Գրադարան
Սովորել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը


«Սովորել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը», Թեմաներ և հարցեր (2023)

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է մի փոքր խմբի

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Սովորել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը

Մոտենալ Քրիստոսին Նրա վարդապետության միջոցով

Գիտելիքը զորեղ ուժ է: Այն բացում է մեր միտքը նոր գաղափարների առաջ և հնարավոր դարձնում բազմաթիվ զարմանալի փորձառություններ: Սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները սովորելն ավելի կարևոր է։ Սովորելն ու աճելը ամենակարևոր պատճառներից են, որ մենք եկել ենք այս երկիր։ Սովորելը մեզ հնարավորություն է տալիս դառնալ այնպիսին, ինչպիսին մենք իսկապես պետք է լինեինք և հասնել մեր ներուժին՝ որպես Աստծո զավակներ և Նրա արքայության ժառանգներ։ Այս երկիր գալու հիմնական նպատակներից մեկն այն էր, որ սովորեինք բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող իմանալ։

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, նաև շատ հնարավորություններ ունենք ուսուցանելու Նրա ավետարանը և կիսվելու Նրա խաղաղությամբ և ուրախությամբ ուրիշների հետ: Տերն ասել է առաջին սրբերին․ «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ [բոլորն] ունենան հավասար արտոնություն» (ՎևՈւ 88.122): Մենք բոլորս օրհնված ենք, երբ լսում և հավատք ենք գործադրում ավետարանի ուղերձի հանդեպ, ինչպես ուսուցանվում է մեր Եկեղեցու ղեկավարների, ուսուցիչների, ծնողների, երեխաների և այլոց կողմից։ Մենք բոլորս կարող ենք սովորել և ուսուցանել ավետարանը եկեղեցում, տանը և ցանկացած վայրում:

Ինչո՞ւ է կարևոր սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանել այն ուրիշներին

Մենք ուսումնասիրում և ուսուցանում ենք ավետարանը, որպեսզի ամրապնդենք մեր և մեր շուրջը գտնվողների հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այն նաև օգնում է մեզ ավելի նմանվել Նրանց և, ի վերջո, վերադառնալ մեր երկնային տուն՝ Նրանց հետ ապրելու համար։ Երբ ուսուցանում ենք ավետարանը, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, ով մեծագույն ուսուցիչն էր: Երբ սովորում և ապրում ենք ավետարանով, այնուհետև ուսուցանում այն ուրիշներին, մենք կարող ենք միասին շարունակել վերադարձի ճանապարհը դեպի Աստված:

Թեմայի ակնարկ. Ավետարանի ուսուցում

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Դարձ դեպի Հիսուս Քրիստոս, Մարգարեներ, Սուրբ գրություններ, Ճշմարտություն

Բաժին 1

Մենք փնտրում ենք ուսում՝ ուսումնասիրելով և հավատքով

երիտասարդ աղջիկն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով մենք կարող ենք հոգևորապես առաջադիմել: Մենք սովորում ենք Նրա ավետարանի ուսմունքները, երբ կարդում ենք սուրբ գրությունները՝ ուսումնասիրելով և հավատքով և հետևելով «[Նրա] ծառաների [ձայնին]» (Վարդապետություն և Ուխտեր 1.38, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.118): Ավետարանի ճշմարտությունները կարող են հաստատվել մեզ համար Սուրբ Հոգով, երբ մենք ուսումնասիրենք և գործենք սովորածի համաձայն՝ օգնելով մեզ աճել և ավելի նմանվել Աստծուն (տես Վարդապետություն և Ուխտեր 19.23):

