Երիտասարդների ձայները
Ընտրեք տաճարը
Այրիս Ռ․, 18 տարեկան, Սալ, Կաբո Վերդե
Սիրում է գեղագրությամբ զբաղվել, արվեստի գործեր ստեղծել և խոհարարություն անել:
Ինձ ամենամոտ տաճարը գտնվում է մեկ այլ կղզում: Այնտեղ հասնելու համար մենք պետք է ինքնաթիռով թռչենք 45 րոպե կամ 12 ժամ նավով ճամփորդենք։ Ես նախկինում երբեք չէի եղել տաճարում, և իմ դպրոցական վերջին տարում մայրս ծրագրեց, որ մենք գնանք տաճար: Նա ամբողջ տարի գումար էր կուտակել, որպեսզի իմ ընտանիքը կարողանար միասին գնալ:
Ցավոք, մենք վերադարձանք տուն դպրոցը սկսելուց հետո, ինչն ինձ անհանգստացնում էր։ Ինձ համար միշտ կարևոր էր լավ գնահատականներ ունենալ (ԱՄԳ) դպրոցում, որպեսզի հնարավորություն ունենայի կրթաթոշակ ստանալ քոլեջից: Ես մտածեցի տաճար չգնալ, քանի որ բացակայությունները կարող էին վնասել իմ տարեվերջյան ԱՄԳ-ին: Ապա մայրս ասաց. «Ինչո՞ւ չես աղոթում և չես խնդրում Տիրոջ օգնությունը»:
Ես մի փոքր դժկամեցի, քանի որ վախենում էի, բայց որոշեցի աղոթել։ Երկնային Հայրն առաջնորդեց ինձ, և ես որոշեցի գնալ տաճար: Ամբողջ շաբաթվա ընթացքում մենք այնտեղ էինք, ամեն օր հաճախում էինք տաճար: Պարզապես ապշեցուցիչ էր: Մկրտություններ անելը անհավատալի փորձառություն էր. ես շատ ուժեղ էի զգում Հոգին:
Ի վերջո, ինձ հաջողվեց ավարտել դպրոցը լավ ԱՄԳ-ով։ Փրկչի հետ մոտ հարաբերություններ ունենալն օգնեց ինձ չհուսահատվել այդ ընթացքում: Ես գիտեի, որ Նա ինձ հետ էր և ուժ էր տալիս ինձ։ Տերը գիտի մեր ջանքերի մասին, և երբ մենք ամեն ինչ դնում ենք Նրա ձեռքերում, մենք կարող ենք վստահ լինել, որ ամեն ինչ լավ կլինի:
Ես այնքան երախտապարտ եմ, որ քույրս քաջություն ունեցավ հրավիրելու միսիոներներին մեր տուն: Ես և նա առաջինն էինք մեր ընտանիքում, որ մկրտվեցինք. ես 13 տարեկան էի, իսկ նա՝ 15: Ես գիտեմ, որ մեր Երկնային Հոր սիրելի զավակն եմ: Իմ երկրային հայրը երբեք ներկա չի եղել իմ կյանքում, բայց դա ինձ օգնում է իմանալ, որ մենք ունենք Երկնային Հայր, և որ ես ստեղծված եմ Նրա պատկերով: Ես զգում եմ Նրա սերը իմ հանդեպ. ես գիտեմ, որ ամենադժվար պահերին Նա իմ կողքին է։