժշկում։ Այն պարգև է մեր Երկնային Հոր կողմից՝ «որը տրվում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»։

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Նրա բժշկող զորությունը հասանելի դարձրած իմ սիրելի օրինակը Ալմա Կրտսերն է։ Մինչ նա երեք օր անգիտակից պառկած էր՝ պրկված «ցավերով անիծված հոգու», նա հիշեց իր հոր ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին (տես Ալմա 36․16-17)։ Նա սկզբում ցանկացավ, որ օգնեն իրեն, իսկ հետո դիմեց Քրիստոսին, ինչը փոխեց նրա կյանքի հետագիծը և թույլ տվեց հոգեպես բժշկվել (տես Ալմա 36․18-22

Առաջին քայլը, որ ես արեցի դեպի հոգևոր բժշկություն, Աստծո հետ կապվելու ցանկություն գտնելն էր։ Ալման սովորեցնում է ինձ, թե ինչպես սկսել, երբ նա ասում է․ «Գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ, եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին» (Ալմա 32.27

Ես վկայում եմ անձնական փորձից, որ այս ուսմունքը ճշմարիտ է։

Մենք կարող ենք ցանկություն զարգացնել, սերմ տնկել (Աստծո խոսքը) և սնուցել այդ սերմը, մինչև այն դառնա իրական և հստակ։ Ի վերջո, Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի պտուղները երևում են, երբ մենք տեսնում ենք փոփոխություններ մեր արարքներում, մեր կարծիքներում, մեր համոզմունքներում, մեր սրտերում, մեր մտքերում և հետո մեր հոգիներում։ Մեր հիմքը կառուցվում է Նրա վրա (տես Հելաման 5․12

Ալմայի փորձառության նման, Հոգին և ավետարանի ուրախությունը կրկին զգալու իմ ցանկությունը սկիզբ դրեց մի ամբողջ հետագծի փոփոխության, որն ինձ տարավ բուժման գործընթացի միջով։ Այդ ժամանակից ի վեր, Փրկիչն ինձ օգնել է հաշտեցնել իմ անցյալի զգացմունքները, երբ ես սովորել եմ բաց թողնել իմ վրդովմունքը՝ Աստծո, Նրա և իմ սեփական թուլությունների հանդեպ։

Փորձությունների մշուշում իմ կորցրածը, օրինակ՝ իմ անհատականությունը, իմ ցանկությունները և իմ սերը ավետարանի հանդեպ, Նրա շնորհիվ վերադարձվեց ինձ և օգնեց ինձ լիարժեք, նորոգված և վերականգնված զգալ։

Ավելի ամուր հիմք

Ցավն ու մարտահրավերները փոխեցին ինձ, բայց երբ ես բժշկություն գտա Հիսուս Քրիստոսի միջոցով, ես իսկապես վերակառուցեցի իմ հավատքի հիմքը Նրա վրա։ Երբ ժամանակն անցնում է և ես ապաքինվում եմ, ես տեսնում եմ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ սովորել ուրախություն ունենալ՝ անկախ իմ դժվարություններից։ Ես հիմա հասկանում եմ, որ փորձության միջով անցնելու ամենակարևոր մասը այն չէ, թե ինչն է մեզ կոտրում կամ ցավը, որը մենք զգում ենք, այլ այն, ինչ հետևում է, երբ մենք բժշկվում և վերանորոգվում ենք Փրկչի շնորհով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է․ «Սիրելի ընկերնե՛ր, ովքեր … կրել են կյանքի անարդարությունները․ դուք կարող եք ունենալ նոր սկիզբ և նոր մեկնարկ։ Գեթսեմանիում և Գողգոթայում Հիսուսը «Իր վրա վերցրեց … ամբողջ ցավն ու տառապանքը, որը երբևէ տարել ենք ես և դուք» [Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյ. 2018, 88], և Նա հաղթեց այդ ամենին»։

Այսպիսով, նրանց, ովքեր իրենց ընկճված են զգում, ես խնդրում եմ ձեզ լինել քաջ, դիմանալ և վստահել Տիրոջը և Նրա բժշկող զորությանը։ Եթե ժամանակ տրամադրեք, համբերատար լինեք և նույնիսկ փոքր ինչ ցանկություն ունենաք, Նրա շնորհը կարող է վերափոխել ձեզ, վերականգնել ձեր հիմքը և օգնել ձեզ նորից լիարժեք զգալ։

Դա այն պարգևն է, որը Նա առաջարկում է մեզանից յուրաքանչյուրին։

Հեղինակն ապրում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)։