Մտորելու հարցեր

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող ու զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան»։ Ինչպե՞ս են ձեր հարցերը և խնդիրները պատասխան ստացել, երբ ուսումնասիրել եք Փրկչի կյանքն ու ուսմունքները: Ինչպե՞ս է ձեր հավատքն օգնել ձեզ իմանալ այն հարցերի պատասխանները, որոնք անհրաժեշտ էին այդ ժամանակ։ Մտածեք, թե ինչ կարող եք սովորել Փրկչի մասին այս շաբաթ՝ ուսումնասիրելով և հավատքով, որը կօգնի ձեզ` կապված որևէ հարցի կամ մտահոգության հետ, որն այժմ հուզում է ձեզ։ Կարող եք ծրագիր կազմել, այնուհետև ստեղծել հիշեցումներ, որոնց կհետևեք:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Կարդացեք և խորհեք Տիրոջ խորհրդի շուրջ Վարդապետություն և Ուխտեր 88.118 բաժնում: Ո՞րն է տարբերությունը ուսումնասիրելով սովորելու և հավատքով սովորելու միջև: Ինչպե՞ս են գործում երկու սկզբունքները միասին: Արդյո՞ք ավետարանն ուսումնասիրելու մեր մոտեցումը տարբերվում է դպրոցում սովորելուց կամ ինտերնետում ինչ-որ բան իմանալուց: Ինչո՞ւ։ Եվ ի՞նչ նկատի ունի Տերը «լավագույն գրքեր» ասելով: Կարող եք ուսումնասիրել մի հատված «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնից՝ Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից, , ապա խոսել այն բաների մասին, որոնք սովորել եք՝ կապված գիտելիք ձեռք բերելու օրհնությունների հետ: Կարող եք նպատակ դնել՝ կապված այն բանի հետ, ինչ սովորում եք։

Իմացեք ավելին

Բաժին 2

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ ուսուցանում ենք Նրա ավետարանը

կինն ուսուցանում է սուրբ գրություններից

Մեզ բոլորիս անհրաժեշտ է «սնուցվ[ել] Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4), որպեսզի հասնենք մեր հավերժական ներուժին։ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելը կարող է օգնել մեզ բոլորիս հոգևորապես առաջադիմել ուխտի արահետով: Երբ ուսուցանում ենք սիրով, ինչպես առաջնորդում է Հոգին, բոլորը կարող են զգալ այն ուղերձների ճշմարտացիությունը, որոնցով մենք կիսվում ենք և ցանկանալ փոխվել ու հետևել Հիսուս Քրիստոսին (տես Վարդապետություն և Ուխտեր 42.12-14

Մենք հետևում ենք ուրիշներին ուսուցանելու Փրկչի օրինակին (տես Հովհաննես 7.14-18), երբ սիրում ենք նրանց, ում ուսուցանում ենք, ուսուցանում ենք Հոգով, ուսուցանում Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և հրավիրում ջանասիրաբար սովորել այն։ Ջանասիրաբար սովորելու հրավերը ներառում է սովորողներին քաջալերելը։ «Իր ծառայության սկզբից Փրկիչը Իր հետևորդներին հրավիրեց, որ ինքնուրույն ընդունեն այն ճշմարտությունները, զորությունը և սերը, որոնք Ինքն առաջարկեց: Նա այդպես վարվեց, քանի որ իրականում դա է ուսումնառությունը: Ուսումնառությունը միայն ունկնդրելը կամ ընթերցելը չէ. այն նաև փոխվելն է, ապաշխարելն է և առաջադիմելը»:

Մտորելու հարցեր

  • «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկի նախաբանն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է ուսուցումը սուրբ պատասխանատվություն։ Այնտեղ ասվում է․ «Ավետարանն ուսումնասիրելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը և օգնել մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին»։ Կարող եք ընտրել մի բաժին Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկից, որը կօգնի ձեզ ավելի շատ ուսուցանել Հիսուս Քրիստոսի նման: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ ուսուցանել ավետարանը, որպեսզի այն առաջնորդի ձեզ և ուրիշներին ավելի նմանվել Նրան։ Ի՞նչ փոքր բաներ կարող եք անել, որպեսզի ավետարանն ավելի լավ ուսուցանեք տանը, եկեղեցում կամ այլ պայմաններում: Ինչպե՞ս կարող եք ձգտել ավելի ջանասիրաբար սովորել ավետարանը, որպեսզի ավելի լավ ուսուցանեք այն ուրիշներին:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Գերագույն համաժողովի իր «Հավերժական ճշմարտություն» ուղերձում երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերն ուսուցանել է․ «Մեր նպատակն է ուսուցանել ճշմարտությունն այնպես, որ հրավիրի Սուրբ Հոգու դարձի բերող զորությունը»: Այնուհետև նա կիսվել է յոթ պարզ հրավերներով Տիրոջ և Նրա մարգարեների կողմից, որոնք կարող են օգնել մեզ հրավիրել Հոգուն, մինչ մենք ուսուցանում ենք: Դուք կարող եք քննարկել այս յոթ սկզբունքները, նաև, թե դրանք ինչպես կարող են օգնել մեզ ուսուցանել ավետարանը Հոգու զորությամբ։ Կարող եք գտնել մի զվարճալի միջոց, որով կօգնեք միմյանց հիշել այդ յոթ սկզբունքները՝ դրանք կիրառելու համար, օրինակ՝ ստեղծել հապավում կամ այլ պարզ արտահայտություններ։

  • Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում Առաջին Նախագահությունը հրավիրել է «ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, և ինչպես է Նա ուսուցանել ավետարանը: Աղոթքով ուսումնասիրեք Նրա խոսքերը, Նրա գործերն ու Նրա հատկանիշները և ձգտեք խստորեն հետևել Նրան»: Քննարկեք Փրկչի որոշ խոսքեր, գործողություններ և հատկանիշներ: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել ձեզ հրավիրել Հոգուն, երբ ուսուցանում եք ավետարանը: Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը նաև կիսվում է Քրիստոսանման ուսուցման հետևյալ չորս սկզբունքներով. սիրեք նրանց, ում ուսուցանում եք, ուսուցանեք Հոգով, ուսուցանեք վարդապետությունը և ջանասիրաբար սովորելու կոչ արեք: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել այս սկզբունքները, երբ ուսուցանեք ավետարանի ճշմարտությունները տանը, եկեղեցում և այլուր: Կարող եք նաև ավարտել անձնական գնահատումը 37-րդ էջում Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում: Կարող եք քննարկել ձեր ձեռք բերած մտքերը, ապա աղոթքով խորհել, թե արդյոք կան փոփոխություններ, որոնք կարող եք կատարել՝ Քրիստոսի ավետարանն ուսուցանելիս և դրան պատրաստվելիս։

Իմացեք ավելին

Բաժին 3

Ավետարանի ուսումնառությունն ու ուսուցումն առավել արդյունավետ են, երբ կենտրոնացած են տանը

Ընտանիքը ընթերցում է սուրբ գրություններ

Առ Տեր Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար մենք պետք է ինքներս սովորենք ավետարանը։ Բացի այդ, ծնողները պատասխանատու են իրենց երեխաներին ավետարանն ուսուցանելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 68.25-28)։ Հնարավորության դեպքում տունը լավագույն վայրն է ավետարանի ճշմարտությունները սովորելու համար։ Բոլորն օրհնվում են, երբ եկեղեցու ղեկավարները և ուսուցիչները խրախուսում և աջակցում են ավետարանի տնակենտրոն ուսումնառությանն ու ուսուցմանը։ Երբ աղոթքով ուսումնասիրում ենք ավետարանը մեր տներում, մենք կարող ենք ավելի շատ ժամանակ անցկացնել և ավելի հարուստ փորձառություններ ունենալ ավետարանն ուսումնասիրելու համար: Այդ ժամանակ մենք կարող ենք եկեղեցում կիսվել մեր ձեռք բերած գիտելիքներով, որպեսզի օրհնենք և ուսուցանենք ուրիշներին։

Եղբայր Դևին Գ. Դյուրանը տվել է հետևյալ խորհուրդը․ «Ձեզանից բոլորի համար, ովքեր ձգտում են լավագույնս ուսուցանել իրենց տներում, թող գտնեն խաղաղություն և ուրախություն իրենց ջանքերում: Եվ եթե զգում եք, որ կատարելագործման կամ ավելի մեծ նախապատրաստության կարիք ունեք, խնդրում ենք խոնարհաբար արձագանքեք, երբ Հոգին հուշում է ձեզ և պարտավորվեք գործել»:

Մտորելու հարցեր

սերմ և ծառ
  • Մտածեք փոքրիկ սերմի հրաշքի մասին, որը վերածվում է մեծ ծառի, երբ դուք կարդում և խորհում եք Ալմա 32.28-31 հատվածների շուրջ: Այնուհետև կարդացեք եղբայր Ժան Է․ Նյումանի հետևյալ խորհուրդը․ «Երեխաները շատ բաներ են ժառանգում իրենց ծնողներից, բայց վկայությունը դրանց շարքում չէ: Մենք չենք կարող մեր երեխաներին վկայություն տալ, ճիշտ ինչպես չենք կարող ստիպել, որ սերմը աճի: Բայց մենք կարող ենք ապահովել սնուցող միջավայր՝ լավ հողով, զերծ փշերից, որոնք «կխեղդեին խոսքը»: Մենք կարող ենք ձգտել կատարյալ պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երեխաները և մյուսները, որոնց մենք սիրում ենք, կարողանան տեղ գտնել սերմի համար, «[լսելու] խոսքը, և [հասկանալու] այն» [տես Մատթեոս 13․18-23] և իրենց համար բացահայտելու, «որ սերմը լավն է» [Ալմա 32․30]»: Ի՞նչը կօգնի, որ ձեր տունը հավերժական ճշմարտություններ սովորելու ավելի սնուցող միջավայր լինի ձեր կամ ձեր ընտանիքի համար։ Ինչպե՞ս կարող եք օգնել միմյանց սովորել ավետարանի բարության մասին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի սնուցեք և ամրացնեք միմյանց վկայությունները Քրիստոսի մասին:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Եթե Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին իմ և ձեր գիտելիքը սահմանափակվում է նրանով, ինչ ուրիշներն են ուսուցանում կամ ասում մեզ, ապա Նրա և վերջին օրերի Նրա փառահեղ գործի մասին մեր վկայության հիմքը կառուցված է ավազի վրա [տես Մատթեոս 7․24-27]։ Մենք չենք կարող բացառապես հենվել այլ մարդկանց ունեցած լույսի և գիտելիքի վրա կամ վարձակալել դա նրանցից, նույնիսկ այն մարդկանց, ում մենք սիրում և վստահում ենք»։ Մտածեք երեց Բեդնարի խոսքերի մասին, երբ միասին կարդաք Հելաման 5.12 հատվածը: Կարող եք խորհել և խոսել այս մեջբերման և հատվածի մասին, երբ նայում եք ծովափի կամ ափեզրի մի նկարի (կամ լճակի, գետակի կամ լճի ափով քայլելիս): Մտածեք, թե ինչու մարդիկ չեն կառուցում իրենց տներն ավազի վրա: Ինչպիսի՞ հիմքերի վրա են դրանք կառուցվում: Ի՞նչ կարող եք անել՝ ձեր վկայությունն ամուր հիմքի վրա կառուցելու համար: Ավետարանի ուսումնասիրության ո՞ր սովորություններին կարող եք սկսել կամ շարունակել հետևել այսօր: Կարող եք միասին երգել «The Wise Man and the Foolish Man» կամ «How Firm a Foundation» օրհներգերը և մտածեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հաստատուն հիմքի վրա կառուցելու մասին:

  • Հակիրճ խոսեք այն մասին, թե ինչու են մարդիկ նախընտրում վերանորոգել իրենց տները։ Կարող եք անգամ նայել որոշ տնային հիմնանորոգումների նկարներ։ Ինչպիսի՞ն է արդյունավետ տնային վերանորոգման արդյունքը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ ավետարանն ուսումնասիրելը «ներուժ ունի բացահայտելու ընտանիքների զորությունը, երբ յուրաքանչյուր ընտանիք բարեխղճորեն և ուշադիր հետևի ու իր տունը դարձնի հավատքի սրբավայր: Ես խոստանում եմ, որ երբ ջանասիրաբար աշխատում եք վերափոխել ձեր տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնի, … ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով: … Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական»։ Խոսեք ձեր ընտանիքի հետ կամ ուրիշների, որոնց հետ ապրում եք, այն փոփոխությունների մասին, որոնք բոլորդ կցանկանայիք տեսնել։ Ինչպե՞ս կարող եք «վերափոխել» ձեր տունը, որպեսզի այն լինի ավետարանի ուսուցման ավելի լավ կենտրոն: Ինչպե՞ս կարող է բարելավված, տնակենտրոն ավետարանի ուսումնասիրությունը զորացնել ձեզ բոլորիդ: Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել, և ինչպե՞ս կարող եք չափել ձեր առաջադիմությունը։

Իմացեք ավելին