2025
Նայեք Քրիստոսին
Հունվար 2024


2025 թ․ Երիտասարդների թեմա

Նայեք Քրիստոսին

Վարդապետություն և Ուխտեր 6.36

2025 թվականի երիտասարդների թեման կօգնի ձեզ ընտրել վստահությունը կասկածի փոխարեն և հավատքը՝ վախի փոխարեն:

2025 Երիտասարդների թեմատիկ նշանաբանը

Տասնյոթամյա Քեյլին մասնակցում էր քաջալերող թիմին, մինչև որ դժբախտ պատահարի պատճառով նա ուղեղի տրավմատիկ վնասվածք ստացավ: Ապաքինման ընթացքում նա դպրոց չէր հաճախում և իրեն մեկուսացած և միայնակ էր զգում։ Նա էմոցիոնալ դժվարություններ ուներ և չգիտեր, թե որտեղ օգնություն փնտրել։ Մի ընկեր նրան առաջարկեց լսել միսիոներներին: Միսիոներներն ուսուցանեցին նրան Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Քրիստոսի մասին ավելին իմանալը նրան հույս ներշնչեց, և նա զգաց, կարծես Աստված Ինքն է ձեռք մեկնում իրեն:

Քեյլին ասաց իր մորը. «Ես երբեք չեմ զգացել, որ Աստված սիրում է ինձ: Բայց հիմա ես գիտեմ, որ Նա սիրում է ինձ»:

Նրա մայրը՝ Միշելը, մի փոքր զարմացավ։ Միշելը և իր ամուսինը՝ Բրոքը, հեռացել էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց, երբ Քեյլին յոթ տարեկան էր՝ տարբեր հարցերի, կասկածների և մտահոգությունների պատճառով: Նրանք մտածում էին, որ իրենց դուստրն ավելի երջանիկ կլինի առանց ժողովների և պատվիրանների: Նրանք երբևէ չէին մտածել, որ իրենց ընտրությունը հետ կպահի Քեյլիին Աստծո հետ սերտ կապից: Երբ Միշելն ու Բրոքը տեսան, թե ինչպես է Քեյլին փոխվում, նրանք հասկացան, որ երկար ժամանակ է, ինչ իրենք իրենց այդպես մոտ չեն զգացել Աստծուն և ցանկացան նորից զգալ դա։

Նրանք հանդիպեցին իրենց եպիսկոպոսին և շուտով ընտանիքը, ներառյալ Քեյլիի եղբայր Բրեյդենը, վերադարձան եկեղեցի: Աստծուն մոտ զգալը և Նրա հետ նորից կապ հաստատելը, հատկապես աղոթքի միջոցով, վերականգնեցին նրանց հավատքը: Եկեղեցի վերադառնալը չլուծեց նրանց բոլոր հարցերն ու մտահոգությունները, բայց նրանք հասկացան, որ Աստծո հետ ավելի ամուր անձնական կապ ունենալն ավելի կարևոր է, քան իրենց անհավատությունը:

Այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ Քեյլիի ընկերը, որը ձեզ նման դեռահաս էր, առաջարկեց Քեյլիին նայել Քրիստոսին: Եվ նա արեց դա։

Հիսուս Քրիստոսը ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 6․36)։ Սա 2025 թվականի երիտասարդների թեմայի ոգեշնչումն է: Հնարավորություն տվեք մեզ կիսվել, թե ինչպես կարող եք ընտրել վստահությունը կասկածի փոխարեն և հավատքը՝ վախի փոխարեն, եթե նայեք Քրիստոսին.

Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն

Ձախից աջ․ Քույր Ռունիա, Նախագահ Ֆրիման, Քույր Սպաննաուս

Թամարա Վ. Ռունիա

Պայքարելիս ինձ միշտ օգնում է պատկերացնել Հիսուս Քրիստոսին՝ ձեռքերը պարզած: Երբ նայում եմ Նրան, հիշում եմ «Ես կքայլեմ Հիսուսի հետ» երգի խոսքերը. «Նա երբեք չի թողնի ինձ, նույնիսկ, երբ ես սխալվեմ»:

Էմիլի Բել Ֆրիման

Այս թեմայի սուրբ գրությունը կարդալիս հիշում եմ Պետրոսին Գալիլեայի ծովում: Փոթորկի վրա կենտրոնանալը մեծացրեց նրա վախն ու կասկածը՝ ստիպելով նրան սուզվել փոթորկոտ ալիքների մեջ։ Բայց Փրկչի վրա կենտրոնանալը հնարավորություն տվեց Նրան իրականացնել մի բան, որը նախկինում երբեք չէր արել. նա քայլեց ջրի վրայով: Ուշագրավ է, իսկապես: Ինչի՞ կարող եք հասնել, երբ նայում եք Նրան:

Անդրեա Մունյոս Սփանաուս

Երբ սկսում եմ վախենալ, անկախ նրանից, թե որտեղ եմ կամ ինչ իրավիճակում եմ, ես միտումնավոր մտածում եմ իմ հարաբերությունների մասին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Մի քանի անգամ մտքումս կրկնում եմ․ ԵՍ ԱՍՏԾՈ ԴՈՒՍՏՐՆ ԵՄ։ Ես շարունակում եմ դա անել այնքան ժամանակ, քանի դեռ չեմ սկսել ինձ ավելի լավ զգալ: Դա միշտ աշխատում է:

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահություն

Ձախից աջ․ եղբայր Վիլկոքս, նախագահ Լանդ, եղբայր Նելսոն

Բրեդլի Ռ. Վիլկոքս

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ով է ամենից շատ հոգ տանում ձեր մասին և սիրում ձեզ: Ձեր ծնողնե՞րն ու Եկեղեցու ղեկավարնե՞րը: Թե՞ սոցցանցերում հայտնված մարդիկ, որոնց համար դուք կարող եք պարզապես թվաքանակ լինել: Նայեք Երկնային Հորը և Քրիստոսին: Նրանք իսկապես հոգ են տանում ձեր մասին:

Ստիվեն Ջ․ Լանդ

Հիշեք, թե ինչի մասին եք մտածում՝ Ահարոնյան Քահանայության Քվորումը և Երիտասարդ Կանանց թեմաներն արտասանելիս. դուք Աստծո սիրելի որդին կամ դուստրն եք: Հավատացեք, որ մեր Հայրը ծրագիր ունի ձեզ համար: Նայել Քրիստոսին նշանակում է տեսնել, որ Նրա Քավությունը հենց այդ ծրագրի կենտրոնում է:

Մայքլ Թ. Նելսոն

Սուրբ գրությունները կարդալը Քրիստոսին նայելն է: Կասկածներն ու վախերը բնականաբար անհետանում են, երբ հիշում ենք Հիսուսի հրաշքների և ուսմունքների մասին: Մենք այնքան հաջողակ ենք, որ Նրա խոսքերը հասանելի են մեզ: Դրանք կիրառվում են մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակում:

Նշում

  1. Խոսքերը և երաժշտությունը՝ Սթիվեն Պ. Շանկի (տես Friend, փետրվար 2020, 27, տես նաև Hymns—For Home and Church, հ․ 1004):