Մեծ ավետիք ձեր և աշխարհի համար
Դուք կարող եք սիրո և ուրախության մեծ ավետիք ստանալ, քանի որ Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր Եկեղեցին՝ օրհնելու Աստծո բոլոր զավակներին:
Սրբազան պուրակը, Ալ Ռաունդս
Հույսի և խաղաղության մեր ուղերձը բոլորին այն է, որ Հիսուս Քրիստոսը ապրում է և վերականգնել է Իր ավետարանն ու Եկեղեցին այս վերջին օրերում: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Որքան աննկարագրելի փառահեղ են այս բաները մարդկության համար»։ Դրանք «մեծ ուրախության ավետիք են բոլոր այն մարդկանց համար …, որոնք պետք է լցնեն երկիրը և ուրախացնեն յուրաքանչյուրի սիրտը, երբ հասնեն նրանց ականջներին»։
Այս մեծ ավետիքները մեր Երկնային Հոր և մեր Փրկչի անվերջ սիրո խոր դրսևորումն են: Դրանք կօրհնեն բոլոր մարդկանց և կնախապատրաստեն աշխարհը Հիսուս Քրիստոսի վերադարձի օրվան: Ես ուրախ եմ, որ կարող եմ նվիրել իմ կյանքն այդ ճշմարտությունների հռչակմանը ողջ աշխարհին:
Հարության առավոտը, Սառա Հեթչ
Անհավանականը և ուշագրավը
Ծառերի պուրակում Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և խոսեցին նրա հետ՝ ի պատասխան Ջոզեֆի աղոթքին առ այն, թե որ եկեղեցուն նա պետք է միանար (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.16–20): Հիսուսը ասաց Ջոզեֆին, որ չմիանա որևէ եկեղեցու: Նա խոստացավ, որ Իր ավետարանի լրիվությունը կհայտնվի Ջոզեֆին ապագայում:
Շատ մարդկանց թվում էր, թե քիչ հավանական է, որ Ջոզեֆը կանչվի նման կարևոր աշխատանքի: Նրանց համար նա ընդամենը մի անուսում տղա էր փոքրիկ ագարակից։ Բայց Ջոզեֆի միջոցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը արեցին իսկապես ուշագրավ մի բան: Ջոզեֆին տրվեցին պատվիրաններ, արժեքավոր հայտնություններ և կարևոր վարդապետություններ Երկնային Հոր սիրառատ ծրագրի և Հիսուս Քրիստոսի քավիչ սիրո և Քավության մասին, որպեսզի նա օրհնի մեզ և օգնի մեզ իմանալ, թե ինչպես կարող ենք տուն վերադառնալ:
Աստծո սիրո հզոր վկայությունը
Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և ասաց նրան մոտակայքում թաղված ոսկե թիթեղների վրա գրված մի արձանագրության մասին (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.33–34): Ի վերջո, Ջոզեֆը թարգմանեց այդ արձանագրությունը, որն ապագայում դարձավ Մորմոնի Գիրքը, որն էլ կանգնած է Աստվածաշնչի կողքին՝ որպես ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:
Մորմոնի Գրքում մարդիկ, Քրիստոսից հարյուրավոր տարիներ առաջ, գիտեին և կանխագուշակում էին Նրա գալուստը և փափագում էին այն: Մենք նաև կարդում ենք, թե Փրկիչը ինչպես հայտնվեց և ծառայեց նեփիացիներին: Նա բոլորին հրավիրեց գալ Իր մոտ: Նա բժշկեց հիվանդներին, կաղերին, կույրերին և տառապանքի մեջ գտնվող բոլոր մարդկանց։ Ապա նա օրհնեց փոքրիկ երեխաներին և աղոթեց նրանց համար (տես 3 Նեփի 11.14–15, 3 Նեփի 17.7–9, 3 Նեփի 17.21):
Մորմոնի Գիրքը մեզ շատ բան է ուսուցանում Փրկչի սիրո և կարեկցանքի մասին: Այն իսկապես վկայում է, որ «Հիսուսը Քրիստոսն է»։ Այն պարունակում է Նրա հավիտենական ավետարանի գեղեցկությունը: Մորմոնի Գիրքը հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը սիրում մեզ ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել:
Ոսկե թիթեղները, Ռոբերտ Թեոդոր Բարեթ
Քահանայության և Եկեղեցու օրհնությունները
Այլ երկնային սուրհանդակներ հայտնվեցինՋոզեֆ Սմիթին: Հովհաննես Մկրտիչը եկավ, որպեսզի վերականգնի մկրտելու իշխանությունը: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին առաքյալների կոչումները և քահանայության իշխանության բանալիները: «Եկան նաև ուրիշներ, այդ թվում՝ Եղիան, որը վերականգնեց հավերժական հարաբերություններում ընտանիքները հավիտյան միավորելու իշխանությունը, որը գերազանցում է մահին»:
Ապա Հիսուս Քրիստոսը Մարգարե Ջոզեֆի միջոցով հիմնեց մի Եկեղեցի, որը ձևավորվել էր Նոր Կտակարանի ժամանակներում Իր կազմակերպած եկեղեցու օրինակով (տես Հավատո Հանգանակը 1.6): Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների միջոցով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնված քահանայության զորության օրհնությունները հասանելի է դարձնում Աստծո բոլոր զավակներին:
Ես կասեի, որ եթե դուք հուսահատված եք և զգում եք, որ չեք համապատասխանում չափանիշներին կամ ընդհանուրի մաս չեք կազմում, եղեք ավելի բարի ձեր հանդեպ և գիտակցեք, որ Երկնային Հայրը և Նրա Որդին՝ մեր Փրկիչը, սիրում են ձեզ ավելի շատ, քան դուք կարող եք պատկերացնել: Բոլորը հրավիրված են գալ դեպի Քրիստոսը և Նրա Եկեղեցի: Եկեղեցին կատարյալների համար չէ: Դա նման է հիվանդանոցի, որտեղ մենք բուժվում ենք: Եկեղեցում մենք դառնում ենք դեպի արտաքին աշխարհը, սիրով ծառայում ենք ուրիշներին և կիսվում ավետարանով: Մենք կարող ենք «հիշվել և սնուցվել Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4): Մենք կարող ենք խաղաղություն և բժշկություն գտնել: Ինչպիսի վիթխարի օրհնություն:
Պատճառ՝ մեծ ուրախության համար
Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են ձեզ և ամենից շատ ցանկանում են ձեզ տուն բերել, որպեսզի ունենաք հավերժական այնպիսի կյանք, որով Նրանք են ապրում: Վերականգնումը բացահայտում է, որ Նրանք արել են ամեն ինչ՝ տալու ձեզ փառավոր հնարավորություն: Երբեմն կարող եք փորձություններ և դժվարություններ ունենալ, բայց դուք կաք, «որպեսզի [դուք] ուրախություն ունենաք» (2 Նեփի 2.25) այս և հաջորդ կյանքում: Մարգարե Ջոզեֆը գիտեր դրա մասին ավելի լավ, քան որևէ մեկը: Դուք կբացահայտեք, որ կարող եք ուրախություն ունենալ, եթե հետևողականորեն ապաշխարեք և դիմեք ձեր Երկնային Հորը և ձեր Փրկչին:
Ջոզեֆը հաճախակի հակադրության և հալածանքների էր բախվում, սակայն նա պահպանում էր իր «բնական կենսուրախ բնավորությունը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.28): Նա մնում էր ուրախ, ուժեղ և կայուն և կատարում այն աշխատանքը, որն իրեն տրված էր: Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հաջորդել են նրան։
Եկեղեցու վաղ շրջանում իրավիճակն անկայուն էր և կարող է անկայուն լինել նաև այսօր, բայց Վերականգնումը շարունակվեց այն ժամանակ և շարունակվում է այսօր: Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին: Ապրող մարգարեները շարունակում են առաջնորդել մեզ: Տիրոջ տները կշարունակեն կառուցվել։ Աստծո և Հիսուս Քրիստոսի սերը կտարածվի ողջ աշխարհի վրա, եթե մենք հետևենք Փրկչի պատվիրանին՝ արածեցնելու Իր ոչխարներին և կիսվելու Իր ավետարանով: Վերականգնման ճշմարտությունները կհայտնվեն այնպիսի եղանակներով և այնպիսի վայրերում, որոնց մասին դժվար կլիներ պատկերացում կազմել Ջոզեֆի օրերում: Մենք պետք է ձգտենք աշխարհը դարձնել մի փոքր ավելի բարի և ավելի քիչ պառակտող:
Երբ դուք կանոնավոր կերպով ուսումնասիրեք ավետարանը, հաճախ աղոթեք և ծառայեք ուրիշներին, Վերականգնման ուղերձը կդիպչի ձեր սրտին և կփոխի ձեր կյանքը: Դա կարող է անմիջապես տեղի չունենալ, բայց դա ձեզ կուրախացնի, ինչպես պատահեց Մարգարե Ջոզեֆի հետ:
Թող սիրո և ուրախության մեծ ավետիքը, որ բերում է Վերականգնումը, օրհնի և առաջնորդի ձեր կյանքը՝ այժմ և հավիտյան: